Ստորեւ անգլերենից թարգմանաբար լույս տեսնող հոդվածի հեղինակը հայրենի գիտական շրջանակներին ու նախկին պետական վերնախավին քաջածանոթ գիտնական է, լազերային գիտության վաստակաշատ մասնագետ, Ռամկավար Ազատական կուսակցության եւ Հայկական Բարեգործական ընդհանուր միության նախկին ղեկավարներից, այժմ Թեքեյան մշակութային միության ատենապետ: Նա Կանադայի պետական իշխանությունների կողմից բարձրորեն գնահատված հասարակական գործիչ է: Ուսանելի շատ բան կա նրա ներկա վերլուծականի մեջ:
ԽՄԲ.
Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Փաշինյանի վարչակազմը առանձին սկսել է իրականացնել մաքոքային դիվանագիտության եւ հանդիպումների միջազգային իրենց իսկ բնութագրմամբ բազմավեկտոր քաղաքականություն:
Չնայած նման հանկարծակի փոփոխության ենթարկված վարքագիծը մարտադաշտում պարտության մատնված պետության համար քննադատելի երեւույթ է, այդուհանդերձ աշխարհասփյուռ հայության գիտակից մեծամասնությունը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, սկզբնական շրջանում հետաքրքրված էր կատարված շրջադարձով: Նրանք ողջունեցին հայկական ավանդական, հիմնականում արեւելյան կողմնորոշման, պասիվ, գործնականում միակողմանի ձեւաչափով ընթացող արտաքին քաղաքականություն վարելուց հրաժարվելու գաղափարը: Կերպարանափոխությունը կատարվում էր հետեւյալ պայմաններում: Մի կողմից մեր անառարկելի դաշնակից Ռուսաստանը բացահայտորեն ցույց էր տալիս իր խորապես հուսահատեցնող թուրքամետ եւ ազերիամետ կողմնորոշումը, իսկ մյուս կողմից տեղի էր ունենում ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիիի այցելությունը Հայաստան: Վերջինս փաստորեն բացում էր հաճախ ցանկալի թվացող, բայց երբեք չիրականացված ճանապարհը դեպի խոստումնալից արեւմտյան աշխարհը:
Սա, անշուշտ, անցյալում էր: Այժմ, մոտ մեկ տարի անց, առավել խորը դիտարկելով ընթացիկ իրադարձությունները, Փաշինյանից եւ իր թիմակիցներից սկսած մինչեւ վերջին սփյուռքահայը պարտավոր է աչալրջորեն գնահատել իրականությունը: Մենք բոլորս պետք է դասեր քաղենք: Դասեր, որ պարտավոր էինք վաղուց քաղած լինել: Խոսքը, որն ի դեպ, իրեն հարգող ու պատասխանատվության զգացում ունեցող որեւէ երկրին է վերաբերում, քաղաքականության մեջ բարեկամներին եւ դաշնակիցներին արժեւորելու, գնահատելու մասին է, չմոռանալով միաժամանակ գերակայել երկրի շահերը, սեփական ռազմական ու ինքնապաշտպանական կարողությունները: Հայաստանը, դժբախտաբար, այս առումով պախարակելի վիճակում է, ուստի որոշ ուղղիչ միջոցներին, շտկումներին անհրաժեշտ է առաջնահերթություն տալ:
Թռուցիկ մի հայացք վերջին ամիսների Հայաստանի դիվանագիտական ջանքերին, ցույց է տալիս, որ Փելոսիի աղմկահարույց այցին հետեւեցին եւ մինչ օրս շարունակվում են իրարահաջորդ, անհամոզիչ մաքոքային հանդիպումներ, որոնք տեղի են ունենում պետությունների բարձրաստիճան ղեկավարների հետ հեղինակավոր ոստաններում, ինչպես օրինակ` Վաշինգտոնում, Փարիզում, Պրահայում, Բրյուսելում, Անքարայում, Սոչիում, Մոսկվայում եւ այլ վայրերում: Այս բոլոր հանդիպումների մասնակիցներին նախկինում անհավանական էր տեսնել միասին, մեկ սեղանի շուրջ հավաքված: Նրանց թվում են Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը, էմանուել Մակրոնը, Շառլ Միշելը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրանց երբեմն փոխարինել են իրենց համապատասխան երկրների արտգործնախարարները: Նրանց հանդիպումներն այնքան հաճախակի են դարձել, որ հազիվ թե այլեւս կարեւոր իրադարձություններ համարվեն:
Բնականաբար, ո՛չ այդ երկրների բնակչությունը, ո՛չ էլ մասնավորապես աշխարհասփյուռ հայությունը տեղյակ չեն հանդիպումների մանրամասնություններին: Սակայն արդարացի է ակնկալել, որ ներկա ճգնաժամային պայմաններում հատկապես հայերը իրավունք ունենան լրջորեն տեղեկացված լինելու դրանց ամենայն մանրամասնությամբ: Ակնկալվում է տեսնել, որ Փաշինյանն ու իր թիմակիցները կարողացել են առնվազն փոքրագույն առաջխաղացում արձանագրել Հայաստանի եւ Արցախի պատմական եւ մարդասիրական իրավունքների պահպանման բնագավառում:
Սակայն, դժբախտաբար, երբ դիտարկում ենք աշխարհի տարբեր վայրերում իրականացվող մեր արտաքին գերատեսչության դիվանագիտական աշխուժությունը, ականատես ենք լինում, որ Հայաստանն ու Արցախը ներկայիս շատ ավելի վատ իրավիճակում են, քան 2020 թվի 44-օրյա պատերազմի ավարտին էին: Երբ հրադադարը կնքվեց նոյեմբերի 8-ին, Արցախից մնացած փոքր տարածքն ու մայրաքաղաք Ստեփանակերտը Լաչինի ազատ միջանցքով դեռեւս ամուր կապված էին Մայր Հայաստանի հետ: Այսօր այն խլված է մեզանից: Նույնիսկ բուն ինքնավար Հայաստանի որոշ տարածքներ ամբարտավան ձեւով բռնազավթված են Ադրբեջանի կողմից: Ավելին, Ալիեւը շատ ավելի ագրեսիվ է դարձել, քան երբեւէ եւ հայկական բոլոր տարածքները, ներառյալ Երեւանն ու Սեւանը, հանդգնում է անվանել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» բաղկացուցիչ մասեր:
Նման զարհուրելի պատկերի պայմաններում շատերը հավանաբար հույսի եւ սփոփանքի նշույլներ են գտնում` տեսնելով բարյացակամ ժպիտներն ու լսելով քաղցր հաճոյախոսությունները, որ Փաշինյանին եւ հայրենի ներկայացուցիչներին են շռայլում արեւմտյան երկրների հայտնի գործիչները, ինչպիսիք են Էնթոնի Բլինքենը, Շառլ Միշելը եւ հատկապես մեր մեծագույն բարեկամը` Էմանուել Մակրոնը: Դժբախտաբար նույնիսկ այդ սիրալիր արտահայտոթյունների ամոքիչ ջերմությունն է անհետացել վերջին շաբաթների «սառուցյալ ջրերում», երբ ցավալիորեն պարզ դարձավ, որ ինչպես արեւելքի, այնպես էլ արեւմուտքի «ռեալպոլիտիկում» ոչինչ չէ փոխել: Ներկայիս, նրանք բոլորն էլ շահագրգռված են Ադրբեջանի նավթով, որպես այլընտրանքային տարբերակ միջազգային էներգառեսուրսներ ձեռք բերելու բարդ գոյամարտում:
Տարօրինակն այն է, որ ադրբեջանական նավթը ի շահ իրենց օգտագործելու տեսակետից նույնքան մեքենայություններ բանեցնելու հնարավորություններ է տալիս Արեւմուտքին, որքան Ռուսաստանը ուկրաինական աղետալի պատերազմի առթիվ սահմանված պատժամիջոցների «ակրոբատիկայում»:
Աշխարհով մեկ սփռված հայերը շշմեցին տեսնելով, թե ինչպես են մեր «արեւմտյան բարեկամները», խորապես տարված ազերի նավթապաշարներով, ողջունում Արցախի հանձնումը Ադրբեջանի բռնատիրական եւ ցեղասպան պետության: Ամեն տեսակի մտահոգություն` կապված հայության պատմական եւ մարդասիրական կարիքների հետ անտեսվեց, մի կողմ թողնվեց: Դրանով մի անգամ եւս ապացուցվեց, որ միջազգային դիվանագիտությունը զուրկ է նմանատիպ «պարզամիտ» եւ մշտապես «ձանձրալի» հասկացություններից:
Սակայն, նույնիսկ այսպիսի ձախողումից հետո, Փաշինյանը սրտառուչ կերպով շարունակում է հետապնդել Արդբեջանի հետ «ամենափրկիչ խաղաղության պայմանագիրը» կնքելու իր նախասիրած նպատակը: Իրականում, թվում է, թե նա այժմ գտել է Հայաստանի սահմանները անձեռնմխելի դարձնելու եւ պահպանելու պատճառաբանությունը: Նա ձգտում է հարեւան Ադրբեջանի մաֆիոզ իշխանությունների հետ կազմել «կադաստրային մի քարտեզ», ենթադրաբար հար եւ նման իր սեփական տան կադաստրային քարտեզին, որ քաղաքային իշխանություններն են տրամադրել իրեն:
Փաշինյանն ու իր թիմակիցները լավ կանեն գիտակցեն, որ նման փաստաթղթերի կույտերը ոչնչով չեն կարողանալու պաշտպանել մեր պետությունը, որը կարիք ունի ռազմական ուժեղ համակարգի առկայությանը, մի ոլորտ, որն ամբողջովին աչքաթող են արել նրանք:
Երբ Ալիեւը իր ետին հարատեւորեն եւ բացահայտորեն պաշտպան կանգնած մեծ եղբոր Թուրքիայի աջակցությունը վայելելով որոշում է քմահաճորեն ոչնչացնել իրենց պատմական հայրենիքում Արցախի 120 հազար հայերին եւ հանդգնում է նաեւ պահանջել մի փոքր կամ մեծ տարածք բուն Հայաստանից, հնարավո՞ր է, որ Փաշինյանը կարողանա նրա ագրեսիվ, տանկերով եւ ԱԹՍ-երով ներբեռնված կրքերը զսպել կնքված խաղաղության պայմանագրի եւ կադաստրային քարտեզի փաստաթղթերով:
Եթե Փաշինյանը կամ նրա թիմակիցներից որեւէ մեկը ակնկալում է, որ ազերի նավթով կաշառված վերոհիշյալ երկրներից որեւէ մեկը կամ մի քանիսը իրենց բանակները կուղարկեն Հայաստանը փրկելու համար, ավելի լավ է պատրաստ լինեն խորը հիասթափություն ապրելու:
Թանկագին հայրենակիցներ, մենք ներկայիս ապրում ենք մեր արդի պատմության ամենաճակատագրական ժամանակները: Մենք բոլորս, որպես հավաքական մի ամբողջություն, պատասխանատվություն ենք զգում մեր պետության ապագայի նկատմամբ:
Հետագա սերունդները կա՛մ գովաբանելու, կա՛մ էլ անիծելու են մեզ՝ կախված այն քայլերից, որ մենք այսօր ենք կատարելու խափանելու համար հնարավոր ամբողջական վերացումը մեր հայկական պետականության:
Փաշինյանն ու նրա վարչակազմը ներկայիս ընթանում են ինքնախաբեության եւ ամբողջական կապիտուլյացիայի ենթարկվելու աղետալի ճանապարհով: Միայն համայն ազգաբնակչությունը եթե ոտքի կանգնի, կկարողանա բացառել սպասվող ողբերգությունը:
Դիվանագիտական բազմավեկտոր ջանքերն ու հանդիպումները, անշուշտ, պետք է շարունակվեն, պայմանով, որ հիմնված լինեն ինքնահարգանքի պատվարժան սկզբունքների վրա: Սակայն այդ ջանքերը պետք է սոսկ բաղադրիչ մասը հանդիսանան բազմակողմանիորեն եւ բծախնդրորեն լավ մշակված ազգային ռազմավարության:
Փաշինյանի պարտվողական եւ մաֆիոզներին հաճոյանալու կեցվածքը, որ նա ցուցաբերում է Էրդողանի եւ Ալիեւի առաջ, բնավ չի բնորոշում պատվարժան ինքնահարգանքի վերոնշյալ սկզբունքները: Ընդհակառակը, նրա ներկա վարքագիծը վստահաբար է՛լ ավելի է խրախուսում նման բռնակալներին, որպեսզի առավել ստորացուցիչ զիջումներ ձեռք բերեն մեզանից, փոխարենը ոչինչ չտալով հայերին:
Երբ Թուրքիան փակեց իր օդային սահմանը հայկական ինքնաթիռների առաջ` պահանջելով, որ Երեւանում ապամոնտաժեն «Նեմեսիս» հուշարձանը, Փաշինյանն անմիջապես իր լուռ համաձայնությունը տվեց դրան` ասելով, որ հուշարձանի տեղադրումը «սխալ» էր, իսկ սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը ավելի առաջ գնալով՝ վերջերս ԱԺ-ում հայտարարեց, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը արդեն «ժամանակավրեպ» են եւ «պետք է դադարեցվեն»:
Ամբարտավան Սինանյանը պարզվում է ոչինչ չի հասկանում հայկական ազգային սրբազան արժեքներից: Նա գաղափար չունի անգամ սփյուռքի գործերի մասին:
Փաշինյանը նաեւ շտապեց Անկարա մեկնել, շնորհավորելու համար նորընտիր նախագահ Էրդողանին, արդարացնելով իր արարքը նրանով, որ այնտեղ մի քանի րոպե «կխորհրդակցի» նրա հետ: Անշուշտ դա սոսկ պատրանք էր եւ պատրանք էլ մնաց: Նման վարքագիծը հարգարժան լինելուց շատ հեռու է: Իրականում դա շփոթեցնող է եւ անարդյունավետ՝ հայերիս համար:
Հաջող եւ արժանապատիվ դիվանագիտական բանակցություններ վարելու համար հայրենի իշխանությունները, Փաշինյանի կամ նրան ժողովրդավարական ձեւով փոխարինող մեկ այլ, ավելի ձեռնհաս առաջնորդի ղեկավարությամբ, պարտավոր են անհապաղ երկու անհրաժեշտ բաղադրիչներ ավելացնել իրենց ներկայի սխալական ռազմավարությանը:
Առաջին, Հայաստանը պետք է անմիջապես ստեղծի արդյունավետ միջազգային լրատվության մի գործակալություն, որը հարատեւ պարբերականությամբ եւ ազդեցիկ կերպով պետք է ձեւավորի միջազգային հասարակական կարծիքը թարմ հեռասփռումներով հայկական վիճարկումների, տեսակետների, պատմության, ինչպես նաեւ առօրյա անցուդարձերի վերաբերյալ:
Ներկայիս այս բացթողման գլխավոր զոհը Արցախն է:
Արցախի՝ որպես հայկական անկախ հանրապետության օրինական իրավունքը ձեռք էր բերվել դեռեւս 1990-ին, երբ դեկտեմբերի 10-ին հաջողությամբ անցկացվեց համընդհանուր հանրաքվե, որի արդյունքում նա դուրս եկավ Խորհրդային Միության կազմից: Լրատվության արդյունավետ միջոցների բացակայության պայմաններում այդ անառարկելի փաստը այսօր ամբողջովին մոռացության է տրված:
Բացի այդ, հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի ակնհայտ ցեղասպանական դիրքորոշումը, Արցախի աներկբայելի իրավունքը պահանջելու Կոսովոյի մոդելի կիրառումը Ադրբեջանից անջատվելու հարցում, երբեք ուժգնորեն չի բարձրաձայնվել կամ առաջադրվել միջազգային հարթակներում:
Երկրորդ եւ իրականում ամենալուրջ բացթողումը Հայաստանի դիվանագիտության մեջ անդուլ ջանքերի պակասն է կազմավորելու մի հզոր բանակ, որն ամենաարդիական զենքերով կկարողանար ետ մղել երկրի սահմաններից ներս որեւէ ներխուժման փորձ: Այսօր էլ սա պետք է լինի Հայաստանի ամենահրատապ առաջնահերթությունը: Ներկա, ինչպես նաեւ նախորդ բոլոր իշխանությունները հավասարապես լրջորեն պատասխանատու են եւ մեղավոր, որ համապատասխան պատրաստվածության եւ 24-ժամյա զգոնության վրա չեն պահել մեր բանակը: Այս խնդրի առնչությամբ բոլոր պատճառաբանություններն ու փաստարկները պարզապես զուրկ են հիմնավորվածությունից եւ դրա համար էլ անընդունելի են:
Հայաստանը ի զորու էր եւ հիմա էլ կարող է ե՛ւ ստեղծել իր սեփական ռազմաարդյունաբերությունը, ե՛ւ ճանապարհներ գտնել ձեռք բերելու դրանք այլ երկրներից: Երբ կամքը կա, ուղիներ կգտնվեն: Առանց իրազեկված լինելու որեւէ առանձնաշնորհյալ լրատվության տվյալներին կարող եմ անվերապահորեն հաստատել իմ վերոնշյալ պնդումները: Հարցը, որ պատասխան է պահանջում ներկայիս, այն է, թե ի՞նչն է խանգարում Հայաստանի ներկա իշխանություններին անմիջապես իրականացնելու մատնանշված բացթողումները շտկելու լրջորեն մշակված արտակարգ միջոցառումների մի ծրագիր:
Հասկանալի է, որ անշուշտ կան որոշ դժվարություններ: Բայց ամենակարեւոր եւ ամենաակնհայտ պատճառը, մեր կարծիքով, ներկա իշխանությունների ձախողումն է ստեղծելու ինչպես բարոյական, այնպես էլ կառուցվածքային, ինստիտուցիոնալ, իրական եւ համակարգված գործակցություն հայկական պետության երեք անբաժանելի բաղադրիչների` Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ:
Վերադառնալով անցյալ, դեպի Հայաստանի, ապա նաեւ Արցախի անկախության հռչակմանը եւ 1990-ականների հաղթական պատերազմի տարիները, նշենք, որ Արցախը անբաժանելի մասն էր Հայաստանի, եւ Սփյուռքն էլ խանդավառորեն լծված էր աջակցելու իր երկու հայրենիքներին: Այդ կապն է, որ խզված է այժմ: Այն դժբախտաբար զրոյական աստիճանի հուսահատ վիճակում է:
Բաղադրիչ երեք մասերից յուրաքանչյուրն այժմ զգայական մեկուսացման մեջ է գտնվում:
Երեւանում գործող հայկական կառավարությունը միակ կառույցն է, որ հնարավորություն ունի եւ բարոյական պարտականություն այդ երեք բաղադրամասերը դարձյալ միավորելու…:
Բայց հարկավոր է գործել անմիջապես, համարելով, որ դա ազգային արտակարգ կարեւորության խնդիր է: Այն պետք է իրականացվի իրար հետ հանգիստ եւ լրջագույն մթնոլորտում աշխատող մասնակիցների կողմից:
Խոհեմ ծրագրերն ու ճիշտ թիրախակալված կոնկրետ նպատակները պետք է գերակայեն ցուցամոլական դատարկաբանություններին եւ շոուի վերածված գործողություններին: Հաջողությամբ պսակվելու համար ներդրված ջանքերը՝ պետք է լինեն շրջահայաց եւ հարատեւ: Երբ Հայաստանի իշխանությունները ցույց տան, որ կարող են դիմակայել ազգային չափանիշով նման մի մարտահրավեր, ապա հավատած ենք, որ անհրաժեշտ մարդկային եւ ֆինանսական միջոցները կամ աղբյուրները կգտնվեն, հասանելի կլինեն, եւ Հայաստանի պետությունը իրապես պատրաստ կլինի վարելու արժանապատիվ դիվանագիտական միջազգային բանակցություններ: Դրանք անպայման հաջողությամբ կընթանան, քանի որ պաշտպանված կլինեն, նաեւ արդյունավետորեն եւ հարատեւորեն աշխատող միջազգային կարծիքը ձեւավորող լրատվամիջոցների ստույգ հաղորդումներով եւ արդիականացված ու անխոցելի պաշտպանական համակարգով, որ կբացառի որեւէ ներխուժման հնարավորությունը հայկական տարածքներում:
Մենք պարտավոր ենք ցույց տալ մեր համազգային, համապետական կամքի ուժը:
Միայն այդ դեպքում Ալիեւը արագորեն կվերադառնա իր մասնավոր գործունեությանը` բիզնեսին եւ կմոռանա Արցախի եւ դրա արեւմուտքում գտնվող տարածքների ձեռքբերման չիրականացված երազների մասին:
Դոկտ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ
Մոնրեալ, Կանադա
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ