Թե ռուսաստանյան պաշտոնական շրջանակներն ի վերջո ինչ դիրքորոշում կորդեգրեն Ադրբեջանի հետ վերջին շրջանում ստեղծված ոչ այնքան հարթ հարաբերությունների հետ կապված, ժամանակը ցույց կտա: Գոնե «անզեն աչքով» ակնհայտ է թվում, որ պաշտոնական Մոսկվան համենայն դեպս կշարունակի առաջնորդվել պահի տնտեսական շահերով, որոնց տեսակետից այդ երկիրն իրենց համար մնում է հարկավոր գործընկեր… Իսկ Ադրբեջանի հետագա դիրքորոշումը, արտաքին ազդեցության չափից բացի, նաեւ կախված կլինի այն բանից, թե Բաքուն էլի ի՞նչ ունի կամ չունի ստանալու Մոսկվայից կամ նրա օգնությամբ:
Իսկ ահա երկու երկրների, եւ մանավանդ՝ Թուրքիայի անմիջական ազդեցության ոլորտում գտնվող ադրբեջանական հասարակությունը բնականաբար ավելի անկեղծ ու բուռն է իր տրամադրություններում ու արձագանքներում այս դեպքում եւս: Օրերս լրատվամիջոցները տեղեկացրին ադրբեջանական «Մինվալ» կայքի հարցման արդյունքների մասին, ըստ որոնց՝ այդ երկրի հարցված քաղաքացիների 63%-ն Ադրբեջանի գլխավոր թշնամի է համարել Ռուսաստանը: Երկրորդ տեղում է Հայաստանը՝ 60%, եւ երրորդը՝ 53%-ով՝ Իրանը: Որպես իրենց դաշնակցի՝ հարցված ադրբեջանցիների 88%-ը նշել են Թուրքիան, 62%-ը՝ Պակիստանը եւ 48%-ը՝ Իսրայելը:
Հայտնի են նաեւ հենց Իլհամ Ալիեւի արած որոշ հակառուսական հայտարարությունները, իրենց կործանված ինքնաթիռի հետ կապված հարցով ՌԴ-ի դեմ միջազգային հայց ներկայացնելու սպառնալիքը: Իսկ ադրբեջանցի քաղաքական գործիչներից պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն, օրինակ, ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքի վկայությամբ, այս տերության նկատմամբ թշնամանքում ընդհուպ կորցնելով նաեւ իրականության զգացումը, բացահայտ հայտարարել է, թե Ադրբեջանի բանակն ընդունակ է Կովկասում «լուրջ պարտության մատնելու» Ռուսաստանին: Ըստ կայքի, անդրկովկասյան այս հանրապետությունում ակտիվորեն քննարկվում են իրենց քաղաքական դեմքերի՝ Ռուսաստանին մարտի դաշտում հնարավոր հաղթելու մասին այսպիսի հայտարարությունները:
Մի՞թե Բաքուն իրոք երազում է հաղթել Մոսկվային եւ արժե՞, որ այդաստիճան ինքնավստահ լինի, հռետորական հարց է տալիս լրատվամիջոցը: Իսրայելցի հայտնի գործիչ, ռազմաքաղաքական փորձագետ Յակով Կեդմին, մեկնաբանելով ադրբեջանցիների՝ նման բարձրագոչ հայտարարությունները, նշել է, որ դրանք որեւէ իրական հիմք չունեն: «Ադրբեջանում նկատվում է մի տեսակ «խանգարվածություն», երբ ոմանք սկսում են իրենց մեծություն համարել»: Քաղաքագետի խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որն, ըստ ադրբեջանցիների, դավաճանել է իր երկրին եւ առանց պայքարի հանձնել Լեռնային Ղարաբաղը, նրանց կողմից մեկնաբանվում են որպես հաջողություն: Եվ սա հանգեցրել է այն պատրանքին, թե Ադրբեջանը լուրջ ռազմական ուժ է դարձել Կովկասում, ու հիմա խեթ են նայում ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին:
Կեդմին կասկած է հայտնել Ադրբեջանի պատմական նշանակության վերաբերյալ՝ նրա ռազմական նվաճումների առումով: Նշել է, թե երկիրը չունի մարտերի եւ հաղթանակների հերոսական պատմություն ու ավանդույթներ, հիշեցրել է, որ խորհրդային շրջանում մարշալների թվում շատ են եղել հայեր, բայց չի եղել ոչ մի ադրբեջանցի մարշալ ու զորավար:
«Երբ Հայաստանը Ադրբեջանի հետ կռվել է, հաղթել է: Իսկ ահա երբ Հայաստանը հանձնվեց, այդ ժամանակ Ադրբեջանը «հաղթեց»,- ասել է Յակով Կեդմին:
Ըստ «ՌուՆյուզ24» լրատվականում քաղաքագետի մեկ այլ մեկնաբանության, Ալիեւին անհրաժեշտ է իր անմիջական «նոր տերերին» հասկանալ տալ, որ այժմ ինքը նրանց՝ ակտիվ ռուսատյացների թիմի անդամ է: Միայն Ուկրաինային օգնելը, հավանաբար, բավարար չէ, ուստի անհրաժեշտ է ցույց տալ Ռուսաստանի նկատմամբ որոշակի ոչ բարեկամական գործողություններ:
Ադրբեջանի առաջնորդն, ըստ այդմ, միտումնավոր հակառուսական դիրքորոշում է ընդունել՝ հույս ունենալով ստանալ Արեւմուտքի աջակցությունը, որը նախկինում սահմանափակ էր՝ մարդու իրավունքների խախտումների մեղադրանքների պատճառով: Մոսկվայի եւ Բաքվի միջեւ տեղի ունեցողը, ինչպես նշվում է, Ալիեւի անձնական քմահաճույքը չէ, այլ նպատակաուղղված քաղաքականություն:
Ինչպես ընդգծել է անվանի փորձագետը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում ճգնաժամը ձեռնտու է որոշ արեւմտյան երկրների համար, որոնք ձգտում են աշխարհաքաղաքական օգուտներ քաղել դրանից: Նման բան մինչ այս նկատվել է նաեւ՝ կապված Հայաստանի, Ուկրաինայի ու Վրաստանի հետ, նկատել է Յա. Կեդմին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ