Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալլա Տեր-Հակոբյանի հիշատակին

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թ. օգոստոսի 12-ին Ալթայի երկրամասի Բելոկուրիխա քաղաքում վախճանվել է ռուսալեզու հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի եւ նկարչուհի Ալլա Տեր-Հակոբյանը: Այս մասին, ցավոք ուշացումով, տեղեկացա բանաստեղծուհու բարեկամ Յուրի Դրյոմինից: Տառապելով հիշողության կորստով եւ գրեթե ոչ ոքի չճանաչելով՝ կյանքի վերջին տարիները Տեր-Հակոբյանն անց է կացրել Բելոկուրիխայի վետերանների տանը: Հայաստանում էլ նրա անունը հազվադեպ էր հնչում, անկախ հայրենիքում նա որեւէ պետական պարգեւի կամ պատշաճ ուշադրության չարժանացավ: Ինչեւէ, անփույթ ենք դարձել մեր մեծավաստակ հայրենակիցների նկատմամբ, մինչ վստահաբար կարելի է ասել, որ Տեր-Հակոբյանն իր ուրույն ձայնն ու ոճն ունեցող ռուսալեզու մեր լավագույն բանաստեղծ-թարգմանիչներից էր:

Ծնվել է 1940 թ. փետրվարի 25-ին՝ Լենինգրադում, հայ հոր եւ ռուս մոր ընտանիքում: Իր իսկ խոսքերով՝ ազգային ինքնագիտակցությունը «պայթել է», երբ սովորում էր լենինգրադյան դպրոցի հինգերորդ դասարանում եւ ամեն մի յան-ով ավարտվող ազգանուն նրա մեջ հոգեկան հուզմունք էր առաջացնում: Որպեսզի բարձր պահի հայի անունը՝ ջանացել է ինքնակատարելագործվել, դառնալ որքան կարելի է ավելի լավը: Հայաստան տեղափոխվելով (հայրը նշանակվել է Կիրովականի քիմիական գործարանի գլխավոր ինժեներ)՝ աստիճանաբար հայերեն է սովորել: 12 տարեկանում գրել է առաջին բանաստեղծությունը, անդրանիկ՝ «Թռչնադրոմ» ժողովածուն հրատարակվել է 1967 թ.՝ Երեւանում:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: 1965 թ. արժանացել է Լենինգրադի հեռուստատեսության գրական մրցանակին: Եղել է ԽՍՀՄ գրողների միության ամենաերիտասարդ անդամներից մեկը, մեծ հեղինակություն է վայելել թե՛ Երեւանի, թե՛ Լենինգրադի եւ Մոսկվայի գրական շրջանակներում: Երեք տարի աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում:

Ամուսնացել է գրող Գարեգին Սեւունցի որդու հետ, ունեցել են մեկ զավակ՝ Աշոտը: 1970 թ. Հայաստան այցի ժամանակ ռուս բանաստեղծ եւ դերասան Վլադիմիր Վիսոցկին ծանոթացել է Տեր-Հակոբյանի հետ, լսել եւ հավանել նրա բանաստեղծությունները: Վիսոցկու մտերիմ Դավիթ Կարապետյանի վկայությամբ՝ ռուս բանաստեղծին զարմացրել է հայ բանաստեղծուհու ազատ գրելաոճը, հաճախ ընդհանուր են եղել եւ նրանց բանաստեղծությունների թեմաները: 1974-ին Մոսկվայում Տեր-Հակոբյանին ներկայացնելով կնոջը՝ դերասանուհի Մարինա Վլադիին, Վիսոցկին ասել է. «Քո գրքույկը մեր սեղանին է: Մենք Մարինայի հետ երեկոները կարդում ենք այն»:

1973 թ. Տեր-Հակոբյանը տեղափոխվել է Մոսկվա եւ ընդունվել Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները:

Հրատարակել է բանաստեղծական տասը ժողովածու («Տաճարներ», «Զարդանախշ», «Արարատից մինչեւ Արբատ» եւ այլն): Նրա բանաստեղծությունները ներշնչված են վաթսունականների սերնդին բնորոշ թարմ քնարականությամբ, հախուռն զգացականությամբ («Պարույր Սեւակի հիշատակին», «Մայր», «Ապրել ուրախությամբ…»): Հայության ճակատագիրը նրա ստեղծագործության հիմնական մոտիվներից էր («Հայաստան», «Գիշեր» (Սումգայիթի զոհերի հիշատակին), «Սարդարապատ»): Ստեղծագործական բոլոր շրջաններում անխզելի է եղել բանաստեղծուհու հոգեւոր կապը անցյալի պատմական խորքերի հետ.

Իրենց ուսերից լեռներն հեթանոս

Կնետեն մի կողմ ձյունը ձմեռվա,

Կձգվեն ձորում առուների պես

Ձյուները հալչող…

Կգա գարունը,

Երկիրը կանաչ ապրիլ կտանի,

Միայն կսեղմի քո մատը ամուր,

Կսեղմի ամուր

Սատանայական մի օղակի պես՝

Նշանդրեքի ոսկե մատանին:

Թարգմ. Վ. Կարենցի


1981-ին նրա բանաստեղծությունը տեղ է գտել համամիութենական «Պոեզիայի օր» ժողովածուում՝ Վ. Վիսոցկու, Ա. Վոզնեսենսկու, Ե. Եվտուշենկոյի եւ այլոց գործերի կողքին:

Տեր-Հակոբյանի գրած մանկական հեքիաթները լույս են տեսել մոսկովյան առաջատար հրատարակչություններում: 1970-ականներին նրա սցենարով «Հայֆիլմում» նկարահանվել են «Պինգվին Վինը» եւ «Սխալ արտահայտություն» մուլտֆիլմերը, որոնց հանդեպ համաժողովրդական սերը մինչ օրս չի մարում: 1977 թ. Երեւանի հեռուստատեսությունը բեմադրել է նրա «Այու ծաղիկը» մանկական դրաման:

Տեր-Հակոբյանը մի առիթով ցավ է հայտնել, որ գերբնականի թեմաներով իր «Ադամի հոգու ճանապարհորդությունը» ֆանտաստիկ վեպի հայերեն թարգմանությունը Հայաստանի հրատարակիչների ուշադրությանն այդպես էլ չի արժանացել, չնայած որ տպագրվել է ռուսերեն եւ ռումիներեն՝ 100 հազար տպաքանակով:

1979-ին ռուսերեն թարգմանությամբ՝ առաջին անգամ առանձին գրքով լույս տեսավ արեւմտահայ բանաստեղծների ժողովածուն: ԽՍՀՄ-ում հազվադեպ պատահող իրողություն. բոլոր գործերի թարգմանիչը մեկ անձ էր՝ Ալլա Տեր-Հակոբյանը: Գրիգոր Խանջյանի ձեւավորմամբ Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի եւ Վահան Թեքեյանի բանաստեղծությունների այդ ընտրանին այսօր էլ մնում է անգերազանցելի:

1983 թ. Լենինգրադում «Բանաստեղծի գրադարան» հեղինակավոր շարքով լույս է տեսնում «Նոր ժամանակների հայ բանաստեղծներ» հատորը, որի հիմնական թարգմանիչներից էր Տեր-Հակոբյանը (ինչպես եւ նույն թվականին Երեւանում հրատարակված «Վահագնի ծնունդից մինչեւ Պարույր Սեւակ» ժողովածուի պարագայում):

2007 թ. Մոսկվայում հրատարակվեց «Հայաստանի ռիթմերն ու հանգերը» մեծադիր ժողովածուն, որն ընդգրկում էր Տեր-Հակոբյանի բանաստեղծությունները եւ հիմնականում անտիպ թարգմանություններ հայերենից, ներառելով հայ բանաստեղծության բոլոր դարաշրջանները: Նրա թարգմանությամբ են ռուսալեզու ընթերցողին ներկայացվել հայ մի շարք գրողների (Լեւոն Շանթ, Մուշեղ Գալշոյան, Վարդգես Պետրոսյան, Նորայր Ադալյան) լավագույն արձակն եւ դրամատուրգիան: Միխայ Պրեպելիցեի հետ թարգմանել է Ռումինիայի երիտասարդ բանաստեղծներին:

1986 թվականից Տեր-Հակոբյանը խորապես հետաքրքրվել է էզոթերիկայով, տպագրել բազմաթիվ գրքեր Ագնի Յոգայի, աստվածիմացության վերաբերյալ: 2000 թ. լույս տեսավ նրա «Հայկական ազգանունների հինավուրց գաղտնիքները եւ արիական ցեղի կրճատ պատմությունը» գիրքը, որտեղ Տեր-Հակոբյանը հայոց շատ ազգանուններ եւ բառեր ստուգաբանում էր սանսկրիտի օգնությամբ: Ուղեւորություններ է կատարել Հնդկաստան, Նեպալ եւ Տիբեթ: 1993 թվականից Մոսկվայում վարել է հոգեւոր դասընթացներ, 2007-ին ստեղծել նոր ժանր՝ արտ-պոեզիա, որը համատեղում էր պոեզիան, հեղինակային նկարները եւ համակարգչային գրաֆիկան: Հարմոնիկ աշխարհ ձեւավորելու մղումները ստիպեցին Տեր-Հակոբյանին վաճառել իր մոսկովյան բնակարանը, տեղափոխվել Բելոկուրիխա եւ այնտեղ՝ լեռներում հիմնել «Արվեստների եւ գիտելիքների տաճար»: Տեր-Հակոբյանի վերջին ձեռնարկումը՝ գմբեթաձեւ այդ կառույցը, բացվեց յոթամյա շինարարությունից հետո՝ 2017 թ., այնտեղ էլ ամեն կիրակի Ռուսաստանի տարբեր վայրերից ժամանող երկրպագուների հետ ստեղծագործական հանդիպումներ էր անցկացնում բանաստեղծուհին:

Բանաստեղծները հազվադեպ են երջանիկ կյանք ունենում, բայց հավատանք, որ Տեր-Հակոբյանի դեպքն այդ բացառությունն է, եւ նա մեզնից հեռացավ իր բանաստեղծական ու մարդկային առաքելության իրականացման վեհ գիտակցությամբ:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Եվգենի Կոլոբաեւի, 2017 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զարդուհի Դոմպուրյան-Էբի

Հաջորդ գրառումը

Ֆլորա Սարյանի «Չգրված օրենք» վեպը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ֆլորա Սարյանի «Չգրված օրենք» վեպը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական