Ո՛չ, դա մեր ճանապարհը չէ

234

Օտարերկրյա դեսպանները, հատկապես ներքաղաքական ճգնաժամային պահերին, սովորաբար ձեռնպահ են մնում հրապարակային հայտարարություններ անելուց, իսկ եթե անում են՝ ապա դրանք, այդ հայտարարությունները, լինում են կա՛մ շատ ընդհանրական, կոնկրետիկայից զերծ, կա՛մ շատ կոնկրետ եւ հատու, ես կասեի՝ միջամտողական ու հանձնառու, որն ընդհանրապես գնահատվում է որպես միջամտություն տվյալ երկրի ներքին գործերին։ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիի «Արմենպրես» կիսապաշտոնական գործակալությանը օրերս շնորհած բացառիկ հարցազույցը պատկանում է երրորդ խմբին՝ թելադրողական, նույնիսկ՝ ուղղորդող։

Եվ արդեն, տիկին դեսպանի՝ այս պահին դեռեւս ոչ ամբողջությամբ հրապարակված հարցազրույցի միտքը, թե Մ. Նահանգները հանձնառու է «օգնել հայ ժողովրդին կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին եւ վերահաստատեց 2021-ին», չունի՛ այլ որակում, քան ուղղորդումը, թելադրանքը, նույնիսկ պայմանադրումը՝ «եթե այդ ճանապարհով չգնաք, ձեզ չենք օգնի» մեկնաբանութամբ։

Մի կողմ թողնենք այդ օգնության նյութական մասը, որը կարող է մեզ փորձության տանել քննարկելու եւ համեմատություններ անելու ամերիկյան նախորդ ու ներկա հատկացումների միջեւ։ Ինչպես ասում է հայկական հին ասացվածքը՝ «Նվեր տրված ձիու ատամները չեն հաշվում»։ Համենայնդեպս շնորհակալություն հայտնենք եւ անցնենք մեջբերված տողի մյուս բառին՝ «ճանապարհ»ին։ Ի՞նչ կամ ո՞ր ճանապարհի մասին է խոսքը։ Ձեւով ժողովրդավարական, իսկ բովանդակությամբ ամբոխավարական իշխանազավթո՞ւմը։ Դատարանների դռները դատավորների առաջ փակե՞լը, Սահմանադրական դատարանը գործադիր  իշխանությանը, ավելի ճիշտ՝ գործադիրի պետին ենթարկեցնե՞լը, հակաօրինական եւ անհիմն մեղադրանքներով քաղաքական գործիչներին, այդ թվում՝ նախկին նախագահին ու մեծանուն բժշկին երկարաժամկետ արգելափակման տակ պահե՞լը, մարդկանց ցուցադրաբար ասֆալտին փռե՞լը, ներազգային ատելության ու պառակտումի հրահրո՞ւմը, տնտեսության գրեթե լիակատար փլուզո՞ւմը ապաշնորհ կառավարման հետեւանքով, ողջ աշխարհը սարսափի մատնած համավարակի ծաղրական դիմավորո՞ւմը, որի հետեւանքով մեր երկիրը միջազգային մրցանիշ հաստատեց մահացածների տոկոսով, թե՞ արտաքին հարաբերություններում արձանագրված ձախողությունները, որոնք պատճառ դարձան երկու նախարարների ու մի շարք դեսպանների պաշտոնից հրաժարման։

Տիկին դեսպանն իր երկրի անունից խոստանում է օգնել հայ ժողովրդին նաեւ 2021 թ.ի ընտրությունների ճանապարհով ընթանալու պայմանով։ Իսկապես տարողունակ խոստում։ Կարիք չկա այդ ընտրապայքարի եւ բուն ընտրական պրոցեսի ընթացքում կատարված ապօրինությունների, պետական հսկիչ մարմինների, մեղմ ասած, անգործության մասին։ Սակայն ըստ երեւույթին կարիք կա այդ ընտրությունների արդյունքում Հայաստան երկրում տեղի ունեցած արմատական, սահմանադրական փոփոխության մասին խոսելու։ Եթե մինչ այդ, գովական 2018 թ.ից սկսած, Հայաստանը բռնել էր մենատիրության ուղին, ապա 2021-ի ընտրությամբ այն ցատկ կատարեց դեպի բռնատիրություն, եւ սահմանադրորեն խորհրդարանական կոչվող վարչաձեւը վերածվեց վարչապետականի, խորհրդարանին վերապահելով բռնատիրոջ իշխանությունը պահպանողի, օրենքներ վավերացնողի, այսինքն՝ ենթակայի դերը։ Ցույց տվեք գեթ մեկ դեպք, երբ խորհրդարանի մեծամասնությունը մերժել է հաստատել կառավարությունից ստացված օրենքի որեւէ նախագիծ։

Այո, Հայաստանը դարձել է վարչապետական երկիր, որտեղ խորհրդարանը կառավարության ածանցյալն է։ Դրանում առաջին հերթին պետք է քննադատել ոչ թե բռնադատողին, այլ հենց քննադատվողին, որը թույ էլ տվել, այն էլ՝ հաճույքով կամ աշխատավարձ-պարգեւավճարի դիմաց իրեն կողոպտել, զրկել իրավունքներից, որը նշանակում է իրավազրկել ժողովրդին։

Մինչ այս ես չանդրադարձա 44-օրյա պատերազմին, մեր պարտությանը, մեր զոհերին ու հաշմանդամներին, մեր կորցրած տարածքներին ու դեռ մեր կրծոտվող երկրին։ Դա խիստ ցավոտ թեմա է։ Մի օր, տարիներ անց, կբացվեն մեր եւ այլ երկրների, ներառյալ բարեկամ Մ. Նահանգների, մյուս բարեկամների, նաեւ մեր պաշտոնական դաշնակցի՝ Ռուսաստանի պետական գաղտնի փաստաթղթերը, եւ բոլորս կհամոզվենք, որ այդ երկրները, յուրաքանչյուրն իր շահագրգռությունից մղված, օգտվելով միապետի ապիկարությունից, սադրեցին մեր դեմ, ու տակավին շարունակում են սադրել «խաղաղ գոյակեցություն» անվան տակ։

Մեր ժողովրդի ընտիր մասը, հատկապես ամենածանր կորուստները տված մեր երիտասարդությունն այս օրերին, Երեւանի եւ այլ բնակավայրերի փողոցներում զանգվածային իր «Ոչն» է ասում մոտիկ եւ հեռու թշնամիներին, մոտիկ եւ հեռու բարեկամներին, վերջինների թվում՝ Ամերիկայի Մ. Նահանգների կառավարությանը։ Իր «Ոչն» է ասում առաջին հերթին այն իշխանությանը, որը սադրիչների հետ սադրեց, անխելքությամբ, ապիկարությամբ, շահամոլությամբ եւ մասամբ նոցին։ Ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների, նաեւ Մ. Նահանգների մեջ տեղի ունեցածի, այդ մարդիկ բոլորովին խաղաղ երթերով, հանրահավաքներով ու հարակից գործողություններով պահանջում են գլխավոր իշխանավորի եւ իշխանությունների հեռացումը, նրա փոխարինումը հայրենասեր, խելոք ու զարգացած մարդկանցով։ Հետեւաբար բոլորովին անտեղի է որեւէ հուշում, թելադրանք եւ ուղղորդում, որը մեր հայրենիքը կրկին կկանգնեցնի 2018-ի կամ 2021-ի անիծյալ ճանապարհի վրա։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ