Եթե ժամանակին Հայաստանն արած լիներ այն, ինչ այժմ Ռուսաստանն է անում Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղը միացրած լիներ Հայաստանին, նրա վրա տարածեր սահմանադրությունն ու բոլոր իրավունքները, եւ եթե դա ճանաչեին Ռուսաստանն ու այլ երկրներ, իրավիճակն այլ կլիներ: Մասնավորապես «Բանբեր նյուզ» յութուբյան տեսաբլոգում վերջերս զետեղված իր մի հարցազրույցում նման կարծիք է հայտնել իսրայելցի հայտնի քաղաքական վերլուծաբան, դիվանագետ, այդ երկրի «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին:
Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի եւ այնտեղ տիրող իրավիճակի, նշում է նա, Հայաստանի ինքնիշխան տարածքն անձեռնմխելի է: Եվ այդ անձեռնմխելիության երաշխավորը Ռուսաստանն է, ռուսական բանակը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը: Նրանք այսպես են վճռել եւ հայաստանյան ղեկավարության հետ համաձայնեցված աշխատում են խնդիրն առավել արդյունավետ լուծել բանակցությունների սեղանին, քան մարտի դաշտում: Եվ այս խնդիրն օրակարգից դուրս չի եկել:
Զրույցում խնդիրը դիտարկվում է նաեւ խոշոր տարածաշրջանային մի տնտեսական ծրագրի՝ Սուեզի ջրանցքին որպես այլընտրանք նախատեսվող ճանապարհի համատեքստում, որով Իրանից Ռուսաստան եւ այնտեղից Եվրոպա մեծաքանակ բեռների տեղափոխումը լինելու է ավելի էժան եւ որի մի մասնակի ճյուղավորումը կարող է անցնել մեր տարածաշրջանով՝ ներառյալ Հայաստանը: Դա պահանջում է Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու տարածաշրջանի մյուս երկրների միջեւ խաղաղ, հանգիստ ու համագործակցային հարաբերություններ: Եվ սա, ինչպես նկատվում է, է եւ լինելու է այստեղ իրավիճակի վրա ազդող գործոններից մեկը:
Հակառակ իրավիճակ, քաղաքագետի գնահատմամբ, կարող է հրահրվել Ադրբեջանի, Թուրքիայի ինչ-ինչ ներքին ուժերի կողմից, կամ ամերիկացիների ու անգլիացիների, որոնց ձեռնտու է այս կամ այն հակամարտությունը հրահրելը: Սակայն առարկայորեն այն բացարձակապես չի համապատասխանում ոչ մեկի շահերին: Հակամարտությունները ոչ մի չափով առաջ չեն տանում ո՛չ Ադրեջանի, հասկանալի է՝ ո՛չ նաեւ Հայաստանի շահերը: Եվ սահմանին ռազմական գործողությունները ոչ մի բանի չեն կարող հանգեցնել:
Հայտնի վերլուծաբան-դիվանագետի պնդմամբ, Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքի մի քանի կիլոմետր առաջխաղացումը ոչ ոք չի ընդունել որպես կատարված փաստ: Եվ Ռուսաստանն էլ համարում է, որ ինքը բավարար հիմքեր ունի այդ խնդիրը բանակցություններով լուծելու եւ տվյալ տարածքներն առանց ուժի գործադրման Հայաստանին վերադարձնելու համար: Եվ բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Թեկուզ դժվար է, բայց այս դեպքում կարելի է հարցը լուծել ոչ ռազմական ճանապարհով, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:
«Առայժմ դեռ վաղ է ողբալը Հայաստանի տարածքի իբր կորցրած կիլոմետրերի համար,- ասում է Յակով Կեդմին:- Ոչ, դեռ ոչինչ կորսված չէ: Քանի դեռ դա շարունակվում է, այդ հարցը փակված չէ: Ինչու է դա եղել, ինչպես, ով է դրա հեղինակը՝ կարելի է գուշակել, կարելի է փնտրել, բայց դրա համար լուրջ պատճառներ չկան, եւ ինչ-որ քաղաքական, աշխարհագրական, ռազմական հաջողություններ դա ոչ մեկին չի ընձեռում: Դա չի փոխում Ադրբեջանի իրավիճակը, չի լուծում ոչ մի խնդիր: Այսօր դա ընդամենը այս կամ այն կողմի ներկայացուցիչների հռետորաբանության մակարդակի հարց է, ոչ ավելին»:
Իսրայելցի քաղաքագետը, համեմատելով երեւի ամեն հայի երազանքն ու հռետորաբանությունը, որ մի օր Արարատ լեռը հայկական պետության սահմաններ վերադառնա, նկատում է. Արարատը Հայաստանի պետական զինանշանի վրա է եւ մեր ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է, մինչդեռ Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը կամ «միջանցքը» այդ երկրի համար ազգային արժեք չէ, այլ ընդամենը ինչ-որ քաղաքական նպատակ:
Հիշեցնելով ե՛ւ «այս խաղի մեջ մտած» Իրանի միանշանակ հայտարարած, ե՛ւ Ռուսաստանի նույնպիսի դիրքորոշումը, որ Հայաստանի սահմաններն անձեռնմխելի են, բանախոսը համոզմունք է հայտնում, որ դա կօգնի վերջ տալ այդ խնդրի ուժային լուծման եւ Հայաստանը երկու մասի կիսելու վերաբերյալ Ադրբեջանում տարբեր կարգի ներկայացուցիչների ֆանտազիաներին ու խոսակցություններին:
Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության խնդիրը, ինչպես ասվում է, կարելի է լուծել, բանախոսը նշում է «տեխնիկական լուծման» տարբերակներ: Բայց «եթե որեւէ մեկը մտածում է այն լուծել ռազմական ճանապարհով, այս կամ այն կողմում Հայաստանի տարածքի ինքնիշխանության խախտմամբ, ոչ ոք դա թույլ չի տա եւ ոչ ոք չի զորի դա իրականացնել»,- միտքն ավարտում է վերլուծաբանը: Հավելելով, որ այստեղ ժամանակին չափազանց շատ ուժեր ու ջանքեր են ներդրվել:
Ռուսերեն տեքստից պատրաստեց Գ. ՄԿՐՏՉՅԱՆԸ