Առցանց «Առավոտի»՝ ՔՊ-ական պատգամավորների անշարժ գույքին վերաբերող հրապարակումից հետո իշխանության տունը կռիվ է ընկել: 2018-ի քաղաքական վերադասավորումից ակտիվիստներից միանգամից պաշտոնյաներ դարձած ՔՊ-ականները, որ նախկինում բավական համեստ կյանքով էին ապրում, ըստ լրատվամիջոցի հրապարակման՝ միանգամից տանտեր դառնալու մոլուցքով են տարվել ու մեկը մյուսի հետեւից սկսել բնակարաններ ձեռք բերել՝ հիմնականում նորակառույց շենքերում:
«Ազգ»-ի տեղեկություններով՝ մեր գործընկեր լրատվամիջոցի հրապարկումից հետո, որ բավական մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավը պատգամավորներին ներքին հրահանգ է իջեցրել. հնարավոր բոլոր ձեւերով ու միջոցներով հերքել կամ պարզաբանել բնակարանների մասին տարածվող տեղեկությունները:
ՔՊ-ում հասկանում են, որ, Փաշինյանի ասած, ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացին կարող է չներել իր հաշվին աշխատավարձ ստացող ու դրա միջոցով տներ ձեռք բերող երեսփոխաններին, հետեւաբար այժմ հերթական անգամ նրանց գլխի տակ փափուկ բարձ պետք է դնել ու փորձել համոզել, թե իրենք սուրբ են:
Նույն ՔՊ-ականները, հիշեցնենք, մինչեւ պատգամավորական մանդատներ ստանալը, քարը քարին չթողնելով, քննադատում էին ՀՀԿ-ական պաշտոնյաներին, թե Երեւանի ամենատարբեր թաղամասերում տներ են կառուցում կամ բնակարաններ ձեռք բերում: «Հեղափոխական» երեսփոխաններն, ի դեպ, դա կոռուպցիա էին անվանում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ