Փելեշյանը մեզ տանում է Կատարսիսի

68

Անցած կիրակի, հունիսի18-ին, Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի երեւանյան առաջին ցուցադրությունն էր «Մոսկվա» կինոթատրոնում։1993 թվականից հետո փաստորեն Փելեշյանից նոր ֆիլմ չէինք դիտել։

Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում, 2020 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիական Cartier, գերմանական ZKM FILMINSTITUTE հիմնադրամների աջակցությամբ, ավարտին հասցվել հայկական «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի շնորհիվ։

«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել New York Film Festival փառատոնում, 2021 թվականին։ Հաջորդել են եվրոպական փառատոնային ցուցադրությունները։ Ամստերդամի կինովավերագրության միջազգային փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), ֆիլմի ցուցադրությունից հետո, Արտավազդ Փելեշյանը կինոյում ագնահատելի ավանդի համար արժանացել է «Life achievement award» հատուկ մրցանակի։

Այսպիսով՝ ֆիլմը միջազգային հեղինակություն ունի, արդեն տարուց ավելի ցուցադրվում է աշխարհի կինոհանրույթների համար, սակայն երեւանյան կինոհանդիսատեսի հետ հանդիպմանն ինքը՝ վարպետը սպասում էր։ Ավելին՝ ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա էր ֆիլմի ստեղծագործական միջազգային ողջ կազմը։ Ֆիլմի վրա Փելեշյանն աշխատել է 15 տարի, կադրերը հավաքվել են հատիկ-հատիկ։ Բնության հզոր ուժի կադրերն ուղեկցվում են Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությամբ՝ բազմակի ահագնացնելով տարերքի ճակատագրականության անխուսափելիության եւ մարդկային գործունեության տիեզերական կապի զուգահեռը։ Մեկ ժամ տեւող ֆիլմում մարդկության պատուհասած արհավիրքներն են, ցունամիները, հեղեղումներն ու ավերածությունները, որոնք ոչ միայն նորին մեծություն բնության՝ այս մոլորակի տերուտիրական լինելն են ցուցադրում, այլեւ հզոր ենթատեքստ ունեն։

Ինչի՞ մասին է ֆիլմը, որը պետք է դիտել նախապատրաստված, ինչի՞ մասին է ֆիլմի ենթատեքստը։

Ֆիլմը մեր բոլորի վախերի մասին է, որոնք հաճախ չենք համարձակվում ինքներս մեզ խոստովանել։ Ֆիլմը մարդկության անպատասխանատու գոյության ու հատուցումների մասին է։ Ֆիլմը Կատարսիս է, որ վրա է հասնում անսպասելի, անգթորեն, ֆիլմի առաջին կադրերի հետ ու մինչեւ վերջին կադրը մեղքի զգացումով է պատում դիտողին։ Դիտելիս եւ ոչ մի պահ չեմ մտածել տեսածս կադրերի սարսափի, կատարվողի անդառնալիության ու բնության դաժան վրեժխնդրության մասին։ Ֆիլմը դրանք է ցուցադրում, բայց միանգամից քեզ տանելով քավարան, մեղքերի խոստովանության, ինքնաքննության եւ արած-չարածի գնահատման, ինչպես որ կոմայի մեջ գտնվող մարդուն է Աստված մի քանի վայրկյանում ցույց տալիս նրա ողջ կյանքը, ամոթալի մեղքերից սկսած մինչեւ վերջին գաղտնիք։ Ինչպես մեծ ցնցումն է մարդուն ուշքի բերում իր ապրած կյանքի չնչինությունից ու սխալներից, այդպես էլ ֆիլմի էպիկական կադրերը տենդորեն աշխատեցնում են միտքդ՝ ախ, ինչ ապարդյուն ապրեցիր, ինչ դատարկ բաների վրա ես վատնում կյանքդ, ինչն այնպես չարեցիր, ինչը հենց վաղը կգնաս ուղղելու։ Վարպետն իր ֆիլմում քեզ հրում է գտնելու խղճմտանքդ, վերանայելու թեթեւամիտ ու անբովանդակ կյանքով ապրելու մարդկային սովորույթդ, բնության եւ ամենայն մարդկայինի հանդեպ անպատասխանատու վարքդ, որոնցով մենք ինքներս հասունացնում ենք բնության պատասխանը՝ անգութ-դաժան-սահմռկեցուցիչ-անբեկանելի հատուցումը, երբ մարդկային կյանքը վայրկյանների ընթացքում վերածվում է տաշեղի, իսկ բնությունը սրբում-տանում է մեղք, դաժանություն, անգթություն, կարեկցանքի բացակայություն՝ ամեն բան։ Ու ողջ ֆիլմի ընթացքում դու շշնջում ես զղջումի խոսքեր, ինքդ քեզ խոստանում ինքնամաքրում եւ մեղքերի սրբագրում ու Աստծուց խնդրում նոր հնարավորություն՝ մաքրված ապրելու համար։ Ուղղակի տվյալ դեպքում, տվյալ ֆիլմը նայելու ընթացքում աստված Վարպետն է, Փելեշյա՛նը, որ մեզ տանում է Կատարսիսի…

Ֆիլմի ստեղծագործական կազմը

Ավարտեմ մի ուրիշ հայ վավերագրողի՝ Հրանտ Վարդանյանի խոսքով. Որն ասվել է ֆիլմի երեւանյան պրեմիերայից հետո.

«Բնություն» ֆիլմը՝ դիտել եմ դեռ մոնտաժի ընթացքում, հետո Ամստերդամի կինոփառատոնի ժամանակ, հետո Փարիզում եւ Մոսկվայում։

Այսօր ֆիլմը փորձարկեցինք «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում, եւ հասկացա, որ տան կինոթատրոնում մեկ այլ տպավորություն է թողնում այն՝իր մոնումենտալիզմով, տիեզերականությամբ, բնության գերհզոր ուժի ասելիքով։ Հենց Երեւանում ես ավելի սուր զգում խելագար աշխարհի ռիթմին համազոր այս մեծ կտավի նշանակությունն ու արդիականությունը։

Փելեշյանի կինոմատոգրաֆը, չի դադարում զարմացնել կինոսեր հանդիսատեսին, սովորական մարդուն»։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ