Հայկական ատոմակայանը գործում է

38

2022թ. ապրիլի 16-ից ՀԱԷԿ-ում ընթանում էին պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները: Ըստ սահմանված ցանցային գրաֆիկի՝ կատարվել են անվտանգության համակարգերի եւ հիմնական սարքավորումների հետ կապված բոլոր նախատեսված աշխատանքները:

Սահմանված ժամկետում իրականացվել է ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու վերաբեռնմամբ:

Ավարտվել են ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքները: Բարձր ճնշման նախկին 6 պոմպերից 2-ը փոխարինվել են ցածր ճնշման պոմպերով: Արդյունքում,  կմեծանա  համակարգի՝ ակտիվ գոտին հովացնելու կարողությունը  կոնտուրի ցածր ճնշման դեպքում:

Արդիականացվել են տուրբագեներատորի օժանդակ սարքավորումներն ու նրանց ղեկավարման վահանակները:Վերանորոգվել է տուրբինների կոնդենսատորների շրջանառու ջրամատակարարման համակարգը:

2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետեւ ժամը 20:56-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին:

Ներկայում կայանն աշխատում է 380ՄՎտ հզորությամբ: Անվտանգության եւ հուսալիության նորմերը պահպանվում են:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր