Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ Օհանյանի ինքնատիպ սարոյանապատումը

Արծվի Բախչինյան
11/04/2025
- 11 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն երեք տասնամյակից ավելի է, ինչ երեւանաբնակ թարգմանիչ Արամ Օհանյանը «շփացնում է» ռուսալեզու ընթերցողին անգլիալեզու գրականությունից կատարած բարձրորակ թարգմանություններով: Սակայն նա այն քչաթիվ թարգմանիչներից է, որոնք մանրակրկիտորեն ուսումնասիրում են թարգմանվող հեղինակին եւ գործը՝ դառնալով տվյալ գործի եզակի մասնագետ՝ թարգմանական հատորներն օժտելով արժեքավոր նախաբան կամ վերջաբան-ուսումնասիրություններով: Ասվածը, համենայն դեպս, ճշմարիտ է Վիլյամ Սարոյանի կապակցությամբ: Սկսած 2003-ից, Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում Օհանյանի ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է Սարոյանի ստեղծագործությունների տասը հատոր: Տասնմեկերորդը վերջերս Պետերբուրգում «Մի թատերախաղի թանգարան» շարքով լույս տեսած Սարոյանի թերեւս ամենահայտնի՝ «The Time of Your Life» պիեսի հրատարակությունն է (Уильям Сароян, §Годы вашей жизни¦, Музей уникальных вещиц (Фонд  АХ  культуры), 2025):

Նկատեցինք, որ Արամ Օհանյանը թատերախաղի վերնագիրը թարգմանել է «Ձեր կյանքի տարիները», ո՛չ «Ձեր կյանքի ժամանակը» կամ «Ձեր կյանքի ժամերը», ինչպես հայերենի դեպքում (իսկ ռուսերեն նախկինում թարգմանվել է «Ձեր կյանքի ուղին»՝ « Путь вашей жизни ): Իրականում այս վերնագիրը տարբեր լեզուներով նույնպես ազատ թարգմանություններ է ունեցել, ինչպես, իտալերեն «I giorni della vita»՝ «Կյանքի օրերը», լեհերեն «Zabawa jak nigdy»՝ «Զվարճացի՛ր ինչպես երբեք» եւ ֆիններեն «Elämäsi parhain aika»՝ «Կյանքիդ լավագույն ժամանակը»:

Սարոյանի այս ընտիրագույն գործերից մեկը դարձյալ կարդալու հաճույքից բացի սույն հատորն այլ բավականություններ էլ է պատճառում ընթերցողին: Թարգմանչի ինքնատիպ հավաքածուից վերցված փաստագրական այլեւայլ նյութերը գիրքը դարձնում են շատ ավելին, քան գեղարվեստական գործի թարգմանությունը: Ժամանակի մամուլից «պեղված» երգիծանկարներ, Սարոյանի եւ պիեսի առաջնախաղի լուսանկարներ, ընդ որում, այդ լուսանկարներն ընդգրկող էջերի դարձերեսներին տեղ են գտել նաեւ դրանց հակառակ կողմում կատարված գրառումները:

Այս տեսողական հազվագյուտ նյութից բացի չափազանց ուշագրավ են հավելավածում առկա նյութերը: «Սկզբնատառերն՝ ինչպես Շեքսպիրինը՝ W. S. կամ Սարոյանի միստերիան» վերնագրված հոդվածում Արամ Օհանյանը հանդես է եկել որպես հմուտ բանասեր եւ գրականագետ, որին, թվում է, անծանոթ չի մնացել Սարոյանի «Ձեր կյանքի տարիները» գործին առնչվող հեռավոր կամ մոտ որեւէ իրողություն: Մանրամասն տրված է թատերախաղի ստեղծման պատմությունը՝ ժամանակի մամուլի վկայակոչումների հիման վրա, Փուլիցերյան մրցանակի արժանանալու եւ գրողի՝ դրանից հրաժարվելու պատմությունը, աշխարհի տարբեր թատրոններում բեմադրվելը, ամերիկյան ու համաշխարհային գրականության հետ զուգահեռները: Ընթերցողը բազմաթիվ հետաքրքրաշարժ մանրամասներ է բացահայտում: Օրինակ, Օհանյանը ենթադրում է, որ պիեսի հանրահայտ նախաբանը կարող է ազդած լինել Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանի» «Դու պատասխանատու ես նրանց հանդեպ, ում ընտելացրել ես» նշանավոր տողի հետ, սակայն, գտնելով, որ «չարժե գուշակել, թե այն ոգեշնչման աղբյուր է եղել Էկզյուպերիի համար» (Уильям Сароян, Годы вашей жизни էջ 157): ԱՄՆ-ում Սարոյանի այս գործը ժամանակին համարել են Գորկու «Հատակում»-ի ամերիկյան տարբերակը: Թարգմանիչն ինքը թատերախաղի առաջաբանի մտքերը զուգահեռել է Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես է կոփվում պողպատը» վեպի՝ մարդու կյանքի վերաբերյալ կատարված խորհրդածություններին, սակայն անմիջապես զգուշացնելով, որ «հակված չեմ մտածել, թե Սարոյանը կարող էր Օստրովսկուց ազդված լինել: Ավելի շուտ, տեքստերի նմանությունը բացատրվում է այն հանգամանքով, որ երկուսի աղբյուրն էլ նույնն է՝ Աստվածաշունչը» (նույն տեղում, էջ 166. աստվածաշնչյան հղումը վերաբերում է Ժողովողի գրքին): Եվ կամ, Արամ Օհանյանը նշում է, որ պիեսի հերոսներից Ջոյին հիշեցնող մի հերոս հանդես է բերվել 1940-ին գրված Մյուրեյ Բարնեթի եւ Ջոան Էլիսոնի «Բոլորը գնում են Ռիքի մոտ» թատերախաղում՝ հանրաճանաչ «Կասաբլանկա» շարժանկարի գրական հիմքում, եւ կատարում է երկու ստեղծագործությունների համեմատություններ:

Ուրիշ հետաքրքրական իրողություններ: Պարզվում է, որ 1955-ին պիեսի հերթական բեմադրության մեջ Մերիի դերը կատարել է Սարոյանի կինը՝ Քերոլ Մարքուսը, իսկ գրողն ինքը կատարել է բարի այցելուի անխոս դերը: «Ձեր կյանքի տարիները» ներթափանցել է լայն զանգվածների մեջ, ժամանակին երգել են «Կհորինի՞ Սարոյանը մի զիլ պիես» խոսքերով մի երգ, Սան Ֆրանցիսկոյում Սարոյանի անունով կոչել են կոկտեյլ, սենդվիչ եւ սալաթ (բաղադրատոմսերը չեն պահպանել), իսկ Քլիվլենդի թատրոնի դերասանուհիներից մեկը, որի աշխատավայրում բեմադրվել է պիեսը, իր կատվին կոչել է Սարոյան…

«Ձեր կյանքի տարիները» արձագանքներ է գտնում մինչ օրս: Բարբրա Սթրեյզանդը բեմից կարդացել է այն, իսկ Ջոնի Դեփի հերոս Ջեք Ճնճղուկի («Կարիբյան ծովի ծովահենները. աշխարհի ծայրին») ուսին դաջված է մեջբերում պիեսից՝ «Ամենուրեք փնտրե՛ք բարին»: 2007-ին նկարահանված ամերիկյան «Վերջնական ցանկ» («The Bucket List») ֆիլմի հերոսը կատարում է մեջբերում Սարոյանի պիեսից…

Պակաս հետաքրքրական իրողություններ չի բացահայտում նաեւ հատորն ամփոփող «Ձեր կյանքի տարիների»՝ արհեստավարժ եւ սիրողական թատրոններում իրականացված բեմադրությունների ժամանակագրությունը, որն ընդգրկում է 1939-2025 թվականները՝ բավական լայն աշխարհագրությամբ: Թվարկենք ժամանակագրական հերթականությամբ՝ ԱՄՆ, Շվեդիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Գերմանիա, Բրազիլիա, Նորվեգիա, Բելգիա, Իսպանիա, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Հայաստան (առաջին անգամ՝ 1981-ին), Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Կանադա, Ճապոնիա (մի քանի երկրներում՝ մեկից ավելի անգամ), ինչպես նաեւ համանուն կինոնկար՝ նկարահանված 1992-ին, «Բելառուսֆիլմում»: Այս ժամանակագրությունը նույնպես լեցուն է անակնկալներով: Օրինակ, պարզվում է, որ 1943-1944 թթ. Ինգմար Բերգմանը բեմադրել է Բենգթ Օլոֆ Ֆոսի «Արթնանալուց անմիջապես առաջ» պիեսը, որը գրելու համար հեղինակին օրինակ է ծառայել նախորդ տարի Ստոկհոլմում բեմադրված «Ձեր կյանքի ժամերը»…
Ավելացնենք, որ Արամ Օհանյանի թարգմանությունները լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում տպագրված 76 հատորներում՝ տարբեր ժողովածուներում եւ առանձին գրքերով: Ամենաշատը թարգմանել է Ռեյ Բրեդբերիին, որի հետ, ի դեպ, ունեցել է անձնական նամակագրություն: Անգլերենից ռուսերեն է թարգմանել Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» (1996), Մայքլ Առլեն-կրտսերի «Ուղեւորություն Արարատ» (Ռյազան, 2003), Աննա Աստվածատրյան-Թերքոթի «Արտաքսում. Ոչ մի տեղ» (Երեւան, 2016), հայերենից անգլերեն՝ Աղասի Այվազյանի «Աղի կոմսը» (Երեւան, 2005), Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզը» (Լոնդոն, 2008), հայերենից ռուսերեն՝ ստեղծագործություններ Աղասի Այվազյանից եւ Լեւոն Խեչոյանից (լույս են տեսել տարբեր ժողովածուներում), ռուսերենից անգլերեն՝ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնը» (Գերմանիա, 2014), Արամ Խաչատրյանի «Նամակները» (Երեւան, 2023)…

Մաղթենք, որ բեղմնավոր թարգմանչի մատենագիտությունն է՛լ ավելի հարստանա եւ հատկապես՝ հայ իրականությանը վերաբերող գործերով…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կամերային երաժշտության համերգ

Հաջորդ գրառումը

«Ազատ» խամաճիկային ներկայացման առաջնախաղերը Սան Ֆրանցիսկոյում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

«Ազատ» խամաճիկային ներկայացման առաջնախաղերը Սան Ֆրանցիսկոյում

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական