Սպառողական շուկայում գները շարունակաբար աճում են

51

Հանրապետությունում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7,1%, իսկ հունվարը համեմատած դեկտեմբեր ամսվա հետ՝ 1,6%, իսկ երբ տվյալները համեմատում ենք 2015թ-ի ցուցանիշների հետ, ապա նկատելի է դառնում 117,9% գնաճ:

Վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր քաղաքներում 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.2-2.1%-ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.6%-ով:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.8% գնաճ:

Մեկ տարվա ընթացքում հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում գրանցվել է 10,4%, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 1,2% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկայում մեկ տարում գնաճը կազմել է 11,4%, նույն ցուցանիշն ենք նկատում նաեւ յուղերի եւ ճարպերի շուկայում: 2022թ հունավրը 2021թ-ի դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի շուկայում արձանագրվել է 1,1, իսկ յուղերի ու ճարպերի շուկայում՝ 0,3% գնաճ:

Գնաճի կարմիր գծի շեմն անցել են բանջարեղենի շուկայում, որտեղ մեկ տարվա ընթացքում գրանցվել է 36,8%-ով թանկացում, իսկ դեկտեմբեր ամսվա համեմատ՝ 20,1%: Ի տարբերություն բանջարեղենի, մրգի շուկայում 2021 թվականի համեմատ տեղի է ունեցել գների 0,7% անկում, իսկ անցած ամսվա համեմատ՝ 6,9% աճ:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների շուկային, ապա այստեղ 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0,1% գնաճ:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 2,1% եւ 0,6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ արձանագրվել է 36,0% եւ 44,1% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0,4% հավելաճ:

 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ տրանսպորտային ծառայությունների սակագների 1,1%-ով նվազումը պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 4,3% նվազումով (ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ):

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2021թ. N405Ն որոշմամբ 2022թ. հունվարի 1-ից սահմանվել են խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների նոր սակագներ, ինչի արդյունքում վերոհիշյալ սակագներն աճել են 11,37%-ով: Միաժամանակ, սոցիալապես անապահով բնակիչ-բաժանորդների համար սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: Նշված փոփոխությունների հետեւանքով խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների միջինացված սակագների փոփոխությունը նպաստել է սպառողական գների ինդեքսի ընդհանուր աճին 0,1 տոկոսային կետով:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1,6% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,6% նվազումով (ՀՀ դրամն արժեւորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2,2% եւ 0,4% հավելաճ: 2022թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 482 դրամ, ինչը 7,5%-ով ցածր է 2021թ. հունվարի համապատասխան ցուցանիշից (521.2 դրամ):

Եվ այսպես՝ թվերի տոկոսային հարաբերությունները ցույց են տալիս, որ գնաճը չի արգելակվում, իսկ հասարակության գրպանի պարունակությունը չի ավելանում: