Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովսեփ Թոքաթի «Հայ արծաթագործ վարպետներ» գիրքը՝ մեր ինքնության նոր վկայարան

ԱԶԳ
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
51
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրադարանումս ունեցած թանկ գրքերի շարքում է «Հայ արծաթագործ վարպետներ» աշխատությունը՝ հեղինակի՝ ուսումնասիրող եւ ազգագրագետ Հովսեփ Թոքաթի ընծայագրով: Թոքաթի՝ իր հայրերի ծննդավայր Քղիի պատմության, Հայոց մեծ եղեռնի տարիներին հայերի դիմակայության դրվագների, ներկայումս կիսավեր մեր վկայարանների՝ ճարտարապետական կառույցների նկարագրերով եւ լուսանկարչական արձանագրումներով կազմված «Ավերակ Քղին» աշխատասիրությունը ոչ միայն տուրք է իր արմատներին եւ կորսված հայրենիքին, այլ առաջին հերթին՝ լուրջ ներդրում հայագիտության եւ հայրենաճանաչության գործում: Թուրքիայից Ամերիկա անցած գործարար Հովսեփ Թոքաթն ընդգծում է իր ազգանվան իմաստը. հայրական կողմն ունեցել է Անպետյան (իր մեկնաբանմամբ՝ ինքնավար) ազգանունը: Ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող ժողովուրդներին իրենց ինքնությունից զրկելու եւս մի քայլ էր սեփական ազգանուններից հրաժարվելու եւ թրքահունչ անվանումներով կոչվելու պարտադրանքը: Հովսեփի հայրն ընտրել էր «Թոքաթ» ազգանունը, որ թարգմանաբար նշանակում է «ապտակ»: Հային հասցրած ապտակի, ստորացման հիշողությունը կրելու ծանրությունն այդ կերպ ուսելով՝ ասես պատգամել էր իր սերունդներին՝ չհաշտվել մոռացության հետ, չենթարկվել օտարների պարտադրանքին:

«Հայ արծաթագործ վարպետներ» գիրքը

Հ. Թոքաթի «Հայ արծաթագործ վարպետներ» շքեղակազմ գրքի վերջաբանում կարդում ենք տողեր, որ կարելի է գնահատել ՝ իբրեւ հեղինակի կյանքի նշանաբան, գործելակերպի մղիչ. «Եթե տէր չկանգնինք մեր արժէքներուն, ապագային ոչինչ պիտի ունենանք»: Հայ վարպետների ստեղծած իրերի հավաքչությունն առաջին քայլն էր հայկական արծաթագործության խորն ուսումնասիրության՝ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ նորագույն պատմություն: Ուսումնասիրության համար գործածել է հայ եւ օտարազգի հեղինակների գիտական աշխատություններ, շրջագայել, գտել եւ զրուցել հին վարպետների հետ, իր գրառումներով մոռացությունից փրկել մեծանուն արհեստավոր-արվեստագետների անունները: Գիրքը համահավաք եւ, թերեւս, առավել ամբողջական ուսումնասիրությունն է հայոց արծաթագործության թեմայով:    

Արծաթե ըմպանակ, որին պատկերված է Վանի համայնապատկերը:

Հ. Թոքաթն իր գործը համեստորեն անվանում  է «փոքր» եւ այն նվիրում Եղեռնը վերապրած իր ծնողներին՝ Պետրոս Անպետյան-Թոքաթին եւ Օվսաննա Սարգսյան-Թոքաթին, որոնց հաջողվել էր կորստից փրկել հայկական արվեստի մի քանի աշխատանքներ: Այդ արծաթե իրերը՝ մատնոց, կնոջ գոտի, մորենական պապի (որ Քղիում կամուջ էր կառուցել) մի գործիք եւ գուցե էլի մի-երկու առարկա սիրելի էին դարձել Հովսեփի համար, եւ այդ սերը վերածվել էր լուրջ զբաղմունքի: «Այդ աշխատանքներն այսօր զիս կը մղեն հետազօտութեան,- սա մեջբերում է Հ. Թոքաթի խոսքից,- եւ կամքս կը զօրացնեն՝ ջանալ անմահ պահելու անուններն այն հրաշագործ վարպետներուն, որոնց տաղանդը բաւարար չեղաւ իրենց կեանքը փրկելու այդ դաժան օրերուն»: Խոստովանում է, որ արվեստաբան չլինելով հանդերձ, ինքն անկարող էր անտեսել արծաթագործության բնագավառում մեր ժողովրդի կատարած հրաշագործությունները, անկարող էր չհիանալ եւ չհպարտանալ դրանցով: Համոզված, որ արհեստն ու արվեստը պատկանում են ոչ միայն մի անձի կամ ժողովրդի, այլ համայն մարդկությանը, տեսել էր, սակայն, «թէ ինչպէս մեր յուշարձանները կը կործանուէին կամ կը ձեւափոխուէին, եւ նոյնիսկ փոքր ու նուրբ ձեռագործ աշխատանքներ կը հափշտակուէին հայուն ձեռքէն ու կը վերագրուէին օտարներուն, ահա այդ դառն իրականութիւններուն դիմաց չէի կրնար անտարբեր մնալ»: Թոքոաթն իր ուսումնասիրությամբ ցույց է տվել, ոնց ինքն է ասում, որ «հայը չէ միայն հալածուող ու լացող ժողովուրդ մը», որ հայը նույնիսկ իր ամենադաժան օրերին եղել է մտավորական եւ արհեստավոր, հնարող-կերտող, ուսանող-ուսուցանող:

Ծխախոտատուփ՝ Վանի բերդի նկարով: Վանեցի արծաթագործների ստեղծած ծխախոտատուփերից ամենահետաքրքրականները նամակի պահարանի ձեւ ունեցողներն են: Այս տիպի տուփերն առաքինի օրիորդները նվիրում էին իրենց սիրած երիտասարդներին:

Գիրքն սկսվում է հայ ժողովրդի պատմության համառոտ շարադրմամբ՝ կից ներկայացվող ժամանակաշրջանների արվեստի, մասնավորապես մետաղե, այդ թվում՝ արծաթե իրերի լուսանկարներով: Հեղինակն առանձին գլուխներով շարադրում  է հայոց պատմությունը՝ սկսյալ հնագույն ժամանակներից՝ ընդգծելով, որ Հայաստանը քաղաքակրթության օրրաններից մեկն է: Պատմական Հայաստանի ընդհանուր նկարագրին հաջորդում են նախապատմական շրջանին եւ Ուրարտուին, Երվանդունիների եւ Արտաշեսյան հարստությանը, Արշակունիներին, քրիստոնեության ընդունմանը եւ գրերի գյուտին նվիրված գլուխները: Ապա հաջորդաբար խոսվում է Ավարայրի ճակատամարտի, արաբական տիրապետության շրջանի, Բագրատունիների թագավորության, սելջուկների տիրապետության, Կիլիկյան Հայոց թագավորության, 15-18-րդ դարերի Հայաստանի, եւ առավել մանրամասն՝ Օսմանյան տիրապետության ներքո հայ մշակութային կյանքի մասին: Ինչու՞ է պետք պատմական այս «էքսկուրսը»: Գրքի շարադրանքը երկու՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով է, եւ այն հասցեագրված է նաեւ օտարազգի ընթերցողին՝ ներկայացնելով հային ու Հայաստանը, նրա հարուստ մշակույթի բաղադրիներից մեկը՝ արծաթագործությունը:

Նշանդրեքի մատանու արծաթե տուփ, որ ներկայացնում է Մայր Հայաստանն ու Հայաստանի ավերված քաղաքները: 19-րդ դարավերջ

Գրքում տեղադրված լուսանկարներում արվեստի նմուշներ են, որ ստեղծվել են մեծ վարպետների ձեռքով: Լուսանկարնեի դիտումն անգամ ընթերցող-դիտողի համար այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես թանգարանում գտնվի: Այդ առարկաների մի մասը պահպանվում է հայաստանյան թանգարաններում, մի զգալի մասն էլ հեղինակի անձնական հավաքածուից են: Դրանք ջրի արծաթե ըմպանակներ եւ ծխախոտի տուփեր են՝ Վանի համայնապատկերի գծագրումներով կամ այլ զարդապատկերներով, արծաթե գոտիներ են, սուլթանական դրամներ, շաքարի եւ անուշահոտի ամաններ, ծխամորճներ, մտրակներ, ապարանջաններ, մանյակներ, խաչեր, վզնոցներ, խնկամաններ, մյուռոնամաններ, մեղր ու կարագի ամաններ, մրգամաններ, թեյի քամոցներ, հմայակներ, քթախոտի տուփեր, բաղնիքի սանրեր եւ հերակալներ, ակնոցի տուփեր, նշանդրեքի մատանու տուփեր, գրիչներ, թանքամաններ, գինու բաժակներ, դաշույններ եւ այլն, եւ այլն, բոլորը՝ անձեռակերտ թվացող, երբեւէ չկրկնվող զարդանախշերով, փորագրություններվ, խորհրդապատկերներով: Գրքում նաեւ Սուրբգրքյան արծաթե կազմերի պատկերներ են՝ դարձյալ գեղարվեստի անկրկնելի գործեր, որ պահպանվում են թանգարաններում, Մատենադարանում: Գրքում խոսվում է ոսկերչության եւ արծաթագործության մեջ գործածված եղանակների մասին, տրվում են որոշ արծաթե իրերի մանրամասնված նկարագրեր, դրանց վարպետների մասին տեղեկություններ:

Հեղինակը ցավով պատմում է, որ իր պրպտումների ընթացքում հասկացել է՝ հայ արծաթագործության տիտաններից շատերի մասին կենսագրական գրեթե ոչինչ չի մնացել: Մեզ հասած անունները մակագրությունների ձեւով ենվարպետները հաճախ գոհացել են միայն իրենց անվան առաջին տառերն արտադրանքի վրա կնքելով: Իրեն հայտնի վարպետների կնիքների պատկերները եւս տեղ են գտել գրքում:

«Երբ իբր նիւթ ընտրեցի արծաթագործութիւնը, Վանը ինքնաբերաբար եւ առանձնապէս յառաջ եկաւ մտքիս մէջ, տրուած ըլլալով իր անզուգական ու հսկայ սատարը հայ արծաթագործական ժառանգին: Այս ժառանգի բաղկացուցիչ ու կարեւոր կեդրոններէն եղած են նաեւ Պոլիսը, Կեսարիան, Իզմիրը, Իզմիթը, Տրապիզոնը, Կարինը եւ Տիգրանակերտը,- գրում է Հ Թոքաթը:- Աշխատանքս կը վերաբերի գլխաւորաբար Վանի ու շրջակայքի հայկական արծաթագործական այն աւանդներուն, զորս վանեցի վարպետները ծաղկեցուցին Թուրքիոյ սահմաններէն անդին՝ 1915-ի դէպքերէն ետք»:

 Հեղինակին հաջողվել է ցույց տալ, որ հայերը եղել են արհեստների եւ արվեստի տարածողներ, եւ ոչ միայն Օսմանյան կայսրության սահմաններում, այլ նաեւ Ռուսաստանում, Պարսկաստանում, Վրաստանում, համայն Եվրոպայում, Արաբական երկրներում, Հնդկաստանում, Միացյալ Նահանգներում: Այս երկրներում հայ արծաթագործ վարպետների ստեղծագործությունները ներկայացնելուն համընթաց՝ հեղինակն անվանացանկերով, հաճախ նաեւ անուն առ անուն հիշատակել է վարպետներին, իր հավաքած նյութերի սահմաններում՝ նկարագրելով նրանց անձն ու գործը, մանրամասներ՝ նրանց կյանքից: Դա աշխատությունը դարձնում է առավել համոզիչ, փաստերով հիմնավորված: Կենդանի պատումով արված նկարագրերը պատմության համար պահպանում են անձանց անուններ, որոնք արծաթագործական դպրոցներ են հիմնել, իրենց «ձեռագիրը» թողել, ունեցել աշակերտներ, որոնք հետագայում եւս երեւելի վարպետներ են դարձել:  Մեկ-երկու նախադասությամբ մեջբերենք մի քանիսն այդ բնութագրումներից «Ստեփան Գազանճեան, ծնած Պոլիս, 1928-ին, ուսումը ստացած է Գումքափուի Հայ վարժարանը, ապա Կեդրոնական Ազգային Վարժարանը: Արծաթագործութիւնը սորված է հօրմէն՝ Լեւոն Գազանճեանէն: Լեւոն Գազանճեան ծնած է Տրապիզոն, 1881-ին: 1915-ի դէպքերէն վերապրած ընտանիքին միակ զաւակը: Լեւոն իր կագին արծաթագործութիւնը սորված է իր հոր՝ Խաչիկ Մատտեցի Սիմոնեանէն: Արծաթագործական բոլոր եղանակներուն մէջ հմուտ Սիմոնեան ընտանիքի վարպետները 1850-ական տարիներուն Օսմանեան Պալատին համար կը պատրաստէին նուրբ ճաշակով շարժական կրակարաններ, կաթսաներ եւ ամեն տեսակի պղինձէ եւ արոյրէ առարկաներ: Ստեփան Գազանճեանի գործարանը այսօր կը շարունակէ իր բեղուն աշխատանքը»: «Վարպետ Գրիգոր, որ համեստ եւ խորապէս հմուտ արուեստագէտ մըն է, հետաքրքրուած չէ տնային իրեր արտադրելով, այլ կը նախընտրէ պատրաստել հանրային բնոյթ ունեցող գործեր»: «Սարգիս Ուստա (Սամաթիացի) զինք կը կոչէին Խենթ Սարգիս: Արհեստանոցը իր սրբավայրն էր, իր գործի խենթն էր»: Եվ այսպես՝ բազում անուններ եւ պատմություններ, որ հեղինակը շարադրել է «Պոլսոյ վերջին հայ արծաթագործ վարպետները» գլխում: Բայց գրքի առավել ծավալուն բաժինը նվիրված է Վանա վարպետներին:

«Հայ արծաթագործ վարպետներ» գիրքն անհերքելի փաստագրություն – վկայաբանություն է մեր անցյալի, մեր նախնիների թողած ժառանգության եւ հակահարված է բոլոր այն կեղծարարությունների, որոնցով այդ ժառանգությունը վերագրվում է այլոց:

Հ. Թոքաթն իր հեղինակած եւ հրատարակած գրքերի վաճառքից ստացված հասույթն ընծայել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում գործող մանկավարժներին:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ.- Հաշվի առնելով աշխարհի գիտական լուրջ հաստատությունների եւ հանրային հետաքրքրությունը «Հայ արծաթագործ վարպետներ» աշխատության հանդեպ՝ այն օրերս  վերահրատարկվել է լրամշակումներով եւ այս անգամ՝ երեք լեզվով՝ հայերենով, թուրքերենով եւ անգլերենով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ նկարիչները «Ուրիշ/Նաիվ» փառատոնում

Հաջորդ գրառումը

Անվերջ հրապուրող Իրանը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Անվերջ հրապուրող Իրանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական