ՀՀ դեֆակտո ՄԻՊ-ը

46

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իրեն չի տեսնում ՀՀ վարչապետի թեկնածուի կարգավիճակում, նա հստակ ներկայացնում է իր անելիքները՝ զբաղվելու է հանրային գործունեությամբ: Արդեն ստեղծել է իրավունքի եվ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը: Այն ֆինանսավորվելու է Սփյուռքի կողմից: Գործունեության շրջանակը Հայաստանում ժողովրդավարության եւ իրավունքի ամրապնդումն է, ազգային անվտանգության խնդիրները, գիտակրթական ու հետազոտական գործունեությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը, ազգային արժեքների պաշտպանությունը:

Նորաստեղծ կազմակերպությունում  ներգրավված են  ՄԻՊ աշխատակազմի նախկին աշխատակիցները: Արման Թաթոյանն իր թիմի հետ արդեն կազմել-հաշվարկել է ադրբեջանական զինուժի վերջին հարձակման հետեւանքները,  պատերազմական հանցագործությունները փաստերով, ապացույցներով ներկայացնող նոր զեկույց: Հատուկ շեշտադրվել է, որ Ադրբեջանի իշխանությունների  հայատյաց քաղաքականության հիմքերը նույնն են՝ կրոնական ու էթնիկ:

Ապրիլյան պատերազմից սկսած՝ ձեռագիրը նույնն է՝ խոշտանգումներ, խոշտանգումը նկարահանել ու հրապարակել, ծաղրել ու Ադրբեջանի իշխանությունների  կողմից խրախուսվել: Ադրբեջանական հասարակության մեջ հայատյացությունը, թշնամանքն այնքան է խորացել, որ ծայրահեղ դաժան դրսեւորումներ է ստանում:

Մեր ժողովրդից ավելի շատ, որեւէ այլ ժողովուրդ խաղաղություն չի ուզում, բայց ակնհայտ է, չէ՞, որ ադրբեջանցիները խաղաղություն չեն ուզում, ու սա այդ երկրի հիմնարար պետական քաղաքականությունն է, որի միջոցով  Ալիեւն ու իր թիմը պահում են իրենց իշխանությունը: Իսկ Հայաստանից հնչեցվող խաղաղության կոչերով ու Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության պայմանգիր կնքելու խնդրանքով էլ մեր երկրի իշխանություններն են իրենց աթոռը պահում:

«2021 թվականից ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, սկսեցին  կրակ ու վախ են սփռել, մարդկանց զրկել աշխատելու, իրենց ընտանիքը պահելու տարրական հնարավորությունից: Մեր ճանապարհներին հայտնվելով՝ ադրբեջանական զինուժը սահմանափակեց տեղացիների ազատ տեղաշարժի իրավունքը: Փոխանակ մենք օգտագործեինք միջազգային մեխանիզմները՝ ցույց տալով, որ ճանապարհներն օկուպացնելով՝ գյուղեր են մեկուսանում, իշխանությունների կողմից արշավ սկսվեց: Պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ գյուղապետեր՝ իրականությունը հերքում էին՝ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց դիրքերում են, իրենք ինչ ուզեն, կանեն, որովհետեւ դա իրենց տարածքն է, Սյունիքն անվտանգ է, ադրբեջանցիների կողմից  որեւէ սպառնալիք չկա, Հայաստանի վերահսկողության ներքո կան ադրբեջանական տարածքներ: Հայաստանի իշխանական օղակներից  հնչող ազդակներն ամրացնում էին Ադրրբեջանի դիրքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում»,-վերլուծում է  Արման Թաթոյանն այն ժամանակահատվածը, երբ ինքը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն էր եւ ամենօրյա մշտադիտարկման էր ենթարկում ադրբեջանցիների ոտնձգություններն ու սանձարձակությունները Հայաստանի տարածքում:

Այսօր մեզ ներքաշել են աշխարհաքաղաքական հորձանուտի մեջ, որովհետեւ մենք այդպես էլ ժամանակին չօգտագործեցինք միջազգային մեխանիզմներն ու այդ մեխանիզմներով մեր հայրենիքից դուրս չվռնդեցինք մեր ոխերիմ թշնամուն: Ընդհակառակը՝ հային վայել հյուրընկալությամբ ադրբեջանցու ոտքի տեղն ավելի ամրացրինք, ու հիմա հարցնում ենք, թե թշնամին ինչո՞ւ է մեր իսկ երկրում մեր դեմ պատերազմ մղում, սպանում, գերեվարում, խոշտանգում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց: Ադրբեջանցին մեր երկրի ներսում է, 150 քկմ օկուպացրել  է ու այդտեղից պատերազմ է մղում մեր դեմ, իսկ մեր պաշտոնական շրջանակները հայտարարում են՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա, ագրեսիա կա: Այսինքն՝ արդեն բանավոր կերպով ընդունո՞ւմ են, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքից ինչ  գրավել է, ուրեմն իրենն է, ու այդտեղից է սկսվում հայ-ադրբեջանական սահմանը:

Արման Թաթոյանն իր թիմի հետ հավաքագրել է նաեւ վերջին պատերազմին ադրբեջանցիների վայրագությունների փաստերը, տեսանյութերը, դրանք մանրակրկիտ ուսումնասիրել: Գազանային դրսեւորման առանձին դեպքերը մեկ միասնական քաղաքականության հետեւանք են՝ Ադրբեջանի հիմնական նպատակը Հայաստանն օկուպացնելն ու հայ ժողովրդին բնաջնջելն է: Ապացույցները վկայում են, որ բոլոր պատճառները կան Ադրբեջանի իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Իրավունքի եւ արդարության «Թաթոյան» հիմնադրամը հայերին խոշտանգելու տեսանյութերն ադրբեջաներենից թարգմանելու է տարբեր լեզուներով եւ  կից վերլուծություններով ներկայացնելու է  միջազգային կառույցներին:

Ըստ էության, Արման Թաթոյանը վերսկսում է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի դեֆակտո գործունեությունը, բայց ոչ թե  ՀՀ ՄԻՊ գրասենյակից, այլ իր իսկ հիմնադրած կազմակերպությունից:

 «Մեր նորաստեղծ հիմնադրամով ցույց ենք տալու, որ երկիրն ունի կենսական շահեր, որոնցով պետք է զբաղվել, դրանք առաջ տանել: Քաղաքական շահերը, սրան-նրան մեղադրելը չի լինելու մեր գործունեությունը, այլ երկրի շահերն առաջ տանելը: Իմ կողմից երկրին ծառայելու արդյունավետ ձեւն այս պահին սա եմ համարում»,- ասաց Թաթոյանը՝ միանգամից նաեւ ցրելով այն կասկածները, թե նա կարող է մտնել քաղաքականություն ու մասնակցել քաղաքական գործընթացներին:

Նա միջազգային կառույցների, տարբեր երկրների արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների հետ է հանդիպել, ներկայացրել, թե ինչպես են ադրբեջանցիները, Հայաստանի ինքնիշխան տարածք մտնելով՝ մահվան սպառնալիքներ ստեղծում, խաթարում տեղացիների բնականոն կյանքը, նրանց ունեզրկում:

Օտարերկրյա պաշտոնյաները զարմանք են հայտնել, թե՝ ձեր երկրի իշխանություններից այլ բան ենք լսում, նրանք այսպիսի ապացույցներ չեն բերում, եթե ձեր ձեռքի տակ են այս փաստերը, փոխանցեք Հայաստանի իշխանություններին, թող նրանք ի պաշտոնե բարձրաձայնեն այդ խնդիրների մասին, որպեսզի ավելի ազդեցիկ ու հասցեական լինի, ու այդ փաստերը դառնան նաեւ հայ դիվանագետների գործիքը բանակցային սեղանների շուրջ:

Իհարկե, այդպես պետք է լիներ նորմալ որեւէ երկրի դեպքում, բայց ոչ՝ Հայաստանի:

Հայաստանի իշխանություններին Ադրբեջանի պատերազմական հանցանքների ապացույցներ պետք չեն: Մի կողմից նրանք տեղական ու միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու կոչեր անեն, մյուս կողից ապացույցներ դնեն սեղանին, թե Ադրբեջանն ուզում է ցեղասպանե՞լ հայերին ու Հայաստանը գրավե՞լ: Այսինքն՝ իրենք իրենց հակասե՞ն: 44-օրյա պատերամից 2 տարի է անցել, վերջին պատերազմից՝ ավելի քան 10 օր, իշխանությունները զոհվածների, վիրավորների, անհետ կորածների ու գերիների ցուցակները դեռ չեն ներկայացրել:

Հայաստանում քաղաքական դիկտատուրա է, քաղաքական մեկ ուժի կողմից սահմանված դիկտատուրա: Չկա հանրային հաշվետվողականություն: Ո՛չ անվտանգության հարցերում, ո՛չ  անգամ պատերազմի ընթացքում զոհվածների անունների ցանկի հրապարակման հարցում իշխանությունները հաշվետու չեն հանրության առաջ, եւ այս քաղաքականությունը մատուցվում է որպես երկաթե օրենք: Ինչքան ուզում ես բողոքիր, քեզ պատեպատ խփիր ու արդար պահանջդ ներկայացրու. ձայն բարբառոյ յանապատի: Հասարակությունը բաժանված է տարբեր բանակների, հասարակության մեջ առողջ սերմեր չեն մնացել. այդ պառակտումը  վերաբերում է  նաեւ Սփյուռքին, աղճատվել է Հայաստան-Սփյուռք կապը:

«Երբ  փետրվարին գնացի Սյունիք, Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհն էր կառուցվում: Ադրբեջանցիները մեզնից քիչ էին հեռու, հենց նրանց քթի տակ այլընտրանքային ճանապարհ էր կառուցվում: Ի՞նչ եղավ այդ ճանապարհը վերջին պատերազմի ժամանակ: Իհարկե, հնարավոր չեղավ օգտագործել: Պարզ էր, չէ՞, որ ադրբեջանցիները չէին թողնի, որ այն մեզ ծառայեր: Դեռ 2021-ից բազմիցս շեշտել եմ, որ պետք է Սյունքիում ձեւավորել անվտանգային գոտի: Իշխանությունները ոչինչ չարեցին անվտանգային գոտու խնդիրը բարձրաձայնելու, այն ստեղծելու համար»,-հիշեցրեց Արման Թաթոյանը:

Այո՛, պարոն Թաթոյան, անվտանգության գոտու դեպքում Հայաստանի սուվերեն տարածք մտած թշնամին հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին իր տեսադաշտում պահելու հնարավորությունից կզրկվեր, ու այս վերջին պատերազմի հետեւանքները մեզ համար  այսքան ցավոտ, կորուստներն այսչափ մեծ չէին լինի: Բայց մի՞թե Հայաստանի իշխանությունները դրան էին ձգտում:

ՆԱԻՐ ՅԱՆ