«Նավթն ու գազն ամեն ինչ չեն» վերնագրյալ հոդվածում քաղաքագետ Քարսթեն Բեքը (Carsten Beck) գերմանական «Թագեսփոստի» մայիսի 27-ի հրապարակման մեջ ընթերցողի ուշադրությունն է բեւեռում Ադրբեջանի համակարգված՝ տարիներ ի վեր իրականացրած քաղաքականության վրա, այն է՝ Ղարաբաղի հայերի քրիստոնեական ժառանգության ոչնչացում, բնակչության տեղահանում: Այս անարդարության ճիչը երկինք է հասնում, սակայն դեռեւս անարձագանք: Սա վախեցնող է, քանզի անկախությունից ի վեր ավտորիտար կառավարմամբ Ադրբեջանը համակարգված իրականացնում է ղարաբաղահայության հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացում, արտաքսում բնիկներին, մարդկության դեմ ոճիր գործում: Հեղինակը հավատարիմ է մնում քրիստոնեական արդարամտությանը, Շուշիի պարագայում երկձեւություն չի քարոզում, փաստագրում է, որ այդ քաղաքի սուրբ Հովհաննես եկեղեցու լայնածավալ, Հադրութում՝ սուրբ Սարգիս եկեղեցու հիմնահատակ ավերման օրինակները: Ըստ Caucasus Heritage Watch դիտորդական խմբի արբանյակային նկարների, ոչնչացման վտանգ է սպառնում նաեւ այլ եկեղեցիների, գրում է «Թագեսփոստ»-ի հեղինակը՝ ընդգծելով «այս տարածաշրջանի քարեղեն ժառանգությունը մաս առ մաս չքանում է»: Այս անիրավության դեմ հայերն անկարող են, նշում է հեղինակը:
«Մենք որեւէ մեկին չենք կարող վստահել. Երկնքում Աստված, ղարաբաղցիներս էլ երկրի վրա: Կլինի այն, ինչ Աստված է կամենում», Պարգեւ սրբազանի՝ ճակատագիրն Աստծո հետ կապելու այս բառերը տեղաբնակներից լսելով փոխանցում է հոդվածի հեղինակը, նկարագրում Բերձորի միջանցքում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը, որն ըստ քաղաքագետ հեղինակի, շատ հստակ նպատակ է հետապնդում՝120 000 հայ բնակչության կյանքն անտանելի դարձնել իրենց բնօրրանում, որ նրանք վերջնականապես լքեն երկիրը:
«Թագեսփոստի» հոդվածագիրը մեջբերում է Արցախի առողջապահության նորանշանակ նախարար Վարդան Թադեւոսյանի՝ տեղի դրամատիկ վիճակի նկարագրությունը եւ մտահոգությունը՝ «ինչ կլինի, եթե նոր պատերազմ լինի. Հավանական է՝ ցեղասպանություն»: Թադեւոսյանի երկյուղն ունեն նաեւ միջազգային դիտորդները՝ Genocide Watch կազմակերպությունը, ցեղասպանության կանխման Լեմկին ինստիտուտը, եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (World Council of Churches), գրում է թերթը, հիշատակելով Գերմանիայում հոգեւոր կառույցների՝ ավետարանական եկեղեցու, կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի՛ հայ առաքելական եկեղեցու հետ ապրիլի վերջին գումարած համաժողովի մասին («Ազգ»ը լուսաբանել է մայիսի 5-ի համարում):
«Թագեսփոստի» հոդվածագիրն ընդգծում է, որ Ադրբեջանը աշխարհի ամենաանազատ երկրների շարքում է, ավտորիտար, բռնատիրական այլ երկրների նման Ադրբեջանն էլ իր երկրի փոքրամասնության ազատությունների մասին քարոզչանյութը հնչեցնում է, եւ երբեք չի հանդուրժի մեծ, ինքնավստահ, ազատ քրիստոնեական բնակչության գոյությունը: Պաշտոնապես աշխարհիկ Ադրբեջանը հենվում է արմատական իսլամի եւ դրա հռետորաբանության վրա, այն իբրեւ զենք գործածում ԼՂ հայ բնակչության դեմ, գրում է հեղինակը՝ արձանագրելով, որ 2020-ին Սիրիայից 1000 ջիհադիստի էր ընդգրկել հայ «անհավատների» դեմ պայքարելու: Ադրբեջանական զինուժը քրիստոնեական գյուղերի անդորրն է խաթարում՝ բարձրախոսով իսլամական աղոթք հնչեցնելով, գրավյալ տարածքներում խաչը տապալում քրիստոնեական հավատքի կարեւոր տաճարների վրայից, նշում է «Թագեսփոստի» հեղինակը եւ իրազեկում, որ 1988-ից ի վեր ԼՂ հայերի հանդեպ Ադրբեջանը էթնիկ կրոնական մաքրազտում է իրականացնում: Թերթը մատուցում է Ալիեւի՝ չսիրած ազգի՝ հայերի հասցեին հնչեցրած ձեակաերպումները: Նրա «շներ, առնետներ, հումանոիդ արարածներ» ձեւակերպումները հստակ նպատակադրված՝ մարդկային նկարագրից զրկող կաղապարներ են դառնում:
«Թագեսփոստը» հղում անելով «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (Christian Solidarity International) կազմակերպության ԼՂ ի հարցով պատասխանատու Ժոել Ֆելդքամփին (Joel Veldkamp) փոխանցում է նրա վկայությունները, թե «Բաքվում պատվո շքերթով են դիմավորել Բուդապեշտում հայ սպա Մարգարյանին կացնասպանած Սաֆարովին, Բաքվում հայերին անարգող պատերազմի թանգարան են բացել, 2022-ի սեպտեմբերին 7 հայ գերու սպանել են, հայ զինվորական կնոջ բռնաբարել, սպանել, ապա դիակն էլ անարգել, իսկ տեղյակ ենք այս դեպքերի մասին, քանզի կատարողները տեսագրել են, ինտերնետում տեղադրել՝ հետեւանքների մասին երկյուղ չունենալով: Սա մի մթնոլորտի մասին է հուշում, որ սահմանվում է ցեղասպանություն բառեզրով»: Անդրադառնալով հարձակումներին եւ սահմանային բախումներին, «Թագեսփոստը» նկատել է տալիս, որ ռուսական զորքը կարող է սահմանափակ չափով պաշտպանել փխրուն խաղաղությունը՝ ադրբեջանական զորքի կրկնվող հարձակումների, սահմանային փոխհրաձգությունների ժամանակ: Մայիսի 15-ին Բրյուսելում կայացած « միջնորդության փորձը հուսադրող արդյունք չգրանցեց ԼՂ-ի համար: Դիտորդների կարծիքով, ԵՄ-ն, ԱՄՆ-ն կարծես վճռական են, որ դրդեն Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում, որը նվազ կամ ընդհանրապես հաշվի չի առնում ԼՂ-ում բնակիչների վիճակը: Միջնորդական փորձերն ըստ երեւույթին ուղղված չեն մարդու իրավունքների, մշակութային ժառանգության, աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի մշտական պաշտպանությանը, այլ՝ թույլ տալու, որ ադրբեջանական նավթն ու գազը անխոչընդոտ հոսեն Եվրոպա», եզրափակում է «Թագեսփոստի» հոդվածագիրը:
Տեղի սղության պատճառով սեղմ շարադրեմ մեր լրագրողական դիտարկումն այստեղ՝ գերմանացիների հետ բազմաթիվ զրույցներից ստացած տպավորությունս ամփոփեց «Թագեսփոստի» հոդվածագիրը: Արդի աշխարհի իր բաժին հարմարավետության, վայելքի, հաճուքի գերին դարձած եսակենտրոն գերմանացուն չի հետաքրքրում իրենից հեռու ապրող արցախցու ճակատագիրը, Ալիեւից գազ գնելու իր կառավարության որոշումն էլ արդարացնում է՝ «կա՞ այլընտրանք» ցինիկ ձեւակերպմամբ: Այդ է պատճառը, որ գերմանական ԶԼՄ-ները, սակավ բացառություններով, չեն քննադատում իրենց իշխանություններին Ադրբեջանի հանդեպ հանդուրժող քաղաքականություն որդեգրելու համար, հակառակը՝ սատարում են: Իսկ «Թագեսփոստի» վերոնշյալ հոդվածն ինչո՞ւ չեն մատուցում ՀՀ ԱԳՆ կամ Բեռլինում ՀՀ դեսպանության թվիթերյան հարթակում: RND-ի հետ նույն օրը՝ մայիսի 27-ին հրապարակված զրույցում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանել է ՀՀ տեսակետը, որ արդեն ծանոթ է: Արցախի ճակատագիրը հայոց ճակատագիրն է, նրա իրավունքը հայոց իրավունքը, ուստի ո՞ր կառույցը, եթե ոչ ՀՀ ԱԳՆ-ն պիտի հարթակ տրամադրի օտարալեզու մամուլի անաչառ այս կարծիքին:
Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի ARD-ի «Օրվա համայնապատկեր» լրատվականը հրապարակել է իր աշխատակից, տարածաշրջանի հարցերի մասնագետ Զիլվիա Սթյոբերի (Silvia Stöber) հունիսի 1-ի վաղ առավոտյան՝ Քիշնեւի հանդիպմանն ընդառաջ ներկայացրած ծավալուն վերլուծությունը՝ «Հայաստան եւ Ադրբեջան. Խաղաղության (հասնելու) պատմական մի հնարավորություն» վերնագրով: Այն, որ հոդվածագիրն ակնարկում է, թե միջազգային միջնորդությամբ սույն «պայմանագիրը կարող է մինչեւ աշուն կնքվել», կարծես միայն իր ներքին ուրախությունը չէ: Մեկ, երկու վերնագիր աչքի զարնեց: Բայց բոլորն էլ՝ Ադրբեջանին արդարացնող, նրա շահերի դիրքերից: Նշածս հեղինակի ծավալուն վերլուծությունը, կարծում ենք հունիսի 1-ին կամ դրանից հետո վերախմբագրումներ կունենա, ուստի առանձնացնենք մեր դիտարկմամբ մի բացահայտում, որ վերաբերում է բանակցային հնգակողմ՝ Փաշինյան, Ալիեւ, Միշել, Մակրոն, Շոլց հանդիպմանը ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությանը: Եվրոպական քաղաքական համայնքի հունիսի 1-ի հանդիպմանը «հակաադրբեջանական դիրքավորում ունեցող» Մակրոնի ներկայությունը հակակշռելու համար է Շոլցն ընտրվել, ինչպես ենթադրել է տալիս Շթյոբերը: Նա նշում է, որ Մակրոնը դատապարտել է Ադրբեջանի 2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա զանգվածային հարձակումը, Հայաստանի տարածքային ամբողջականությանը նեցուկ լինելու խոստում տվել: Մակրոնի արտահայտությունը, երեւում է հայկական մեծաթիվ համայնք ունեցող Ֆրանսիայում ներքաղաքական խթան ուներ, գրում է Շթյոբերը:
Մնացյալը՝ հաջորդ համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա