Կյանքի 82-րդ տարում Մոսկվայում վախճանվել է հայազգի իրավապաշտպան, այլախոհ, նախկին քաղբանտարկյալ, լրագրող եւ գրականագետ Սերգեյ Գրիգորյանցը:
Գրիգորյանցը ծնվել է 1941 թվականին՝ Կիեւում: Հորը՝ իրավաբան Հովհաննես Գրիգորյանցին երբեւէ չի տեսել, նա տանը համարվել է պատերազմի ժամանակ անհետ կորած, սակայն իրականում ողջ է մնացել, բնակվել է Բաքվում եւ ապարդյուն որոնել որդուն՝ Սարգսին: Մանկությունից կրելով մորական Շենբերգ ազգանունը՝ 1962 թ. Սերգեյը ընդունել է հոր ազգանունը: Սովորել է Կիեւի պոլիտեխնիկական ինստիտուտում, Ռիգայի քաղավիացիայի ինժեներների ուսումնարանում եւ Մոսկվայի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետում: Մոտիկից շփվել է Սերգեյ Փարաջանովի (որի մասին հետաքրքրական հուշեր ունի), Աննա Ախմատովայի, Նիկոլայ Խարջիեւի եւ ժամանակի մտավորականության այլ երեւելի ներկայացուցիչների հետ:
1970-ականների սկզբից տեղափոխվել է Մոսկվա, 1975-ին դատապարտվել հինգ տարվա ազատազրկման՝ արգելված ամսագրեր տարածելու համար, բանտում բազմիցս հացադուլ է հայտարարել եւ հայտնվել պատժախցերում: 1982-1983 թթ. տարածել է ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ինքնահրատ տեղեկատվություն, հրատարակել է «Բյուլետեն Վ» տեղեկաթերթիկը: 1983-ին վերստին ձերբակալվել է եւ դատապարտվել յոթ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ հակախորհրդային ագիտացիայի եւ քարոզչության համար: Ազատվելով 1987-ին՝ հիմնել է «Գլասնոստ» ամսագիրը եւ հիմնադրամը, հետագայում՝ անկախ լրագրողների պրոֆմիությունը: Մասնակցել է ԽՍՀՄ-ում առաջին ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական միության ստեղծմանը: Աջակցել է արցախյան շարժմանը, Պարույր Հայրիկյանին. 1988 թ. ժամանելով Երեւան՝ ձերբակալվել է: Եղել է նաեւ Ստեփանակերտում, օգնել Բաքվի հայ փախստականներին: 1989 թ. արժանացել է Թերթերի համաշխարհային ընկերակցության «Ազատության ոսկե փետուր» մրցանակին: Գրել է հոդվածներ «Համառոտ գրական հանրագիտարանի» համար, մի շարք ուշագրավ գրքեր: Գրաքննադատ Նիկիտա Ելիսեեւը նրան անվանել է «21-րդ դարում անհրաժեշտ մարդ», որը «մտածում է կյանքի մասին եւ կարող է պատմել դրա մասին»: Գրիգորյանցը եղել է արվեստի գիտակ, ունեցել արվեստի գործերի մեծ եւ արժեքավոր հավաքածու, ներառյալ Փարաջանովից ստացված սրբապատկերներ, մեծահռչակ նկարիչների (Բրյուլով, Այվազովսկի, Ռերիխ, Մալեւիչ եւ այլն) աշխատանքներ: Կյանքի վերջին տարիներին շարունակել է հանդես գալ ռուսաստանյան իշխանությունների հետեւողական քննադատությամբ:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ