Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արցախի էներգետիկայի ապագան

Արցախում տեղի ունեցած գազային անջատումները  մտորելու տեղիք են տալիս:

Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ, գիտականորեն հիմնավորված ծրագիր, հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ: ԱՀ-ում անհրաժեշտ է կառուցել հիդրոէլեկտրակայաններ մինչեւ 100ԿՎտ հզորությամբ: Հիդրոէլեկտրակայաններին կից պետք է կառուցել հիդրոակումլյացիոն կայան: Այն հնարավորություն կտա գիշերային ժամերին պոմպերի միջոցով ջուրը ստորին ավազանից մղել վերին ավազան: Առավոտյան եւ երեկոյան պիկային ժամերին այդ լրացուցիչ ջրի հաշվին արտադրել պիկային էլեկտրական էներգիա: Այս դեպքում   բարձրանում է էներգահամակարգի հուսալիությունը եւ միաժամանակ հնարավոր է լուծել բազմաթիվ էներգետիկ հիմնահարցեր:

Ստեփանակերտ քաղաքում պետք է կառուցել գազատուրբինային ջեռուցման ՋԷԿ: Վառելիքի այրման հետեւանքով ստանալ էլեկտրական եւ ջերմային էներգիա՝ տաք ջրամատակարարման եւ ջեռուցման համար: Խաղաղ պայմաններում կայանը կաշխատի արդյունավետ ռեժիմով՝ արտադրելով էլեկտրական եւ ջերմային էներգիա: Մյուս  դեպքերում կարող է հուսալի ձեւով էներգիայով ապահովել ռազմական եւ քաղաքացիական բնակչության  անհրաժեշտ կարիքները՝ կախված չլինելով էներգահամակարգից:

Անհապաղ սկսել  փոքր եւ միջին հզորությամբ ջրամբարների նախագծման եւ կառուցման աշխատանքները: Զարգացնել ոռոգման համակարգերը, դրանք օգտագործել  նաեւ էներգետիկ նպատակներով: Ավելացնել անտառների մակերեսները:

էներգետիկայի զարգացումը պետք է ուղղված լինի հիմնականում  էներգիայի այլընտրանքային աղբյուրների եւ էներգախնայողության հետ:Արցախում զարգացնել տնտեսության ոչ էներգատար ճյուղերը: Զորամասերում ստեղծել անհատական էներգիայի սեփական աղբյուրներ:

Կազմել քաղաքների եւ բոլոր բնակավայրերի համար էներգետիկական անձնագիր եւ խիստ հսկողություն սահմանել նրա իրականացման համար: Կազմել Արցախի  բոլոր բնակավայրերի համար առանձին էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի սխեմաներ, որտեղ կունենանք նույն էներգետիկական արդյունքը, բայց կծախսվեն քիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ:Բոլոր զորամասերի համար, կախված  տեղակայման վայրից եւ նշանակությունից կազմել  էներգետիկ ապահովման խիստ գաղտնի ծրագիր ` էներգետիկական անձնագիր եւ փուլ առ փուլ իրականացնել:

Առաջարկվում է օգտագործել արեւային էներգիան՝ համատեղելով կենսազանգվածով  կամ արեւային էներգիան   համակցել  թափոններից ստացված էներգիայով: Այսպիսի հիբրիդ համակարգերի արդյունավետությունը  կավելանա առնվազն 20 տոկոսով: Համակարգերում կարող է օգտագործվել նաեւ ջերմային պոմպեր, ինվերտորներ, կաթսաներ:

 Կարեւոր նշանակություն ունի նաեւ Արցախի Հանրապետության համար էներգետիկ դիվանագիտության տարրերի մշակումը եւ զարգացումը:

Այս նպատակին հասնելու համար կարելի ստեղծել Արցախի էներգետիայի զարգացման հիմնադրամ եւ հասարակական կարգով աշխատող մասնագետների հանձնաժողով:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու