Ամերիկյան «Golden Thread Productions» (GTP) թատերական ընկերությունը, որ նպատակ ունի բարձրաձայնելու բացառապես Միջին Արեւելքի մարգինալ խմբերի խնդիրները եւ շահույթ չհետապնդող «Hakawat: NGO-ն», որ հետամուտ է կամրջելու միջինարեւելյան մշակույթները, հայտարարում են, որ ապրիլի 11-ից մինչեւ մայիսի 3-ը Սան Ֆրանցիսկոյի «Պոտրերո» բեմահարթակում տեղի է ունենալու Սիրիայում ծնված ամերիկահայ թատրոնի եւ կինոյի դերասանուհի` Սոնա Թաթոյանի հեղինակած «Ազատ» (Ճագարն ու գայլը) պիեսի առաջնախաղը, որը ձայնի, գրաֆիկայի, շարժապատկերման եւ տեքստի զուգորդությամբ բազմաշերտ ու կալեյդոսկոպիկ ստեղծագործություն է: Ըստ «Միրոր Սփեքթեյթրի», Սոնան այս ծրագիրը իրականացրել է՝ համագործակցելով երկու անգամ «Օբի» մրցանակի արժանացած թատրոնի տնօրեն եւ մուլտիմեդիա բնագավառի համակարգող Ջարեդ Մեցոչչիի հետ: Ներկայացման մեջ միահյուսվում են վաղ անցյալի «ղարագյոզ» (կարագյոզ) ստվերային խամաճիկության եւ միջինարեւլյան ժողովրդական բանահյուսության տարրերը: Թաթոյանն ինքն է խաղացնում 120 տարեկան խամաճիկներին աշխարհահռչակ ուդ նգավող Արա Դինգճյանի նվագակցությամբ:
Սիրիական պատերազմի ժամանակ Սոնան Հալեպի իրենց լքված ընտանեկան տանը իրեն «ծանծաղուտի մեջ խրված» է զգացել` բացի անձնական վշտից, մեծապես ազդվել է նաեւ իր մոտիկ ընկերոջ` մարդու իրավունքների թուրք անխոնջ պաշտպան` Օսման Կավալայի ձերբակալությունից: Պատմական տրավմայի եւ մերօրյա ողբերգությունների համատեքստում նա անսպասելիորեն գտնում է իր ապուպապերի պատրաստած եւ Եղեռնից փրկված ձեռագործ «կարագյոզներ», որոնց արեւելյան «Հազար ու մեկ գիշերվա» ոգով վերակենդանացնում է` հոգեւոր կապ հաստատելով անցյալի ու ներկայի սերունդների միջեւ եւ փորձելով դուրս գալ «ծանծաղուտից»:
«Ազատը» անընկճվածություն եւ ճկունություն է ներշնչում մեզ եւ մղում համընդհանուր ուժերով բուժելու մեր վերքերը եւ հասնելու սոցիալական արդարության: Հպարտ ենք նման կարեւոր առաքելություն պարունակող պիեսը բեմ բարձրացնելու համար», նշել է «GTP»-ի գեղարվեստական ղեկավար Շահար Ասսաֆը:
Պիեսում գործում են բազմաթիվ «ղարագյոզներ», որոնք խորհրդանշում են մազապուրծ վերաընձյուղավորումն ու տարագիր լինելու հարատեւ փորձառությունը: Այսօր Թաթոյանների ձեղնահարկում հայտնաբերված 120 տարեկան խամաճիկները դարձյալ տարագիր են դարձել` ներկա ժամանակների քմահաճ բռնությունների հետեւանքում:

«Թվում է, թե ճակատագիրն էր ինձ ետ Հալեպ կանչել, գտնելու համար այս խամաճիկները եւ դրանց միջոցով նավարկելու ցավի ու վշտի հորձանուտում եւ կապ հաստատելու իմ նախնիների հետ: Դա մեծապես հանգստացնում է իմ հուզատոչոր զգացմունքները», խոստովանում է Սոնան:
Բացի Արա Դինգճյանից եւ խամաճիկների խաղարկման փորձագետ-խորհրդատու Այհան Հուլագուից, ստեղծագործական թիմում ընդգրկված են նաեւ խամաճիկավարներ Վիննի Մրազը, Քալլի Շիրինգասը, Մարչելլո Մարինես Գարսիան (բեմահարդարում), Վալերի Թերեզ Բարտը (զգեստավորում), Բեթսի Չեստերը (լուսային էֆեկտներ), Եվդոկսիա Ռագկուն (հնչյունային էֆեկտներ), Չելսիա Դիդիեն (խորեոգրաֆ), Օլիվիա Ֆլետչերը (բեմադրիչ) եւ Էմիլի Ջո Ուեստը (վավերագրական էկրանավորումներ):
«Hakawati NGO»-ն Սոնա Թաթոյանն է հիմնադրել, անդրադառնալու համար մարգինալ համայնքների ամենատարբեր խնդիրներին: Նրան է միացել վերջերս Րաֆֆի Նիզիբլյանը: Կազմակերպիչները խորին շնորհակալություն են հայտնել պրոդյուսերներ Բիլ Փուլմենին եւ Նուբար եւ Աննա Աֆեյաններին` ծրագրին աջակցելու համար:
Անգլ. բնագրից պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)