Հայաստանում հայտնաբերվել են պայմանականորեն «օդապարուկներ» կոչվող 200 կառույցներ, որոնց նշանակության մասին տարամերժ կարծիքներ կան: Երիտասարդ հնագետ Մարիամ Շախմուրադյանի գիտական ատենախոսությունն արդյունքն է երկարամյա պեղումների, չափումների, համեմատական աշխատանքի: Օդապարուկների տվյալների շտեմարանի ստեղծումը, դրանց աշխարհագրական միջավայրի, կառուցվածքի, ձեւերի համակարգված ուսումնասիրությունը եւ պեղումները գիտնականի համար հենք են դարձել այդ կառույցների օբյեկտիվ մեկնաբանության համար:
Հնագիտական ուսումնասիրությունների նյութ Հայաստանում՝ որքան ասես՝ նախկինում պեղված, ներկայումս հայտնաբերվող եւ հողի շերտերում դեռեւս թաքնված: Մասնագետների վարկածների, եզրակացությունների, բանավեճերի եւ մեկնաբանությունների համար տասնամյակների, անգամ հարյուրամյակների հարուստ ժառանգություն կա: Եվ երբ հանրությանը ներկայացվում է այս կամ այն նյութը, ապա մեզ համար դա, սովորաբար, հասկանալի եւ մատչելի է, հատկապես երբ խոսքը պեղածոների մասին է: Բայց կա մի հնագիտական նյութ, որը համարյա անծանոթ է լայն հանրությանը. խոսքը պայմանականորեն կոչված «անապատի օդապարուկների» մասին է: Նման կառույցներ հայտնաբերվել են ոչ միայն մեզանում, այլ նաեւ Իրաքում, Սիրիայում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Թուրքիայում: Օդապարուկներ կոչված կառույցներ հայտնաբերվել են Ուստյուրտի սարահարթում, Արագածի հարավարեւմտյան եւ հարավային լանջերին, Ուրֆայի սարահարթում, Պալմիրենայի լեռներում, Հարրաթ ալ Շաամ, Հարրաթ Խայբար, Հարրաթ Ռահատ, Հարրաթ Կուրա անապատներում:
Այս երեւույթների վերաբերյալ գիտական առաջին ատենախոսությունը վերջերս ներկայացրեց երիտասարդ գիտնական – հնագետ Մարիամ Շախմուրադյանը: Նշենք՝ առաջինը ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ աշխարհում: «Անապատի օդապարուկների» կառուցվածքը, ձեւերը, թվագրությունը եւ գործածությունը» թեմայով աշխատասիրությունը Մ. Շախմուրադյանի մի քանի տարիների ջանադիր աշխատանքի, դաշտային աշխատանքների, պեղումների, գիտական համեմատական պրպտումների արդյունքն է: Ուստի եւ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման՝ նրա ատենախոսությունը համոզիչ էր եւ գնահատելի մասնագիտական շրջաններում:
Մատչելի ներկայացնենք «անապատի օդապարուկները»: Հուշարձանների շարքը դասվող այս կառույցները, ըստ Մարիամ Շախմուրադյանի եւ իր հետ հիմնարար ուսումնասիրություններ, չափումներ կատարող խմբի եզրակացության, չորս հիմնական կառուցվածքային տարր ունեն՝ քարաշարեր, մուտք, շրջապարիսպ, աշտարակներ: Քարաշարերն անմշակ քարերի կամ քարահողային լիցքի հոծ կամ ընդմիջվող շարքեր են, որոնք ունեն մի քանի տասնյակ մետրից մինչեւ մի քանի կիլոմետր երկարություն եւ մի քանի տասնյակ սանտիմետր բարձրություն: Մուտքերը շրջապարսպի եւ քարաշարերի միացման հատվածում պարզ բացվածքներ են եւ կամ առաջանում են շրջապարսպի պատերի կամ քարաշարերի՝ դեպի ներքին տարածք խորանալու արդյունքում՝ ստանալով ձագարաձեւ տեսք: Լայնությունը սովորաբար 10-30 մետր է:
Հայաստանում հայտնաբերված օդապարուկներից 106-ը գտնվում են Արմավիրի, 91-ը՝ Արագածոտնի, 3-ը՝ Շիրակի մարզերում: Դրանք սփռված են Արագածի հարավային եւ հարավ-արեւմտյան լանջերին՝ ծովի մակերեսից 850-1800 մ բարձրության վրա: Մեծ մասը գտնվում են տափարակ եւ մեղմաթեք հարթություններում, հազվադեպ՝ բլուրների գագաթներին եւ գոգավորությունների հատակներին: Մ. Շախմուրադյանի աշխատությունից իմանում ենք, որ ի տարբերություն հնագիտական այլ հուշարձանների, որոնց պեղումների արդյունքում գտածոներ են հայտնաբերվում, օդապարուկներում շերտագրված գտածոներ գրեթե չեն գտնվում: Այս կառույցների հսկայական չափերի հասնող տարածքներում լայնամասշտաբ եւ համակարգված պեղումներ չեն իրականացվել: Այդուհանդերձ, հիմնականում աշտարակներում հազվադեպ հայտնաբերվել են կենդանական ոսկորներ, օբսիդիանի ցլեպներ, խեցեղենի բեկորներ:
Գիտնականը հիմնավոր պատճառաբանություն է բերում՝ հերքելով օդապարուկների նշանակության մասին նախկինում տարածված կարծիքները: Նա գտնում է, որ խնդրահարույց է կարծիքը, թե օդապարուկները վիթերի որսի համար նախատեսված որոգայթներ են: Ազգագրական տվյալները վկայում են, որ վիթերի որսի համար նախատեսված որոգայթներն ունեցել են 2 մ բարձրություն, մինչդեռ, ոնց ցույց են տվել հայաստանյան ուսումնասիրությունները, օդապարուկների պատերը նման բարձրություն չունեն: Դրանց շրջակայքում տարբեր ժամանակաշրջանների (քարի դարից մինչեւ նորագույն շրջան) կառույցներ եւ գտածոներ են հայտնաբերվել՝ անիվ-կառույցներ, դամբարաններ, ժայռապատկերներ: Արագածավան 1, Թլիկ 2, Թլիկ 4, Արտենի 1 եւ այլ կառույցներում գտնվել են բրոնզ-երկաթեդարյան պեղածոներ՝ քարե եւ ոսկրե գործիքներ, հացահատիկի տարբեր տեսակներ, ընտանի կենդանիների ոսկորներ:
Ուսումնասիրության նյութ են դարձել օդապարուկների թվագրության խնդիրները:
Ըստ Հայաստանի օդապարուկների ռադիոմետրիկ տվյալների, օրինակ, Քարակերտի օդապարուկներից մեկն ավելի վաղ է կառուցվել, քան ուշ բրոնզի դարը, երկուսն՝ ավելի վաղ, քան երկաթի դարը եւ անտիկ ժամանակաշրջանը, երկուսն ավելի վաղ՝ քան միջնադարը եւ այլն: Որոշ օդապարուկներ էլ երկրորդային կերպով գործածվել են թե՛ ուշ անտիկ, թե՛ միջնադարյան ժամանակաշրջաններում: Օդապարուկներին անմիջապես կից բնակավայրերից երկուսը (Արագածավան 1 եւ Թլիկ 4) թվագրվում են միջին բրոնզի դարի թռեղք-վանաձորյան փուլով, իսկ մեկը (Թլիկ 2) բազմաշերտ հուշարձան է, որի շերտերը վերաբերում են միջին եւ ուշ երկաթի դարերին, իսկ վերին շերտերը՝ անտիկ եւ զարգացած միջնադարյան ժամանակաշրջաններին:
Իր ուսումնասիրություններից ելնելով՝ Մ. Շախմուրադյանն արձանագրում է, որ թեեւ օդապարուկները մեկ դար է՝ ուսումնասիրվում են, բայց դրանց գործառույթը մինչ օրս պարզաբանված չէ: Դրանցում գտածոների սակավությունը հնարավորություն չի տալիս օբյեկտիվ դատողություններ անելու այդ կառույցների նշանակության մասին: Օդապարուկների՝ անասնապահական նշանակություն ունենալու տեսակետը ներկայումս մնում է հնագիտորեն չհաստատված: Մ. Շախմուրադյանի առաջ քաշած վարկածն է՝ հավանաբար դրանք պաշտամունքային նշանակություն են ունեցել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օդապարուկների պատկերներով մի շարք ժայռապատկերներում այս կառույցների ներսում պատկերված են դիցաբանական տեսարաններ,- գրում է երիտասարդ գիտնականը,- տեսակետ ենք հայտնել, որ օդապարուկները ծիսա-պաշտամունքային նպատակներով են գործածվել, ինչը նույնպես դեռեւս հնագիտական հիմնավորման կարիք ունի:
Մշակութային այս ֆենոմենի առկայությունը խիստ որոշակի տարածաշրջաններում եւ դրանց միջեւ կառուցվածքային ընդհանրությունները կասկած չեն թողնում, որ գործ ունենք մշակութային փոխառնչություններով պայմանավորված սփռվածության հետ»: Դժվար է ասել, թե ի՛նչ մշակութային իրողությունների արդյունքում են օդապարուկները կառուցվել եւ սփռվել, քանի որ մասնագետների առջեւ ծառացած են այս շինությունների թվագրության, ժամանակագրության եւ մասնագիտական այլ խնդիրները: Այդ խնդիրների լուծման ուղղությամբ է շարունակում ջանադրորեն եւ մեծ նվիրումով գործել Մարիամ Շախմուրադյանը, որ գիտա-հետազոտական աշխատանքներ է կատարում թե՛ Արագածի լանջերին եւ թե՛ հաճախ՝ նաեւ այլ երկրներում:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարում՝ Մարիամ Շախմուրադյանը՝ «Անապատի օդապարուկների» կառուցվածքը, ձեւերը, թվագրությունը եւ գործառույթը» ատենախոսությունը պաշտպանելիս: