Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս ներկայացնում էր, թե Հայաստանում տնտեսությունը հաշվետու տարում ինչ «սուպերաճ» է գրանցել: Նախարարի ներկայացրած թիվ-թվաբանությունը իսկապես աննախադեպ էր. բոլոր ոլորտներում՝ բարձր ցուցանիշներ, հավակնոտ առաջընթաց եւ այլն: Չոր թվերի «աննախադեպությունը» կողքից նայողին ու լսողին կարող է անգամ համոզիչ թվալ, բայց մեզ՝ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներիս, բնական հարց է հուզում՝ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, ինչո՞ւ ենք մենք վատ ապրում, երբեմն՝ ծայրը ծայրին հազիվ հասցնում:
Ըստ պաշտոնյաների՝ Հայաստանում առեւտրաշրջանառությունն ակտիվացել է, ՀՆԱ-ն պատմական ռեկորդներ է գրանցում, մարմնամարզիկները խանդով են նայում տնտեսության թռիչքաձեւ աճին, գնաճն ամաչում եւ ինքնազսպվում է եւ այլն: Բայց սրա հակառակ եւ իրական կողմում վարկերի տակ ճռացող մարդիկ են, որ անգամ մակարոնեղենը նախընտրում են դրսի առցանց խանութներից երբեմն անգամ տասնապատիկ էժան գնով պատվիրել:
Մյուս կողմից՝ եթե ծորակներից մեղր է հոսում, հավերն էլ ոսկե ձվեր են ածում, ինչո՞ւ են մեր հայրենակիցները շարունակում օտար ափերում բախտ ու կյանք որոնել: «Ազգ»-ը պաշտոնական տարբեր հարթակներից տեղեկացավ, որ մարդկանց տեղաշարժի հաշվեկշիռը 2022-ին եղել է ՝73000, 2022-ին՝ 27.947: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2023-ին Հայաստանը լքել են 28 հազար քաղաքացի, մի քանի հազար էլ՝ Արցախից բռնի տեղահանված: Միայն վերջին 5 տարում Հայաստանից մեկնել է 112.629 հայ: Մոտավորապես այդքան բանկիչ ունի Գյումրին: Բնական է, եւ չենք էլ պնդում, որ հաշվետու տարում Հայաստանը լքած մոտ 28 հազարն էլ մեկընդմիշտ են արտագաղթել, բայց եթե անգամ գնացողների կեսը որոշի այլեւս հետ չգալ, դա մեզ համար լուրջ, բավական լուրջ խնդիր է:
2018-ի իշխանափոխությունից հետո սարեր խոստացող Փաշինյանը բարձրագոչում էր, թե մինչեւ 2050-ը 5 միլիոնանոց պետություն ենք դառնալու: Իր պաշտոնավարման ավելի քան 5 տարում սակայն «երկրի հակառակ կողմում» ցուցանիշները սարսափեցնող են ու ողբերգական ավելի քան 5000 զոհ, տարածքային կորուստ, Արցախի օկուպացիա, բռնի տեղահանություն եւ այլն:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ