Հարցազրույց Լուսինե Մարկոսյանի հետ՝ իր մենահամերգի նախօրեին
«Ձայն՝ ինչպես հնեցված ըմպելիք». հարցազրույց Լուսինե Մարկոսյանի հետ՝ իր մենահամերգի նախօրեին
Մարտի 16-ին Երեւանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կկայանա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Մարկոսյանի մենահամերգը: Այն նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 125-ամյա հոբելյանին: Կհնչեն թե՛ Հ. Ստեփանյանի վոկալ շարքերն ու հայ ժողովրդական երգեր եւ թե՛ Շումանի ստեղծագործությունները: Նման ընտրությունը պատահական չէր, ինչի մասին հարցով էլ սկսեցինք մեր զրույցը երգչուհու հետ:
-Մեզանում եզակի երգչուհիներից եք, որ ժամանակ առ ժամանակ հանդիսատեսին ներկայացնում եք հայ կոմպոզիտորների վոկալ շարքերն ամբողջական կտորներով:
– Տարին գոնե մեկ-երկու անգամ հանդես եմ գալիս կոմիտասյան երգաշարերի կատարումներով: Մինչ այս ներկայացրել եմ Հարո Ստեփանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Էդուարդ Աբրահամյանի, ժամանակակից կոմպոզիտորների՝ Լեւոն Չաուշյանի, Էդուարդ Սադոյանի, Դավիթ Սաքոյանի, Երվանդ Երկանյանի, Վահրամ Բաբայանի, Տիգրան Մանսուրյանի եւ այլոց վոկալ շարքերը… Նույն կերպ ներկայացնում եմ գերմանական, իտալական, եվրոպական երաժշտական մշակույթը: Մեր օրերում դա արտառոց երեւույթ է:
Լինելով օպերային երգչուհի՝ որոշել էի մենահամերգս կառուցել բոլորովին այլ ձեւաչափով: Միաժամանակ կամերային ոճով եմ հանդես գալիս, եւ քանի որ Հարո Ստեփանյանի հոբելյանական տարին է, եւ դա մշակութային իրադարձություն է, պարզապես չկարողացա անտարբեր անցնել, շրջանցել այն: Սեդրակ Երկանյանի հետ որոշեցինք, որ շատ գեղեցիկ կլինի կատարել հեղինակի երկու վոկալ շարքերը, յուրաքանչյուրը՝ չորս երգից բաղկացած: Ժամանակին Հարո Ստեփանյանը շրջել է Շիրակի տարածաշրջանի բնակավայրերում՝ Կոմիտասի պես հավաքելով, պրպտելով, գտնելով եւ նոտագրելով ժողովրդական երգերը: Այնքա՜ն գեղեցիկ են դրանց հիման վրա գրված նրա ստեղծագործությունները, այնպե՜ս լեցուն գույներով, ասես Սարյանի, Մինասի կտավները լինեն:
– Ունկնդիրն, ուրեմն, համերգին կըմբոշխնի հենց Սարյանի, Մինասի կտավների երաժշտական արտահայտությունները: Դաժանությամբ լեցուն մեր օրերում՝ գեղեցկության, բարության եւ ազգայինի մի կղզյակ կլինի: «Ես սիրեցի հայ ժողովրդական երաժշտությունն այնպես, ինչպես կարելի է սիրել մորը, ընկերոջը, սիրած աղջկան,- գրել է Հարո Ստեփանյանը:- Հայ երաժշտության մեջ ես լսում եմ հարազատ երկրիս սրտի եւ հոգու ձայնը, իմ ժողովրդի պատմական ալեկոծությունների, տառապանքների, ուրախությունների եւ հույսերի, ցասման ու երազանքների արձագանքները: Հատկապես այսպիսի վերաբերմունքը նրա նկատմամբ՝ որպես կենդանի էակի, պահպանվել է ողջ կյանքիս ընթացքում»:
Բացի Հ. Ստեփանյանի ստեղծագործություններից, կատարելու եք նաեւ հայկական ժողովրդական երգեր՝ հիմնականում մաեստրո Սեդրակ Երկանյանի մշակմամբ:
– Համերգի առաջին բաժնում երգելու եմ փայլուն կոնցերտմայստեր, դիրիժոր Սեդրակ Երկանյանի դաշնամուրային նվագակցությամբ: Դեռ կոնսերվատորիայում ուսանելու տարիներից եմ իր հետ հանդես գալիս, եւ երգչի հաջողության կեսը եւ առհասարակ՝ իմ կարիերան զգալիորեն պայմանավորված են եղել հենց այդ հանգամանքով: Հարո Ստեփանյանի «Ալագյազի մանիներ» երկու վոկալ շարքերից բացի կներկայացնեմ Շումանի «Կնոջ սերն ու կյանքը» վոկալ շարքը: Կուլտուրաներով այնքա՜ն նման են այս երկու հեղինակները՝ Շումանը եւ Հարո Ստեփանյանը, թեեւ ապրել են տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր են երկրներում, տարբեր ազգային պատկանելիությամբ: Մեկը՝ եվրոպական արվեստն է ներկայացնում, մյուսը՝ հայ ժողոովրդական երաժշտարվեստը: Բայց այնքա՜ն մաքուր, անաղարտ են երկուսի արվեստները, այնքա՜ն բարձրարժեք, որ ամեն անգամ կատարելիս զգում եւ ապրում ես այդ աստվածայինը: Առաջին բաժինն ասես գույներով հարուստ մի մեծ կտավ լինի. ընթանում է ոչ թե դրվագ առ դրվագ, առանձին-առանձին, այլ ամբողջական, ասես՝ սյուժեով, թեմատիկ զարգացումով: Նկարչական լեզվով ասված՝ համայնապատկերներ են: Սկիզբը, միջնամասը, վերջը տարբեր ժամանակներ են ընդգրկում. այնտեղ կա սիրո թեմա, սպասման, հաղթանակի, արեւի, գեղեցկության, երիտասարդության, տխրության, մահվան: Նույնը՝ Շումանը:
Իսկ եզրափակիչ՝ երկրորդ բաժնում հանդես կգամ «Տաղարան» համույթի երաժշտախմբի հետ՝ ոչ միայն մեր ազգի, այլեւ, իմ համոզմամբ, արվեստասեր ցանկացած մեկի կողմից գնահատելի՝ ամենասիրված, ամենաքնքուշ, ամենաջերմ ստեղծագործություններով: Ինձ թվում է՝ ամեն ոք, անկախ ազգությունից, պիտի արձագանքի հոգու այնպիսի երգերին, որոնք են «Քելե, լաոն», «Անորը», «Ամպերն ելան» եւ այլն: Դրանք այն ստեղծագործությունների շարքում են, որոնց մասին կարելի է ասել, որ կարեւոր չէ, թե ի՛նչ լեզվով են կատարվում, բայց ձեր սիրտը դրանք վերցնում է, դուք ցանկանում եք դրանք անընդհատ լսել, թեեւ, հնարավոր է, լեզուն չհասկանաք:
-Ձեր ձայնի լայն դիապազոնը հնարավորություն է տալիս կատարելու ստեղծագործություններ՝ գրված թե՛ մեցցո-սոպրանոյի, թե՛ սոպրանոյի համար: Ձեր երգչական կարիերան սկսել եք՝ որպես մեցցո-սոպրանո, ապա անցել լիրիկո-դրամատիկ սոպրանոյի: Այսօր հավասարապես հանդես եք գալիս երկու ձայնով էլ: Անգնահատելի դպրոց եք անցել մեծանուն երգչուհի Տաթեւիկ Սազանդարյանի մոտ, եւ նա ձեզ պատրաստել է մեծ բեմերին հանդես գալու համար:
– Այն բախտավոր երգչուհներից եմ, որ սովորել է հզոր կնոջ եւ հզոր արտիստի մոտ, որ ձեւավորվել է Տաթեւիկ Սազանդարյանի երգչական եւ արտիստական «դպրոցում»՝ իր մշակույթը հաղորդելու, իր պրոֆեսիոնալիզմը, փորձը փոխանցելու առումներով: Հիմա էլ ամեն մի քայլիս նա ինձ հետ է. իր ձայնն ականջիս մեջ է, անգամ իր հայացքն եմ զգում: Շատ եմ լսել իր եւ իր ժամանակի լավագույն երգչուհիների կատարումները, որոնք եւս լավագույն դպրոց էին ինձ համար:
Իմ ձայնը շատ թավ է եղել: Ճանապարհի կեսից իմ պրոֆեսորը հասկացավ, որ ձայնիս դիապազոնը հզոր եւ մեծ է: Այսինքն՝ երեք-չորս օկտավա է, բայց «ծանր» ձայն է. գույները մեջը շատ են եւ խիտ են: Ինքն իմ ձայնը համեմատում էր ոչ թե կոկտեյլի, շամպայնի, այլ՝ կոնյակի, թունդ ու հնեցված ըմպելիքի հետ: Ասում էր՝ ունկնդիրը, եթե անգամ այդ ձայնով մի տակտ, մի փոքրիկ երգ է լսել, համերգից վերադարձին հենց դա կհիշի…
Հանդես եմ եկել օպերային գլխավոր դերերգերով՝ «Տուրանդոտ», «Լեոնորա», «Չիո-Չիո-Սան»… Որպես օպերային երգչուհի՝ կարեւոր քայլեր եմ արել նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդ. Թոփչյանի հետ: Երգել եմ մեսսաներ, ռեքվիեմներ, այդ թվում՝ Վերդիի «Ռեքվիեմը», Դավիթ Հալաջյանի «Մեսսան» եւ այլն: Նման բեմելույթները շատ են եղել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում ուսանելու ավարտական տարիներին ընդունվեցի Նյու Յորքի Ջուլիարդ ակադեմիա: Իմ պրոֆեսորներն են եղել Ռոբերտ Ուայթը եւ Լեոնտին Փրայսը: Նման գերհզոր մշակութային կենտրոնում, նման արտիստների հաղորդած դասերից մարդը պրոֆեսիոնալ հսկայական աճ է ապրում:
«Տաղարան» համույթի կազմում 1995-ի վերջից եմ: Այնպիսի հզոր, պրոֆեսիոնալ արտիստների կողքին եմ աշխատել, դաստիարակվել, սովորել, մեծացել, ինչպիսիք են Լիլի Օվչայնը, Գագիկ Շիրինյանը, Գրետա Անտոնյանը, Հենրիկ Սիմոնյանը, որոնք մեծ լումա ունեն իմ պրոֆեսիոնալ աճի մեջ: «Տաղարան» համույթի հետ համերգներով ելույթ եմ ունեցել Հայաստանի համարյա բոլոր բնակավայրում: Ուր էլ լինեմ, սիրում եմ արարել-աշխատելուց հետո վերադառնալ տուն: Շատ եմ սիրում Հայաստանը, եւ այդ սերն անբացատրելի է: Ոնց հարցնեն ինձ՝ որդուդ ինչքա՞ն ես սիրում: Դրան չափ չկա:
Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ