Սիրո, պատերազմի ու հայրենասիրության արանքում

76

Տեղի ունեցավ «Գարուն ա» ֆիլմի պրեմիերան

Գարնան առաջին օրը Մոսկվա կինոթատրոնում պրեմիերա էր: Սիրո, երաժշտության, կյանքի ու պատերազմի ճամփաբաժանին ընտրությունը հայրենասիրությունն էր, իսկ սերունդների մոտեցումն ու քայլերը՝ տարբեր: «Գարուն ա»-ն գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ է, որը պատմում է մերօրյա նվիրյալների ու հայրենասիրության ընկալումների մասին՝ երեք սերունդների աչքերով: Ֆիլմի հերոսները արտացոլում են մերօրյա հասարակության լայնազանգված շերտերն իրենց պատկերացումներով:

«Ֆիլմը ծնվել է հերոսի ասելիքից: Հայրենիքը զուտ հողակտոր չէ: Այն սկսվում է յուրաքանչյուրի պատասխանատությունից, մեծ սիրուց առ հայրենիք, առ ընտանիք, առ հասարակություն: Ֆիլմի հերոսը համոզված է՝ հենց այդ գաղափարն է, որը կարող է առողջ հասարակություն ու հզոր պետականություն ստեղծելու հիմք դառնալ»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը:

Ֆիլմի գաղափարի հիմք է դարձել Ապրիլյան քառօրյա պատերազմը: Նկարահանվել է Պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Ռեժիսորն իր խոսքում նշում է, որ ֆիլմի նկարահանումները շարունակ ընդհատվել են ռազմական գործողությունների պատճառով, եւ նկարահանման ընթացքում սկսվել է 44-օրյա պատերազմը, իսկ պրեմիերայի ժամանակ էլ աշխարհը կրկին խաղաղ չէ:

«Ֆիլմը սիրո մասին է, բոլոր տեսակի սերերի՝ ընկերությունից սկսած մինչեւ կին-տղամարդ, մեր բանակի, սպայության, մեր արժանապատվության մասին է: Կերպարի հարցադրումները ֆիլմում շատ են, իսկ ասելիքը՝ բազմաշերտ. «Ի՞նչ կլինի, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի»: «Մենք լավ ազգ ենք, բայց շատ վատ հասարակություն»,- իր հերթին ասում է ֆիլմի գլխավոր դերասան եւ պրոդյուսեր Ալեքսանդր Խաչատրյանը: Նա ֆիլմը գնահատում է որպես հայրենիքի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի դրսեւորում: Այն ազգային է, բայց ունի զուգահեռներ, որոնք կհուզեն աշխարհին, օրինակ՝ արվեստն ու բարբարոսությունը:

«Համոզված եմ, որ հեռուստադիտողը եւ հանդիսատեսը ֆիլմը նայելուց հետո կսկսի մտածել ու կմտածի կարեւորի մասին, ինչը բաց ենք թողել վերջերս»,- իր խոսքում նշում է դերասանուհի Եվա Զոհրաբյանը:

Երեք սերունդ, երեք տարբեր բնավորության տեր մարդիկ, որոնցից ամեն մեկը մարմնավորում է մեզնից յուրաքանչյուրին: Պապը, որդին, թոռը: Պապը՝ Արամը, նախկին գնդապետ է, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին: Նրա որդին՝ Գնելը, գործարար է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար: Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, որ ոգեշնչվելով պապի գաղափարախոսությունից՝ մեկնում է մարտի դաշտ: Սակայն հերոսի կյանքում սեփական ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը…

«Այս ֆիլմը շատ է մեր մասին, բայց կան զուգահեռներ՝ արվեստ-բարբարոսություն, զինվորական-մարդասպան, որոնք ամբողջ աշխարհի ցավոտ կողմն են այս զանգվածային տեղահանությունների ֆոնին: Այս առումով, ինչպես նաեւ տեխնիկական առումով ու դերասանական խաղի տեսանկյունից ֆիլմը պատրաստ է ներկայացվելու միջազգային տարբեր հարթակներում»,- ասում է Խաչատրյանը:

Նշենք, որ նախատեսվում է ֆիլմը ցուցադրել տարբեր երկրներում, իսկ ապրիլի 1-ին  հեղինակավոր Directors Guild of America (Ամերիկայի ռեժիսորների գիլդա) դահլիճում տեղի կունենա կինոնկարի ամերիկյան պրեմիերան, իսկ ապրիլի 8-ից սկսած կներկայացվի Լոս Անջելեսի Laemmle կինոթատրոնների ցանցում:

Թող էլ առիթներ չլինեն պատերազմի մասին խոսելու, իսկ գարունը «ձուն» չանի. սա՛ է ֆիլմի ստեղծագործական խմբի միակ ցանկությունը:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ