Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բարձր աշտարակից դեպի բարձրագույն արժեք

Այս եւ հաջորդ էջերում հրապարակում ենք դեկտ. 1-ից մինչեւ 9 ներառյալ Երեւանի «Կապիտոլ» հյուրանոցում սկսնակ լրագրողների համար կազմակերպված թրեյնինգ-սեմինարի 34 մասնակիցների միջեւ անցկացված մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված 9 հոդվածներից 3-ը, մնացյալների հրապարակումը վերապահելով մեր հաջորդ համարին: «ԱԶԳ»

«Ժողովրդավարություն, խոսքի ազատություն, երիտասարդություն եւ կամավորություն» խորագրով 10-օրյա թրեյնինգ-սեմինար է կազմակերպել Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական Շտաբ-Կամավորական աշխատանքների ծառայությունը (HUJ), Գերմանիայի միջազգային քաղաքացիական ծառայությունը (SCI-Service Civil International Deutscher Zweig e.V.), Գերմանիայի արտաքին գործերի նախարարության (German Federal Foreign Office) եւ Արեւելյան գործընկերության աջակցությամբ` Քաղաքացիական հասարակության համագործակցության (Civil Society Coorperation ) հովանավորությամբ:

Մասնակիցները երիտասարդ լրագրողներ էին եւ ուսանող -ապագա   լրագրողներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Գերմանիայից:

Օրերը հագեցած էին ինչպես բանախոսություններով , այցելություններով, այնպես էլ ոչ ֆորմալ աշխատանքներով` խաղերով, որոնց հիմքում նույնպես ժողովրդավարական արժեքներն էին: Օրինակ՝ խաղերից մեկը անդրադառնում էր շատ կարեւոր խնդրի` մարդու հիմնարար իրավունքներին: Ըստ խաղի կանոնների, բոլոր մասնակիցները պետք է բաժանվեն  խմբերի եւ նախապես տրամադրած պարագաներով  պատրաստեն աշտարակ: Հաղթելու էր այն խումբը, ում աշտարակը կլիներ ամենաբարձրը: Բայց սա դեռ ամենը չէ. յուրաքանչյուր խմբում կան երեք մասնակիցներ, որոնցից մեկը պետք է չխոսեր, մեկը չշարժվեր, իսկ երրորդը ո՛չ խոսեր, ո՛չ շարժվեր: Խաղի էությունը կայանում էր նրանում, թե այդ երեք մասնակիցները որքանով են ընդգրկված աշխատանքի մեջ եւ մնացած խմբի մասնակիցները արդյոք նրանց փորձում են ներգրավվել, թե՞ ոչ: Հաղթեց այն խումբը , որտեղ կար հանդուրժողականություն եւ թիմային աշխատանք: Խաղը երեւի կռահեցիք, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին էր:

Մենք ապրում ենք մի աշխարհում , որտեղ բոլորս տարբեր ենք , բայց յուրաքանչյուրս  ունենք պատշաճ կենսամակարդակի իրավունք եւ արժանի ենք լսելի լինելու: Իսկ ի՞նչ ենք անում դրա համար: Դե իհարկե հորինում ենք կարծրատիպեր:

Ինչպես նշեց մեր հետ զրույցում, Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը «Պայծառ մտքով հաշմանդամություն ունեցող  շատ երիտասարդներ կարծրատիպերի պատճառով չեն կարողանում ինտեգրվել հասարակության մեջ»: Նարինե Մանուկյանը դրա պատճառներից է համարում նաեւ մեդիայի սխալ աշխատանքը , երբ լրագրողները չգիտեն՝ ինչպես ճիշտ խոսել հաշմանդամության մասին առանց պիտակավորումներ տալու: «Որպես կենտրոնի տնօրեն  եւ որպես հաշմանդամություն ունեցող բալիկի մայր, ես գիտեմ, թե ինչքան կարեւոր է, որ հասարակությունը ճիշտ վերաբերվի քո երեխային, քո երեխայի խնդիրներին»:

Յուրաքանչյուր ոք հասարակության առաջ ունի պարտականություններ: Միայն հասարակության մեջ է հնարավոր նրա անհատականության ազատ ու անկաշկանդ զարգացումը: Հանրապետական վերականգնողական կենտրոնի գլխավոր բուժքույր` Թագուհի Երիցյանը, որ 21 տարի արդեն աշխատում է կենտրոնում, նշում է, որ շատ կապված է երեխաների հետ եւ սերը նրանց հանդեպ թույլ չի տալիս տեղափոխվել այլ տեղ:

Կենտրոնում հսկողության տակ է գտնվում հաշմանդամություն ունեցող մոտ 1000 երեխա, վերականգնողական բուժում են ստացել նաեւ բազմաբեկորային վիրավորում ստացած զինվորները եւ մոտ 100 մեծահասակ բուժառուներ: Ունենալով ավելի քան 28 տարվա փորձ ` կենտրոնում հազարավոր երեխաներ անցել են վերականգնողական բուժում: Նրանցից շատերն իրենց առաջին քայլերն արել են այստեղ, ոմանք արտաբերել են առաջին հնչյունները, լուծել բազմաթիվ հոգեբանական խնդիրներ:

Նարինե Մանուկյանը խոսեց նաեւ կամավորների ներգրավման մասին եւ նշեց, որ Հանրապետական Վերականգնողական կենտրոնը HUJ -ի հետ համագործակցում է արդեն երկար տարիներ եւ այդ համագործակցությունը համարում է շատ արդյունավետ: «Եթե վերականգնողական բուժումը կարեւոր է ֆիզիկական խնդիրները լուծելու համար, ապա  հոգեբանի հետ աշխատանքից զատ նաեւ շատ կարեւոր է սովորական քաղաքացիների ներգրավվածությունը այս աշխատանքում, որպեսզի երեխաների եւ պատերազմից տուժած  զինհաշմանդամների  համար ստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ եւ հաճելի միջավայր», ասաց նա: Կամավորությունը անշահախնդիր եւ մարդասիրական  աշխատանք է. այն սերմանում է բարություն: Կամավորություն չեն անում ինչ-որ թղթի համար, այլ անում են ներքին մղումով:

«Ամեն մարդ չի կարող կամավորություն անել. կամավորություն  կարող է անել միայն շատ բարձր գիտակցություն ունեցող քաղաքացին», ավելացրեց Նարինե Մանուկյանը:

Հանրապետական Վերականգնողական կենտրոնը միշտ բաց է բարեգործական ծրագրերի համար, եւ Հաշմանդամության մասին պետք է հիշել ոչ թե միայն դեկտեմբերի 3ին ` Հաշմանդամների  միջազգային օրը , այլ միշտ:

Եվ միշտ հիշենք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են:

ՄԻԼԵՆԱ ՄԱՉՅԱՆ