Պաշտպանվելու լավագույն ձեւը հրաժարվելն էր, եւ է՛

190

Կարթագենացի զորավար Հաննիբալից ու Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդից սկսած մինչեւ ֆաշիստական Գերմանիայի ու կայսերական Ճապոնիայի շատ առաջնորդներ ու զորահրամանատարներ համաշխարհային պատմության մեջ հայտնի են ռազմի դաշտում կրած պարտությունը ինքնասպանությամբ հատուցելու արարքով։ Անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, դարձյալ համաշխարհային պատմության մեջ, պետական ու զինվորական այն դեմքերը, որոնք պատերազմում կրած պարտությունը հատուցել են կամավոր կամ հարկադրյալ հրաժարականով։ Նույնիսկ պատահել է,- գոնե ինձ հայտնի միակ դեպքը,- երբ պատերազմը հաղթական ավարտի հասցնելուց հետո երկրի ղեկավարը խորհրդարանում լեյբորիստների ճնշման ներքո ստիպված է եղել հրաժարվել վարչապետի պաշտոնից. դա եղել է 2-րդ աշխարհամարտում դաշնակիցների հաղթանակի գլխավոր ճարտարապետներից Ուինստոն Չերչիլը։

Այս առումով եզակի, բացառիկ անձնավորություններից մեկը պետք է համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ զինված ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատար, որ յամի Տեառն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունեց իր պարտությունը եւ ստորագրեց մեզ համար անձնատվական եռակողմ համաձայնագիրը, փոխանակ…

Պատմությունից ինձ հայտնի է նաեւ, պահելով կամ չպահելով հանդերձ բոլոր համեմատությունները, ընդամենը մեկ անձնավորություն՝ Եգիպտոսի եւ Արաբական աշխարհի մեծագույն առաջնորդ Գամալ Աբդ-էլ-Նասերը, որ 1967-ի 6-օրյա պատերազմում իսրայելական բանակներից ջախջախիչ պարտություն կրելուց, գրեթե ամբողջ Սինաի թերակղզին կորցնելուց հետո ո՛չ ինքնասպան եղավ, ո՛չ էլ հրաժարական տվեց, այլ, փոխարենը, քամահրանքի արժանի մի հայտարարությամբ հանդես եկավ. «Սիոնիստական բանակին մենք արեւելքից էինք սպասում, բայց այն արեւմուտքից հարձակվեց»։ Չհրաժարվելով նա, իմ կարծիքով, հիմը դրեց արաբների հետագա պարտությունների։

Նույնքան ծիծաղելի եւ անպաատասխանատու եղավ մեր Գերագույն Գլխավորի պատասխանը 44-օրյա պատերազմից հետո. «Այո, ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց գլխավոր մեղավոր ե՞մ»։ Ու դեռ երկար է հիշվելու Պետրոս Ղազարյանի հռետորական անդրադարձը այդ անմեղսունակության փորձին՝ Մեղավորը «բա ո՞վ ա»։

Եվ այդ անմեղսունակության փորձերը դեռ շարունակվում են, առայսօր, պարտությունից 18-19 ամիս հետո էլ, նման այն ստախոսին, որ սուտը, ստերը անընդհատ կրկնելուց հետո ինքն էլ է հավատում դրան, դրանց։ Անկեղծորեն ու խորապես հավատում եւ հավատացնում է, որ մեկը կարող է ե՛ւ գլխավոր պատասխանատու լինել, ե՛ւ գլխավոր մեղավոր չլինել։

Իրականում, նույն անձը, փորձելով յուրովսանն պատասխանել՝ «բա ո՞վ ա» հարցումին, փորձում է մեղավորներ փնտրել բոլորի մեջ, բացի իրենից. պաշտպանության նախարարներ, ԶՈՒ պետեր, զորահրամանատարներ, նույնիսկ գերեվարվածներ, որոնց բարեհաջող տուն վերադարձին պետք է հարցաքննության ենթարկել դասալքության եւ դավաճանության կասկածանքով, ինչպես հայտարարել էր Գերագույնը, լկտիության նոր առիթ տալով Իլհամ Ալիեւին, որ մեր գերեվարվածներին ադրբեջանական զնդաններից բաց չթողնելը արդարացնում էր նրանց հայկական բանտախցերից զերծ պահելու մարդասիրակա՜ն նկատառումներով։ Ու պատկերացնել, որ ներքաղաքական այս լարված օրերին Գերագույնը գնում է Նիդերլանդներ, որպեսզի հոլանդացիներից խնդրի միջամտել 36 գերիների ազատ արձակման գործին։

Այո, բացի իրենից բոլորն են մեղավոր։ Մանավանդ ընդդիմությունը, որն այս օրերին, ինչպես խոստացել էր, պայքարը խորհրդարանից տեղափոխել է փողոցներ ու հրապարակներ, հանրահավաքներ ու երթեր է կատարում, քաղաքացիական անհնազանդության ցույցեր կազմակերպում եւ, ամենակարեւորը, Գերագույնի հրաժարականը պահանջում «կապիտուլյանտ» ու «դավաճան» վանկարկումներով։ Եվ ինքը, Գերագույնը, քանի որ իրեն անմեղ է համարում, ցուցարարների դեմ է հանում իր, այո, ի՛ր ոստիկաններին, որոնց, ինչպես տիտղոսավոր պատմաբան ընկերս է ասում, ակադեմիկոսներից ավելի բարձր ռոճիկ է վճարում, անշուշտ պետբյուջեից։ Հազարավոր այդ ոստիկանների գլխավոր պարտականությունը Գերագույնին պաշտպանելն է դարձել, ինչը շատ թանկ է նստում մեր պետբյուջեի վրա, որտեղ միջոցներն արդեն չեն բավարարում երկիրը պաշտպանելու համար։ Ստացվում է՝ անձի պաշտպանությունն ավել կարեւոր է, քան երկրինը, նորանոր ոտնձգությունների դեմ պետական սահմանները պաշտպանելը, Արցախի անվտանգությունն ապահովելը, այնտեղ ծվարած մեր հայրենակիցների կեցությունն ապահովելը։

Իրականում բնավ կարիք չկա իր հրաժարականը պահանջող բազմահազար միտինգավորներից ու ցուցարարներից այդ քանակությամբ զորքով պաշտպանվելու։ Նախ՝ դա ամոթ է, ամոթ՝ ոչ թե անամոթի, այլ մեր պետության համար։ Միայն բռնակալներն են նման խիտ պաշտպանություն ստեղծում իրենց շուրջը։ Ամոթ է նաեւ հազարավոր այն երիտասարդների համար, որոնք հայրենիքի պաշտպանության, զոհված մեր տղաների փոխարեն սահման պահելու, թշնամական ոտնձգությունները դիմագրավելու փոխարեն այժմ վարձված են, վարձկան են դարձել պարտվածին պաշտպանելու համար։ Վիրավորական է այն բազմությունների համար, որոնք դուրս են եկել փողոց, գործ ու դաս թողած, պարտյալ Գերագույն հրամանատարի հրաժարականը պահանջելու։ Իսկապես անարժանապատիվ գործ մեր այդ վառվռուն երիտասարդների, մեր ազնիվ ու հայրենասեր հայրենակիցների համար, որոնք այդ ժամանակն ու եռանդը կարող էին ծառայեցնել իրենց անձի, ընտանիքի, երկրի բարօրության համար։ Նրանք օրինապահ, կարգին քաղաքացիներ են եւ ո՛չ թե խուժաններ։

Ըստ փորձագետների, տանը, փողոցում թե գրասենյակում պաշտպանվելու արդյունավետ ձեւը կանխարգելելն է, իսկ կանխարգելելու լավագույն ձեւը, այս պարագայում, օր առաջ հրաժարվելն է։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ