2016 թվականի փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Արման Թաթոյանին:
Եթե անկեղծ, ՄԻՊ-ը մեզանում միշտ ընկալվել է որպես որոշակի պարտականություններ իրականացնող, միջազգային հարթակներում զեկույցներ ներկայացնող, եվրոպական քաղաքակրթությունից ու կանոններից հետ չմնալու համար ստեղծված մի կառույց, որը մի չգրված օրենքով՝ ցանկալի էր, որ լիներ բարետես, եվրոպական, կոկիկ արտաքինով ու շարժուձեով, խնամված, բարեկիթ, միջազգային կոնվենցիաներից մեջբերումներ անող անձ:
ՄԻՊ-ը միշտ համարվել է խաղաղ, անվրդով ընթերակա, որի գործունեության հետ ծանրակշիռ, առանցքային խնդիրներ չեն կապվել, հանրությունն էլ առանձնապես մեծ ակնկալիքներ չի ունեցել:
Արման Թաթոյանը ջարդեց այդ կարծրացած մտայնությունը, ստիպեց, որ իրեն ու իր ղեկավարած կառույցին ավելի շատ հավատանք ու վստահենք, ավելի կարեւորենք, քան Հայաստանում եղած բոլոր պետական ու ոչ պետական անձանց ու կառույցները միասին վերցրած: Հատկապես վերջին երկու տարիներին նրա գործունեությունն ավելի շատ է կապվում Հայաստանի պետական շահերի պաշտպանության հետ, քան պետական որեւէ գործչինը, հատկապես՝ բարձր պաշտոնյաներինը: Հանձին Արման Թաթոյանի՝ Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ հանրությունը տեսավ անվրեպ գործող, համարձակ, արդարամիտ, չկաշկանդված պրոֆեսիոնալի, որը հազարապատիկ ավելին արեց, քան կարելի էր պատկերացնել, այն էլ՝ ներկա իշխանությունների օրոք:
Արման Թաթոյանին բաժին ընկան ամենալարված ու պայթյունավտանգ ժամանակները: ՄԻՊ-ի պարտականությունները նոր էր ստանձնել, երբ վրա հասավ ապրիլյան քառօրյա պատերազմը, հետո եղավ ՊՊԾ գնդի գրավումը, Տավուշում թշնամին անընդհատ սահմանային ոտնձգոություններ էր կատարում, հետո եղավ իշխանափոխությունը, զուգահեռ՝ համավարակը, 2020-ի հուլիսին տեղի ունեցան տավուշյան ռազմական գործողությունները, իսկ սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմը՝ ծանրագույն հետեւանքներով:
Մի քանի համեմատություն. եթե 2015 թվականին ՄԻՊ գրասենյակն ստացել է 5214 գրավոր եւ բանավոր դիմում, 2016-ին՝ 5113, ապա 2020-ին ստացել է 14.780, 2021-ին՝ 21.118:
2015-2016-ին թեժ գծերին եղել է ընդամենը 1500-2000 ահազանգ, 2020-ին՝ 11. 735, 2021-ին՝ 14.124: Ժամանակի հետ Հայաստանում ոչ միայն տարաբնույթ խնդիրներն են ավելացել, այլեւ հանրության վստահությունն ու հավատն է մեծացել այս կառույցի նկատմաբ:
ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունն ու փորձն ուսումնասիրում են Եվրոպայի Խորհրդարանը, Եվրոմիությունը, ինչպես նաեւ Թունիսը, Հերցոգովինան, Ալբանիան, Հորդանանը, Մարոկկոն, այլ պետություններ: 2019-ին Եվրոպայի Խորհրդում Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ Հայաստանի ՄԻՊ-ը 47 երկներին է ներկայացրել իր հաջողված փորձը: Լինելով պետական հաստատություն՝ Եվրոդատարանում ՀՀ-ի դեմ ներկայացված դատական գործերում ՄԻՊ-ը ներկայացել է որպես 3-րդ կողմ. սա անկախ գործելու լավագույն ապացույցն է:
44-օրյա պատերազմից հետո այս կառույցի աշխատանքի ծավալներն ու ուղղություններն անհամեմատ շատացել են: ՄԻՊ-ի աշխատակիցները պարբերաբար եղել են Արցախում, հավաքագրել պատերազմական հանցանքների ապացույցները, այցելել տեղահանված արցախցիներին, հավաքել նրանց խնդիրները, տեսակավորել՝ ըստ սոցիալական, բարոյահոգեբանական, տնտեսական, քաղաքական, իրավական ուղղությունների եւ ներկայացրել միջազգային կառույցներին:
ՄԻՊ-ն ամեն օր սոցցանցերում մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչ աշխատանքներ է տարել, ինչ է արձանագրել, ինչ արդյունքի է հասել եւ դրանք ինչպես է հասցնում միջազգային հարթակներին:
Պատերազմից հետո պետական ոչ մի պաշտոնյա՝ ամենաբարձրից մինչեւ միջին ու ցածր, չի այցելել Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի, որը, ինչպես հայտնի է, 2021 թվականի նոյեմբերի 8-ին, երբ Ալիեւը տոնում էր Շուշիի օկուպացիայի մեկ տարին, այցելեց Արցախ, հանդիպեց Պաշտպանության բանակի հրամանատարների հետ, իսկ դրանից ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 15-ին, Փաշինյանը նրան ազատեց աշխատանքից ու ՊՆ նշանակեց ասֆալտի գործով վարպետ Սուրեն Պապիկյանին:
Պատերազմից հետո ՀՀ ՄԻՊ-ը միակ պաշտոնյան է, որ պարբերաբար Արցախ է գնացել: Բնական է, որ Փաշինյանին դուր չէին գալիս այդ հաճախակի այցերն ինչպես Արցախ, այնպես էլ Սյունիք, սահմանամերձ գոտիներ դարձած Գեղարքունիքի բնակավայրեր, Արարատի, Տավուշի մարզեր, որոնց տարածքները յուրաացնելու համար եւս թշնամին գրգռված ախորժակ ունի:
Ամենուր փաստեր, տեսանկարահանումներ, լուսանկարումներ, զրույցներ, վկայություններ: ՄԻՊ Արման Թաթոյանը կամ գրասենյակի աշխատակիցները որտեղ էլ եղել են, ամեն ինչ սեփական աչքերով են տեսել, անձամբ են լսել, հավաստիացել, ապացույցներն արձանագրել, փաստահավաք առաքելություն իրականացրել ու ներկայացրել նախ՝ հայ հանրությանը, ապա՝ միջազգային կառույցներին:
Արման Թաթոյանն առաջինն էր, որ Սյունիքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին տեղեկացրեց միջազգային գործընկերներին, առաջինն էր, որ բարձրաձայնեց Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հարցը՝ ահազանգելով, որ Սյունիք մտած եւ դիրքավորված թշնամին սպառնալիք է հենց սյունեցիների համար. խախտվում են նրանց սեփականության, ազատության իրավունքները, որ այդ քայլով թշնամին ջանում է վախի, հոգեբանական ճնշումների միջոցով Սյունիքը հայաթափել: Ահա թե ինչու էր Թաթոյանը համառորեն պնդում, որ Հայաստանի իշխանությունները պետք է պահանջեն, որ Սյունիքում անվտանգության գոտի ստեղծվի՝ չեզոք տարածք, որը սյունեցիներին տարածական իմաստով կհեռացնի ադրբեջանական զինուժից, հետեւաբար, անհամեմատ ապահով կդարձնի նրանց կյանքն ու առօրյան:
Արման Թաթոյանն ապացույցներով էր խոսում՝ ասելով, որ Սյունիքի այլընտրանքային ճանապարհները, որոնց կառուցման մասին հայտարարություններով իշխանությունները ժողովրդի գլուխը պարբերաբար արդուկում էին, դարձյալ լինելու են թշնամու դիտարկման տակ, հետեւաբար անվտանգ չեն: Ադրբեջանցիները սյունեցիներին անընդհատ պահելու են իրենց տեսադաշտում եւ հսկողության տակ:
Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածների մասին նրա փաստական հրապարակումներն ու լուսանկարները, անկլավում հայտնված Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Ճակատեն, Շիշկերտ գյուղերի բնակիչների իրավունքների խախտման, սոցիալական, հոգեբանական վիճակի մասին նրա ապացույցները իշխանությունների համար մշտապես գլխացավանք են եղել: Փաշինյանն ամեն ինչ անում էր, որ Հայաստանի ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիների արարքն արդարացներ, ջանում էր իմիտացիա ստեղծել, թե Սյունիքում ամեն ինչ լավ է, իր խոսքով՝ գրունտային ճանապարհներները լիովին բավարար են մեկուսացված գյուղերին նորմալ կյանքով ապահովելու համար, իսկ երբ այլընտրանքային ճանապարհները կառուցվեն, անկլավ դարձած հայաբնակ գյուղերի բնակիչների պես երջանիկ մարդիկ իսկի դրախտում չեք գտնի: Իսկ ահա Թաթոյանը եռման ջուր էր լցնում Փաշինյանի գլխին՝ ներկայացնելով ճիշտ հակառակ պատկերը:
Հակառակ ֆեյքաֆաբրիկայի ու նիկոլապաշտների հարձակումներին ու Արման Թաթոյանին հեղինակազրկելու փորձերին, նաեւ ի հեճուկս Փաշինյանի ու նրա թիմի՝ ՀՀ ՄԻՊ-ի հեղինակությունն օր օրի աճում էր: Ի վերջո, մարդիկ տեսնում էին ամենօրյա տքնաջան աշխատանք, փաստեր, հիմնավորված, գիտելիքահեն ապացույցներ ու իրակա՛ն իրականությունը, ոչ թե իշխանական լրատվամիջոցների ներկայացրած «երազանքների Սյունիքը, Գեղարքունիքն ու Արցախը»:
Փաստարկված ապացույցներից բացի, ՄԻՊ-ը հանդես է եկել համարձակ հայտարարություններով, զեկույցներով՝ մշտապես նշելով, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը եղել է, կա ու մնալու է նույնը, որ այդ երկրի գերնպատակը հայերին ցեղասպանելն ու հայրենիքից զրկելն է: Այս մասին նա բազմիցս խոսել է թե՛ Հայաստանում, թե՛ օտար երկրներում, թե՛ արտասահմանյան զլմ-ներին տված հարցազրույցներում: Այդ է պատճառը, որ նա հայտնվել էր Հանրային հեռուստաընկերության «սեւ ցուցակում», երբեք չէր լուսաբանվում: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը Թաթոյանին հիշելիս ատամները միշտ կռճտացնում է, պատրաստ է հոշոտել նրան, բայց անզոր է, քանի որ ոչ մի հակափաստարկ չունի, այլապես վաղուց միջազգային ատյաններում նրա նկատմամբ դատ ու դիվան իրականացրած կլիներ: Այս համատեքստում ՄԻՊ-ը գրեթե ամեն օր փաստորեն ապտակ էր հասցնում նաեւ Հայաստանի իշխանություններին:
Որպես անկախ կառույցի՝ ոչ ոք իրավունք չունի ՄԻՊ-ի լիազորությունները խոչընդոտել, սա՝ մեկ, երկրորդը՝ Թաթոյանն իր գործունեությամբ ցույց է տվել, որ այն կերպարը չէ, որին կարելի էր կոտրել, վախեցնել կամ կաշառել: Իշխանություններին մնում էր սպասել նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին: Ինչը եւ արեցին:
Որքան էլ դառն է ճշմարտությունը, բայց Արման Թաթոյանը Փաշինյանի կառավարության օրոք պետական միակ պաշտոնյան է, որի ողնաշարն ուղիղ է, ունի պետականամետ, հայանպաստ, Հայաստանի շահերը պաշտպանող մտածելակերպ ու սկզբունքներ: Այլ պետությունների ՄԻՊ-երի պետականամետ գործունեությունը դժվար թե սեփական ժողովրդի զարմանքն ու հիացմունքը հարուցեր, որովհետեւ դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Իսկ Հայաստանի դեպքում, երբ իշխանությունները վերից վար թշնամու շահերն են սպասարկում, Թաթոյանին՝ որպես բարեխիղճ, հայրենասեր, պետականամետ միակ պաշտոնյայի՝ վերագրում ենք նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի պետական, քաղաքական շահերի պաշտպանի գործառույթներ:
Թաթոյանը ՄԻՊ-ի պաշտոնում աշխատեց մինչեւ վերջին րոպեն: Հիմա էլ է աշխատում, ինչպես որ խոստացել էր, նույն ոգով ու ջերմեռանդությամբ՝ առաջ տանելով Հայաստանի պետական շահը, ռազմագերիների, սահմանամերձ գոտիների բնակիչների, երեխաների, ծերերի իրավունքների հարցերը, մասնակցում է առցանց քննարկումների, հանդիպումների:
Փետրվարի 23-ին՝ աշխատանքային վերջին օրը, նա մասնակցեց ՌԱԿ-ի համադրված 20-րդ լսարանին եւ հայտարարեց. «Ադրբեջանի իշխանությունները սպասում են իմ պաշտոնավարման ավարտին, բայց ուզում եմ, որ նրանք իմանան՝ ես շարունակելու եմ իմ գործունեությունը հանրային ու իրավապաշտպանական ոլորտներում»:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ աշխատակազմից բավական թվով մարդիկ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, այնպես որ, երբ փետրվարի 24-ին իշխանության կողմից ՄԻՊ ընտրված Քրիստինե Գրիգորյանը գնացել է ՄԻՊ գրասենյակ, նրան ոչ ոք չի դիմավորել, նա աշխատասենյակում մենակ է նստել, իսկ փետրվարի 25-ին՝ պաշտոնավարման առաջին իսկ օրը «հաշվեհարդար է տեսել» Արման Թաթոյանի հետ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում՝ կառույցի պատմության բաժնում, տեղադրված են բոլոր ժամանակների ՄԻՊ-երի լուսանկարները, տեղեկությունները, բացի Արման Թաթոյանից: Փաստորեն, նոր ՄԻՊ-ը ջնջել է «նախկին» ՄԻՊ-ին, այդպիսով յուրովսանն «պաշտպանելով» մարդու իրավունքները:
ՆԱԻՐ ՅԱՆ