Տեր Աստված, ի՜նչ ծանր, գորշ, անգույն ու անհրապույր է մեր իրականությունը, մեր կյանքը՝ ահերով ու տագնապներով լեցուն, մեր առօրյան՝ խեղդող ու հեղձուցիչ: Մեր անապահով եւ անօթեւան տարածության մեջ անորոշությունն ու անհուսությունը մշտապես ցցում են չար հտպիտների իրենց քստմնելի մռութները: Այդքանը հերիք չէ, խայտառակ տգիտությունն ու սանձարձակ գռեհկությունը հասել են բացարձակ տիրության եւ իշխանության: Ի՞նչ անես: Այսպիսի իրականության մեջ ապրելու եւ դիմանալու համար մարդուն ապահով խարիսխ է պետք, փրկարար օղակ, խաղաղ ծովախորշ է պետք: Այս վանող իրականությունից փրկվելու միակ ելքը փախուստն է, փախուստ դեպի գիրը, գիրքը, մշակույթը, արվեստը, դեպի հոգեկան ու բարոյական վսեմ ու բարձր գեղեցկությունը: Արվեստը մեզ տալիս է այն, ինչ մեզնից խլում է կյանքը:
«Իմ սենյակում, գրասեղանիս դիմացի պատին նկարներ կան կախված: Դրանք իմ սիրելի արվեստագետ ընկերների, իմ սիրելի նկարիչների սիրելի գործերն են: Այդ կտավները պահում են ինձ, դրանց գեղեցկությունը պահում է ինձ: Դրանցից մեկը Ռոբերտ Էլիբեկյանի մի կտավն է, գեղանկարչական թովիչ գեղեցկության մի գործ: Գրասեղանի առջեւ աշխատելիս իմ հայացքը հաճախ է կանգ առնում եւ անշարժանում այդ կտավի վրա: Մեջս միշտ անդիմադրելի, բայց անիրական մի ցանկություն է առաջանում՝ ինչ-որ մի հնարքով տեղափոխվել, մտնել այդ կտավի տարածության մեջ: Այսօր էլ երկար նայեցի այդ նկարին եւ հիշեցի, որ ապրիլի 21-ին հարյուր տարվա իմ ընկերոջ ծննդյան օրն է: Ու նաեւ հիշեցի, որ անցյալ տարի լրացավ տաղանդավոր արվեստագետի ութսունամյակը, եւ մենք ոչնչով չնշեցինք իր ծննդյան օրը, նույնիսկ պարզապես չշնորհավորեցինք, մինչդեռ այդ օրը մեր կերպարվեստի համար նշանակալից օր է: Ահա այդ առիթով էլ ես ուզում եմ մի քանի խոսք ասել նկարչի մասին:
Ռոբերտ Էլիբեկյանի նկարչությունը հայ արդի կերպարվեստի ամենաբացառիկ եւ ինքնօրինակ երեւույթն է: Այդ նկարչությունը ինքնօրինակ է ամենից առաջ արվեստով, իբրեւ հենց արվեստ, իբրեւ արվեստի երեւույթ, իբրեւ գեղանկարչորեն մտածելու եւ աշխարհը, առարկաները, մարդկանց տեսնելու կերպ: Այդ նկարչության մեծագույն առանձնահատկությունը գեղեցկությունն է, Էլիբեկյանի նկարչական աշխարհի շլացուցիչ գեղեցկությունը: Դա համապարփակ, ընդգրկուն, փիլիսոփայական եւ հոգեկան մեծ խորք ունեցող գեղեցկություն է: Արվեստի ավելի մեծ դեր եւ նշանակություն դժվար է մտածել: Այդօրինակ գեղեցկությունը օդի պես անհրաժեշտ է մարդու հոգեկան նկարագիրը անաղարտ պահելու համար ահերի ու սարսափների, տագնապների եւ անկումների արդի իրականության մեջ:
1965 թվականին Ռոբերտ Էլիբեկյանը ավարտեց Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ անմիջապես մասնակից դարձավ հանրապետության մշակութային կյանքին. նույն 1965 թվականին նա մասնակցեց Հայաստանի կերպարվեստագետների հանրապետական ցուցահանդեսին եւ շահեց առաջին կարգի դիպլոմ:
Տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են լինում էն գլխից, տակավին երիտասարդ Ռոբերտ Էլիբեկյանը միանգամից գրավեց արվեստասեր հանրության ուշադրությունը: Ասպարեզ էր մտել հիրավի տաղանդավոր, մեծապես օժտված նկարիչ: Մինասը ուղղակի հիացած էր Էլիբեկյանով ու իր նկարչությամբ: «Ռոբերտը մեզ պակասող գեղեցկության բարձր ճաշակ է բերում: Ռոբերտի՝ պալատներին վայել ճաշակը…»,- սիրում էր ասել Մինասը: Նա շատ սիրով էր համագործակցում երիտասարդ նկարչի հետ: 1969 թվականին Մինասն ու Ռոբերտ Էլիբեկյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնում ձեւավորում են Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը (Ռոբերտը զգեստների նկարիչն էր), 1973-ին Մինասն ու Ռոբերտ Էլիբեկյանը միասին եղան «Խաթաբալա» ֆիլմի նկարիչները, Նովոսիբիրսկի օպերային թատրոնում ձեւավորեցին Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան (Ռոբերտը ձեւավորել էր զգեստները): Արդեն 1966 թվականից Ռոբերտ Էլիբեկյանը հայ կերպարվեստի ամենագործուն ու արդյունավոր դեմքերից մեկն էր, իր ցուցահանդեսները հաջորդում են մեկը մյուսին Հայաստանում, Խորհրդային երկրի տարբեր քաղաքներում, արտասահմանում:
Ռոբերտ Էլիբեկյանը ստեղծել է հարուստ նկարչություն, ստեղծագործել է ամենատարբեր ժանրերով՝ գեղանկարչություն, գրաֆիկա, թատերական նկարչություն, կինոյի նկարչություն, գրքերի ձեւավորում եւ նկարազարդում, մի խոսքով՝ ամեն մի իր, առարկա կամ երեւույթ, որ գույն ու վրձին է հայցում: Եթե ես սկսեմ թվարկել իր ցուցահանդեսները, իր ձեւավորած թատերական ներկայացումները՝ օպերաները եւ բալետները եւ միւս գործերը, գրածս կվերածվի հաշվապահական մի հսկա ցուցակի, որ վստահ եմ, ընթերցողին շատ բան չի ասի, եթե նա ծանոթ չէ իր արվեստին:
Մի քանի խոսք ասեմ, թե ես ինչպես եմ ընկալում Ռոբերտ Էլիբեկյանի նկարչությունը: Այդ նկարչությանը ես ծանոթ եմ Ռոբերտի առաջին ցուցադրություններից: Դրանք անմիջապես գրավում էին դիտողի ուշադրությունը: Ես շատ լավ եմ հիշում իր առաջին նկարները ցուցահանդեսներում՝ «Թեյնիկով նատյուրմորտը», «Բնորդները սեղանի մոտ», «Զարդարվելիս», «Զուգերգ» եւ այլ գործեր: Դրանք աչքի էին ընկնում գունային մտածողությամբ, հորինվածքով, պատկերվածի քնարական զգացմունքայնությամբ: Իր կտավները շնչում էին առանձնակի գեղեցկությամբ, գունային ներդաշնակությամբ եւ գունային գամմայի երաժշտականությամբ: Այդ նկարներում իրերն ու առարկաները ասես ծաղկում էին, նկարիչը ծավալները պատկերում էր գունաբծերի յուրահատուկ համադրությամբ: Ժորժ Սյորան աշխարհը տեսնում էր կետերով (իր pointillisme-ը), Ռոբերտ Էլիբեկյանը իրերը, մարդկանց, աշխարհը տեսնում է գունաբիծ-վրձնահարվածներով: Գունաբծերով կերտված-պատկերված առարկաներն ու ֆիգուրները, երբեմն՝ բազմագույն եւ բազմաբղետ, ձեռք են բերում անասելի գեղեցկություն, աշխարհը հեքիաթ է, հրճվանք, ցնծություն: Սա գեղագիտական հայեցակետ է, սկզբունք, մտածողության կերպ, որ Ռոբերտ Էլիբեկյանը պահպանեց իր հետագա ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, եւ ոչ միայն գեղանկարչության, այլեւ գրաֆիկայում եւ բեմանկարչության մեջ:
1970-ական թվականներին Ռոբերտ Էլիբեկյանի նկարչությունը աստիճանաբար հստակվում է, իր գեղանկարչական տարրերը խիստ որոշակիանում են՝ ձեռք բերելով ընդգծված անհատական մտածողության բնույթ: Այսպես վերջնականապես ձեւավորվեց մտածողության իր կերպը, որ այսօր ճանաչելի է իբրեւ Ռոբերտ Էլիբեկյանի ոճ: Ձեռագիր շատերն ունեն, եւ որեւէ մեկի ձեռագիրը նման չէ մեկ ուրիշի ձեռագրին: Սեփական ոճ ստեղծում են եզակի անհատականությունները, եզակի նկարիչներ: Այս տարիների նրա նկարչությունը իր ընդհանուր պատկերով պերճանքի ու շքեղության նկարչություն է, աշխարհի նրբագեղ զգացողություն, նրբագեղ ընկալման ու նրբագեղ պատկերման արվեստ: Դա մեզանում երբեւէ չեղած մոտեցում է, այն, ինչ գրականության մեջ անվանում են նրբագեղ գրականություն (courtois): Այդ տարիներին իր նկարչության աշխարհը բնակեցված է անասելի գեղեցկության կանանցով, դրանք հարդարվող կամ թե հայելու առջեւ պչրանքով նազող դերասանուհիներ են, ձեռնածու կանայք են, կրկեսի դերասանուհիներ, բեմելի պատրաստվող կամ թե արդեն բեմ մտած ցնցող գեղեցկության դերասանուհիներ… Անիրական-ցնորական է այն միջավայրը, այն տարածությունը, որտեղ պատկերված են նրանք: Այդ կտավներում պատկերված իրերն ու ֆիգուրները կարծես թե լույս են ճառագում: Ճերմակ, լուսավոր հարթությունները շրջափակվում են ոսկեդեղին, կարմրադեղին, ոսկեօքրա գույներով ու տոներով: Նկարիչը ընդարձակում է իր նկարչության ժանրային եւ հորինվածքային սահմանները: Նա նկարում է բնանկարներ, որոնց տարածության մեջ, հաճախ՝ առաջին պլանում, նորից իր նախընտրելի հերոսուհիներն են՝ հեքիաթային գեղեցկության կանայք, գեղուհիներ եւ պչրուհիներ:
Ռոբերտի կյանքում եւ նկարչության մեջ մի աառանձնահատուկ տեղ ունի թատրոնը: Նա աչք է բացել եւ ապրել է թատրոնի միջավայրում ու մթնոլորտում եւ հետագա ողջ կյանքում էլ կապված է եղել թատրոնին:
Նկարչին մշտապես ձգել-գրավել է բեմի խորանարդային սահմանափակ տարածության մոգական խորհրդավորությունը: Դրամատուրգը իր երեւակայության խորքերից կյանքի է կոչում տարբեր տարիքի ու տարբեր զբաղմունքի տղամարդկանց եւ կանանց, թատերական նկարիչը գունավորում է ժամանակը, զգեստավորում է գործող անձերին` տալով նրանց յուրահատուկ հմայք ու գեղեցկություն: Ռոբերտի նկարչության մեջ շարունակվում եւ տեւում է թատրոնի կախարդանքը: Նրա բազմաթիվ կտավները ասես հրաշալի բեմադրության ընտիր միզանսցեններ լինեն, բեմական կյանքի ու գործողության ակնթարթային պահեր՝ գեղանկարչական շլացուցիչ հմայքով:
Թատրոնը իր ողջ գեղեցկությամբ եւ խորհրդավորությամբ Էլիբեկյանի շարունակվում է կտավի եռաչափ տարածության մեջ: Կյանքի գեղեցկությունը տեղափոխվում է թատրոնի բեմահարթակ, թատրոնի հմայքն ու բեմի խորհրդավորությունը շարունակվում են նկարչի թովիչ կտավներում:
Սա արդեն մի տեսակ բարոկկո է, ավելի ճիշտ՝ նեոբարոկկո, որպիսին չի եղել մեր արվեստում, բարոկկոյի արվեստ, իր ողջ նուրբ գեղեցկությամբ եւ գույներով ու նույնքան նուրբ տոներով հնչող երաժշտությամբ: Ի՜նչ գեղեցիկ կտավներ են դրանք՝ «Բեմելից առաջ» (1972), «Հետնաբեմում» (1973), «Ներկայացում» (1973), «Պայացներ» (1975), «Երեկո» (1982), «Դերասանուհիների հանգիստը» (1982)… Անհնար է թվարկել նկարչի հարյուրավոր կտավները:
1990-ական թվականներին նկարչի կտավներում հայտնվում են դրամատիկ շեշտեր, տագնապալի երանգներ: Իր կտավների բանաստեղծական ու քնարական աշխարհն են ներխուժում ջղաձիգ ու նյարդային վիճակներ ու տրամադրություններ: Դա, անշուշտ, մեր կյանքի ու մեր իրականության, մեր ապրած իրավիճակների ու հոգեվիճակների գեղարվեստական արձագանքն է, թեեւ որոշ դեպքերում դա թելադրում է նաեւ թեման, նյութը, ինչպես, օրինակ, «Արշիլ Գորկիի հիշատակին» (2007, 175×275), «Ռեքվիեմ» (2007, 175×275) մեծադիր կտավները:
Իսկ ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ հրաշք են իր դիմանկարները: Իր բնորդուհիները, իրական մարդիկ, իր կտավներում պատկերված են ինչպես հեքիաթից ելած արքայադուստրեր: Դա նկարչի հիացքն է, նկարչի զմայլանքը երկրային գեղեցկության հանդեպ: Այսպես իր արվեստը ստանում է խորապես մարդկային եւ գեղարվեստական առումով հարուստ ու նշանակալից բովանդակություն:
Ռոբերտ Էլիբեկյանի նկարչությունը այնքան հարուստ է ու ծավալուն, որ վախենամ ընդարձակ մենագրությունն անգամ չսպառի այն, էլ ուր մնաց այս մի քանի տողը:
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ