Շուշիի ազատագրումը Իրանի նախագահ Ռաֆսանջանիի հուշագրություններում

139

Երեսուն տարի առաջ, 1992 թվականի մայիսին, Շուշիի ազատագրման համար  ընթացող հատուկ գործողությունների  նախօրեին, Իրանի նախագահ Ռաֆսանջանիի միջնորդությամբ Թեհրանում  եռակողմ բանակցություններ էին ընթանում՝  ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ  տեքստի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար:  

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանինը՝  ԱՀ նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը:

Անշուշտ, Հայաստանի համար պատմական համարվող թեհրանյան հանդիպումներից հուշերով գերբեռնված հայկական պատվիրակության   յուրաքանչյուր անդամ ականատեսի իրավունքով պատմությունը վավերագրելու սեփական  մոտեցումն ու «ձեռագիրն» է ունեցել: Սակայն, խաղաղարար միջնորդի առաքելությունն  ստանձնած ԻԻՀ նախագահ Ռաֆսանջանիի՝ եռակողմ բանակցությունների մասին հուշերը նույնպես պատմական անցքերը վեր հանելու առումով  բացառիկ  արժեք են ներկայացնում:

 Թարգմանաբար  ներկայացնում ենք 2017 թվականին մահկանացուն կնքած  Իրանի էքս-նախագահ Ռաֆսանջանիի հուշագրությունների՝ Իրան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններին վերաբերող   հատվածը,  որը ներառում  է 1992 թվականի մայիսի 7-ից 23-ը:  

Հինգշաբթի, 1992 թ. մայիսի 7

Մինչեւ կեսօր ավարտին հասցրեցի  ընթացիկ գործերս: Հյուրերին վերաբերող խնդիրներով զբաղվելու համար չեղարկեցի բոլոր  կողմնակի հանդիպումներս: Առավոտյան ժ 11.00-ին ինձ մոտ եկան երկու պատվիրակությունները՝  թե՛ ազերիները,՛ եւ թե՛ հայերը: Պաշտոնական եւ ընդլայնված հանդիպումների համար նախատեսված աշխատանքներին առավել սահուն ընթացք տալու նպատակով,  տեւական ժամանակ զբաղվեցինք նախնական բանակցություններով: Պարզվեց, որ  Ադրբեջանի ու Հայաստանի  նախագահներ Մամեդովն ու Տեր-Պետրոսյանը մինչ այդ  չէին հանդիպել,  բայց հեռախոսային կապով  շփվելու առիթներ ունեցել էին:

Հանդիպումը  տեղի  ունեցավ «ավազանի»  նախասրահում:  Մենք տեղավորվեցինք  կլոր ավազանի շուրջը: Ես նստել էի երկու նախագահների մեջտեղում: Սկզբում ընդհանուր ձեւակերպումներով ես խոսեցի առճակատումների պատճառած  վնասների ու խաղաղության առավելությունների մասին:  Հետո քննարկման նյութ դարձրինք երկու կողմերի ստորագրման համար նախապատրաստված փաստաթղթի տեքստը: Ընդհանուր գծերով  կար համաձայնություն,  բայց որոշ ձեւակերպումների ու դրույթների շուրջ   տարակարծություններ  առաջացան:

Հայկական պատվիրակությունն ավելի  համակարգված էր աշխատում, ու ենթարկվում նախագահին, բայց ադրբեջանական պատվիրակության անդամների միջեւ կար տարաձայնություն: Նույնիսկ ոմանք աշխատում էին խոչընդոտներ հարուցել իրենց ղեկավարի համար,  կամ էլ իրանական միջնորդությունը տապալելու փորձեր էին անում: Այդպիսին էր, օրինակ,  Ադրբեջանի արտգործնախարարը:

Առանձին դրույթների շուրջ համաձայնության գալուց հետո, ազերիները նենգադուլի էին ենթարկում կատարված աշխատանքը: Ի վերջո,  ստիպված եղանք  առանձնանալ, որի արդյունքում  ոչ լիարժեք   համաձայնություն ձեռք բերվեց:  Այնուհետեւ ներկայացանք պաշտոնական հանդիպմանը: Իմ,  ինչպես նաեւ կողմերի  պաշտոնական ու ընդհանուր ելույթներից  հետո,  առանձնացրեցինք փաստաթղթում զետեղելու համար  նախատեսված դրույթները:

Կեսօրից հետո՝ ժ. 3.00-ին, քննարկումներն ավարտելուց հետո, պայմանավորվեցինք  ստորագրմանը ներկայացվող հայտարարության տեքստի նախապատրաստումը հանձնարարել երեք կողմերի փորձագետներին:  

Բոլորը հեռացան հանգստանալու: Ես էլ լքեցի հանդիպման վայրը՝ նամազ անելու, ճաշելու, հանգստանալու եւ  գրասենյակային աշխատանքներս ավարտին հասցնելու նպատակով:

Հանգստից հետո ադրբեջանական պատվիրակությունը ներկայացավ բանակցությունների երկրորդ փուլին: Նրանք պիտի Մեշհեդ մեկնեին, բայց հայտնեցին, որ հրաժարվում են նախատեսված  ծրագրից, ու փոխարենը՝ ցանկություն ունեն նույն  օրը վերադառնալ Ադրբեջան:

Բանակցություններն  ընթացան փաստաթղթի վերջնական տարբերակի շուրջ: Պարզվեց, որ նրանց փորձագետները  կասկածահարույց  ձեւակերպումներ  են մտցրել:

Նախ, ստորագրեցինք Իրանի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության երկկողմ  փաստաթղթեր: Ադրբեջանցիներին 500 միլիոն դոլարի վարկ տրամադրեցինք՝ իրանական  ապրանք գնելու նպատակով:

Հրադադարի շուրջ տեղի ուենցած քննարկումներն անավարտ մնալու պատճառով, ադրբեջանական  կողմին առաջարկեցինք գիշերել Թեհրանում՝ հայկական կողմի հետ խնդիրները կրկին համաձայնեցնելու նպատակով:  

Երեկոյան նամազից հետո, հայերը եկան, ու մենք  վերսկսեցինք բանակցությունները: Սակայն, ադրբեջանական կողմի նոր առաջարկությունների պատճառով արդյունքի  չհասանք: Ընդհանուր  ուղղորդումներից հետո,  փորձագետներին հանձնարարեցինք պատրաստել տեքստի վերջնական տարբերակը: Ազերիները վերադարձան իրենց կեցավայրը, իսկ մենք, հայկական կողմի հետ պաշտոնական արարողությունների ընթացքում, լրագրողների ներկայությամբ, ստորագրեցինք  երկկողմ բնույթի փաստաթղթեր:

Այնուհետեւ  ներկայացանք ընդունելությանը: Տիկինս՝ Էֆֆաթն էլ, տիկին Տեր-Պետրոսյանի պատվին նավթի նախարարության հյուրատանն էր  ընդունելություն կազմակերպել: Ընթրիքի սեղանին Հայաստանում տիրող իրավիճակի մասին բազմաթիվ հարցեր տվեցի: Նրանց հարաբերությունները ռուսների հետ վատ չեն, եւ հակառակ մյուսների, Ռուսաստանի ապագայի նկատմամբ լավատես են: Զինտեխնիկայի վերաբաշխման ժամանակ բավարար չափով մասնաբաժին ստանալու հույսեր ունեն: Սիրիայի  հետ  էլ  լավ  հարաբերություններ են զարգացնում: Նրանց խնդիրները կապված են վառելիքի, սննդամթերքի ու աշխատատեղերի հետ: Հայերի  թույլ կողմը Ադրբեջանի հետ հաղորդակցական ուղիների փակ լինելն է, որի համար էլ ձգտում են խաղաղության:  Երկու պատվիրակությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ օրն առավոտյան ժ. 8.00-ին ներկայանալ  համատեղ հայտարարության ավարտական տեքստն ստորագրելու եւ հաստատելու համար: 

Ուրբաթ, 1992 թ. մայիսի 8

Առավոտյան նամազից հետո կիսատ մնացած  գործերս ավարտին հասցրեցի, որպեսզի Թուրքմենստան մեկնելուց անկատար  գործեր  չունենամ: Առավոտյան ժամը ութին ԱԳ նախարար դոկտոր Վելայաթին եկավ ու զեկուցեց փորձագետների կատարած աշխատանքի մասին: Պարզվեց, մինչեւ կես գիշերվա ժ  3.30, առանց որեւէ արդյունքի,  բանակցել են:

Առավոտյան ժամը 8:15   երկու պատվիրակությունների անդամները  ներկայացան նախատեսված  հանդիպմանը: Մեկ ժամ  բանակցելուց հետո, վերջապես տեքստի շուրջ համաձայնության եկանք: Կարեւոր կետերն էին՝  համաձայնություն մեկշաբաթյա հրադադարի շուրջ,  գալիք շաբաթվա ընթացքում Իրանի հատուկ բանագնացի այցելությունը հակամարտության  գոտի, եւ,  Հայաստանի ապաշրջափակումը (բացառությամբ ռազմամթերքի), ինչպես նաեւ՝ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցությունների կարգը: 

Պաշտոնական եւ հրապարակային  արարողությունների ժամանակ ստորագրեցինք եռակողմ փաստաթուղթը, որին հետեւած մամուլի ասուլիսի ժամանակ  իմ կարճ ելույթից հետո, մեկնեցի օդանավակայան: Սովորականի պես, անձամբ  հյուրերին չուղեկցեցի, քանի որ  երկու նախագահների հետ  առանձին օդանավակայան մեկնելու դեպքում շատ ժամանակ կկորցնեի: 

Հյուրերից ավելի շուտ հասա օդանավակայան: Առաջինը, մամուլի ասուլիսից հետո,   ադրբեջանցիներին հրաժեշտ տվեցի:  Հետո պատրաստվում էի հրաժեշտ տալ   Սպահան մեկնող  հայաստանցի հյուրերին: Նախապես Հայաստանի պատվիրակությանն առաջարկել էի այցելել   գորգերի թանգարան, որպեսզի  արարողությունների համար ժամանակ շահեմ: 

Նախքան համատեղ հայտարարության ստորագրումը, Բաքվից զանգահարել էր  Ադրբեջանի վարչապետը, եւ Բաքվում  մեր դեսպան Նահավանդիանին տեղեկացրել, որ առավոտյան հայերը մի քանի ուղղություններով  հարձակվել են  Շուշիի վրա,  եւ  առաջ են շարժվում: Նա խնդրել էր, որ ես հայերի հետ խոսեմ՝  նրանց առաջխաղացումը կասեցնելու համար:

Օդանավակայանում լուրը հայտնեցին Մամեդովին: Խոստացա շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի  բախումները  դադարեցվեն: Խոսեցի  հայերի հետ: Մի քիչ  կարկամեցին, ասելով, որ անտեղյակ են: Նրանք ենթադրում էին, որ հավանաբար  ազերիներն են նախահարձակ եղել: Հայկական պատվիրակությունը անմիջապես հեռախոսակապ հաստատեց Երեւանի հետ, ու պահանջվեց դադարեցնել ռազմական գործողությունները: Բախումների փաստը հաստատվեց, սակայն՝ ոչ ներկայացված   ծավալներով:

Նրանք խիստ  զարմացած ու հիացած էին իմ  համբերատարությամբ, որ կարողացել եմ մասնակցել երկարատեւ ու հոգնեցուցիչ բանակցություններին,  ու ինձ հաջողվել  էր նրանց հակասական տեսակետները մոտեցնել: 

Բանակցությունների ընթացքում  պահը հարմար էի գտել, ու մեջլիսի երկրորդ շրջանի ընտրություններին մասնակցելու համար գնացել էի Իմամ Խոմեյնիի մզկիթն ու, հյուրերին ճամփելուց հետո, միայն կարողացել էի  տուն վերադառնալ:

Շաբաթ, 1992 թ. մայիսի 9

Առավոտյան Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը հեռախոսով բողոքեց Շուշիում ռուսների հարձակման համար, եւ խնդրեց, որքան հնարավոր է շուտ հրադադարի  ուղղությամբ քայլեր ձեռնարկեմ:  Աշխաբադից հեռախոսով խոսեցի ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանի հետ: Նա էլ, իր հերթին  մտահոգվեց, ու խնդրեց բանագնաց Մահմուդ Վաեզիին շտապ   գործուղել հակամարտության  գոտի: 

Կիրակի, 1992 թ. մայիսի 10

Մահմուդ Վաեզիին,  միջնորդական առաքելությունից բխող գործառույթներն իրականացնելու նպատակով, գործուղեցի Ադրբեջան ու Հայաստան:

Շաբաթ, 1992 թ. մայիսի 23

Երեկոյան Ազգային անվտանգության գերագույն խորհրդում քննարկեցինք Ղարաբաղին, հայ-ադրբեջանական առճակատմանը, Նախիջեւանին, Աֆղանստանին ու Արաք քաղաքում տեղի ունեցած  իրադարձություններին վերաբերող հարցեր: Պայմանավորվեցինք ընդունել  Նախիջեւան եւ Հայաստան դիտորդ ուղարկելու առաջարկը: Համաձայնության եկանք օգնել Ադրբեջանին՝ մինչ թեհրանյան խորհրդաժողովի իրավիճակին վերադառնալու պահանջով  դիմել  Հայաստանին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

Լուսանկարում. ձախից աջ՝ Յաղուբ Մամեդով, Ռաֆսանջանի, Լեւոն Տեր-Պերտոսյան, կողքին՝ Գրիգոր Առաքելյանը՝ թարգմանչի պաշտոնով: