Ռուս ժողովուրդ, Ռուսաստան, հին ու նոր ցարիզմ, Արմենիա

43

Մի քիչ քաղաքականություն

Ասել եմ ու բազմիցս կրկնել՝ իմ երկար կյանքում պետական-հասարակական-կուսակցական քաղաքականությամբ չեմ զբաղվել, դա իմ մարդուն եղել է օտար երեւույթ. ինձ հատուկ է պարզ քաղաքացու հանդեպ հայացքն ու վերաբերմունքը գլխավորապես գրականության տիրույթում, որը քաղաքականություն չէ տարածված հատկանիշերով եւ ուղղվածությամբ: Բայց, պատահում է, քեզ ներքաշում են իրենց քաղաքականության մեջ, կամ դու ես կամա թե ակամա, հակառակ քո կամքի ու ցանկության, ներքաշվում այնտեղ, մանավանդ եթե սիրտդ մխում է քո ժամանակի ու տարածության ցավերից: Խիղճդ պահանջում է՝ ճշմարտությունն ասա, մի՛ լռիր, հոգիդ ալեկոծվում է, քուն ու դադար չունես: Այսօր, ինչո՞ւ միայն այսօր եւ ոչ նաեւ հարյուր եւ ավելի տարի առաջ, շատերս, մի ամբողջ երկիր ու ժողովուրդ, շնչում ենք այս աշխարհամասի գաղջ օդը եւ, զարմանալի է, որ վերջնականապես շնչահեղձ չենք լինում, շարունակելով արարել մեր քրիստոնյա գոյությունը:

Մենք ավանդաբար շփվել ենք հարեւան ժողովուրդներին, հատկապես պարսիկներին, վրացիներին ու ռուսներին, բարոյական, ազգային, մտածական ասպարեզներում ազդել ենք միմյանց վրա: Այս քառյակի պատմության մատյաններում ընդհանրությունները քիչ չեն թե՛ դրական եւ թե՛ բացասական զարգացումներով: Կուզենայի նշել ամենադրականն ու լուսավորը. մեզանից ոչ ոք այս բարդ աշխարհում չուծացվեց, թեեւ մտահոգիչ ու վտանգավոր գործողություններ եղան մեկին հալեցնելու-ձուլելու մյուսի մեջ: Չեղավ, չստացվեց: Բոլորն էլ մնացին իրենց ազգային եսականության դաշտում: Գլոբալացող աշխարհում սա մեծագույն նվաճում  է ամեն ժողովրդի համար, իր ինքնատիպ ազգանունն ու դրոշը, զինանշանն ու հիմներգը: Սիրում եմ իմ դրոշը: Դուք էլ ձերը սիրեք: Նաեւ իմը սիրեք: Ես էլ հարգեմ ու սիրեմ ձերը:

Արդեն երկու դար, 1828-ի ռուս-պարսկական պատերազմից ի վեր, մենք ավելի հարաբերում ենք ռուսներին, քան այլոց: Ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է թե՛ քանակությամբ եւ թե՛ հոգեւոր-հոգեղեն որակներով, նրան է պատկանում ցամաքային աշխարհի մեկ վեցերորդ մասը, այդպիսի տարածք ուրիշ ոչ մի ժողովուրդ չունի: Ճիշտ է, այդ հողերը նրան Աստված չի տվել, այլ ինքն է նվաճել  ժողովուրդներից ու ցեղախմբերից նվաճեց, բնիկ Մոսկովյան Ռուսիան դարձնելով շուրջ յոթանասուն մեծ ու փոքր ազգային համայնքներ ընդգրկող ահռելի կայսրություն, ինչը փաստ է եւ փաստը մնում է փաստ, պատմական իրողություն է, որին, չուզենք էլ, վաղուց ու այսօր չի կարելի զանց առնել եւ ուրանալ: Լա՞վ բան է կայսրությունը: Կարծում եմ՝ շատ վատ: Եվ պատահական չէ, որ վաղ թե ուշ բոլոր կայսրությունները փլուզվում են՝ սկսած Հռոմեականից, վերջացրած՝ Խորհրդային Միությունով, որի արմատը 1721-ի կայսերական հռչակագիրն է, Ռոմանովների դինաստիայի իշխանությունը: Թերեւս ուրիշ ոչ մի ժողովուրդ այս աստիճանի չնվաճեց այլոց եւ, բումերանգի օրենքով, չնմանվեց նրանց գոյության տարբեր ասպարեզներում, նույնիսկ զգացմունքների ու մտածողության, ինչպես ռուս ազգը, հայտնվելով խայտաբղետ կրոնների խաչմերուկում: Եվ եթե գիտականորեն նայենք իր մարդաբանական կառուցվածքին, հավանաբար կհայտնաբերենք էական որոշ նմանություններ, օրինակ, Ոսկե հորդայի, ապա եւ, այսպես կոչված Մեծ հորդայի, թաթարամոնղոլական հանրությունների հետ, անգամ դիմագծերով, որ շատ կարեւոր ցուցիչ է:

Պետք է ասել՝ պետությունների կառուցումն ու զարգացումն ունեն երկու հիմք՝ բազիսային-հիմնային (ժողովրդավարական) եւ վերնաշենքային (իշխանական): Կարծես թե միջինը չկա: Այս երկուսը հաճախ միմյանց ընդդիմադիր են: Մեծավ մասամբ իշխանականն է հաղթում եւ ելնում աշխարհի շալակը, տվյալ դեպքում՝ ժողովրդի: Ռուսական պետական համակարգը միշտ էլ վերնաշենքային եղավ, Ռոմանովական, եւ սա նրա ժողովրդի դրաման է, համակարգը չղեկավարեց իր երկիրը, այլ իրար հաջորդող թագավորական ընտանիքները: Իշխանությունն անցնում էր հորից որդուն, պապից թոռանը եւ այսպես շարունակ: Երկրի հարստությունը կուտակվում է մի խումբ մարդկանց գրպանում: Ստեղծվում է իշխանական բուրգ, որի ունեցվածքն ավելի է, քան երկրի գոյատեւման բյուջեն: Այդպիսի բռնատիրական երկրներ ժողովրդավար աշխարհում այսօր էլ կան, որոնցից մեկ-երկուսը գտնվում են հայերիս հարեւանությամբ: Ես զարմացած եմ՝ ինչպե՞ս պատահեց, որ բուրգի ստորոտներում ապրող իրական, շեշտում եմ՝ իրական, ռուսները կարողացան պահպանել իրենց ինքնությունը եւ ազգ մնալ, չձուլվեցին վայրի ցեղերին: Համոզված եմ՝ Աստծո կողմից իրենց շնորհված հոգեղենության շնորհիվ, իրենց երգ ու պարերով, խոհականությամբ, արվեստներով ու գրականությամբ, աշխարհին հարաբերելու իրենց պարզ ու մարդկային բնավորության պատճառով: Չեմ կարող չնշել, եթե նույնիսկ սխալ եմ. դարեր շարունակ ռուս ժողովրդի եւ իր իշխանության միջեւ գոյություն ունեն արմատական հակասություններ, եւ սա Ռուսաստանի աքիլլեսյան գարշապարն է, որ նրան մահացու խոցելի է դարձնում: Էկզիստենցիալ որոշ գծերով նրանք չեն համընկնում իրար առ այսօր: Փորձել հաստատելու նրանց միասնականությունը՝ հայացքի նույն ու միասնական ուղղվածությամբ, երազախաբություն է, անիրական, աբսուրդ քաղաքականություն, որ ներկայումս ամեն քայլափոխի բարձրաձայն հնչեցնում են, հատկապես թագավորին ծառա կեղծ հասարակագիտության դոկտորներն ու պաշտոնական լրատվամիջոցները:

Ինձ համակիր եք թե ոչ՝ ես կարմրանարնջագույն գիծ եմ քաշում դարձյալ ասեմ բնիկ ռուս ժողովրդի եւ իր բռնատիրական իշխանությունների միջեւ, որից, գուցե ոչ ոք այնքան չի տուժել, որքան ռուս ազգը: Հովհաննես Շիրազը, որն իր բանաստեղծական ոճականությամբ իմ պաշտելիներից չէ, մի ֆանտաստիկ պատկեր ունի՝ «Բաժակս խփեմ Արարատ սարին, կենացդ խմեմ, ռուս ժողովուրդ»: Չի ասում՝ Ռուսաստան, չի ասում՝ ռուսական պետություն, այլ՝ ռուս ժողովուրդ: Նրանից շատ առաջ այսպես նայեց ու տեսավ նաեւ Խաչատուր Աբովյանը. «Օրհնվի՛ էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»: Այստեղ կարեւոր ենթատեքստ կա, որն այսօր էլ չենք ընկալում եւ քննադատում ենք կողմնակիցներին, հատկապես Աբովյանին. ի վերջո ազատագրվեցինք «ղզլբաշի» երկարամյա հալածանքներից եւ բարեկամացանք քրիստոնեությանը: Աբովյանի նման մեծ ու զտարյուն հայը չէր կարող այս իրավիճակից չոգեւորվել, հետագայում սուրբ ու սրբություն դառնալով մեր ականավոր գրողների համար:

Դարավոր հայ-ռուս առնչությունները, որոնք որոշ գունազարդումով «բարեկամություն» են որակված, կարծում եմ, սերտաճել են ոչ այնքան սոցիալ-քաղաքական երեւույթներին, որքան հիմնվել կրթական արմատների վրա, երկու ժողովուրդների լուսավոր հոգու ծիածանե պսակին: Հավանաբար սոցիոլոգ շատ քաղաքագետներ ու որոշ պատմաբաններ այստեղ ինձ կառարկեն, հաստատապես, կայսերական պետությունը վեր դասելով ժողովրդից, երբ ես ահա փորձում եմ ավելի իմաստավորել եւ արժեքավորել ազգերի մարդակենտրոն հոգեղենության դերն ու նշանակությունը նրանց ազնիվ-անկեղծ հարաբերությունների ծիրում:

Չմանրանանք, փոխադարձ հաշվապահություն չանենք, թե այս կարեւոր հումանիտար ասպարեզում ով ում ինչ եւ որքան տվեց: Ընդունենք, որ հայ ժողովրդի նորագույն զարգացումները մեծապես պայմանավորվեցին ռուսական կուլտուրայով, նրա գիտությամբ ու արվեստներով: Ինձ առավել տեսանելի են գրական առնչությունները, ռուս ժողովրդի մեծաշուք, ազատամիտ գրականության ազդեցությունը հայերիս  վրա: Արեւմտյան լեզուների իմացության մեջ ավանդաբար լինելով բավականին խեղճ ու ծույլ, շատ դեպքերում մենք աշխարհը ճանաչեցինք ու ճանաչում ենք ռուսերենի միջնորդությամբ: Ռուս ժողովուրդն ունի աշխարհում գուցե ամենահարուստ եւ արհեստավարժ թարգմանական արվեստ: Նա էական շատ երկեր թարգմանեց եւ ոչ միայն գեղարվեստական գիր ու բան, այլեւ փիլիսոփայական, հոգեբանական, արվեստաբանական, պատմագիտական երկասիրություններ, մի ամբողջ մշակութային աշխարհ, որին հաղորդակցվեցինք նաեւ մենք: Եվ, ինչ ասել կուզե, երկարամյա մութ եւ օտար ստրկությունից հետո մեր ոսկե դարերի արյունն արթնացավ, եւ մենք վերածնվեցինք իբրեւ հոգեւոր ազգ:

Հիմա մի քիչ ավելի քաղաքական քաղաքականություն խոսեմ, ի լուր «Ազգ» թերթի, որն, անշուշտ, առավել մտավորական է ու ազգասեր, քան դեղին մամուլը:

Հայերս մի ազգային, մեզ բնորոշող երգ ունենք, որը գալիս է կարծես նախնադարից՝ «Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդու»: Մշտապես, շարունակաբար այսպես հարաբերեցինք ցարական պետությանը, եղանք ռուս ժողովրդին հավատարիմ առ այսօր, ինչպես ուրիշ ոչ մի ժողովուրդ, նրան ոչ մի րոպե չդավաճանեցինք, նրա դրոշի տակ համաքայլ ու խիզախորեն մասնակցեցինք նրա բոլոր պատերազմներին՝ հարյուր հազարով զոհեր տալով… Եվ, ի պատասխան այս ամենի, հայոց գոյապահպանության վճռորոշ շատ պահերին արժանացանք ճիշտ հակառակ վերաբերմունքի՝ չար (այո՛, չար), տգեղ (այո՛, տգեղ), անբարոյական (այո՛, անբարոյական): Անառարկելի վկայություններն այնքան շատ են, որ սիրտս ցավում է, կարելի է խելագարվել: Մեր հանդեպ իր դավաճանական վարքաբանությունը հնարավոր չէ տեղավորել բնական, մարդկային-անմարդկային տրամաբանության մեջ: Անհնարին է: Կարդացեք Լեոյի «Անցյալից» վավերագրական  գիրքը, բազմաթիվ ուրիշ  հուշապատումներ ու պատմագիտական վկայություններ: Զորավար Անդրանիկի զինակից, գրող Վահան Թոթովենցը, իբրեւ իրադարձությունների վկա ու մասնակից, «Զորավար Անդրանիկ եւ իր պատերազմները» հուշագրությունում փաստագրում է. Կարին-Էրզրումի եւ ուրիշ ռազմաճակատներում թուրքը հաղթանակ տարավ, հայը պարտվեց, Արմենիան արյան ծով ու գերեզման դարձավ նաեւ մեզ բարեկամ Ռուսաստանի զինավառ բանակի խորամանկ, կեղծ ու դավաճանական նահանջների պատճառով: Սա քաղաքական գործողություն էր ավելի, քան ռազմական, հանուն Թուրքիայի եւ ընդդեմ հայության, ռուս-թուրքական բարեկամություն, որի հիմքը դրեցին Լենին  ու Աթաթյուրք փաշաները: Մոսկվան ահագին փող ու ոսկի նվիրաբերեց Թուրքիային, փորձելով իր անիրական սոցիալիզմն ու կոմունիզմն արտահանել այնտեղ՝ գաղափարներով իշխելու Միջին Արեւելքի վրա, որը փաստորեն զավթողականության, նոր հողեր ու ժողովուրդներ նվաճելու, իր կայսրությունն ընդարձակելու արդեն գրված սցենար էր, ցարիստական գաղափարաբանություն: Սա Թուրքիայի պանթուրքիստ կայսրության համար էլ էր շահեկան: Երկուսի շահերը համընկնում էին եւ մեկտեղվում: Զգացին, գիտակցեցին, որ այս զարգացումների ճանապարհին միայն քրիստոնյա Հայաստանի խաչմերուկային դիրքն է արգելափակոց, հետեւաբար՝ պետք է ոչնչացնել նրան, ո՛չ Հայաստան եւ ո՛չ իսկ հայ ժողովուրդ: Չեմ խտացնում գույները, պատմական  փաստագրություն է, շատերը գիտեն, նաեւ օտարները, այդ թվում՝ նաեւ ռուսներից, որոնք իրենց ցարերին երբեմն հարց են ուղղում՝ ինչո՞ւ եք թշնամություն  անում բարեկամ հայերին, դա մեր ռուս ժողովրդին հարիր չէ: Մի մութ տագնապ կեղեքում է սիրտս ու հոգիս. այդ սցենարն այսօր կենդանանում է Թուրքիո եւ Ադրբեջանի սանձազերծած Ղարաբաղյան պատերազմներում եւ ունի ցեղասպանական անթաքույց ձեռագիր:

Ասացի՝ Արմենիա, արմեններ: Սրանք իրենց բովանդակության լեզվային ծագումնաբանությամբ թերեւս ավելի են արտահայտում «Հայաստան, հայեր» բառերի էությունը, բառագետները լավ կիմանան: Առ՝ ի վերուստ արարիչ, արարող աշխարհ ու ժողովուրդ, վերերկրային, քան երկրային, ինչպես Բարձրյալը, սկիզբներից գուցե ամենասկիզբ մի երեւույթ: Ակադեմիկոս Սուրեն Երեմյանը փաստում է, թե հույն մատենագիր Հեկատեոս  Միլետացու (մ.թ.ա. 540-489) աշխարհի հնագույն քարտեզի վրա նշված է եւ «Արմենիա» երկիրը: Եվ այս Արմենիա հայրենիքն արդեն խորհրդային ցարիստական քաղաքականության սուրսայր դանակով որպես կարկանդակ կտոր-կտոր եղավ, մատուցվեց հարեւաններին՝ Նախիջեւանը քեզ, անուշ արա, սա էլ քեզ եմ տալիս, այս կտորն էլ դու վերցրու, շատ համով ու անուշ Ղարաբաղ է… Եվ այսպես առաջացավ թուրքերենի բարբառով Ադրբեջան արհեստածին պետությունը, այսօր հազիվ մի հարյուր տարեկան, ընդամենը մանկապարտեզ, բայց իր մեծ բերանով, վայրենաբարո, իր երկար լեզվով սպառնում է հատկապես հազարամյա արմեն հայությանը:

Ակսել Բակունցը «Նամակ ռուսաց թագավորին» վիպական պատմվածքում  բարձրագույն գեղարվեստական մակարդակով պատմական ճշմարիտ ընդհանրացումներ արեց:

Թույլ  տվեք մի  քայլ էլ գնամ եւ արդեն մեր այս օրերից նշեմ թրքամետ ռուս պետության դիտավորությամբ «մշտապես ուշանալու» քաղաքական խաղերը, որոնք մերկ ու անամոթաբար խաղարկվեցին Բաքվում եւ Սումգայիթում հայասպանության ժամանակ: Երբ, ի վերջո, նրա «փրկիչ» զորախումբը տեղ հասավ, նախճիրն արդեն ավարտված էր, փողոցներում ու տներում թողնելով հարյուրավոր քրիստոնյա  դիակներ: Այսպես: Նույն ձեռագիրը կրկնվեց, բայց որոշ խմբագրությամբ, ավելի մասշտաբային նաեւ քառասունչորսօրյա պատերազմում: Ոչ անհիմն կարծիք է շրջանառվում, թե նա՝ Կրեմլը, Ադրբեջանին ու Թուրքիային դրդեց-ոգեւորեց  հարձակվելու Ղարաբաղի եւ Հայաստանի վրա… Հետո դադարեցրեց պատերազմը, տարածաշրջան իբր խաղաղապահ զորք ներմուծելով: Այժմ յուրաքանչյուր օր ու ժամ ականատես ենք այդ «խաղաղապահությանը»: Չի՞ կարողանում, թե՞ չի ցանկանում այստեղ խաղաղություն հաստատել: Կարծում եմ՝ չի ցանկանում, նպատակ հետապնդելով պղտոր ջրերում մեծ ու յուղալի ձուկ որսալ, այլապես ինչպե՞ս բացատրել եւ հասկանալ նրա «խաղաղապահ» ներկայությամբ Ղարաբաղում ու շուրջբոլորը հայ դիրքապահների եւ խաղաղ բնակչության ամենժամյա մուսուլմանական գնդակոծումները, գազատարի փակում, հայրենիքը լքելու ռադիոկոչերը՝ «Ղարաբաղ առանց հայերի», որ «Հայաստան առանց հայերի» ֆաշիստական սցենարի  մեկ գլուխն է: Այդ «խաղաղապահները»  այստեղ են ոչ թե թուրքից պաշտպանելու հայ ժողովրդին, այլ մեկ ու միակ նպատակով՝ զսպել, զսպաշապիկ հագցնել հայությանը, որ նա կատարելապես չանկախանա, մշտապես լինի հլու-հնազանդ լծկան իր սայլին: Դուք, ռուս ցարեր, մի զգալի չափով թրքացել եք, ծնկաչոք նամազ եք անում եւ ոչ քրիստոնեական աղոթք, հեռացել եք Սուրբ գրքի պատվիրաններից, որոնցից հատկապես մի քանիսը ձեզ այնքան օտար  են՝ «Սպանութիւն մի՛ ըներ: Շնութիւն մի՛ ըներ: Գողութիւն մի՛ ըներ: Քու դրացիիդ դէմ սուտ վկայութիւն մի՛ ըներ: Քու դրացիիդ տունը մի՛ ցանկար»: Լինելով քրիստոնյա, ինչո՞ւ եք թուրք աշխարհին այսքան բարեկամացել: Լինելով հզոր, նրանից վախենո՞ւմ եք: Ինչո՞ւ եք նրան քծնում: Ինչո՞ւ եք նրան սատարում մեծ թուրանական աշխարհ ստեղծելու ճանապարհին, չէ՞ որ վաղը կելնի ձեր դեմ, ինչի նշաններն այսօր իսկ երեւում են: Մթնասեր ու մթնամիտ ցարերիդ շարքում մեկ, ընդամենը մեկ լուսավոր ցար եղավ՝ Պետրոս Մեծը, որն իր երկրում լուսամուտ բացեց դեպի շատ ասպարեզներում զարգացած Եվրոպա: Գրեթե երկու դար դուք փակեցիք այդ լուսամուտը, այժմ՝ ավելի ամուր, սերտացաք հետամնացությանը, որ կարող է ձեր հայրենիքը մի շատ տխուր հանգրվան հասցնել, ընդհուպ՝ լինել թե չլինելու: Համարձակություն ունեցեք ձեզ նայելու պատմական հայելու մեջ եւ ասելու՝ «Ամոթ մեզ»: Սակայն չեք նայում եւ չեք ասում, քանզի իմաստուն ու հայրենասեր չեք:

Շարունակեմ…

Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, օրը ցերեկով, աշխարհի աչքի առջեւ գնդակահարեց ռուս դեսպանին, որ ռուսական պետություն ու պետականություն էր ներկայացնում: Նույն Թուրքիան Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում խոսքով ու բանիվ անթաքույց սատարում է վերջինիս, չի ճանաչում Դոնեցկի ու Լուգանսկի անկախացումը, Ռուսաստանից պահանջում է Ղրիմը ետ ողորմեա անել… Եվ ներկա ցարի կողմից ոչ մի վճռական ու արժանապատիվ պատասխան, չի վիրավորվում, չի զայրանում, միայն կլլում է բարեկամ թշնամու կեղծ ու ձեւական «ներողությունը», թքում են իր երեսին՝ համարում է, թե ընդամենը սովորական անձրեւ է գալիս:  Ռեջեփը սպառնում է՝ ցար, տեղդ իմացիր ու խելոք մնա, քո տարածքներում քսանհինգ միլիոն մուսուլման ունեմ, աչքի մի շարժումով քսի կտամ քո վրա, կկործանեմ երկիրդ: Վերջապես, ի պատասխան այս ամենի, ռուս պետությունը որոշում է Թուրքիայում միլիարդանոց ատոմակայան կառուցել… Տեր իմ Աստված:

Ռուս ժողովուրդը կարծես վիրավորված է եւ իր պետությանը հարց է ուղղում. ինչո՞ւ ես դավաճանում ինձ՝ քո հարազատին, դա ուղեղում չտեղավորվող հանցագործություն է, իմ դեմ ու իմ հաշվին աշխատեցնում ես ուրիշի ջրաղացը: Ինչո՞ւ ես անբավ հարստություններով իմ հայրենիքում ինձ պահում երկարամյա ստրկության ու աղքատության մեջ: Նախաճաշին՝ մի կտոր հաց ու ինքնաթոր (սամագոն) օղի, ճաշին՝ թթու վարունգ կամ կաղամբ, խաշած կարտոլ ու նույն  սամագոնը, ընթրիքին՝ մի մեծ բաժակ սամագոն, որ մեռած քուն մտնեմ: Ծով գազով իմ երկրում գազ չունեմ, ինձնից խլում, օտարներին ես ծախում: Շքեղ Մոսկվան ու Պետերբուրգը ես չեմ: Մութ ու ցուրտ խրճիթներում եմ ես՝ աշխարհից կտրված, անսահման վայրի տարածքներում: Եվ տխուր հպարտությամբ երգ եմ ասում՝ «Ընդարձակ է հայրենի երկիրն իմ»…. «ՄՌՐՏՍՈ րՑՐՈվՈ ՎՏÿ ՐՏՊվՈÿ»…

Կիսում եմ քո վիրավորանքը, բարեկամ, բայց ես ի՞նչ կարող եմ անել, իմ տեղն էլ շատ նեղ է, Գիքոր ջան, Օլգա-Վոլգա, սիրելիս, առայժմ ի վիճակի եմ քեզ միայն եղբայրական համախոհություն ցույց տալու, օրհնելու «էն սհաթը», երբ քո ոտքը հայոց աշխարհ մտավ: Իսկ ես բաժակս սրտանց խփեմ Արարատ սարին ու կենացդ խմեմ, ռուս ժողովուրդ: Կենացդ: Ողջ լեր:

Մի քիչ էլ շարունակեմ…

Ոչ թե ռազմական մի օպերացիա, ինչպես ստորեն ներկայացնում են, այլ լայնամասշտաբ պատերազմ հարեւան Ուկրաինայի դեմ («Քու դրացիիդ տունը մի ցանկար»), Ուկրաինայի բազմամիլիոն ժողովրդի, որի հետ, Ռուսաստան, ունես դարավոր առնչություններ՝ տնտեսություն, մշակույթ, գիտություն, դպրոց ու կրթություն, լեզվական խորքային ընդհանրություններ, կենցաղ, եկեղեցի, ընտանիք, արյան ու դիմապատկերի գրեթե նույնական նմանություններ, դու նա ես, նա էլ՝ դու, աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ այսքան նման լինեն, սերտաճած իրար մեջ: Ես դա կհամարեի, Ռուսաստան, պատերազմ քո իսկ դեմ, քո երկրի ու ժողովրդի, որ ոչ մի անվտանգային նպատակներով չի կարելի արդարացնել: Հարձակողական պատերազմ Եվրոպայի վրա: Հո՞ երթաս…

Ինձ կարող են մեղադրանք անել, որ այստեղ պաշտպանում եմ Ուկրաինային, որը մեր քառասունչորսօրյա պատերազմում զենքով ու բանիվ սատարում էր Ադրբեջանին՝ ընդդեմ հայության:*) Ես նրան չեմ պաշտպանում, այլ՝ ճշմարտությունը: Ինչ վերաբերում է նրա հակահայկական գործողություններին, ասեմ՝ ամոթ, հազար ամոթ նրան ու իր իշխանությանը, որոնք որդեգրեցին սուտը, հակառակ ճշմարտության, եւ ձեռք մեկնեցին թուրքալեզու ֆաշիզմին, որը փորձում էր, ինչպես հարյուր տարի առաջ, ստանալ Հայաստան ու Ղարաբաղ առանց հայ ժողովրդի: Ուկրաինան մեծ վրիպում թույլ տվեց, որը երկար ենք հիշելու: Իմ այսպես կոչված պաշտպանությունը նաեւ բարոյական ապտակ է նրան: Ես բարի մարդ եմ, չէ, չեմ ուրախանում, այլ մտահոգվում եմ, որ գրեթե նմանակ պատմությունն այժմ, շատ ավելի ողբերգական հետեւանքներով, իր գլխին պայթեց:

Եվրոպան մտահոգված է ու, կարծում եմ, նաեւ վախեցած, եւ քեզ պատժամիջոցներով է պատասխանում, որն արդեն իսկ ուղղակիորեն անդրադառնում է ինձ սիրելի քո ժողովրդի կյանքին, նրան հրելով ավելի խոր էկզիստենցիալ փոսը: Փրկվելու հույսով քո ժողովուրդը փախչում է իր հայրենիքից, այսօրվա պաշտոնական տվյալներով միայն Հայաստան են եկել շուրջ հարյուր հազար ռուսներ: Ուրիշ աշխարհամասեր՝ ավելի շատ: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ նրանց պահում են գլխի վրա, Եվրոպայում փորձում են նրանց ստորացնելով գցել ոտքի տակ: Թեեւ դա վերին պետական քաղաքականություն չէ, փառք Աստծո, այլ հասարակական ստորին խավերի ամբոխավարություն, այդուամենայնիվ խիստ զայրացուցիչ է, ֆաշիզմ: Մինչեւ անգամ Դոստոեւսկուն են հայհոյախոսում, ինչ է թե նա ծնվել է Մոսկվայում եւ ռուս է: Հանճարեղ գրող, որն անջնջելի հետք է թողել ամբողջ աշխարհի գեղարվեստական մշակույթի, փիլիսոփայության, բարոյահոգեբանական զարգացումների վրա, Եվրոպան ավելի եվրոպականացրել: Հիմա էլ ասեմ՝  հո՞ երթաս, Եվրոպա, քեզ նայիր հայելում եւ եթե այսուհետ եւս եվրոպական արժեքներով ես ցանկանում ապրել, ամաչիր ու ասա՝ «Ամոթ ինձ»: Այդ դեպքում գուցե  քեզ ներեմ:

Գուցե իրո՞ք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ենք, օգտագործելով, պարզվում է, միմյանց ոչնչացնող ատոմային ռումբից ավելի հզոր տեղեկատվական գործիքներ՝ ճիշտ ու սխալ մասսայական քարոզն ու վարկաբեկությունը: Բայդենը՝ «զառամախտ ու մտագար», չի կարողանում Ամերիկա ղեկավարել, հետեւապես՝ նրան «իմպիչմենտ»: Պուտինը՝ «մարդասպան հանցագործ»: Այսպես սպանում ենք նաեւ նրանց երկիրն ու ժողովրդին: Հո՞ երթաք, Ամերիկա եւ Ռուսաստան, տիեզերքում Երկիր մոլորակը բանական մարդկանցով բնակեցված միակ վայրն է: Իմաստուն եղեք՝ փորձելով ստեղծել միատեղ ապրելու բարի, գեղեցիկ, առաքինի աշխարհ:

Շարունակության վերջաբանությունը եւ մենք…

Արքայազուն իշխան Համլետը դարեր առաջ ասաց. «Ժամանակն իր շավիղից դուրս է սայթաքել»: Այդ դարերը կրկնվում են եւ այսօր, մեր ժամանակը դուրս է ելել իր շավղից հատկապես Արմենիա երկրում եւ նրա շուրջբոլորը: Ինչպե՞ս բերել ներս: Շատ դժվար հարց է: Ուինստոն Չերչիլն էլ այստեղ լիներ, իր ամբողջ խելք ու ջանքով չէր կարող դա անել: Էլ ո՞ւր մնաց Նիկոլ Փաշինյանը, որը կանգնած է արտաքին ու ներքին բազում մարտահրավերների առջեւ, վերջիններս՝ գուցե ավելի վտանգավոր, որովհետեւ անմիջաբար քո տանն է, քո մեջ, ընդդիմադիր բառ ու կեցվածքով: Փողոցը նրանցն է, միայն մի բան են պահանջում՝ իշխանության ու վարչապետի հրաժարական, մենք ենք ձեր աթոռներին նստելու, միայն մենք կարող ենք երկիրը հանել մահասարսուռ փոսից: Այսպիսի երեք ուժ արդեն Ազգային ժողովում են: Այստեղ եւս ոչ մի նոր խոսք չեն ասում, նույն գոռգոռոցը՝ աութ գեթթի: Դու որոշիր, ընթերցող, այս հայերը մի քիչ թուրք չե՞ն: Ո՞չ: Իհարկե հայ են:

Օրինակս դարակիր ՀՅԴ-ի մի անդամն է, անունը՝ Գեղամ, որը կրում է մեծանուն դաշնակցական, հայրենասեր պետական գործիչ Արամի Մանուկյան ազգանունը: Ընկեր, որպես Ազգային ժողովի երեսփոխան, քիչ հոխորտա: Երանի դու, քո շատ կուսակիցներ եւ այլք լինեին կառուցողական ընդդիմադիր, այս դժվար ժամանակներում իշխանությանն օգնեին  ազատվելու իր շատ թերություններից, ի նպաստ մեր հայրենիքի ամրապնդման:**) Բայց «դեմքերը, ախ, բութ են այնպես, կարծես շինված են տապարով» (Չարենց): Երբ ձեր կուսակցության սովորաբար փակ դռների ետեւում երդում ես խոսել, երդվել ես հայ ժողովրդի նվիրական ձգտումների՞ն հավատարիմ լինել, թե՞ ՀՅԴ-ին, որը, ինչպես ամեն կուսակցություն, ժողովրդին ստորադաս ինստիտուտ է: Խոստովանիր, երդվել ես ստորադասությանը, նրա քաղաքական գծին, որը մշտապես տառապել է իշխանատենչության կարոտախտով, մինչեւ իսկ այն բանից հետո, երբ լուսավոր Քաջազնունին ասաց՝ «Դաշնակցությունն այլեւս անելիք չունի»: Չունի, ընկեր, չունի:

Ինձ շատ զարմացրեց Պետրոս Ղազարյանի հարցից քո «դիվանագիտական» խուսանավումը. հիմա ասա, Գեղամ, դաշնակցությունն ուզո՞ւմ է մտնել Պուտին-Լուկաշենկո այսպես կոչված նոր միութենական կառույցի մեջ: Հարցը կրկնվեց մի քանի անգամ: Պատասխանդ ցնցող եղավ. ժամանակը կգա, կասեմ: Չասացիր՝ ոչ, ըստ էության քո եւ կուսակցությանդ գլխում այնտեղ ներսուզվելու օձեր են գալարվում, ինչո՞ւ չասացիր՝ ոչ, Պետրոս, արյամբ ձեռք բերված Հայաստանի անկախությունը բարձրագույն արժեք է եւ այն չի կարելի վաճառել, հո չենք գժվել, հանցագործություն է, չի կարելի, չի կարելի: Սպասենք, օրը շուտով կգա, բարին կամ չարն էլ հետը:

Տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր զեկուցումներն ավարտում էր հետեւյալ բառերով. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են լուսավոր Հայաստանում»: Ամեն անգամ լսելիս հուզվել եմ: Ես երկու դուստր, չորս թոռ, հինգ ծոռ ունեմ: Աշխարհի բոլոր երեխաները իմ զավակներն են, կեցցեն նրանք: Արդեն երկար ժամանակ վարչապետս այդպես չի խոսում: Դրսի եւ ներսային աղետները տեսնելով մի՞թե հուսահատվել է, արդեն չի հավատում լուսավոր գալիք օրվան: Ես հավատում եմ: Սխալ է, թե հույսը վերջինն է մեռնում: Հույսը չի մեռնում երբեք, մնալով հավերժական մի հոգեվիճակ: Սակայն որպեսզի չմեռնի, մենք այսօր, բանիվ, մտոք ու գործով, պետք է ազգովին համախմբվենք, մի բռունցք դառնանք եւ, իհարկե, նախ եւ առաջ սիրենք իրար: Սերը կփրկի Արմենիան   ու արմեններիս:

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

2022 թ., մարտ ամիս

*) Ոչ միայն 44-օրյա, այլեւ նախորդ պատերազմում. ուկրաինացի էին մեր դեմ կռվող օդաչուներն ու դիպուկահարները: Խմբ.:

**) Առնվազն տարակուսանք է պատճառում մեր սիրելի հոդվածագրի այս հորդորը. մեկ անգամ չէ, որ Փաշինյանը տվել է ապացույցը իր այլամերժության, նույնիսկ այլատյացության: Հանձնապաստան մարդու հետ անկարելի է որեւէ բան կառուցել: Խմբ.: