Հայաստանի տնտեսության զարգացումը մեծապես կապված է նաեւ էներգետիկ ոլորտի զարգացման հետ: Մշակվել եւ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչեւ 2040թ.» փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետությունում 2016, 2017, 2018, 2019 արտադրվել է համապատասխանաբար 7.3, 7.8, 7.8 եւ 7.6 միլիարդ ԿՎտժ էլեկտրաէներգիա: Արտահանվել է 1.2, 1.4, 1.6, եւ 1.25 միլիարդ ԿՎտժ էլեկտրաէներգիա: Հայաստանի էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է 3 տիպի ատոմային, հիդրո եւ ջերմային կայաններում, որից շուրջ 39 տոկոսը` ԱԷԿ-ում, մնացած 60%-ը գրեթե հավասարապես հիդրո եւ ջերմային կայաններում:
Հայաստանում 20-րդ դարի սկզբին շահագործվում էին 13 փոքր էլեկտրակայաններ՝ 3165 կՎտ գումարային հզորությամբ: 13 կայաններից 9-ը ջրային էին, աշխատում էին ջրի էներգիայի հաշվին, 4-ը՝ ջերմային (աշխատում էին ներքին այրման շարժիչներով): Տարեկան արտադրվում էր 5.1 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա: Համեմատության համար նշեմ, որ 20-րդ դարի սկզբին աշխարհում տարեկան արտադրվել է մոտ 15 միլիարդ կՎտժամ էլեկտրական էներգիա: Էլեկտրակայաններ են շահագործվել նաեւ Կարս քաղաքում: Հայաստանում առաջին էլեկտրական լապտերը վառվել է 1903 թվականին Դիլիջանում:
Հայկական ատոմակայանի 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգումը հանդիսանում է ՀՀ կառավարության հիմնական խնդիրներից մեկը: Այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը` հիմնական նպատակը:
Առաջիկայում կիրականացվեն եւս 7 արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման մրցույթներ` շուրջ 520ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնցից երկուսի հզորությունը կկազմի 200ՄՎտ յուրաքանչյուրը:
2020թ. հուլիսի 1-ի դրությամբ ցանցին է միացված մինչեւ 500ԿՎտ հզորությամբ 2669 արեւային ինքնավար կայաններ` ընդհանուրը 49.5 ՄՎտ դրվածքային հզորությամբ: Զարգացման տեմպերը թույլ են տալիս կանխատեսելու,որ առաջիկա երեք տարիների ընթացքում դրանց ընդհանուր դրվածքային հզորությունը կհասնի 100ՄՎտ-ի: ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչեւ 2030թ. արեւային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 միլիարդ ԿՎտժ-ի: Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ, ներառյալ ինքնավարները:
Մինչեւ 2023թ.կավարտվի Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղված ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կներդրվի 330 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2026թ.: Եթե 2026թ. հետո ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը համաձայն ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվի, կառավարությունը մտադիր է այն շահագործել առնվազն մինչեւ 2036թ.: Դրա համար կպահանջվի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում:
Առաջիկա յոթ տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում կներդրվի շուրջ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: 2025-2040 թթ. ընթացքում նախատեսվում է մինչեւ 500 ՄՎտ հզորության հողմային կայանների կառուցում:
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը հանդիսանում են պետական սեփականություն եւ դրանց բնական զարգացումն էներգետիկայի բնագավառի ռազմավարական նշանակության խնդիրներից է:
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցում այժմ շահագործվում են 220ԿՎ լարման թվով 13 եւ 110 ԿՎ լարման ենթակայաններ եւ մեկ փոխանջատիչ կետ Իրանի սահմանին,ինչպես նաեւ 1960 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ 5600 հենասյուներով:
107.9 միլիոն եվրո գումարով կառուցվում է Իրան -Հայաստան 400ԿՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 ԿՎ լարման «Նորավան» ենթակայանը: Էլեկտրահաղորդման գծի եւ ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա 2 երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 350 ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1200ՄՎտ:
Եզրակացություն
1. Նախագծել եւ կառուցել Շնողի եւ Լոռի բերդի հիդրոէլեկտրակայանները: Տարեկան կարող ենք արտադրել ավելի քան 500 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա: Ընդ որում, հնարավոր է ստեղծել խառը տիպի կազմակերպություն՝ պետության ընդգրկմամբ: Այսինքն պետությունը դառնում է մոտ 20 տոկոսի սեփականատերը, իսկ մյուս մասը կառուցվում է բնակչության եւ կազմակերպությունների միջոցներով: Այս ձեւով հնարավոր է կառուցել ոչ միայն էներգետիկ, այլ նաեւ շատ ձեռնարկություններ: Աստիճանաբար կստեղծվի միջին խավ, բնակչությունը խնայողությունները կօգտագործի արդյունավետ ձեւով: Այստեղ իրենց մասնակցությունը կարող են ունենալ նաեւ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները եւ բոլոր ցանկացողները: Տնտեսությունը վերելք կապրի: ՀՆԱ-ն կսկսի նշանակալիորեն աճել:
2. «Առաջարկի եւ պահանջարկի» տեսության համաձայն կարեւոր է նաեւ Գյումրի քաղաքում ունենալ գազատուրբինային ջեռուցման ջերմային էլեկտրակայան: Այն հնարավորություն կտա միաժամանակ արտադրել էլեկտրական եւ ջերմային էներգիա, լուծել տնտեսական բազմաթիվ հարցեր:
3. ՀՀ-ի բոլոր բնակավայրերի համար կազմել էներգետիկական անձնագիր, գտնել բոլոր հնարավոր դեպքերի համար (տարերային աղետներ, ոտնձգություններ, պատերազմական իրավիճակ եւ այլն) լավագույն լուծումներ:
4. Անհրաժեշտ է մշակել ՀՀ-ի էներգետիկայի տնտեսագիտական համալիր մոտեցումները` կառավարում, նոր զարգացող ուղղությունների գծով մասնագետների պատրաստում եւ այլն, որի իրականացման պարագայում կարող ենք հասնել լուրջ հաջողությունների՝ կարճ ժամանակահատվածի կտրվածքով:
5. Վերջին տասնամյակների ընթացքում ՀՀ-ում կառուցվել են փոքր հզորությամբ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ, որոնց հիդրոտեխնիկական կառուցվածքները` խողովակներ, հիդրոտուրբինների հիմնական աշխատանքային պարամետրեր ունեն ցածր արդյունավետություն: Արդյունքում տուժում ենք տնտեսագիտական տեսակետից: Արտադրվում է քիչ քանակությամբ էլեկտրական էներգիա:
6. Կարեւոր է նաեւ նախագծել եւ կառուցել Հրազդանի Հիդրոակումլյացիոն կայանը: Այն հնարավորություն կնձեռնի արդյունավետ օգտագործել գիշերային ժամերին արտադրված էլեկտրաէներգիան, իսկ պիկային ժամերին արտադրել էժան էլեկտրաէներգիա:
7. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ստեփանակերտի կլիմայական պայմանների համար գազատուրբինային ջեռուցման ՋԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան համեմատած շոգետուրբինային կայանի հետ մոտ 20 տոկոսով ավելի էժան է:
8. Վառելիքի արժեքի մեծացմանը զուգընթաց այն ավելի ակնառու է դառնում: Հետեւաբար նպատակահարմար է նախագծել եւ կառուցել գազատուրբինային ջեռուցման ՋԷԿ-եր:
9. Առաջարկվում է տեղական նշանակության ջերմամատակարարման համակարգերում օգտագործել արեւային էներգիան համատեղելով կենսազանգվածով կամ արեւային էներգիան համակցել թափոններից ստացված էներգիայով: Այսպիսի հիբրիդ համակարգերի արդյունավետությունը կավելանա առնվազն 20 տոկոսով: Համակարգերում կարող է օգտագործվել նաեւ ջերմային պոմպեր, ինվերտորներ, կաթսաներ: 10. Լուրջ ուշադրություն պետք է դարձնել էներգետիկական ճկուն դիվանագիտության մշակմանը եւ իրականացմանը: Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում անհրաժեշտ է ունենալ միջին հզորության շոգեգազա-տուրբինային ջեռուցման ՋԷԿեր, որոնք հնարավորություն կտան միաժամանակ արտադրել էլեկտրական եւ ջերմային էներգիա, խնայել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ: Առաջարկվում է ՀՀ-ում իրականացնել ճշգրիտ էներգետիկական դիվանագիտություն: Բուհերում մտցնել համապատասխան ուսուցման գծով առարկա:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ