«Ազգ»ի խմբագրությունը խոր ցավով տեղեկացավ, որ մայիսի 26-ին 94 տարեկանում վախճանվել է վաստակավոր գիտնական Նորայր Մանվելի Բեյլերյանը: Ծնվել էր 1929 թվի հուլիսի 14-ին Կահիրեում (Եգիպտոս): Ավարտել էր տեղի Գալուստյան ազգային վարժարանը: 1947-ին ընտանիքով ներգաղթել էր Խորհրդային Հայաստան, որտեղ 1953-ին գերազանցությամբ ավարտել էր Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը` «Ֆիզիկական քիմիա» մասնագիտությամբ: Նույն տարվանից էլ սկսել էր աշխատել ֆիզիկական քիմիայի ամբիոնում նախ որպես ասիստենտ, այնուհետեւ գիտական լաբորատորիայի վարիչ: Ապա դարձել դոցենտ եւ պրոֆեսոր: 1976-ից-2000 թվականներին եղել էր նշված ամբիոնի վարիչը, իսկ 2000 թվից այդ ամբիոնի «պատվավոր վարիչը»: Նրա ջանքերով էր ԵՊՀ-ում ստեղծվել գիտական նոր ուղղություն` լազերաքիմիա:
Պրոֆ. Բեյլերյանը հիմնականում զբաղվում էր այսպես կոչված «մոլեկուլային կազմակերպված համակարգերում» իրականացվող ռեակցիաների կենետիկայի եւ մեխանիզմի ուսումնասիրությամբ: Տարիների քրտնաջան աշխատանքի հետեւանքով վաստակաշատ գիտնականը իր սաների հետ հրատարակել է ավելի քան 600 գիտական հոդված: Ունի 27 հեղինակային արտոնագիր (patent), տպագրված 4 գիրք` ներառյալ մայրենի լեզվով գրված երկհատոր «Քիմիական կինետիկա» բուհական ուսումնական ձեռնարկը: Նրա ղեկավարությամբ 50 երիտասարդներ պաշտպանել են թեկնածուական եւ 7-ը` դոկտորական թեզեր: Նրանցից 6-ն այժմ պրոֆեսորներ են: Դասախոսություններ է կարդացել Վիլնյուսի (Լիտվա) եւ Մոնպելյե-2 (Ֆրանսիա) համալսարաններում: 1991 թվին ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր եւ տեխնիկական քիմիայի բաժանմունքի բյուրոյի որոշմամբ նշանակվել է կոլոիդների քիմիայի եւ ֆիզիկաքիմիական մեխանիկայի գիտական խորհրդի անդամ: Եղել է նաեւ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտական խորհրդի եւ ԵՊՀ գիտական տեղեկագիր հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ: Ընտրվել է Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից, Էկոլոգների միջազգային ակադեմիայի եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ: Ճանաչված գիտնականը նաեւ «Հայաստան-Եգիպտոս մշակութային ընկերության» փոխնախագահն էր:
1971-ին պարգեւատրվել էր «Անբասիր աշխատանքի համար» մեդալով եւ արժանացել բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ պատվավոր կոչմանը: 1998-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի (American Biographical Institute) ղեկավարության որոշմամբ նրան է շնորհվել «Տարվա մարդ» (The Man of the year) կոչումը: 2004-ին արժանացել է նաեւ Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի «Կապույտ խաչ» շքանշանին:
Հանգիստ իր որոնողական անհանգիստ բնավորությանը, հարգանք իր վաստակին: