«Ազգի» զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը
– Օրերս Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այն թե՛ եվրոպական մի շարք երկրներ, թե՛ ԱՄՆ-ը դրական են որակել: Թեեւ հանդիպման մասին շատ մանրամասներ հայտնի չեն, բայց կողմերի տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հայկական կողմը եւս մեկ անգամ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով Արցախյան հարցի քննարկումը: Ադրբեջանն էլ շեշտել է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Արցախի տարածքից: Դո՞ւք ինչ գնահատական կտաք այս հանդիպմանը:
– Եթե ուշադրություն դարձնեք, ապա արեւմտյան բոլոր գործընկերները, ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն առանձնահատուկ շեշտադրումներով ողջունել են այս հանդիպման երկկողմ բնույթը: Բնական է՝ խոսքը առանց ռուսական միջնորդության բանակցային ձեւաչափի ձեւավորման մասին է, ինչի վրա շեշտադրում է անում Արեւմուտքը, դրա վկայումն էր նաեւ բրյուսելյան ձեւաչափով հանդիպումը: Հայաստանում եւս հաճախ կարծիքներ են հնչեցվում, որ երկկողմ բանակցությունները կբերեն խաղաղության, բայց ես այդ կարծիքին չեմ: Բնական է՝ յուրաքանչյուր միջնորդ իր շահերն է ունենում եւ փորձում գործընթացներն իր շահերին ծառայեցնել, բայց անկախ միջնորդներից եւ նրանց շահերից՝ կա մի հստակ եւ պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանը չի գնում խաղաղության հաստատման ճանապարհով կամ հասկանում է «խաղաղություն»՝ բացառապես իր պայմաններով: Իսկ այդ պայմանների իրագործումը Հայաստանի համար կլինի պետականության ավարտ: Դրան զուգահեռ, Հայաստանը իր հռչակած խաղաղության օրակարգի ներքո որեւէ բովանդակություն չի դնում: Հասկանալի չէ ինչպիսի խաղաղություն է պատկերացնում Հայաստանն Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Արցախի հարցում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղուց հրաժարվել է իր նախընտրական ծրագրից, որտեղ ամրագրված էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բացի այդ՝ շեշտվում էր ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը: Այժմ ընդհանրապես դրա մասին չի խոսվում, չի խոսվում նաեւ ՀՀ տարածքում ադրբեջանական զորքերի առկայության մասին: Ուստի այստեղ կմեջբերեմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերը. «Լա՛վ իմացեք, պատերազմից խուսափելու լավագույն ձեւը միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Ուզո՞ւմ ենք խաղաղություն լինի, պետք է ունենանք ամուր բանակ, կանոնավոր բանակ, մարտունակ զինվոր: Եթե թշնամին իմանա, որ մենք ամուր բանակ ունենք, չի համարձակվի հարձակվել: Մենք դատապարտված ենք ամուր բանակ ունենալուն»: Սա է խաղաղության երաշխիքը. ունենալ այնպիսի պաշտպանական համակարգ, որ մեզ հետ բանակցելը միշտ գերադասեն մեզ վրա հարձակվելուց: Անելանելիության եւ պարտվողականության քարոզի փոխարեն պետք է հանրության հետ անկեղծ լինել ու տալ ինքնապաշտպանությանը նախապատրաստվելու գործիքակազմ, եթե ցանկանում են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան եւ մեր տարածքային նոր կորուստները: Իսկ այս երկկողմ կամ միջնորդավորված բանակցություններում ՀՀ-ն չի կարողանում իր շահերը պաշտպանել, քանի որ Ադրբեջանը խոսում է ուժի եւ ուժի սպառնալիքի դիրքերից, իսկ Հայաստանը ոչինչ չի անում գործնականում դրան դիմակայելու համար:
– Վերջին օրերին իրար հետեւից Հայաստան են այցելել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայության ղեկավարները: Նախ՝ հուլիսի 15-ին Երեւանում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Այս հանդիպման մասով ի՞նչ կասեք:
– Շատ քիչ տեղեկատվության կա այդ այցերի եւ դրանց շրջանակներում քննարկվող հարցերի վերաբերյալ: Չեմ ուզում ընկնել դավադրապաշտական տեսությունների հետեւից, քանի որ եզրակացությունների համար տեղեկատվության կարիք կա: Բայց ակնհայտ է, որ ինտենսիվ գործընթացներ են ընթանում մեր շուրջ եւ, իհարկե, նաեւ մեր մասին: Այդուհանդերձ, խիստ թերահավատ եմ, որ պատասխանատուները ունեն հստակ պատկերացումներ ստեղծված իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին: Կրկին ցանկացած գործընթացի համատեսքում մեր կողմը չունի բովանդակություն, չկա պետական եւ անվտանգային շահի գիտակցում: Կա իշխանություն պահելու մոլուցք եւ ամենը ծառայեցվում է դրան: Այդ քաղաքականությունը բնական է չի կարող բխել ՀՀ-ի եւ Արցախի շահերից ո՛չ երկարաժամկետ, ո՛չ էլ կարճաժամկետ առումով:
– Ի դեպ, Հայաստանում ԱՄՆ դեպսանատունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ-ում հավանական արտակարգ դեպքերի կամ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար կամավորներ է փնտրում: Նմանատիպ զգուշացնող հայտարարություն դեսպանատունը նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ էր տարածել՝ իր քաղաքացիներին հորդորելով չայցելել հայ-ադրբեջանական շփման գիծ: Հիմա՞ ինչ կանխատեսել կամ սպասել:
– Սա ԱՄՆ կամավորության ծրագրի մասին հայտարարություն է ընդամենը: Եթե ուշադրություն դարձնեք, նման հայտարարություններ կան այլ երկրների ԱՄՆ դեսպանատների կայքերում եւս: Ուղղակի հայտարարության թարմացումը դեսպանատան կայքում համընկել է առկա իրավիճակի հետ, եւ շատերը կրկին ընկել են դավադրապաշտական տեսությունների հետեւից՝ չփորձելով հասկանալ դրա բնույթը եւ նպատակը: Սա նաեւ խոսում է մեր հանրության խոցելի լինելու մասին, դրա դեմ որեւէ գործողություն չի տարվում պետական մակարդակով: Քանի որ իրադրությունը լարված է եւ անկայուն, մեզ մոտ ամեն ինչ մեկնաբանում են դրա համատեքստում: Բայց, վստահեցնում եմ, այս հայտարարությունը այդպիսի մեկնաբանության որեւէ հիմք չունի, սա իրենց ծրագրերից մեկն է ընդամենը, որը իրագործվում է բազմաթիվ երկրներում:
– Տարածաշրջանում է բավական հետաքրքրական հանդիպում տեղի ունեցել: Օրերս Իրանում հանդիպել ու նաեւ Արցախյան հարցն են քննարկել Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարները: Կարծում ենք՝ պատմական այս ծանր ու վճռորոշ ժամանակահատավծում նրանց հանդիպումը պատահական չէր, ավելին՝ վճռորոշ կարող էր լինել թե՛ մեզ՝ հայերիս, թե՛ Հայաստանի համար:
– Կարծում եմ բոլորս համաշխարհային մակարդակով գտնվում ենք բավականին բարդ եւ անկայուն իրավիճակում: Իրանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ակնհայտորեն կարեւոր է ու նշանակալից թե՛ մեր տարածաշրջանի եւ թե՛ մեր շուրջ ընթացող գործընթացների առումով: Դատելով հրապարակային հայտարարություններից՝ կարելի է առանձնացնել մի կարեւոր դրվագ. խոսքը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ հնչեցված նույն ուղերձն է Հայաստանի եւ Իրանի սահմանի ու դրա անձեռնմխելիության վերաբերյալ: Փաստացի, ամենաբարձր մակարդակով իրանական կողմը հայտարարեց, որ ՀՀ-ի հետ սահմանը կարմիր գիծ է եւ չի կարող դառնալ սակարկման առարկա: Դրանից կարող ենք ենթադրել, որ որոշակի վտանգավոր գործընթացներ կան այդ ուղղությամբ, որոնք Իրանը փորձում է կանխել կամ առնվազն շատ հստակ ձեւով նախազգուշացնել: Եթե հիշեք, մինչ այդ այլ ձեւակերպումներ էին հնչում, գերազանցապես տարածքային ամբողջականության տրամաբանության մեջ: Այժմ դրանք ավելի հստակ եւ կոշտ են, ուստի այստեղ կա կարեւոր հիմք, որպեսզի Հայաստանը ավելի սերտ աշխատի իրանական կողմի հետ: Բայց, ցավոք, կրկին բովանդակության բացակայություն կա:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ