Նախորդ շաբաթը հայաստանյան միջավայրի համար սպասվածից մասամբ տնտեսական ուղղվածության եղավ: Այն թերեւս ստացվեց չգիտես ինչ նպատակով պուտինյան բացահայտման շնորհիվ, երբ եվրասիական ղեկավարների հանդիպման ընթացքում վերջինս հնչեցրեց Հայաստանի հանրապետությունում 2022-ին արձանագրված 7 տոկոս տնտեսական աննախադեպ աճի մասին, որը պարզվեց իրականում 12.1 տոկոս էր, ըստ ՀՀ վարչապետի ճշգրտման: Վերջինս նաեւ շաբաթվա սկզբին մի յուրօրինակ դիտարկում էր արել, ըստ որի հայաստանցիներս տասնամյակներ շարունակ էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել, երբ հարկ է որ առաջնորդվենք տնտեսական շահով: Թեմայի հրատապության ապացույց է այն, որ ընթացիկ շաբաթն էլ սկսվեց տնտեսության հարցերի շուրջ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում վարչապետի թվառատ զեկույցով, ուր այլեւայլ ցուցանիշների կողքին նաեւ ՀՀ ռազմական ծախսերի վերաբերյալ թիվ հնչեցվեց` որն աննախադեպ է նախորդ տարիների համեմատ:
Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս, ում հարյուր հազարավոր հայրենակիցները մտահոգություններ ունեն ռազմական անվտանգության առումով, ռազմական ծախսերի թիվը ըմբռնումով ընդունեցին: Շատերն են միաժամանակ նաեւ հարց ուղղում, թե ո՞ւր կարող է հասցնել այօրինակ ծախսերի շարունակական ավելացումը, երբ երկիրն ու նրա հարյուր հազարավոր քաղաքացիները մի կերպ են դիմագրավում գնաճը, լրջագույն խնդիրներ ունեն կոմունալ վճարումների հարցում, ի զորու չեն զբաղվել առողջության պահպանման առումներով:
Մտահոգիչ ու ցավալի վիճակ, որը չգիտես ինչու չի անհանգստացնում դրանք կանխելու կոչված ՀՀ գործադիր մարմնի պատասխանատուներին, պաշտոնյաների մի հսկայական բանակի:
Ի՞նչ նկատի ունեն մեր մարդիկ նման գնահատական հնչեցնելով: Ասենք. ՀՀ կառավարությունը վերջին տարիներից յուրաքանչյուրում իր համեստ բյուջեից որոշակի գումարներ է հատկացնում հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճի խթանման նպատակով: Դրանք պարբերաբար հնչեցվում են ի լուր հանրության՝ գործադիր մարմնի հեռարձակվող նիստերի միջոցով: Թող ներվի ասել, դրանց ընթացքում տարօրինակորեն չի խոսվում, կամ մտածված ձեւով չի ասվում միջոցների ծախսման արդյունավետությունից, հետեւանքների կապից:
Ի՞նչ նկատի ունենք: Կառավարության վերջին նիստում երկրի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարը հիշեց, որ հացահատիկային մշակաբույսերի առումով գերակայություն է դիտարկվում ֆուրաժային, անասնակերի նպատակով աճեցվող հացահատիկը: Ո՞րտեղ է այստեղ ծրագրերի առումով գերակայությունը, երբ անասնապահության ոլորտը յուրաքանչյուր տարի նախորդի համեմատ անկում է գրանցում: Խոշոր եղջերավոր անասնագլխաքանակի պարբերաբար նվազում, անհասկանալի ցածր կաթնատվության, օրվա մսաճի աննկատելի ցուցանիշներ, տեղական թարմ մսի գնի պարբերական բարձրացում:
Պատահական չէ նաեւ ՌԴ-ի համապատասխան կառույցի կողմից հայաստանյան արտադրության կաթնամթերքի, մասնավորապես պանրի ներմուծման արգելքի սահմանը, քանզի գործարար սեփականատերը ի լուր աշխարհի հայտարարում էր, որ արտադրանքը ստացվում է հարեւան երկրից գնված կաթի փոշուց: Եվ` խնդրեմ. անգամ հումանիտար կրթություն ստացած վարչապետն է նկատում, որ եթե կովն օրական 10 լիտր է կաթ տալիս, դա կով չէ, քանզի տարվա ընթացքում 300-օրյա կթի արդյունքում ստացվում է 3000 լիտր արդյունք: Ավա՜ղ` ինչո՞ւ պարոն նախարար հարցը չի հնչում, քանզի որեւէ մեկը գիտի, որ շատ այլ երկրներում այս ցուցանիշը 6000 լիտր է, որոշներում` 9000 լիտր, կա նաեւ 12000 լիտր արդյունք: Ամեն պարագայում իշխանությունը թվեր է հնչեցնում, թե առաջիկա տարիներից ո՛րում ի՞նչ արդյունքներ է գրանցելու, սկսած աշխատատեղերի ավելացումից մինչեւ մանկապարտեզների կառուցումը, միայն ոչ մի ակնարկ երկրի ֆինանսական միջոցների այսօրինակ ծախսերի արդյունավետության շուրջ:
Գյուղաբնակի հանդեպ ուշադրությունն ու մտահոգությունը լավագույնս ցուցադրվում է ՀՀ առեւտրային ցանցի ցուցափեղկերում ներկայացվող ներկրված հավի, խոզի ու տավարի մսատեսակների տասնյակ հազարավոր տոննաների տեսքով, այսկերպ հարստացնելով այլոց երկրների բյուջեները, հայ գյուղաբնակին էլ օտարելով իր հիմնական անելիքից:
Մտահոգիչ է հայաստանյան տնտեսության տեղական արտադրության ոլորտը, որն ամենուր ներքին տնտեսվարման ողնաշարն է, կայունության երաշխավորը: Ի զորո՞ւ է իշխանությունն ստանձնած թիմը, շատ հաճախ առօրյական հարցերը խնդիրների չվերածելու միջոցով լուծել դրանք, հանրությունը կտեսնի առաջիկայում, թերեւս շաբաթների ու ամիսների ընթացքում: Ժամանակը շատ արագ է ընթանում, հայաստանաբնակներիս համար` առավել արագ: Իսկ տարբերակը մեկն է` աշխատել ու հաստատվել:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ