«Հայաստանն իրեն միայնակ է զգում» վերնագիրը վերջին տարիներին հաճախ է հանդիպել օտար մամուլում, գերմանական լրատվամիջոցներում՝ նմանապես, սակայն վերջին երկու ամսում առօրյա լրահոսը տպավորություն էր ստեղծում, թե Արեւմուտքը ուշադրության առանցքում է պահում Հայաստանը, իսկ Ֆրանսիայի հետ սկիզբ առած ռազմական համագործակցության, Գերմանիայի արտգործնախարարի տարածաշրջան այցը, պաշտոնական Երեւանին մեկուսի զգալու առիթ էլ չեն տալիս: Նոյեմբերի 15-ի երեկոյան գերմանական «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» հրապարակեց Շտեֆան Շոլլի (Stefan Scholl) վերլուծականը՝ վերեւում նշված վերնագրով:
«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը երկրի համար հուսալի դաշնակիցներ չեն, գրում է «Ֆրանկֆուրտեր ռունդշաուի» (այսուհետ՝ «ՖՌ») Ռուսաստանի եւ Ուկրաինայի թղթակիցը՝ հաղորդելով Լուկաշենկոյի մամլո քարտուղարի պարզաբանումը, թե Բելառուսի նախագահը մտահոգություն է հայտնել, առաջարկել ՀՀ վարչապետին չշտապել, լրջորեն մտածել այն քայլերի մասին, որ կարող են հանգեցնել ՀԱՊԿ-ից հեռացման (դեինտեգրացիայի): Խոսքն անշուշտ ՀՀ վարչապետի նոյեմբերի 23-ին Մինսկում գումարվելիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերից հրաժարվելն է: Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ հրապարակավ ափսոսանք է հայտնել Հայաստանի բացակայության համար՝ շեշտելով, թե «կարծիքներ փոխանակելու լավ առիթ կլիներ»: Վերլուծաբանը շարադրում է այդուհետ Մոսկվայի որոշակի շրջանակների կանխատեսումը, թե Փաշինյանը փրկությունը փնտրում է ՆԱՏՕ-ում, իսկ մերձկրեմլյան անվտանգության փորձագետ Իգոր Կորոտչենկոն կարծիք է հայտնում, թե ՀԱՊԿ-ից հեռանալը «հակառուսական որոշում» է, եւ Փաշինյանը կարող է նաեւ կամենալ, որ Գյումրիում ռուսական ռազմաբազան փոխարինվի ֆրանսիական զորակազմով: «ՖՌ» հիշատակում է, որ հոկտեմբերին էլ Փաշինյանը ցուցադրաբար հրաժարվել է Բիշքեկում մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին՝ նախընտրելով Գրանադա գնալ: Այնուհետ Շոլլը ներկայացնում է մեզ ծանոթ քայլերի հերթականությունը՝ սեպտեմբերի սկզբին Հայաստանը զորավարժանք էր անցկացնում ամերիկացի զինվորների մասնակցությամբ, հետո՝ ՀՀ ԱԺ վավերացրեց «Հռոմի ստատուտը», սրանք ՌԴ ԱԳՆ ուշադրությունից չվրիպեցին, առիթ համարեց խոսել «թշնամական քայլերի շարանի» մասին:
Ռուսաստանից Հայաստանի հեռանալու պատճառների աճը պայմանավորված է Ադրբեջանի հետ հակամարտությամբ, գրում է վերլուծաբանը: 2020 թվականին Ղարաբաղի դեմ պատերազմում տարած ռազմական հաղթանակից հետո, ադրբեջանական զորքերը 2021 եւ 2022 թվականներին կրկին հարձակվեցին հայկական տարածքների վրա, գրավեցին 400 քառակուսի կիլոմետր տարածք: ՀԱՊԿ-ը չարձագանքեց, թեպետ դրա կանոնադրությունն իրականում երաշխավորում է ռազմական կոլեկտիվ օգնություն՝ հարձակման ենթարկված որեւէ անդամակցի: Այն փաստը, որ սատարում չեղավ, «բնականաբար հիասթափեցնող էր», Wall Street Journal-ին Փաշինյանի մեկնաբանությունն է ներկայացնում «ՖՌ»-ի վերլուծաբանը: Շտեֆան Շոլլը գրում է, որ հայերի համար հաջորդ հիասթափությունը եղել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի թողտվությամբ 2022-ի վերջին Հայաստանը Արցախին կապող կյանքի զարկերակը՝ Բերձորի ճանապարհը ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնելը, դրան հաջորդեց շրջափակումը, իսկ սեպտեմբերին՝ 100 000 հայերի բռնագաղթը:
«Այդուհանդերձ ՀՀ վարչապետը վստահեցնում է, թե չի կամենում դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ Արեւմուտքը Հայաստանի համար լոկ անորոշ այլընտրանք է, քանի որ վերջինը Ադրբեջանի նավթի եւ գազի հանդեպ հետաքրքրություն ունի», գրում է Շոլլը: «ՖՌ» ներկայացնում է երեւանցի քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի այն ընդգծումը, թե «ԱՄՆ կամ ԵՄ Ադրբեջանի դեմ որեւէ պատժամիջոց չեն կիրառել, իսկ Ռուսաստանում երկու միլիոն հայ է բնակվում, Հայաստանից արտահանման գրեթե 30 տոկոսն է կազմում»:
«Միաժամանակ Հայաստանը սպասում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի նոր հարձակման, որի նպատակն է Հայաստանի հարավ-արեւելքում հաղորդակցության նոր միջանցքի նվաճումը, գրում է «ՖՌ»-ի մեկնաբանը՝ շարունակելով՝ «Ռազմական առումով Երեւանը հերթական անգամ չի կարողանա պաշտպանվել, իսկ երկրում դժվար թե գտնվի մեկը, որ կհավատա, թե Ռուսաստանն այս անգամ կմիջամտի»:
Ի՞նչ է ակնարկում գերմանացի վերլուծաբանը, Ֆրանկֆուրտում հրատարակվող հեղինակավոր պարբերականը: Մի՞թե այն, թե Ռուսաստանից հեռանալու գործընթացը Արեւմուտքի համար լիարժեք ընդունելի կլինի, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գա, Գյումրիից էլ՝ ռազմաբազան հեռանա:
Ե՞ւ… այդժամ կպաշտպանե՞ն Հայաստանին:
Նման խոստում մեզ չեն տվել: Ու՝ չեն տալիս: Եվ չեն տա:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ