Գեւորգ Հրաչի Ասատրյան: Թվում է, թե պարզ անուն ազգանուն հայրանուն է, եւ իր խորքում պահված է սոսկ մարդկային մի անհայտ կենսագրություն: Ո՛չ, սա ընդամենը անուն չէ՝ կոչում է, պատիվ է, հերոսական արահետ է, պայքար է ու երգ, որ ամբողջացնում է «հայրենիք» բառի անսահման ընկալումը: Մենք՝ ստվերում ապրողներս, որ խիզախումի բրոնզով չենք փոշոտվել, պարտավոր ենք հիշել եւ խոնարհվել նրանց ուղու առաջ, ովքեր իրենց քայլը գցեցին հողի ծանրությունը թիկունքներին պահած:

Գեւորգ Ասատրյանը Ռուսաստանի Դաշնությունից ինքնակամ եկավ ՀՀ Զինված Ուժերում ծառայելու: Ապա սկսվեց հայկական անվերջանալի պատերազմներից մեկը՝ իր դաժանությամբ անօրինակը՝ 44-օրյան: Գնդացրորդ Գեւորգը կռվեց, նա կրակների մեջ էր, փոշիների ու հողմերի պտույտի մեջ էր, արկերի ու արյան տարափի մեջ էր. նա բռնկված էր ռազմական տենդով: Արցախում ամեն օրը վակումային ծանրությամբ էր ճկվում ու անցնում… Եվ Գեւորգը ընկավ կռվի սահմռկեցնող բոցերում: Ընկավ, որ հողին ավելի մոտենա, ընկավ, քանզի երկինք թռչելու համար մի հարմար կոնյե էր պետք, ընկավ հենց նա՛, որովհետեւ իր ճակատին արմենոիդ կնիքը ավելի վառ էր, քան մերը…
…Օրեր են թերթվում, դառնում ամիսներ, տարիներ եւ կյանքի ավազը լեռնանում է՝ իր տակ թողնելով չսառչող հիշողություններ: Գեւորգի վարքը, պայքարն ու կռիվը, կրած խաչը մի ամբողջ վեպի սյուժե է, որ պետք է ամենքս մեր մտապատկերում ունենանք, քանզի իմացյալ մահի դեմ ելնողը հերոսության միակ ապացույցն է, որը հասու չէ մեզ. դա Գեւորգի պես ընտրյալների ճամփան է՝ Գեւորգի, որի երակներով, վստահ եմ, արյուն չէ, այլ անտես ավիշ է հոսել…

Կեցցե՛ ուղիդ, Գեւորգ Ասատրյան, կեցցե՛ նվիրումդ, պայքարդ, անձնուրաց ավյունդ: Հավերժ փառք եւ գլխահակ հայացք քո անվանը: Այսուհետ դու աղավնու թռիչք ես, հուսալի երազ ես ու երգ: Երգ ես, որ պիտի թրթռա ամենքիս շուրթերին, իսկ ապրածդ կյանքը, որպես նվիրումի իսկական օրինակ, սերունդները պիտի հիշեն, օրհնեն, երդվեն ու տարվեն քո ոգով: Այս է ամբողջը. ամեն ինչ կանցնի-կգնա, բայց անունդ բորբոք կրակի պես կվառվի միշտ…
Հ.Գ. Գեւորգ Հրաչի Ասատրյանը հետմահու պարգեւատրվել է ԱՀ «Մարտական Խաչ երկրորդ աստիճանի» մեդալով, ՀՀ «Մարտական Խաչ երկրորդ աստիճանի» մեդալով, «Մարտական Ծառայության» մեդալով: Հավերժ Փառք, մեր կողքին ապրած ու ապրող հերոս…
ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ





