«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ հուլիս ամսում Ֆրանկֆուրտի «Բերգհան» հրատարակչատունը լույս է ընծայելու պատմաբան, հասարակական գործիչ եւ թերթի վետերան թղթակիցներից Մուրիել Միրաք-Վայսբախի «Գերմանացի գեներալը եւ Հայոց ցեղասպանությունը: Օտտո Լիման ֆոն Սանդերսը պատվի եւ պետության միջեւ» խորագրով նոր գիրքը:
Գեներալի կենսագրությունը, ըստ թերթի, մինչեւ օրս մնացել է 20-րդ դարի Եվրոպայի եւ Միջին Արեւելքի պատմության ամենաառեղծվածային պատմություններից մեկը: Օտտո Լիմանը Օսմանյան 5-րդ բանակի հրամանատարն է եղել եւ 1915-ին Դարդանելի եւ Գալիպոլիի բրիտանական ծովային ուժերի դեմ մարտերի հաղթական ելքի պատասխանատուն: Սակայն հույների, հայերի եւ հրեաների նկատմամբ երիտթուրքերի ցեղասպանական քաղաքականության դեմ նրա գործողությունները ստվերում են մնացել եւ քողարկվել նրա պատերազմական հանցագործությունների համար 1919 թվի բանտարկության հետեւանքում:
Նրա կենսագրության բացահայտումները նորովի ներկայացնելու համար տիկին Վայսբախն օգտվել է նախկինում չհրապարակված արխիվային հազվագյուտ նյութերից եւ երեւան հանել բարոյականության եւ արդարության պահանջատիրական հատկանիշներ նրա վարքագծում որպես անհատի եւ քաղաքացու, որը կանգնած էր գլոբալ ճգնաժամի եւ ռազմական հակամարտության ընթացքում բարոյականության սահմանները չխախտելու հրամայականի առաջ:
Տիկին Միրաք-Վայսբախը Ուելսլի քոլեջի շրջանավարտ է, որն իր ուսումը շարունակել է Միլանի պետհամալսարանում: Հեղինակ է գրականության, փիլիսոփայության, քաղաքականության եւ մշակույթի մասին բազմաթիվ հոդվածների, որոնք հաճախ թարգմանաբար ներկայացվել են նաեւ «Ազգ»ի էջերում: Նրա գրչին են պատկանում նաեւ «Կրակե պատի միջով, Հայաստան-Իրաք-Պաղեստին: Ցասումից մինչեւ Հաշտեցում» (2013 թ.) եւ «Մոլագարները իշխանության ղեկին: Արաբական գարնան ախտաբանությունն ու քաղաքականությունը» (2012 թ.) հատորները: Ամուսնու հետ 2012-ին հիմնել է «Mirak-Weissbach Stiftung» փոքրիկ հաստատությունը՝ աջակցելու համար Հայաստանի մշակութային, կրթական եւ սոցիալական ծրագրերին:
Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ