Հայաստանի հանրապետության բնակչության որոշ թե որոշակի հատվածը պարբերաբար գտնվում է երկընտրանքի մեջ: Այս վիճակը իր առօրյայի ընդամենը մեկ հիմնական հարցի անորոշությամբ է պայմանավորված. ինչո՞ւ ենք հայտնվել մեզ անհարիր այս վիճակում եւ ե՞րբ լույս կտեսնենք յուրօրինակ թունել հիշեցնող այս վիճակի վերջում: Միանշանակ է, որ հարցի պատասխանի հիմնական թեկնածուն օրվա իշխանությունն է, գոր-ծա-դիր մարմինը, որն է` ՀՀ կառավարությունը: Ահա ինչու են անձամբ շարքային քաղաքացուս շրջապատի բազմաթիվ ներկայացուցիչներ, ասենք, յուրաքանչյուր հինգշաբթի որոշակի ակնկալիքներով հետեւում հեռուստաալիքներով հեռարձակվող ՀՀ կառավարության հերթական նիստերին, ապա եւ` կիսվում, կարծիքներ փոխանակում, մասամբ ոգեւորվելու ու նաեւ հիասթափություն ապրելու տրամադրություն ունենում:
Այս առումով թերեւս բացառություն չէր հերթական, փետրվարի 16-ի նիստը: Վարչապետի հայտարարությունից հետո օրակարգային առաջին հարցն արդեն ավանդական դարձած ՀՀ բյուջեից, որն օրենքի կարգավիճակ ունի, ասել է թե անձեռնամխելի է, ֆինանսական վերաբաշխում կատարելու մասին էր, հանրահայտ դարձած ճանապարհաշինության ոլորտին: Անցանք: Երկրորդ հարցն էլ էր վերաբաշխում կատարելու շուրջ, այս անգամ` կինեմատոգրաֆի ոլորտին, հոբելյան նշելու նպատակով: Էլի անցանք: Երրորդ հարցը մարդասիրական էր, Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
Ընդամենը երեք հարց, ծախսված հազիվ 50 րոպե, որոնց շուրջ կողմ ու դեմ հանրային կարծիքներով հնարավոր է հարյուրավոր «Թղթապանակ»-ներ լցնել: Սա այլ թեմա է, ուստի գնահատականներն առայժմ մի կողմ թողնելով ընդամենը հարցնենք. իսկ ո՞ւր մնաց հաջորդ, չորրորդ հարցը: Այնքանով որքանով հավաքվել էր գործադիրի ողջ կազմը, կոմիտեների ու վարչությունների պետեր, ծառայությունների ու հանձնաժողովների նախագահներ, գործակալությունների ու տեսչությունների կառավարիչներ, արդյո՞ք նպատակահարմար չէր քննարկել նշվածներից ոչ պակաս կարեւոր, որոշ առումներով առավել կարեւոր, երկրի համար կենսական նշանակություն ունեցող այլ հարցերից մեկը, ասենք` մեղա-մեղա, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական անելիքների ընթացքը: Այն գուցե թողնվել է ձմեռային շրջանի վերջին նիստին, որի ուշ կամ ուշացած լինելը կտեսնենք գյուղատնտեսական ողջ տարվա ընթացքում, երբ մտահոգության հարց կդառնան գարնանային ցրտահարումները թե տեղադրված սածիլների ջրումը, պարարտանյութերի ու թունաքիմիկատների պաշարների առկայությունը, տարերային աղետներն ու բերքի իրացումը, չգիտես որտեղից հայտնված անհաղթահարելի խոչընդոտները, որոնք պետք է որ անհաղթահարելի չհամարվեն ամեն ինչ հաշվառելու կոչված նախարարական բանակների կողմից, քանզի ունեն նաեւ միջազգային գործընկերների աջակցությունն ու օգնությունը:
Նշվածները գյուղոլորտի հարցերի հազիվ աննշան մասն են կազմում, որոնց հանդեպ անուշադրությունը դրանք խնդիրների է վերածում, պատճառ դառնում երկրի ու պետության բարձրագույն ղեկավարության անչափ թանկ ժամանակի միջամտությանը, հանրային լայն շրջանակների ընդվզմանը, քաղաքական գնահատականների հնչեցմանը: Այդ նույն հանրությունը վստահ է, որ նման գործընթացները որեւէ մեկի, ոչ մեկի շահերից չեն բխում, անգամ ներկրողների, ովքեր պատրաստակամորեն կարտահանեն այն ամենը, ինչ կարելի է արտադրել հայկական բարեբեր հողերի վրա աճեցված բերքից ու հումքից: Ավաղ, այս ամենն իրականություն դարձնելու համար հիմնական մեկ գործ է պահանջվում` աշ-խա-տել. հողի մշակն իր բաժին գործն անում է, մնում է նրան անհրաժեշտ աջակցության կազմակերպումը, բոլոր միջոցներով թեւ ու թիկունք լինելը:
Լավ էլի, կասեն հանրության այն հատվածի ներկայացուցիչները, որոնք հանրային տրանսպորտով են երթեւեկում: Այս անգամ խոսքը ոչ այնքան բուն երթեւեկությանն է վերաբերվում, որքան տրանսպորտային միջոցի ներսում փակցված հետեւյալ հայտարարությանը. մինչեւ 7 տարեկան 1 երեխան անվճար, 2 երեխան` 1 տոմս: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրություն տալ, թե ինչու է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած այս մոտեցումը մեր օրերը բերել-հասցրել: Չէ՞ որ այն չի գործում հատկապես այն վարորդների բարի կամքի շնորհիվ, որոնք այդ պահին իրենց փոքրիկներին են հիշում, նրանց այգի կամ դպրոց տանող ծնողներին կամ ընտանիքի այլ ավագներին: Թե՞ տրանսպորտային կազմակերպության ղեկավարները լինեն կամ ՀՀ բյուջեի պատասխանատուները, փոքրիկների ուղեւորավարձից գանձվող այդ 50 թե 100 դրամների հույսին են մնացել: Չենք նշում հարցի շուրջ օրենքների այն անկատարությունից, որոնք կան ուղեւորափոխադրումների 1998-ին եւ 2003 թվականին ընդունված օրենքներում: Ասենք, 6-ամյա երեխան կարո՞ղ է նստարան զբաղեցնել, թե՞ ուղեկցողի կողքին պետք է տեղ զբաղեցնի: Կամ ի՞նչ կարգավիճակ ունի մանկասայլակում պառկած երկրորդ փոքրիկը, գուցե երրորդը: Թե ո՞ւր է մնում փոքրիկների հանդեպ մեր սիրո եւ ուշադրության անսահման խոստովանությունը, կարծես դրանք պարզապես խոսքեր են, ոչինչ չպարտադրող բառեր, քանզի մինչեւ 7 տարեկանները ո՛չ փողոցներ կարող են փակել, ո՛չ էլ մարդու իրավունքներից խոսել: Փոխարենը փաստ է, որը կհաստատեն եվրոպական երկրներում ապաստանած մեր հայրենակիցները, որ անվճար երթեւեկից օգտվում են ոչ միայն երեխաները, այլեւ նրանց ուղեկցող ավագ-մեծահասակները: Այնպես որ`ձեզ տեսնենք, ԱԺ նիստերին ակտիվորեն մասնակցող պատգամավոր մեծամասնական տիկնայք ու պարոնայք, խնդիրը ձեր գործունեության դաշտում է:
Գործելու անսպառ տեղ կա Երկիր մոլորակի 200-ից ավելի պետությունների շարքում տարածքով 139-րդ, բնակչությամբ` 135-րդ մեր Հայաստանի հանրապետությունում: Տարվա ավարտին ամբողջ 310 օր կա…
Դե, տնտեսության ստվերային հատվածից աշխատատեղերի բացահայտումը ողջունելի գործ է: Սակայն առավել ողջունելի է համարվում ներդրումների արդյունքում նորաստեղծ աշխատատեղերից ստացված արտադրանքների թողարկումը, որոնցով թե՛ ներքին պահանջարկ է բավարարվում, թե՛ արտահանում է իրականացվում:
Երբ հպարտ-հպարտ նշվում է Իրանի հետ ապրանքաշրջանառությունը 700 մլն դոլար կազմելու մասին, որի 100 միլիոնը ՀՀ-ից արտահանվածն է, 600-ը ներմուծվածը, ոգեւորության տեղ պարզապես չկա: Ահա ինչու ենք կրկնում. տարվա ավարտին ամբողջ 310 օր կա…
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ