44-օրյա արցախյան պատերազմից հետո կարեւոր նշանակություն ունի բնակավայրերի, ինչպես նաեւ եկեղեցիների վերանորոգումը:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Եկեղեցին վերանորոգվում է Արցախի հերոս, ՊԲ գնդապետ Կարեն Ջալավյանի հովանավորությամբ: Գյուղի պատմությունը սկիզբ է առնում 13-14-րդ դարերից: Բնակավայրը տեղակայված է Շուշի քաղաքից 4 կմ հարավ-արեւելք, Ասկե-րան շրջկենտրոնից՝ 26 կմ, իսկ Ստեփանակերտից` 8 կմ հեռավորության վրա: Համայնքում գործում են մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց: Համայնքում 2010թ. տվյալներով ապրում էր 634 բնակիչ: Համայնքն ունի նաեւ 250 տեղանոց հանդիսությունների սրահ:
44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետեւանքով վնասվել էին նաեւ գյուղի դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը: Դրանք վերանորոգվել են:
Մինչեւ 44-օրյա պատերազմը համայնքն ուներ 2876 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի 75 տոկոսն այժմ բռնազավթվել է թշնամու կողմից: Այդ պատճառով գյուղացիների մեծ մասը դադարել է գյուղատնտեսությամբ զբաղվել: Հողատարածքներն էլ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ:Այդ պատճառով չեն մշակվում: Արոտավայրերի խնդիր կա, որի պատճառով տուժել է անասնապահությունը: Թեեւ կան տնտեսություններ, որոնք, դեռ շարունակում են զբաղվել անասնապահությամբ:
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից համայնքում 27 ջերմատուն է կառուցվել: Ինչը որոշ չափով լուծում է զբաղվածության խնդիրը: Առկա է նոր ջերմատների կառուցման պահանջարկ: Գյուղում զբաղվում են նաեւ մեղվաբուծությամբ: Մոտ 75 մեղվաընտանիք կա: Բերքի իրացման խնդիր չկա:
Շոշի բնակիչներն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով, բնական գազով: Գյուղում գործում են երկու մթերային եւ ալյուրի խանութներ, հացի փուռ, գեղեցկության սրահ:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ