Կիրակի, 26 Հուլիս, 2026

Նշվեց լույսի միջազգային օրը

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում նշվեց Լույսի միջազգային օրը, որին մասնակցեցին աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտաշխատողներ:Մասնակիցներին ողջունեցին գիտության բնագավառի մասնագետները: Նրանք պատմեցին ինստիտուտի մասին, ներկայացվեց վերջին տարիների գիտական ձեռքբերումները:

Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին ինստիտուտի լաբորատորիաներում, մասնակցեցին հետաքրքրական գիտափորձերի: Գիտաշխատողները ցուցադրեցին գիտափորձեր՝ կապված լազերի ճառագայթման հաճախականության կրկնապատկման, միկրոմասնիկների վրա լազերի ճառագայթման ցրման միջոցով օդի աղտոտվածության աստիճանի որոշման հետ:

Ներկայացվեցին «Մի իսլանդական սագայի, արեգակնային քարի եւ Հյուսիս-ատլանտյան օվկիանոսում վիկինգների անհավատալի ճանապարհորդությունների մասին» զեկուցումը, ինչպես նաեւ «Լույսի  աղբյուրներ» թեմայով զեկուցումները: Անցկացվեց վիկտորինա «Լույսի ֆիզիկական հատկությունները» թեմայով: Վիկտորինայի ամենաակտիվ 10 մասնակիցները ստացան պատվոգրեր:

Հարկ է նշել, որ Հայաստանում առաջին էլեկտրական լամպը վառվել է 1903թվականին Դիլիջան քաղաքում: Այստեղ Աղստեւ գետի վրա տեղադրվել է 10 ԿՎտ հզորությամբ հիդրոտուրբին:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր