Նվեր ընթերցողին՝ տարիների հեռվից

53

Ավետիք Իսահակյանի «Ուստա Կարո եւ Օրթե Հարութ» վեպի նոր հրատարակությունը

Հարյուրամյա այդ նվերը մեծ բանաստեղծ ու գրող Ավետիք Իսահակյանից՝ զգալի մասով մինչ այժմ անտիպ, 950 էջ ընդհանուր ծավալով «Ուստա Կարո եւ Օրթե Հարութ» վեպն է (երկրորդ տարբերակ), որը որպես նրա երկերի լիակատար ժողովածուի ութերորդ հատորի առաջին գիրք՝ հրատարակության է ներկայացրել, խմբագրական խորհուրդը՝ Ավիկ Իսահակյանի գլխավորությամբ։ Բնագրերը հրատարակության են պատրաստել Գուրգեն Գասպարյանը եւ Լաուրա Վիրաբյանը։

Ավետիք Իսահակյանն այն հազվագյուտ հայ հեղինակներից է, որին հավասար ուժով ու տաղանդով հաջողվել է գրել ե՛ւ չափածո, ե՛ւ արձակ ստեղծագործություններ, ընդ որում՝ հաճախ այդ երկուսի միջեւ սահմանները տարրալուծվել են, ինչպես «Լիլիթ»-ում։

Իսահակյանի երկերին բնորոշ է եւս մի հատկություն, որ շատերն են ընդգծել. տարբեր տարիքում նրա բացարձակապես տարբեր գործեր են սրտամոտ դառնում, հատկապես հուզում, երբ նոր խորքեր ես հայտնաբերում․ վերջիվերջո, նա մեր ամենաերկար ապրած ու ստեղծագործած բանաստեղծ-արձակագիրներից է։ Իսահակյանը ոչ միայն ներդաշնակ էր ու պահանջված իր հայրենիքում՝ բոլոր ժամանակներում (ու, ինչը պակաս կարեւոր չէ, նա դեռ կենդանության օրոք արժանի փառք ու միջազգային հռչակ էր վայելում), այլեւ ապրելով արտասահմանում՝ աշխատեց ներդաշնակ լինել նաեւ այդ միջավայրին, չպարփակվեց ինքն իր մեջ, չչարացավ, Մուսան չլքեց նրան։ Այդ աննկուն Ոգու արտահայտությունն էր նաեւ «Ուստա Կարո» վեպը։

Վեպի երկրորդ, «համայնապարփակ» տարբերակն առաջինից տարբերվում է նրանով, որ գրվել է արդեն նոր պայմաններում, երբ իրագործվեցին Հայոց ցեղասպանությունը, Արեւմտյան Հայաստանի հայաթափումը, Նախիջեւանի ու Արցախի բռնակցումն Ադրբեջանին․ թեեւ դրանք ուղղակիորեն չեն արտացոլվել վեպում, այնուամենայնիվ, շատ հարցադրումներ արդեն արված են այլ լույսի ներքո. այն, ինչ մի քանի տարի առաջ իրականություն էր, այսօր պատկերվում է որպես քաղցր երազ։ Անհրաժեշտ էր վերագնահատում՝ «ի տես բոլոր այն սնանկությանց, որոնք եղան մեծ պատերազմի ընթացքին, եւ հետ-պատերազմի շրջանում – սնանկություն պետությունների, դեմոկրատիայի, սոցիալիզմի, կոմունիզմի, հումանիտեի եւ այլն…»։

Վեպի առաջին տարբերակի անվանաթերթին գերմաներեն գրված է՝ ««Ուստա Կարո». երգիծական վեպ հայ ժողովրդի կյանքից»: Ի սկզբանե ծրագրվելով որպես երգիծական վեպ՝ «Ուստա Կարոն» աստիճանաբար ստացավ ողբերգական երանգներ, քանզի այդպիսին էր իրականությունը։ Միգուցե այս հակասությունն էլ վեպի անավարտ մնալու խորքային պատճառներից էր։ Հայկական հարցի գեղարվեստա-փիլիսոփայական վերաիմաստավորմանը կոչված լայնակտավ երկը կարող է ավարտվել միայն այն օրը, երբ որ «կլուծվի Հայկական հարցը» (Իսահակյանի բնորոշումն է):

Վեպի մի քանի գլուխներ տպագրվեցին սփյուռքահայ պարբերականներում, սակայն առանձին գրքով այն հրատարակելու ջանքերը միջոցների չգոյության պատճառով ի դերեւ ելան։ Այդուհանդերձ, Վարպետը մինչեւ իր կյանքի վերջը շարունակում է աշխատել վեպի վրա։ Եվ ահա, վեպն ամբողջությամբ, բոլոր պահպանված գլուխներով եւ պատառիկներով (հետագա հատորներում կզետեղվեն վեպին առնչվող հատվածական բնագրերը եւ այլ նյութեր) տպագրվում է առաջին անգամ, լիակատար ժողովածուի կազմում, հովանավորությամբ Միքայել եւ Կարեն Վարդանյանների։

Վեպի երկրորդ տարբերակը սկսվում է հավաքույթ-խնջույքի կենդանի նկարագրությամբ, որի մասնակիցներն են ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ՝ Ուստա Կարոն, նրա անբաժան ընկեր Չավուշենց Փիլոսը, երեցփոխ Տոնոն, դաշնակցական քարոզիչ պ․ Կայծակը, աշուղ Փելեշը եւ ուրիշներ։ Նրանց զրույցը լի է խոհափիլիսոփայական մտքի գոհարներով. «Սո՛ւտ, առասպե՛լ,– հեգնանքով բարձր կրկնեց Ուստան,– սուտ բանը չի խոսվի հարյուր տարիներով, թե որ խոսվում է, ասել է՝ եղել է ու կա…»։ Իսկ Ուստայի եւ պ․ Կայծակի միջեւ բանավեճը վեպում արծարծվող առաջին դիլեման է․ արժի՞ մեռնել հանուն կնոջ, թե՞ կամավոր մահը միայն հանուն ազգի է ընդունելի։

Ավիկ Իսահակյանը «Կյանքի գիրքը» հոդվածում (2006) նշում է, որ Ուստա Կարոն առավել նման է Դոն Կիխոտին, քան թե Դոդեի հերոս Տարասկոնցի Տարտարենին, որն «ավելի շատ տնաբույծ քաջագործ է՝ սուտասան եւ երեւակայող, խորամանկ եւ հաշվենկատ, ասես լինի Դոն Կիխոտի եւ Սանչո Պանսայի խառնուրդը, մինչդեռ Իսահակյանի Ուստա Կարոն ճիշտ եւ ճիշտ հայկական Դոն Կիխոտն է՝ մաքուր եւ ազնիվ իր նպատակների մեջ…»։ Բացի այդ, կարծում եմ, վեպի համար ծրագրային է Իսահակյանի «Ուլենշպիգել» վեպի մասին» (1946) հոդվածը, որտեղ նա Շառլ դը Կոստերի վեպը բնորոշում է որպես ազգային գիտակցություն տվող, ժողովուրդների բախտը կռող ու նրանց ապագա ուղին մատնանշող։ Թիլը, ինչպես եւ Ուստան, սրամիտ է, նա էլ հեղափոխական է ու նա էլ հավատում է հոգու գոյությանը։ Վեպին բնորոշ են ուլենշպիգելյան հումորն ու շարադրանքի թեթեւությունը։ Ուլենշպիգելն էլ Ուստա Կարոյի եւ Օրթե Հարութի նման հավաքական կերպար է, սակայն եթե դը Կոստերը Թիլի կերպարը վերցրել էր գերմանական եւ ֆլամանդական ֆոլկլորից, ապա Ուստա Կարոն Իսահակյանի հորինվածքն է։

Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրից» դեռ շատ առաջ վեպի գլխավոր հերոս է դառնում աղբյուր շինող վարպետը։ Կարոն կիսում է Իսահակյանի նախասիրությունները, իրականացնում է նրա երազանքները։ Վեպում առկա է իսահակյանական լեյտմոտիվը՝ քարավանը. Կարոն քարավանապետ է եղել, շրջել աշխարհում։ Ուստան ունի իր հավատարիմ ընկերն ու օգնականը՝ Չավուշը, ինչպիսին Դոն Կիխոտի համար Սանչո Պանսան էր եւ Ուլենշպիգելի համար՝ Լամմե Գուդզակը: Ժանրի օրենքներով Ուստան պիտի ամուսնացած չլինի, բայց սիրի իդեալական կնոջը, որը խորհրդանշի հայրենիքը, երազը, գաղափարը։ Ուստան ունի սիրելի էշ՝ Միրզան, ինչպես Ուլենշպիգելի «ընկեր էշն» էր՝ Յեֆը։

Հայտնի է, որ Իսահակյանը վեպի համար հաճախ գրառումներ է կատարել թղթի պատառիկների վրա․ դրանցում էլ շատ են մտքի, ոճի մարգարիտները, մասնավորապես Աստծու վերաբերյալ, ինչպես այս մեկը․«Մարդիկ Աստծուն ստեղծել են մահի վախից։ Չհաշտվելով մահի հետ, ստեղծել են Աստծուն։ Եթե մահը չլիներ, Աստված էլ չէր ստեղծվի։ Պետք չէր։ Ավելորդ բան էր»։ Վեպի ամենաազդեցիկ կերպարներից մեկը՝ Աստծուց խռով մշեցի որդեկորույս կինը, մտորում է. «Բա, էն տաճկացել է, էն որ կասեն՝ ամենազոր է, ու ամենաարդար է՝ իր աչքով կտեսնի խաչապաշտ հայու ջարդն ու կոտորումը․ էն կտեսնի, թե այլազգ ո՞րման մոր աչքի առաջ մանուկ կմորթեն, էն օգնության չի հասնի, իր խաչ, իր ավետարան, իր ժամ կպղծեն, կթքեն, շննոց կդարձնեն, էն բան չի ասե։ Էն չի թյուրքացել, բա ե՞ս եմ թյուրքացել»։ Եվ եթե Ուստան ընդունել, ներդաշնակվել է Աստծու հետ, ապա նրա ընկերը, բայց եւ անտիպոդը (հակապատկերը)՝ Հարութը, Աստծու հետ խռով է. «համոզված էր նրա չարության վրա եւ նրա շինած աշխարհի անկատարության վրա»։ Ուստան Աստծո եւ մարդկության մեջ տեսնում է բարին, Հարութը՝ գազանությունը։ Հերոսների բանավեճերը ամբողջական չէին լինի, եթե չքննարկվեին հեղինակին հուզող աստվածաբանական, աշխարհաճանաչողական հարցեր. «…ինչո՞ւ Աստված մեր աչքի առջեւ չի պատժի չարին, սպանողին․ կամ օրթե չի կարող չարը ջնջել, կնշանակե ամենակարող չէ, օրթե կարող է ու չի անե, կնշանակե՝ չար է…»։ Այս խոսակցությունն, անշուշտ, հայկական ջարդերի ազդեցությամբ է, դրա մասին եւ Իսահակյանն է գրում. «Շիրակի գյուղական ժողովրդի ուղղափառ հավատին դեպի ամենակարող Աստվածը նվազ չհարվածեցին հայկական ահավոր ջարդերը, նյութված Սուլթան Համիդից եւ կատաղած թյուրք ժողովրդի ձեռքով…»։

Վեպում առկա են հայերի փոխօգնության գաղափարը («իմ տունս – քուկդ է, իմ քսակը – քուկդ է»), ժողովրդավարության ոգին («անուս գյուղացիները իրենց բնական խելքով ընդունակ են հասկանալու շատ գաղափարներ, որոնք իբրեւ թե միայն մտավորականներին են սեփական»)։ Դառը ճշմարտությունն ասվում է տարբեր հերոսների բերանով. «Գեորգ Չավուշ հրացան ավելի կսիրե ու կպաշտե, քան քահանան իր մաշտոց ու մասնատուփ, քան գուսան իր սազ, քան փեսեն իր հարս։ Էն կասե, որ զենք կփրկե ազգ, զենք, զենք։ Էն կասե, որ մեկ չախմախ հրացան ավելի բարեկամ-պաշտպան է հայու ազգին, քան խաչապաշտ ֆռանկ ու ինգլիզ հայու ազգին»։

Գրքում մեկ այլ խորիմաստ կռահում էլ կա․ երբ տարբեր հայեր հավաքված խոսում են թուրքերի մասին՝ ամենակոշտ արտահայտություններով, ու բոլորը իրար հետ համաձայնում են, սա մի ոչ պատահական դիտարկում է, թերեւս առաջին անգամ մեզանում, որ հայ ժողովրդին համախմբողը, միացնողը դառնում է թուրքի պես բարբարոս, ոչնչի դեմ չկանգնող թշնամի ունենալը։ Ինչպես էլ դա անվանես, ճակատագրից չես փախչի․․․

Գրեթե բոլոր դասի գործող անձինք դրական են, լավը՝ արհեստավորը, հովիվը, հոգեւորականը, կուսակցական քարոզիչը, վարժապետը, ու բոլորը մտածում են հայ ազգի մասին։ Վեպում այսօր մեզ շատ պակասող սեր եւ համերաշխություն կա։ Իսահակյանը գրել է այնպես, ինչպես կուզեր, որ լինի․ «հայի տերը հայը պիտի ըլնի»։ Իր իսկ՝ «Ուլենշպիգելի» մասին ասված բառերով՝ նա փորձեց ստեղծել «մի նոր ժողովուրդ, մի նոր հայրենիք»։ Իսահակյանական Հայաստանում չկա եւ տեղայնություն, բոլորի մասին լավ է խոսվում, նույնիսկ երբ ստամբուլցի հայերին մեկը քննադատում է սուտ խոսելու, կեղծավորությամբ իրենց գլուխը պահելու համար, իսկույն նրանց վիճակը հասկացողներ եւ արդարացնողներ են լինում։

Վեպի հերոսները համակված են հայկական հեքիաթներին հատուկ արդարության զգացումով: Պատահական չէ, որ վեպի կրտսեր հերոս Օրթե Հարութը բողոքում է աշխարհի անարդարությունից, «պակասավորությունից»՝ ցավ ու աղքատությունից, թուրքերից ու պատերազմից, ծերությունից ու մահից, ինչպես Փոքր Մհերը, եւ նախընտրում պատսպարվել գեղեցիկ երազների աշխարհում։ Սա հայ գրականության համար բոլորովին նոր, նախադեպ չունեցող վեպ է, հայկական կյանքի տարբեր կողմերը ներկայացնող մի հանրագիտարան։ Որպես կերպար՝ Ուստա Կարոն միանգամից մի քանի գրական արխետիպներ է իր մեջ համատեղում՝ տրիքստեր, թափառական ասպետ եւ իմաստուն, ինչն, անշուշտ, նշանակալի նորարարություն էր։

Կերպարային կառուցվածքով վեպը բոլորովին տարբեր է Չարենցի «Երկիր Նաիրիից», բացի այդ, եթե առաջինը լի է բարությամբ, ապա երկրորդն անխնա ծաղրում է, վերջիվերջո՝ դրա հեղինակը բոլշեւիզմով խիստ տարված երիտասարդ բանաստեղծն էր։ Անշուշտ, կան նաեւ համահունչ մտքեր, ինչպես այս մեկը. «–Կարելի է՝ այս բոլորը՝ ամբողջ տիեզերքը զառանցանք է, երազ է, եւ մենք երազում ենք, կարելի է՝ մենք էլ չկանք։ Բան չեմ հասկանում, բայց մենք կանք, ես կամ, դու կաս, աստղերը կան…» («Ուստա Կարո եւ Օրթե Հարութ»)։ Տերյանի մոտ քնարական հերոսն է անէացող՝ «Ես էլ դու եմ՝ ես չըկամ» եւ հայրենիքը՝ «ցնորք Նաիրի», Չարենցի մոտ Նաիրին «դառնում է աներեւույթ, ցնդում է, որպես ծուխ, կամ ցնորք», «եւ կա, եւ չկա»։ Արթուր Շոպենհաուերի մոտ երաժշտություն լսելիս էր նման միտք ծագում, որ իր եւ բոլոր մարդկանց կյանքն ինչ-որ հավերժական ոգու երազներն են, իսկ մահն արթնացում է։ Վերջիվերջո, նրա ուսմունքի հիմնարար գաղափարներից էր այն, որ շրջակա աշխարհը գոյություն ունի սոսկ որպես պատկերացում։

Վեպի էջերում անպակաս է եւ իսահակյանական հումորը․

«–Կըսեն թե՝ Յապպոնները ռուսի թագավորի բուրդը լավըմ գզեր են․ քաղաք քաղքի վրա տալով՝ թագավորի զորքը «վա՜յ մերիկ» կանչելով կփախնի․ էդ ի՜նչ աժդահա մարդիկ են եղեր յապպոնները…

–Ասպած է ղրկե էդոնց մեր հայի ոխն առնելու համար… ըպա՞, Էջմիածնի դուռը կկոտրեն, Լուսավորչա աջն ու խաչը տանելու, մեր ժամերու, մեր ուսումնարաններու մյուլքը կառնեն, հիմի թո՛ղ մեկին հազար տան, Լուսավորչու անեծքը բռնեց…»։

Իսկ սա թերեւս հենց Իսահակյանի փիլիսոփայությունն է. «Չավուշ ջան, ասել է Ուստան, տեսա որ շա՜տ ապրողը չէ շատ բան գիտցողը, հապա շա՜տ ման եկողը․ աշխարհն որ կա, աս ու լիս է, տես ու ուսե․ գլուխդ առ ու գնա, ամեն մարդու հետ խոսքի բռնվիր, թե իմաստուն հետ չդառնաս, էլ ինձ բարեւ մի՛ տուր»։ Հապա փիլիսոփայական ա՞յս միտքը, այնքա՛ն համահունչ Սարոյանին. «…իսկի հավատս չի գա, թե պիտի մեռնեմ։ Գիտես թե մահը ինձի համար չէ. ընկերներս կմեռնին, ինձնից ջահելները կմեռնին, բայց ես ինձի մեռնելու տեղ չեմ դնե…»։

Իսահակյանի փիլիսոփայությունը, նրան հատուկ ժողովրդական լեզուն դրսեւորված է ամենուր. Օրինակ, երբ Ուստան ծանոթ տարեց կնոջը հարցնում է ծերության եւ մահվան մասին, կինը պատասխանում է. «Կարո ջան, դարտակ բան կխոսիս․ օրթե կնիկ առնիս, երեխա ունենաս, էդպես տխուր մտքեր չես մտքե․ քեզի հետ եմ, ինձի նայե – կնիկ առ, աշխարք խառնվի, պորտդ կապե աշխարհի պորտի հետ․ ի՞նչ ուրիշի դռները աչք ման ածելով՝ օր կմթնեցնիս․ աշխարք մտի՛, աշխարք»։

Դեռ ճեմարանական տարիներին Իսահակյանը գրում էր Շոպենհաուերի փիլիսոփայության մասին. «Նա, որպես պեսիմիստ փիլիսոփա, սաստիկ (մի քանի մտքերի կողմերից) դուր եկավ… Ես, իհարկե, սաստիկ պեսիմիստ եմ եւ ջերմ պաշտպանը այդ ուղղությանը, այդպես է պահանջում իմ հոգին»։ Իսկ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին (1893–1895 թթ.) Իսահակյանն ուսումնասիրել էր Շոպենհաուերի, Նիցշեի գործերը եւ էապես կրել նրանց ազդեցությունը (իր իսկ բառերով՝ ժամանակին եղել է «տոլստոյական-նիցշեական»)։ Նիցշեական գերմարդու որոշ գաղափարներ է արտահայտում նաեւ Ուստան. «Ես՝ ո՞ւր, արհեստը ո՞ւր։ Ես ուրիշ բանի համար էի ծնվել, ուրի՛շ, ուրի՛շ բանի համար… Մեջս մեծ փոթորանք կար, գիտեի, որ շատ մեծ մարդ կրնամ դառնա, աշխարքը մատիս վրա կրնամ առնի։ Էս աշխարքի մեջ մարդ մեծ եղնելու է կամ իսկի գալու չէ։ Պստիկ մարդը կամ եղած, կամ չեղած – ոտնատակի փոշի։ Քար էլ որ կեղնիս, գլուխ կոտրող քա՛ր եղիր»։ Սակայն վեպում գտնում ենք նաեւ բուն հայկական, ավանդույթների հետ առնչվող մտքեր, որոնցում ասես ներքին վեճ կա Նիցշեի հետ. «…սիրունությունը երջանկություն է․ կնիկ առնելուս սիրունն առեք, թե սրտով էլ սիրուն եղավ, էն էլ ձեր բախտը»։ Մինչ Նիցշեի մոտ գեղեցիկի կապը մեծ երջանկության հետ կարծեցյալ է, ըստ նրա՝ «դա մոլորություն է»։

Վեպի վերջում հայտնվող ճարտարապետը եւս շոպենհաուերյան մտքեր է զարգացնում, երբեմն անուղղակիորեն բանավիճում գերմանացի մեծ փիլիսոփայի հետ, նա նաեւ արտահայտում է իսահակյանական համոզմունքների մի կողմը․ բնությունն է ստեղծել մարդուն, որը բույսերի եւ կենդանիների շարունակությունն է։ Բնության համար չկա չար ու բարի, դա մարդու բարոյական ընկալումն է։ Մարդն է, որ մահկանացու է, իսկ բնությունը անսկիզբ է ու անվերջ։ «Հենց մարդու մեծությունը դա է – զգալ բնությունը եւ մտածել»… Վեպի մասին գրառումներում կրկին տեսնում ենք. «բնազդի մասին, ինքնագիտակցության մասին, ապրելու կամքի մասին (Շոպենհաուեր)»։ Գրառումների պատառիկներում տարեցտարի ճարտարապետի վերաբերմունքը դեպի Դաշնակցությունն ավելի խիստ է դառնում, սա թերեւս նաեւ Իսահակյանի մտքի փոփոխությունն էր արտացոլում։ Իսահակյանի պես ճարտարապետն էլ հոռետես է. հույս չի կարելի կապել ո՛չ թուրքի գթասրտության, ո՛չ Եվրոպայի ու Ռուսաստանի վեհանձնության ու միջամտության, ո՛չ նույնիսկ սեփական ուժերի հաղթանակի հետ…

Ճարտարապետի հայացքներին վերաբերող գրառումներն արված են հատու, Իսահակյանին բնորոշ անկեղծությամբ․ քաղաքակրթությունը, գիտությունը, զարգացումը պիտի բերեն արդարություն, սեր եւ ազատություն աշխարհի համար, գալիք «եվրոպական մարդկությունը» պիտի կործանի «անհոգի Եվրոպան ու վերածնվի նոր մարդկային հոգով»։ Իսահակյանը վստահ էր (դա տեսնում ենք եւ նրա նամակներում), որ հայերի միակ ճիշտ ուղին համբերությունն է, երազներով ու հավատով ապրելը, հանուն ազգային իդեալի կռվելը․

«Ծո՛վ եղիր, համբերիր, ծով սիրտ»…

Վեպի գլխավոր հերոսներին տանջում է նաեւ Տոլստոյի «արզամասյան սարսափը» (հանկարծահաս վախը մահվանից եւ թախիծը, որ փոթորկեցին Լեւ Տոլստոյի հոգին 1869 թ․ արզամասյան հյուրանոցում). Իսահակյանը մահվան վախը չափերով տիեզերքի հետ է համեմատում: Վեպում հանդիպում են նաեւ մեջբերումներ Աստվածաշնչից, Նարեկից…

Վեպում շքեղորեն են ներկայացված բարբառները, հատկապես Շիրակի խոսվածքը, ժամանակի խոսակցական լեզվի, բառուբանի համուհոտը։ Կերպարներն առանձնանում են իրենց բնորոշ բարբառներով։ Ու չնայած դրան՝ պարզ, այսօր էլ հասկանալի արեւելահայերենով է գրված վեպը․ միայն կարելի է ցավել, որ այն վերջնական խմբագրման չի ենթարկվել։ Եվ ափսոս, որ ամենահազվագյուտ բարբառային բառերի համար (պետռ-պետռ, դամացած եւ այլն) հատորի վերջում բառարան չի զետեղվել։

 «Ուստա Կարո եւ Օրթե Հարութ» վեպը բարձր գրականություն է՝ մեծ բանաստեղծական թափով գրված, օրինակ՝ հետեւյալ պատկերը. «Ահավոր, աշխարհավեր ունայնության շունչն էր, որ խորտակելով պատ ու երթիկ՝ արշավում էր Հարութի վրա. Հարութը ցմքած, վախեցած ու մենակությունից սահմռկած դուրս թռավ մարդկանց մոտ լինելու, գտն[վ]ելու համար, վազեց դեպի ջաղացը․ քամին ծառերի դեղին, մեռած տերեւները պոկում էր բուռ-բուռ եւ ցանում Հարութի գլխին, նրա ճամբու վրա եւ ապա ոռնալով վիրավոր գայլի պես, հավաքում էր բոլոր այս դեղին, պզտիկ մեռելները, տանում հեռավոր ու մոտավոր ժայռերի ծերպերում ու խութերում թաղում-ծածկում»։ Ի դեպ, ինչպես այս դեպքում՝ գտնվելու, ոչ թե գտնելու, այնպես էլ մի շարք ուրիշ դեպքերում ցանկալի կլիներ խուսափել վրիպակներից, որոնք, ցավոք, քիչ չեն (սխալները սկսվում են տիտղոսաթերթից, տեքստը կազմողի անունը գրված է «Լարուրա», ոչ Լաուրա). չէ՞ որ լիակատար ժողովածուները հիմք են ծառայում հետագա հրատարակությունների համար…

«Ուստա Կարո եւ Օրթե Հարութ» վեպն արձագանքում է եւ հարյուր տարի անց տեղի ունեցող իրադարձություններին, մեր այսօրվա իրականությանը…

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ