Հայաստանում առաջին անգամ անցկացվեց երգեհոնային երաժշտության փառատոն

110

Փառատոնը կրում էր հայ երգեհոնային կատարողական դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցանի անունը

«Այն երկիրը, որ ունի երգեհոնային դպրոց, դասվում է բարձր մշակութային կրթվածություն ունեցող երկրների շարքում»,- երգեհոնահար Արմեն Աղաջանյանի այս համոզմունքն ունեն ոչ միայն Հայաստանում առաջին անգամ անցկացված երգեհոնի փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները, այլ նաեւ երաժշտասեր հանրության լայն շրջանները, որ ներկա եղան փառատոնի շրջանակներում անցկացված տասներկու համերգներին: Այդ դպրոցի հիմնադիրը եւ երգեհոնահարների մի քանի սերնդի ուսուցանողն էր Վահագն Ստամբոլցյանը, ուստի եւ այս փառատոնը կոչվեց նրա անվամբ: «Վ. Ստամբոլցյանը Հայաստանում առաջինն էր 60-70 թ.թ.-ին, որ ավարտելով Լենինգրադի կոնսերվատորիան եւ ստանալով բազմաթիվ հրավերներ Լենինգրադից եւ Մոսկվայից, նախընտրեց վերադառնալ Հայաստան՝ հայրենիքում երգեհոնային դպրոց հիմնելու նպատակով: Դա նրան հաջողվեց, եւ այսօր մենք ունենք երգեհոնահարների մի հրաշալի «բույլ»: Նրա սաներից շատերն այսօր գործում են Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում,- պատմում է Ա. Աղաջանյանը:- Նա առաջինն էր, որ երգեհոնային երաժշտությունը մեզանում եկեղեցուց բերեց բեմ: Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից բացի բեմերում կատարվել են նաեւ հայ հոգեւոր երաժշտության մշակումներ, եւ դա կատարել են նաեւ այլազգի երգեհոնահարներ: Եվ այդ փոխադրումները հիմնականում Վ. Ստամբոլցյանինն էին»: Արձանագրենք, որ մեզանում պարբերաբար անցկացվել եւ շարունակաբար կազմակերպվում են երգեհոնային համերգներ.ներկայումս ամիսն առնվազն երկու անգամ Երեւանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայանում են երգեհոնային երաժշտության երեկոներ:

Երգեհոնի փառատոն կազմակերպելու գաղափարը հենց Կամերային երաժշտության ազգային կենտրոնում էին դեռ տասը տարի առաջ հղացել: Միտքն առաջ էր քաշել ներկայումս կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը: 2020-ին փառատոնը վերջապես պետք է իրականանար ԿԳՄՍ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, սակայն արգելք եղան համավարակը, ապա եւ դաժան պատերազմը: Գիտակցելով, որ 2022-ն էլ դյուրին տարի չէ, լի է բազում դժվարություններով, տագնապներով, այդուհանդերձ, որոշվեց այլեւս չհետաձգել Հայաստանում երգեհոնի առաջին փառատոնի անցկացումը: Նպատակն էր մարդկանց ավելի լայնորեն ներկայացնել երգեհոնային երաժշտությունը, ցույց տալ մեր երգեհոնային դպրոցի զորությունը, կարողությունը, նաեւ զարկ տալ դրա հետագա զարգացմանը, շահագրգռել երաժիշտների նոր սերնդին՝ ընտրելու այդ նվագարանը:

Փառատոնային շաբաթներին համերգներ անցկացվեցին ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Չարենցավանում եւ Կապանում: Կոտայքի եւ Սյունիքի մարզերում գործող երաժշտական կրթական հաստատություններում կան երգեհոններ, ուրեմն եւ հնարավոր էր անցկացնել երգեհոնային համերգներ(ի դեպ, Վ.Ստամբոլցյանը մեծ ավանդ է ունեցել Կապանի՝ իր ժամանակին երաժշտական ուսումնարանի դահլիճում երգեհոնի տեղադրման գործում) (*):

Փառատոնի մասնակիցներն էին ոչ միայն հայաստանաբնակ երգեհոնահարները, այլ նաեւ արտասահմանից բազմաթիվ հյուրեր, ինչն առիթ էր նաեւ վարպետության դասեր քաղելու մեկմեկուց: Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Սեզար Ֆրանկի, Լեոն Բոելմանի, Ֆելիքս Մենդելսոնի, Մակար Եկմալյանի, Կոմիտասի, Միքայել Թարիվերդիեւի, Օլեգ Յանչենկոյի, Դիտրիխ Բուքստեհուդեի, Նիկոլյա դը Գրինյիի, Գեորգ Մուֆաթի, Աբրահամ Վան դեն Կերկխովենի, Ադ Վամեսի, այլոց երգեհոնային ստեղծագործությունները կամ երաժշտական երկերի՝ երգեհոնի համար փոխադրումները կատարեցին երգեհոնահարներ Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Լադա Լաբզինան (Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահի գլխավոր երգեհոնահար), ժան-Պիեռ Սթեյվերսը (Նիդերլանդներ), Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Կալինինգրադի տաճարի տիտղոսակիր երգեհոնահար), Մարինա Նահապետյանը (Կապանի մանկական արվեստի դպրոցի տնօրեն), Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը,  Կարինե Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արփինե Հարությունյանը: Առանձին համերգների ելույթներ ունեցան սոպրանո Էլվիրա Մարգարյանը, ֆլեյտահար Վադիմ Թալալյանը, «Սաղմոսերգու» հոգեւոր երաժշտության արական երգչախումբը (գեղ. ղեկավար եւ խմբավար՝ Վահե Բեգոյան): Իսկ կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանը փառատոնային շաբաթների շրջանակում հանդես եկավ Կոմպոզիտորների միության դահլիճում առանձին համերգով՝ սեփական ստեղծագործության կատարմամբ:

Համերգներն անցան լեփ-լեցուն դահլիճներով, իսկ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած եզրափակիչ համերգը կարելի է անվանել «հենդելյան». Ա. Աղաջանյանը, Լ. Հարությունյանը, Լ. Սառաջյանը, Ա. Բակունցը, Կ. Վոլոստնովը, Հ. Թագվորյանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ (գեղ. ղեկավար եւ դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան) հաջորդաբար կատարեցին Հենդելի վեց երգեհոնային կոնցերտները:

Հայաստանում Վ. Ստամբոլցյանի անվ. երգեհոնի անդրանիկ փառատոնի ավարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍ) մեդալով պարգեւատրվեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը՝ Հայաստանում երգեհոնային արվեստի պահպանման եւ տարածման, ինչպես նաեւ երկար տարիների գործունեության եւ երգեհոնային արվեստի ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար: 

Թ. Ոսկանյանը Հայաստանի առաջատար երգեհոնահարներից է. նրա անունը հայտնի է ոչ միայն հայ, այլ նաեւ օտարազգի հանդիսականին: Երաժշտական մասնագիտական լայն շրջանակներում բարձր է գնահատվում նրա կատարողական արվեստը, հնչեցրած երաժշտությունը բազմաժանր է եւ ընդգրկում է միջնադարյան երաժշտարվեստի գոհարներից մինչեւ արդի կոմպոզիտորների բարդ ստեղծագործությունները: Մի շարք հայ անվանի կոմպոզիտորների (այդ թվում՝ Երվանդ Երկանյանի, Դավիթ Սաքոյանի) երկերի առաջին կատարողն է: Թ. Ոսկանյանը կրթություն է ստացել Թբիլիսիի Պալիաշվիլու անվ. երաժշտական, ապա Երեւանի Չայկովսկու անվ. դպրոցներում: Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում որպես դաշնակահար ուսանել է դոցենտ Ի. Սեդրակյանին, հետագայում որպես երգեհոնահար՝ պրոֆ. Վ. Ստամբոլցյանին, որի կատարողական «դպրոցի» արժանի շարունակողն է:  Շուրջ երկուսուկես տասնամյակ լինելով «Տաղարան»-ի երգեհոնահարը եւ կլավեսինահարը՝ հարյուրավոր համերգների ընթացքում համույթի նվագակցությամբ կամ մենակատարմամբ  հանդես է եկել ընդգրկուն ծրագրերով: «Տաղարան» համույթի, նաեւ այլ երաժշտախմբերի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Լիբանանում, Ռուսաստանում, Էստոնիայում, Լիտվայում, այլուր: 2013 թ.-ից Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգեհոնահարն է, եւ Սուրբ պատարագներին հնչում է նրա նվագը: 

*) Ի դեպ, Հայաստանում երգեհոններ ձեռք բերելու գործում անուրանալի վաստակ ունի ամերիկահայ աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը: Ծ.Խ.:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Երաժշտագետ