Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւի պատերազմն ընդդեմ հայոց պատմության

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանը բազմաթիվ զվարճախոսությունների թիրախ էր դարձել։ Հիմնականում այդ զվարճախոսությունների հեղինակը ենթադրաբար «Հայկական ռադիոն» էր։ Դրանցից մեկում քաղաքացին հարց է տալիս հայկական ռադիոյին, թե ինչո՞ւ Հայաստանը չունի ռազմածովային նավատորմի նախարարություն։ «Հայկական ռադիոն» պատասխանում է. «որովհետեւ մենք ծով չունենք», քաղաքացին, այնուհետեւ, հարցնում է. «հապա ինչո՞ւ Ադրբեջանը մշակույթի նախարարություն ունի»։

Ռասիստական թող չհնչի, եթե ասենք, որ թուրքերը պատմականորեն վատ համբավ են ձեռք բերել օտար մշակույթներ քանդելու իրենց ընդունակությամբ։ Նրանք կործանեցին բյուզանդական փառահեղ մշակույթը Կոնստանդնուպոլիսը գրավելուց եւ Կենտրոնական Ասիայի բարձրավանդակներից դեպի Ստամբուլ իրենց առաջխաղացման ճանապարհին։ Նրանք հիմնահատակ խորտակեցին Անատոլիայի եւ այլ վայրերի հայկական, վրացական եւ հունական մշակույթները։

Խորտակելու այդ ծրագիրը ավելի ուժգնացավ պատմական Հայաստանում բնիկ հայ ժողովրդի բնաջնջումից հետո։ Ավելի քան 2000 եկեղեցիներ, մենաստաններ, մատուռներ եւ այլ հայկական կառույցներ թիրախը դարձան թուրք իրարահաջորդ կառավարությունների խորտակման գործընթացների, թուրքերը նույնիսկ սպառնացին պայթեցնել Հուստինիանոս I կայսրեր օրոք Կոնստանդնուպոլսում մեր թվարկության 537 թվին կառուցված բյուզանդական ուղղափառ Հաջիա Սոֆիա տաճարը, բայց հետագայում որոշեցին այն վերածել մզկիթի։

Ադրբեջանը պարծենում է, որ ինքն էլ թյուրքական պետություն է, եւ դա նշանակում է, որ ինքն էլ հակված է խորտակելու օտար ազգությունների մշակութային խորհրդանշանները։

2005 թվականին ադրբեջանական բանակը  քաղաքակիրթ աշխարհի բացարձակ լռության պայմաններում հողին հավասարեցրեց հայկական հազարավոր եզակի խաչքարեր Նախիջեւանի Ջուլֆա գերեզմանատանը։ Նախիջեւանն այժմ այդ երկրի իրավասության տակ գտնվող էքսկլավ է։ Հայկական կողմի բողոքներն ու զայրույթի արտահայտությունները համաշխարհային պատկան մարմինների ուշադրության չարժանացան, եւ ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մատը մատին չտվեց, հակառակ որ նրա պարտականությունն է եւ առաքելությունը պահպանել համաշխարհային ժառանգությունը։ Փոխարենը, նախագահ Ալիեւի կինը եւ ներկայիս այդ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան նշանակվեց, 2004 թվին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, մի պաշտոն, որ մինչ օրս նա զբաղեցնում է։

Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գրավեց հայկական վերահսկողության տակ գտնվող յոթ շրջանները եւ Ղարաբաղի (Արցախի) 75 տոկոսը։ Նախագահ Ալիեւը հավատացած է, որ բռնությամբ լուծել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը` հակադրվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, որոնք ուղղված են տեւական խաղաղություն հաստատելու տարածաշրջանում։ Այդ խմբի համանախագահները այլ կարծիքի են։ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների ներկայացուցիչները պնդում են, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ կարգավորված չէ եւ լրացուցիչ բանակցություններ պետք է տեղի ունենան։ Ադրբեջանական կողմը դանդաղում է իր համաձայնությունը տալ այդ տեսակետին եւ խոչընդոտում է ԵԱՀԿ ներկայացուցիչների այցը Ղարաբաղ։

Մինսկի խմբի համանախագահներից բացի, Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որ խոշոր ներդրումներ է կատարել Ադրբեջանի էներգետիկ ոլորտում, հանդես է եկել որոշ հետաքրքրական նախաձեռնություններով։ Դրանցից առաջինը այն է, որ բրիտանական խորհրդարանի օրակարգում է դրված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Երկրորդը, Արմենպրեսի հետ հարցազրույցի ժամանակ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հնչեցրած` իր կառավարության պաշտոնական դիրքորոշումն է (որը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ), որ ղարաբաղյան հակամարտության հարցը դեռ կարիք ունի վերջնական կարգավորման։

Այս զարգացումներին զուգընթաց, նախագահ Ալիեւը ժամանակ չկորցնելով շտապում է գրավյալ տարածքներում վերացնել հայկական մշակույթի բոլոր հետքերը։ Մինչ երկրի մնացած մասերն ամբողջովին բարձիթողի վիճակում են, նա աներեւակայելի եռանդով լծված է վերակառուցելու հայկական զինուժից վերջերս խլված տարածքները։

Ստեփանակերտից ստացված պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ այդ շրջաններում գտնվող հայկական 1456 ճարտարապետական հուշարձաններ ենթակա են քանդման կամ եղծանման։ Ադրբեջանի կառավարությունը երդվել է 2020-ի պատերազմում ձեռք բերված տարածաշրջաններում հիմնովին բնաջնջել հայկական կրոնական կառույցների հայերեն արձանագրությունները։

Սոցկայքերում այս շաբաթ հրապարակված մի տեսաժապավեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը վերացրել է Հադրութում Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցու խաչը։ 2021-ի նոյեմբերին, Ադրբեջանի կառավարությունը Ուդի համայնքի հոգեւորականների այցն էր կազմակերպել դեպի այդ եկեղեցին, հայտարարելու համար, որ այն մաս է կազմում ալբանա-ուդիական մշակութային ժառանգության։ Սա այն կեղծ դատողություններից մեկն է, որ ալիեւյան վարչակազմը օգտագործում է հայկական ժառանգության հուշարձան-կոթողների ինքնությունը վերացնելու համար։ Հակառակ այն փաստին, որ փոքրամասնությունների (ներառյալ ուդիների) բազմաթիվ առաջնորդներ տառապում են ադրբեջանական բանտերում, այս հարցում նրանք իշխանությունների պիտանի գործիքն են դարձել ապօրինաբար տիրանալու հայկական հուշարձաններին։

2021-ի մարտին, նախագահ Ալիեւը իր կնոջ եւ դստեր հետ այցելեց Հադրութ, որտեղ զինվորական հագուստով նա մուտք գործեց 12-րդ դարում կառուցված տեղի հայկական Սբ. Աստվածամայր եկեղեցին եւ ասաց. «Հայերը ցանկանում էին հայացնել այս եկեղեցին եւ հայերեն մակագրություններ կատարեցին այստեղ, բայց ձախողվեցին… Այս բոլոր մակագրությունները կեղծ են, դրանք հետո, ավելի ուշ են գրվել»։

Չնայած Ալիեւը չի հավակնում համբավ ձեռք բերել որպես հնագետ, նա, այնուամենայինվ, շատ ավելին գիտի, քան բոլոր հնագետները։ Նա այսպես կոչված մասնագետների հանձնախումբ է կազմել ապացուցելու համար այն` ինչ ինքն արդեն գիտի։ Սա խորհրդային ժամանակաշրջանի գիտական ուսումնասիրությունների ոճն է։ Այդ օրերին Ստալինն էր մոգոնում մի տեսություն եւ հետո համապատասխան ոլորտների «փորձագետները» պետք է գիտականորեն «ապացուցեին» այդ տեսությունը։ Այդ ձեւով է, որ նրանք չորացրին հսկայական լճեր, շրջեցին բազմաթիվ գետերի հոսքը եւ անբերրի դարձրեցին հողատարածքները։

Ալիեւը նաեւ չի կարող հավակնել լինել հեղինակը այն տեսության, որ Կովկասում հայկական ժառանգության բոլոր ազդանշանները պատկանում են կովկասյան ալբանացիներին, որոնք համարվում են ադրբեջանցի ժողովրդի նախնիները։ Այս կեղծ տեսությունը առաջ էր քաշել 1950-ական թվականներին պատմաբան Զիյա Բունիատովը։ Խորհրդային մամուլում եւ ակադեմիական շրջանակներում նրան մեծ հաջողությամբ ջախջախեցին հայ գիտնականներն ու պատմաբանները եւ գիտական ոլորտում Բունիատովը դարձավ ծիծաղի առարկա։

Մինչեւ այսպես կոչված Ադրբեջանի հանրապետության ստեղծումը, այդ երկրի բնակչությանը համարում էին Կովկասի թաթարներ, որոնք երբեք էլ պետություն չէին ունեցել։

Հար եւ նման Թուրքիային, որ գործնական կիրառություն է տվել իր պատմությանը հարմարեցնելով այն իր ներկա գաղափարախոսությանը, Ադրբեջանը նույնպես դիմել է այդ մարտավարությանը` էթնիկական այլ խմբավորումներին պատկանած տարածքը հռչակելով իր սեփականը։

Նախագահ Ալիեւը ՌԴ նախագահ Պուտինին խոստացել էր պահպանել այժմ իր վերահսկողության տակ անցած քրիստոնեական վայրերը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ պահանջել էր Հայաստանից եւ Ադրբեջանից խուսափել քանդելուց այլ ժողովուրդների մշակութային ունեցվածքները, որովհետեւ դրանք պատկանում են ողջ մարդկությանը։ Սակայն, դրանց վիճակը քննելու նպատակով միջազգային այդ կազմակերպության Ղարաբաղ փաստահավաք ներկայացուցչություն ուղարկելու բոլոր ջանքերն առայժմ խափանվում են։ Իսկ դժբախտությունն այն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աղմուկ չի բարձրացնում այդ ակնհայտորեն անօրինական խափանումների առնչությամբ։

Վերոնշյալ խոստումներից եւ զգուշացումներից բացի, Արդարադատության միջազգային դատարանը (ICS) Ադրբեջանին հրամայել է «բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխելու համար հայկական մշակութային ժառանգության (այդ թվում եկեղեցիներից եւ պաշտամունքի այլ վայրերից բացի, նաեւ հուշարձանների, գերեզմանատների, ուղենշային կառույցների եւ հնագույն պատմական նշանակության իրերի) դեմ իրագործված վանդալիզմի եւ սրբապղծության ամեն տեսակի գործողությունները եւ պատժելու նման արարքներ իրականացնողներին»։

Նախագահ Ալիեւը անտեսում է բոլոր պարտավորություններն ու զգուշացումները եւ մարտահրավեր հղելով համաշխարհային հանրությանը` հանձնախումբ է կազմավորել իրականացնելու համար հայկական ժառանգության ոչնչացման եւ սրբապղծման իր ծրագրերը։ Նա պատերազմ է հայտարարել ընդդեմ հայոց պատմության։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը լրատվամիջոցներին հայտարարել է, որ կազմավորված աշխատանքային խմբի պարտականությունն է լինելու վերացնելու «ալբանական կրոնական տաճարների վրա հայերի կողմից արված կեղծ արձանագրությունները»։

Ձայնակցելով նախարար Քարիմովին, թուրք-իսլամ հետազոտող Թելման Նուսրաթօղլուն նշել է, որ Ադրբեջանի ղարաբաղյան շրջանում գտնվող տաճարներն ու մենաստանները կովկասյան (Ալբանիայի/Աղվանների) պատմական ժառանգություններն են։

«Բոլորն էլ պետք է իմանան, որ Լաչինի շրջանի Աղողլան մենաստանը, Քելբաջարի շրջանի Խուդավանք (Դադիվանք) համալիրը, Աղդարա շրջանի Սուրբ Եղիայի տաճարի համալիրը եւ Գյանջասար (Գանձասար) մենաստանը կովկասյան Ալբանիայի պատմական ժառանգություններն են», ավելացրել է նա։

Ոչ Եվրոմիությունը, ոչ էլ նախագահ Պուտինը, որ խոստացել էր իր անձնական պաշտպանության տակ պահել Դադիվանքը, չեն արձագանքել վերոնշյալ մարտահրավերներին։

Ընդհակառակը, փորձեր են արվում սիրաշահելու Ադրբեջանին։ Պատերազմից հետո, Եվրոմիությունը պարտավորվել էր Հայաստանին ֆինանսապես օժանդակել տրամադրելով 2,6 միլիարդ եվրո, իսկ Ադրբեջանին` նվազ քան 2 հարյուր եվրո։ Ադրբեջանը ուժգին բողոքել էր, ինչի հետեւանքում Եվրոմիությունը որոշել է այժմ երկու միլիարդ եվրոյի ներդրում կատարել այդ երկրում եւ պայմանագրեր ստորագրել էներգետիկայի ոլորտում։

Սա է ռեալպոլիտիկի հեգնանքը։ Ոչ մի պաշտոնական արձագանք Հայաստանի պատմական հետքերը մաքրելու Ադրբեջանի լկտիությանը։ Հնչում է միայն մեկ ձայն, եթե դա մխիթարություն կարելի է համարել։ Եվրոպայում լույս տեսնող ազդեցիկ մի թերթ, բարոյական չափանիշներին հավատարիմ մնալով, համարձակվել է ձեռնոց նետել Ադրբեջանի սրբապղծություններին։ Դա Ֆրանսիայում հրատարակվող «Le Figaro» (Ֆիգարո) պարբերականն է, որի գլխավոր խմբագրի տեղակալը` Ժան-Քրիստոֆ Բուիսոնը քննադատել է եվրոպացիներին էներգետիկայի ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու համար Բաքվի հետ, այն դեպքում, երբ վերջինս մշակութային ցեղասպանություն է իրականացնում հայերի դեմ Արցախում։ Վերջերս հրատարակած իր վերլուծական հոդվածում նա շեշտում է այն միտքը, որ Ադրբեջանը հետեւողականորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատել, իսկ հակակշռող քայլեր այդպես էլ չեն նշմարվում ո՛չ Ֆրանսիայի կառավարության, ո՛չ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Իսկ Եվրոմիությունը ողջունում է էներգետիկայի ոլորտում կնքված համագործակցությանը։ «Զզվելի է տեսնել, թե ինչպես է Եվրոխորհուրդը ուժեղացնում իր հարաբերությունները Ադրբեջանի բռնատեր Ալիեւի հետ, որի գործողությունները նպատակաուղղված են բնաջնջելու հայերին, նրանց պատմությունը, նրանց եկեղեցիները, նրանց ժառանգությունը Արցախում/Լեռնային Ղարաբաղում։ Ինչ ամոթ։ …Սա ուղղակի զզվելի է», գրել է նա։

Արդյոք այս խիզախ դիրքորոշմանը պաշտոնական որեւէ արձագանք լինելո՞ւ է, թե՞ Բուիսոնի ձայնը հորջորջվելու է «ձայն բարբառոյ յանապատի»։

Ժամանակն է գործելու, որովհետեւ Ալիեւի պատերազմն ընդդեմ հայոց պատմության եւ հայկական մշակութային ժառանգության գնալով թեժանում է։

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայի սպառնալիքի տակ»

Հաջորդ գրառումը

Իսրայելը պատրաստ է հազարավոր հրեաների տարհանել ռուս-ուկրաինական ճգնաժամային գոտուց

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իսրայելը պատրաստ է հազարավոր հրեաների տարհանել ռուս-ուկրաինական ճգնաժամային գոտուց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական