Պապիկյանը՝  հրաշքների աշխարհում. հրամանատարին դանակահարելուց մինչեւ պաշտպանության նախարարի աթոռ

32

Իհարկե հեշտ չէ վարժապետի շարքային աշխատանքից միանգամից նախարարի, այնուհետ փոխվարչապետի, հետո էլ պատերազմող երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի աթոռին հայտնվելը: Այդ փոփոխություններին «դիմակայելու» համար նախեւառաջ պետք է հոգեբանորեն պատրաստ լինել: Ինչեւէ, գուցեեւ արդեն հոգեբանորեն գոտեպնդված է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որ պատերազմից հետո հանդգնեց շքեղագույն հարսանիք կազմկերպել, զայրացնել ու զարմացնել զինվորական որդիների մահը սգացող սեւազգեստ մայրերին, բայց հանգիստ խղճով շարունակել ղեկավարել մեր երիկրի համար կարեւորագույն թիվ մեկ ոլորտը՝ պաշտպանությունը:

Նունպիսի հանգիստ ինքնավստահությամբ, համոզված եմ, նաեւ այսօր է իր տաքուկ կաբինետ գնացել, բացել աշխատասենյակի դուռն  ու որոշել՝ այսօր ում անունը ներկայացնել պաշտոնից ազատելու համար:

Կառավարության երեկվա նիստի ժամանակ իր տեղում հանգիստ, անվրդով նստած Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր, թե ինչպես է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի ողբերգությունը: Նախքան նիստի մեկնարկը միամտաբար մտածում էի, թե նախարարի փոխարեն դեպքի վերաբերյալ փոխնախարարներից որեւէ մեկը կզեկուցի: Եվ դա այն պարզագույն տրամաբանությունից ելնելով, որ Պապիկյանը ողբերգական միջադեպից ժամեր անց պետք է դեպքի վայրում լիներ: Նա սակայն ոչ միայն գիշերը, այլ նաեւ երեկ ամբողջ օրն առհասարակ դեպքի վայր չի գնացել, ավելին՝ առ այս պահն իր տաքուկ աշխատասենյակում նստած՝ շարունակում է «հրաշքների իր աշխարհը» վայելել: Ճիշտ այնպես, ինչպես հեքիաթում է՝ ժամկետային զինծառայության ընթացքում դանակահարում ես հրամանատարիդ, քրեական գործով անցնում, դատվում, հետո դպրոցում ես երեխաներին կրթում, ու մի օր էլ քո սիրելի առաջնորդը քեզ ասում է՝ «արի պաշտպանության նախարարությունը ղեկավարի…»:

Եթե իշխող «Քաղաքացիական պայամանագիրը» Գեղարքունիքի մարզում կուսակցական հավաք նախաձեռներ, ապա Պապիկյանը, գուցե, հապշտապ մարզ մեկներ: Նախարարության գործերից առաջ նա կուսակցական գործունեությունն է կարեւորում. օրինակները, ցավոք, մեկը կամ երկուսը չեն, բազմաթիվ են եւ աչք ծակող:

Բնականոն կառավարում ու կառավարման ինստիտուտներ ուենցող մեկ այլ երկրում 15 զինվորի մահվան դեպքից հետո ոչ թե խի՜ստ երկրորդական պաշտոնյաներ ու զինվորականներ, այլ առաջին հերթին (եւ, գուցե, միայն) պաշտպանության նախարարը հրաժարական կներկայացներ, ավելին՝ պատասխանատվության կկանչվեր: Եվ հիմա ինչքան էլ Սուրեն Պապիկյանը Փաշինյանի կողքին պինդ-պինդ նստի ու ակնկալի, որ վերջինս, թեւերը փռելով, պաշտպանելու է իրեն (ինչն էլ, ի դեպ, անում է վարչապետը), միեւնույնն է՝ ողբերգության պատճառների ու հետեւանքերի միակ պատասխանատուն, տրամաբանությունից ելնելով ու ի պաշտոնե, պաշտպանության նախարարն է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ