Նենսի Փելոսիի «դրամատիկ» այցի իրանական արձագանքները

79

Իրանի ազգային շահերի հետ  ԱՄՆ քայլերի համընկնումը բացառել չի կարելի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան չէր  կարող անուշադրության մատնվել պաշտոնական Թեհրանի եւ Իրանում լույս տեսնող զանգվածային լրատվամիջոցների կողմից: Եվ քանի որ Փելոսիի այցին նախորդել էր ինքնիշխան Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան, ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության այցի ու ադրբեջանական ագրեսիայի մասին իրանական տեսակետների համատեղումը միանգամայն տրամաբանական է համարվում: Տրամաբանական է նաեւ  «միջանցքային»  մոլուցքով տառապող գործիչների ախորժակի նկատմամբ հակադիր բեւեռներում գտնվող Վաշինգտոնի ու Թեհրանի տեսակետների համընկնումը: 

Այդ առումով դժվար է Իրանի քաղաքական վերլուծաբանների ընտանիքում գտնել Ադրբեջանի ագրեսիան խրախուսող եւ Հայաստանին պատուհասած վտանգը սեփական տագնապը չհամարող որեւէ լուրջ ու կայացած իրանցի քաղաքական մեկնաբանի:

Փելոսիի երեւանյան այցելության մասին Իրանական մամուլի արձագանքների պատկերը  ցույց տալու  համար, ներկայացնում ենք  իրանցի վերլուծաբանների՝ այդ թեմայի շուրջ մտորումների խճանկարը. 

Կովկասյան ու միջինասիական տարածաշրջանի հիմնահարցերի  ուսումնասիրությամբ զբաղվող վերլուծաբան տիկին Մարզիյյե Ռուդգար-Սաֆֆարին, Փելոսիի երեւանյան այցին նվիրված  իր հոդվածի համար ընտրել է  «Փելոսիի քաղաքական ու դրամատիկ այցը Հայաստան» վերնագիրը,  որտեղ պատկերված  է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի  Հայոց ցեղասպանության զոհերի  հուշահամալիր այցելության պահին  նրա սրտակեզ  հուզմունքն, ու այն գնահատվել որպես Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ  հայկական լոբբիին սիրաշահելու մտադրությամբ բեմադրված տեսարան:  Հոդվածագրի կարծիքով, հանգստի կոչվելուց առաջ  Փելոսիի այցը Թայվան եւ Երեւան  կարելի է գնահատել որպես  բարձրաստիճան պաշտոնյայի՝ կարիերայի ավարտի կապակցությամբ  սերունդներին  քաղաքական ժառանգություն փոխանցելու նպատակով կազմակերված միջոցառում:  Հոդվածագրի կարծիքով, պաշտոնական Թեհրանը չէր կարող ոգեւորված լինել ԱՄՆ պաշտոնյայի տարածաշրջան կատարած այցով, քանի որ Վաշինգտոնի ազդեցության տարածումը տարածաշրջանում  չի  բխում Իրանի ազգային շահերից:

«Ադրբեջանի հետ պատերազմի թոհուբոհին Փելոսիի հայաստանյան այցի ետնաբեմը»  խորագրով հոդվածում   ԱՄՆ պաշտոնյայի  այցին է անդրադարձել նաեւ Իրանի քաղաքական դաշտի ամենապահպանողական թեւի  ներկայացուցիչ «Kayhan» օրաթերթը՝ մեջբերելով,  հոդվածագրի բնորոշմամբ,  Փելոսիի տարօրինակ հայտարարություններն առ այն, որ վերջինիս  այցելությունը Երեւան վկայում է ժողովրդավար Հայաստանի նկատմամբ ԱՄՆ անվերապահ հանձառության մասին: Սակայն հոդվածագիրը լուրջ չի ընդունում Հայաստանին աջակցելու Փելոսիի հայտարարությունն ու հիշում անկախացումից ի վեր Հայաստանի նկատմամբ ԱՄՆ անտարբեր վերաբեմունքն, ու Փելոսիի հաճոյախոսությունները մեկնաբանում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ ԱՄՆ-ում բնակվող ազդեցիկ սփյուռքահայերին սիրաշահելու տրամաբանությամբ:  

Իրանցի վերլուծաբան Համիդռեզա Ազիզին, «Tabnak» պարբերականում  անդրադարձել է Նենսի Փելոսիի  երեւանյան այցին եւ այն գնահատել որպես տարածաշրջանային գործընթացների վրա նշանակալի ազդեցություն ունեցող իրադարձություն: Հոդվածագրի կարծիքով,  այցը կարելի է դիտարկել որպես Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ հակադրության նոր դրսեւորում, որի բեւեռներից մեկում դիրքավորված են Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ մյուսում՝ ԱՄՆ ու Եվրոպան:  Համիդռեզա Ազիզին համոզված է, որ Թայվանից անմիջապես հետո երեւանյան այցը ԱՄՆ որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որի ազդակներն ի հայտ եկան անմիջապես  Թայվան կատարած այցելության ընթացքում, ինչը գնահատվում է, մի կողմից  որպես Ռուսաստանի ու Չինաստանի  ազդեցության գոտիներում ԱՄՆ ուժի ցուցադրման, եւ մյուս կողմից՝ տվյալ երկրների վրա ճնշում գործադրելու փորձ:

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների Կորպուսի տեսակետների  անպաշտոն ամբիոնը համարվող «javanonline» կայքում հրապարակված  Սեյյեդ Ռահիմ Լարիի՝  «Փելոսիի վտանգավոր խաղը Երեւանում» վերտառությամբ հոդվածում էլ կարդում ենք, որ Նենսի Փելոսին Երեւան այցելելով, մտադիր էր Հարավային Կովկասում Ռուսաստանի ավանդական դաշնակցի համարում ունեցող Երեւանի միջոցով ուղերձ հղել Մոսկվային, ինչը, Կրեմլի գնահատմամբ, Ռուսաստանից իր երբեմնի դաշնակցին հեռացնելու փորձ է: Հոդվածագիրը Փելոսիի այցը Վաշինգտոնի կողմից կազմակերպված քաղաքական ներկայացում է համարել: 

Այդուհանդերձ, հոդվածագրին հետաքրքրում է, թե արդյո՞ք  Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար Վաշինգտոնը պատրաստ է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերել:  Փորձելով գտնել իր իսկ ձեւակերպած հարցի պատասխանը, հոդվածագիրը նշում, որ Փելոսիի Երեւանում հնչեցրած հայտարարություններից կարելի է կռահել  Հարավային Կովկասում ազդեցության ոլորտն ընդլայնելու ԱՄՆ մտադրության մասին:

«Farhikhtegan» պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Փելոսիի երեւանյան  այցելությանն ու դրա հետեւանքներին,  ուշագրավ տեսակետ է հայտնում միջազգայնագետ Ռեզա Թաղավի-Նիան, նշելով՝

«Իրանը հետամուտ է իր որդեգրած քաղաքական  կուրսին եւ ուշադրություն չի դարձնում Փելոսիի ասածներին: Կարեւորը Իրանի «կարմիր գծերի» պահպանումն է, եւ տարածաշրջանում սահմանների փոփոխության մերժումը: Եթե Նենսի Փելոսիին հաջողվի ազդել գործընթացների վրա, արդյունքը կգոհացնի նաեւ Իրանին:  Չէ՞ որ  2003 թվականին վերացնելով  Իրանի մեծագույն թշնամուն (Սադդամ Հուսեյն.- Գ.Ա.), ԱՄՆ-ը    ռազմավարական սխալ թույլ տվեց ու  ակամայից կատարեց  իրանանպաստ քայլ: Այս պարագայում էլ Իրանի ազգային շահերի հետ  ԱՄՆ քայլերի համընկնումը նույնպես բացառել չի կարելի»:

Իսկ հայկական մամուլի քննարկումների համար առատ նյութ մատուցած Գաֆէսճյան արվեստի կենտրոնում  Ավարայրի ճակատամարտի նկարի առջեւ Նենսի Փելոսիի ելույթին  ու հայ-պարսկական դիպվածային հակամարտության  մասին վերջինիս դիտարկումներին արձագանքած իրանական մամուլի ներկայացոիցիչներից մեզ հաջողվեց միայն հայտնաբերել առավելապես ադրբեջանական անցուդարձերին անդրադարձող «ghatreh» էլեկտրոնային կայքում տեղ գտած տեղեկատվական նյութը, որը ներկայացվել է առանց հավելյալ մեկնաբանությունների:    

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ