Փաշինյանի մաքոքային դիվանագիտությունը եւ  արցախահայության մարող հույսերը

43

Հայաստանի բնակչության մի մասի մոտ միշտ էլ եղել է այն թաքուն զգացումը, որ խաղաղ պայմաններում կարողանալ ապրելու համար երկիրը պետք է ազատվի արցախահայության դատը հետապնդելուց։ Այդ զգացումը առավել գերիշխող է դառնում այժմ եւ հստակ քաղաքականություն արդեն՝ ի հեճուկս անկլավի ժողովրդի հետագա ճակատագրի եւ հակառակ Կովկասում քաղաքական զարգացումների տրամաբանության։

Ակներեւ է, որ 2020-ին Ղարաբաղի մեծ մասը գրավելուց հետո, ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստան` գրավելով 45 քառ. կմ. տարածք ինքնիշխան մեր հայրենիքից եւ պահանջ ներկայացնելով միջանցք ձեռք բերել դրա միջից։

Հայերն իրենց պատմական վերջին թագավորությունը կորցրեցին 1375 թվին եւ հույս չունեն երբեւէ վերատիրանալու այդ տարածքներին։ Կորսված ղարաբաղյան տարածքները նույնպես հավանաբար կավելանան այդ երկար ցանկին։ 44-օրյա պատերազմի հետեւանքները զգացվելու են հետագա դարերի ընթացքում, եւ մեր սերունդը պատասխանատու է համարվելու պատմության եւ հաջորդ սերունդների առաջ։

Ղարաբաղի կորուստը չի նշանակում, որ Հայաստանի բնակչությունը կարող է խաղաղ ապրել։ Ընդհակառակը, այն սաստկացնում է մոտ ապագայում հայրենիքի մնացած մասը կորցնելու վախը։

Այսօրվա մեր իշխանությունների վարած քաղաքականությունն է, որ ձեւավորելու է ապագա սերունդների ճակատագիրը։ Վստահ չենք, որ ներկայի քաղաքական նպատակահարմարության պայմաններում, դրանում ներգրավված մարդիկ ամբողջովին գիտակցում են այդ փաստը։

Մենք միայն կարող ենք դիտարկել եւ վերլուծել այսօրվա զարգացումները վերոնշյալ տրամաբանության լույսի ներքո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց նոր է ավարտել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բրյուսելյան գագաթաժողովի երրորդ հանդիպումը, որի ավարտին հրապարակված հաղորդագրությունը բոլոր կողմերին վստահեցնում է, որ քննարկումները եղել են «անկեղծ եւ արդյունավետ»։ Դիվանագիտական լեզվով նման բնութագրումը այնքան էլ մեծ բան չի նշանակում։ Միշելի անորոշ ձեւակերպումը առավել մռայլ է դարձնում կացությունը։

Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի մայրաքաղաք համարվող Բրյուսելում անցկացվող հանդիպումները տեղի են ունենում գերհզոր պետությունների թշնամանքի կամ մրցակցության խորքային պայմաններում, եւ անշուշտ ազդելու են բանակցությունների ընթացքի եւ ավարտի վրա։ Փաշինյանը ավելի վաղ հանդիպել էր ՌԴ նախագահ Պուտինի հետ, հավաստիացնելու նրան, որ իրենից թաքուն ոչ մի բան տեղի չի ունենալու։

2020 թվականի նոյեմբերի 9-ի ինը կետից բաղկացած համաձայնագիրը, որ հրադադարով վերջ տվեց 44-օրյա պատերազմին, մշակվել եւ պարտադրվել էր նախագահ Պուտինի կողմից, որն այդ ժամանակ վերահսկում էր կացությունը եւ ջանում իրագործել նախատեսված դրույթները։ Բայց Ուկրաինայում ծավալված ռուսական ներխուժումը փոխեց նաեւ մթնոլորտը Կովկասում, որտեղ քաղաքականությունը շատ ավելի թափանցիկ դարձավ տարածաշրջանային երկրների համար։ Պետք է խոստովանել, որ այդ փոփոխությունը Հայաստանին ճկունություն պարգեւեց եւ հնարավորություն տվեց դիվանագիտական նոր նախաձեռնություններ որոնելու: Որպես հետեւանք Հայաստանը փորձեց այլընտրանքային տարբերակներ ընդգրկել իր արտաքին քաղաքականության բնագավառում եւ ձեռք բերեց խրախուսիչ որոշակի արդյունքներ: Հայաստանի նախկին վարչակազմերից ոչ մեկին չէր հաջողվել արժանանալ այնքան ջերմ ընդունելության Մ. Նահանգների պետքարտուղարությունում, որքան Արարատ Միրզոյանը արժանացավ: Նման ջերմ հանդիպման արժանացավ նաեւ Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում:

Բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, առաջ էր անցել եւ նույն հնարավորություններից օգտվելով ամրապնդել էր իր նվաճումները պատերազմից եւ Անկարայի ուղղորդությամբ սկսել էր ավելի մեծ դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Այս բոլոըը կատարվում էր գերտերությունների մրցակցության հետեւանքում, եւ Կրեմլը իրավացիորեն դժգոհեց, որ Արեւմուտքը առեւանգում է բանակցությունների գործընթացը:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց մեկ օր առաջ նախագահ Ալիեւը Մոսվկայում էր` ստորագրելու համար ռազմավարական մի պայմանագիր նախագահ Պուտինի հետ: Պայմանագրի էությունն այն էր, որ կողմերից ոչ մեկը տնտեսական այնպիսի գործունեություն չէր ծավալելու, որը հակասեր մյուս կողմի շահերին: Բայց դրժելով այդ դրույթը, Ալիեւը Բրյուսել մեկնեց եւ վստահեցրեց եվրոպացիներին, որ Ադրբեջանը գազ կմատակարարի նրանց, եթե պատժամիջոցների հետեւանքում Մոսկվան որոշի վրեժ լուծել եւ դադարեցնել գազի հոսքը դեպի Եվրոպա:

Մոսկվան չարձագանքեց այս իրավախախտմանը երկու պատճառով: Առաջինը այն էր, որ Ալիեւը խոստացել էր Կովկասում երկրորդ ճակատ չբացել, ինչը Ռուսաստանին կդներ ծանր դրության մեջ, եւ երկրորդը, որը հավանաբար քաղաքական բնույթ ուներ, այն էր, որ ռուսական գազը կարելի էր խառնել ադրբեջանական գազին, քանի որ վերջինիս պաշարները, առանձին վերցված, չէին կարող բավարարել եվրոպացիների պահանջարկը: Նման համաձայնությունը անշուշտ շրջանցելու էր պատժամիջոցները եվրոպացիների աչալուրջ հսկողության ներքո:

Բանակցությունների գործընթացին վերադառնալով նշենք, որ Ռուսաստանը զգոնությամբ հետեւում է դրանց եւ նույնիսկ որոշակի նախանձ է դրսեւորում: Ռուսաստանի մտահոգության ապացույցն այն էր, որ գագաթաժողովի հաջորդ օրն իսկ, երբ Փաշինյանն ու Ալիեւը իրենց համապատասխան երկրներն էին վերադարձել արդեն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին զանգեց բանակցությունների վերաբերյալ ամբողջական հաշվետվություն ստանալու նպատակով:

Մոսկվան պնդում է, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է կատարվի եռակողմ, քանի որ պատմական համապատասխան քարտեզները Մոսկվայի ձեռքերում են: Շառլ Միշելը, սակայն, իր ելույթում նշեց, որ երկու կողմերը (Հայաստանը եւ Ադրբեջանը) կհանդիպեն իրենց ընդհանուր սահմանում եւ կքննարկեն գործընթացի մանրամասները միասին:

Հայաստանում քաղաքական վերլուծաբանները հավատացած են, որ Ռուսաստանի վերահսկողության ներքո գործընթացը կարող է քաղաքական փոխզիջման ճանապարհով ընթանալ` հօգուտ Մոսկվայի, մինչդեռ Արեւմուտքի վերահսկողության պայմաններում այն առավել իրավական հիմքերի վրա կանցկացվի:

Շառլ Միշելի հայտարարությունը ակնհայտորեն Ադրբեջանի օգտին է, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը Արեւմուտքի համար այժմ դարձել է քաղաքական ավելի կարեւոր մի պետություն: Հայաստանը երկար ժամանակ հույսը դրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, որովհետեւ դա միակ եւ վերջին միջազգային կառույցն էր, որը պահպանում էր Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել առանց ուժի գործադրման: Այդ կառույցի հովանու ներքո Հայաստանը կկարողանար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել խախտելու համար Հելսինկիի ԵԱՀԿ հայտարարությունը, համաձայն որի անընդունելի է ուժ կամ բռնություն գործադրել լուծելու համար որեւէ քաղաքական խնդիր: Մի կողմից Ռուսաստանի եւ մյուս կողմից Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի համանախագահների միջեւ ծագած տարակարծության պատճառով կառույցը անգործունեության է մատնվել` տեղը զիջելով Եվրոմիությանը, որն առավել եռանդուն է սկսել գործել:

Շառլ Միշելի հայտարարությունից նաեւ պարզ է դառնում, որ կողմերը քննարկել են սահմանային հարցեր, որոնց մեջ մտնում են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները:

Հաջորդ թեման, որին անդրադարձել են, վերաբերում է «կապերի հաստատմանը», այսինքն` հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը: Ադրբեջանը շրջափակել է Հայաստանը, եւ խնդիրը կարելի է կարգավորել, եթե Բաքուն վերացնի շրջափակումը: Բայց Թուրքիան եւ Ալիեւը փառասիրական շատ ավելի մեծ ծրագրեր ունեն վերաձեւելու տարածաշրջանը` հօգուտ իրենց տնտեսական եւ ռազմավարական շահերի: Այդ պատճառով էլ կողմերը «համաձայնել են արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանզիտային եւ Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր վայրերում շրջագայելու սկզբունքների, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցական ենթակառուցվածքների միջոցով միջազգային այցելություններ իրականացնելու շուրջ»: Չափազանց դժվար է կռահել, թե «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը թաքնվա՞ծ է արդյոք եզրաբանական այս արտահայտության մեջ: Համենայնդեպս, նախագահ Ալիեւը հանդիպման հաջորդ օրն իսկ միջանցքի վերաբերյալ «լավ լուրը» փոխանցեց Էրդողանին, եւ միայն Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքեց այդ լուրը:

«Խաղաղության համաձայնագիր» խորագրի ներքո քննարկված հիմնական թեման, թվում է, եղել է խաղաղության մի պայմանագիր կնքել Ադրբեջանի հինգ կետից բաղկացած առաջարկի հիման վրա:

Կողմերը հավանաբար չեն քննարկել Ղարաբաղի հարցը, կամ եթե քննարկել են, ապա ոչ մի եզրահանգման չեն եկել: Այդ պատճառով էլ Շառլ Միշելը անձնական նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ Ղարաբաղի հարցը ներառել է իր հայտարարության մեջ, ասելով. «Ես նաեւ շեշտեցի երկու կողմերի ղեկավարներին, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում բնակվող էթնիկ հայ ժողովրդի իրավունքի եւ անվտանգության հարցերին»: Սա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը գտնվել է աներեւակայելիորեն ցածր մակարդակում:

Քննարկված վերջին թեման Եվրոմիության պատրաստակամությունն է եղել օգնելու կողմերին տնտեսապես: Եթե հաշվի առնենք, որ ալիեւյան դինաստիան իր երկիրը թալանելուց հետո բավականաչափ հարստություն ունի գնելու ամենաարդիական զենքեր եւ դրանցով հանգիստ պահելու իր անհանգիստ ժողովրդին, ապա պարզ կդառնա, որ երկու կողմերից միայն Հայաստանը կարիք ունի տնտեսական օգնության:

Կնքվածը շատ վտանգավոր քաղաքական փաստաթուղթ է, որտեղ չգրված խոսքերը շատ ավելի պայթուցիկ են, քան գրվածները: Հայաստանում որոշ կառավարամետ փորձագետներ, որոնք վարչակազմին օգնում են գտնել ձեւավորելու երկրի քաղաքական դավանանքը, շտապում են գտնել ժամանակավոր բացատրություններ կամ ձեւակերպումներ, որոնք գուցե ավելի կբարդացնեն իրավիճակը եւ կվտանգեն Հայաստանի ապագան: Այդ «գործնական» քաղաքագետներից Արեգ Քոչինյանն, օրինակ, այն կարծիքին է, որ Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերի տեղանքից հեռանալը անիրականանալի երեւույթ չէ, ուստի նա Հայաստանի համար անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ եւ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Մեր կարծիքով, մեզ առաջարկված խաղաղության պայմանագիրը բոլորովին չի կարող փոխարինել խաղաղապահ ուժերին: Ադրբեջանի քմահաճույքին թողնված Ղարաբաղի բնակչությունը արժանանալու է ժամանակին Ադրբեջանում ապրող այն 500 հազար հայերի նույն ճակատագրին, որոնք կառավարության եւ բանակի կազմակերպած ջարդերի զոհ գնացին կամ արտաքսվեցին այդ հանրապետությունից:

Երբ Փաշինյանը հայտարարում է, որ միջազգային հասարակությունը Հայաստանից պահանջում է իջեցնել Ղարաբաղի նկատմամբ նշաձողը, նա արդյոք նկատի ունի, որ աշխարհը ցանկանում է անպաշտպա՞ն թողնել Ղարաբաղի բնակչությանը:

Ղարաբաղը նախկինում ինքնավար մարզ (օբլաստ) էր Խորհրդային Միության սահմաններում: Նա ուներ իր պետական ապարատը, խորհրդարանը եւ, մասամբ, ազատությունը առաջ տանելու իր լեզվամշակութային համակարգը:

Ներկա պարագայում միջազգային հանրությունը համագործակցում է Ադրբեջանի հետ ապամոնտաժելու արդեն կայացած պետական մի կառույց: Հիշեցնենք, որ այդ նույն միջազգային հանրությունը ռմբակոծեց նախկին Հարավսլավիան, երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմն էր թեւածում, եւ մի խմբավորում ոչնչացնում էր մյուսին, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի պարագայում է, եւ Եվրոպայի կենտրոնում ստեղծեց մի նոր պետություն Կոսովո անվանումով` իշխանության ղեկը հանձնելով նախկին ոճրագործներին, զենքի առեւտրով զբաղվողներին եւ թմրապարոններին: Այդ պետությունը մինչ օրս չի կարողանում իր գոյությունը պահպանել առանց Արեւմուտքի «հենակների»:

Միակ դասը, որ Հայաստանը կարող է ձեռք բերել ներկա բանակցություններից եւ գերտերությունների առաջնահերթություններից, բանակը վերակազմավորելն ու տնտեսությունը զարգացնելն է: Նպատակն, անշուշտ, ոչ թե վերագրավելն է կորսված տարածքները, այլ առաջքն առնել ապագա պատերազմների եւ նվաստացումների:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)