Հայաստանը ձգտում է դիվանագիտական եւ տնտեսական հեռանկարներ բացել արաբական աշխարհում

33

Հակառակ ներկայիս երկրին սպառնացող ներքին եւ արտաքին մարտահրավերներին, Հայաստանն իր դեռատի դիվանագիտական կապերն է փորձում ամրապնդել աշխարհով մեկ։

Որոշ դեպքերում այլ երկրներն են մերձենում Հայաստանին, որովհետեւ իրենց շահերն են հետապնդում կովկասյան տարածաշրջանում։ Մնում է տեսնել, թե ինչպես են Հայաստանի անփորձ առաջնորդները օգտվելու զարգացող հարաբերություններից` հակակշռելով մի երկրի շահերը մյուսին եւ առաջ տանելով իրենց սեփական օրակարգը միջազգային քաղաքականության վտանգավոր փորձությունների հորձանուտում։

Միջազգային հարաբերությունների առումով Հայաստանի համար ցարդ լիովին չբացահայտված տարածք է հանդիսացել արաբական աշխարհը, որտեղ հայկական հսկայական համայնքներ են գոյություն ունեցել Ցեղասպանությունից ի վեր։ Խորհրդային ժամանակաշրջանում կենտրոնական կառավարությունը միշտ փորձում էր ծագումով հայ դիվանագետներին ընդգրկել արաբական երկրներում գործող իր դեսպանատների աշխատակազմում։ Բայց քանի որ խորհրդային արտաքին քաղաքականությունը ավելի շատ գաղափարախոսական ուղղվածություն ուներ, Մոսկվայի շահերը տարբեր էին Հայաստանի այսօրվա շահերից։ Անկախության հռչակումից հետո, Հայաստանի ղեկավարները արաբական երկրները դիտարկել են եւ նրանց վերաբերվել են խորհրդային իշխանությունների տեսանկյունից ելնելով` որպես հետամնաց եւ երրորդ աշխարհին մաս կազմող երկրների։ Որոշ ժամանակ էր անհրաժեշտ գիտակցելու համար այն փաստը, որ հակառակ տարածաշրջանում տեղի ունեցող վերիվայրումներին, գործարար աշխարհի հնարավորությունները տեղափոխվել են այնտեղ` արաբական աշխարհի երկրներ։ Սկսենք նրանից, որ Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների նման առաջնակարգ պետություններ նոր հեռանկարներ տեսնելով՝ Լուվրի եւ Գուգենհայմի թանգարանների մասնաճյուղեր են բացել Աբու Դաբիում։

Հայաստանի ղեկավարների կողմից անտեսված էր նաեւ արաբական երկրներում գործող հայկական համայնքների բարձր հեղինակությունը։ Թուրքերին հակառակ, մահմեդական արաբները մեծապես հարգում են եւ գնահատում իրենց երկրներում ապրող ստեղծագործ եւ աշխատասեր հայերին։

Հակառակ արեւմտյան մամուլի ներկայացրած աղավաղված պատկերին, Իրաքի եւ Սիրիայի նման երկրները դինամիկորեն զարգացած, մրցունակ եւ ինքնաբավ պետություններ էին։ Այդ երկրների կառավարություններն ու ժողովուրդները բարձր էին գնահատում հայերին եւ նրանց ներդրումը իրենց համապատասխան հասարակություններում։

Եգիպտոսը առանցքային դերակատարություն է ունեցել Միջին Արեւելքում, միշտ ազդեցիկ ներգործություն ունենալով արաբական աշխարհի զարգացումներում։ Թեեւ թվով շատ փոքր համայնք լինելով, ներկայիս 102 միլիոն բնակչություն ունեցող այդ հսկայական երկրում հայերը խիստ կարեւոր դեր են կատարել` երկրի քաղաքական, տնտեսական եւ կրթական ոլորտներում` սկսած այն ժամանակից, երբ Նուբար Փաշան դարձավ վարչապետ 19-րդ դարում։

Նավթարդյունաբերության սրընթաց զարգացումը տնտեսական ակտիվության ուշադրությունը բեւեռեց Ծոցի երկրների տարածաշրջանի վրա։ Արաբական այլ երկրներից հայերն այդ տարածաշրջան տեղափոխվեցին իրենց դերակատարությունը շարունակելու այդ շրջանում։

Նախքան Հայաստանը Թուրքիա՛ն գիտակցեց այդ տարածաշրջանի կարեւորությունը եւ սկսեց այնտեղ զարգացնել իր բիզնես գործունեությունը, միեւնույն ժամանակ փորձելով իր գաղափարամշակութային ազդեցություններն ընդլայնել զանգվածային լրատվության միջոցներով։ Դրա հետեւանքում, Եգիպտոսն, օրինակ, դարձավ հակահայկական քարոզչության կենտրոն, որն իր արտահայտությունը գտավ թերթերում եւ ակադեմիական հրատարակություններում։ Բարեբախտաբար նման դրսեւորումները իրենց տեղը զիջեցին, երբ Թուրքիայի հետ Եգիպտոսի հարաբերությունները սառեցին Լիբիայի եւ Արեւելյան Միջերկրարականում ածխաջրածինի պաշարների հայտնաբերման արդյունքում, ինչպես նաեւ Անկարայի կողմից «Իսլամ պետության» քաջալերման հետեւանքով։

Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց նպատակին հասան Իսլամական համագործակցության կազմակերպությունում (նախկինում` Իսլամական կոնֆերանս), որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացված էր որպես կրոնական պատերազմ քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ։ Ճշմարտության նման աղավաղումի հետեւանքում նրանք սիրաշահեցին Պակիստանի նման կրոնամոլ երկրի աջակցությունը, որն իր օդաչուներին Ադրբեջան ուղարկեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Վերոնշյալ կազմակերպությունը հիմնվել է Սաուդյան Արաբիայում 1969-ին եւ ունի 57 անդամ-պետություն։ Ի դեպ, նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, որպես Հայաստանի լիազոր դեսպանը Եգիպտոսում, կարողացել էր Հայաստանը դիտորդի կարգավիճակում անդամ դարձնել այդ կոնֆերանսում։

Բավական ուշացումով Հայաստանի նոր կառավարությունը ի վերջո գիտակցում է արաբական աշխարհի կարեւորությունը, եւ ի մասնավորի՝ Ծոցի տարածաշրջանի հարուստ երկրների արժեքը։ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանն էր, որ տեսլականն ունեցավ սկիզբը դնելու այդ երկրների հետ կապերի հաստատմանը։ Նա նախ այցելեց Ծոցի երկրները եւ դարձավ առաջին հայ պետական գործիչը, որ ոտք դրեց Սաուդյան Արաբիա 2021 թվի դեկտեմբերի 26-ին։ Ռիադը դիվանագիտական հարաբերություններ չէր հաստատել Հայաստանի հետ վերջինիս անկախացաումից հետո։ Գահաժառանգ իշխան Մոհամմեդ Բին Սալմանի (որն MBS սկզբնատառերով է ճանաչված) հետ հանդիպման ժամանակ նա այդ նավթահարուստ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հիմքերը դրեց։ Սարգսյանը Միջին Արեւելքի եւ Եվրոպայի շատ երկրների իշխանությունների շրջանում բարեկամների լայն շրջապատ ուներ։ Հայաստանի ներկա վարչակազմը չկարողացավ կապիտալի վերածել այդ բարեկամությունը` առաջ տանելու համար երկրի շահերը, այն անհեռատես պատճառով, որ Արմեն Սարգսյանը նախագահ էր նշանակվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։

Նույն տրամաբանությամբ այս վարչակազմը մերժեց խորհրդակցել Էդուարդ Նալբանդյյանի եւ Վարդան Օսկանյանի նման արհեստավարժ դիվանագետների հետ, չնայած երկրում նման փորձված դեսպանների կարիքը խիստ զգալի է։ Փոխարենը նրանք հույսը դրեցին իրենց վաղեմի բարեկամների վրա` հաշվի չառնելով նրանց անփորձ լինելը պետականության կառուցման գործում։

Այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական նախաձեռնություն կատարեց հունիսի 13-ին Քաթար մեկնելով մի մեծ պատվիրակության որպես առաջնորդ։ Այնտեղ, Ամիրի դիվանում (Amiri Diwan) նրանց ընդունեց Ամիր Շեյխ Թամիմ Բին Համադ էլ-Թանին իր գրասենյակում։ Հայկական պատվիրակությունը առողջապահության, կրթության, գիտության, լրատվության եւ ներդրումների ոլորտներում ստորագրեց մի շարք փոխըմբռնման հուշագրեր։

Միաժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ` Ադել Բին Ահմեդ էլ-Ժուբեյրի հետ` շարունակելու համար Արմեն Սարգսյանի դիվանագիտական նախաձեռնությունը։

Նման մերձեցումները հնարավոր դարձան տարածաշրջանում Թուրքիայի հետզհետե նվազող ազդեցության շնորհիվ։ Սաուդյան Արաբիան սուննի աշխարհի առաջնորդը լինելու գլխավոր թեկնածուն էր։ Բայց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ էր հավակնում այդ դիրքին։ Այդ պատճառով Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ նրա հարաբերությունները վատթարացան։ Այդ ընթացքում Ծոցի երկու երկրների` Ռիադի եւ Քաթարի միջեւ տարակարծություններ առաջացան։ Էրդողանը պաշտպանեց Քաթարին, է՛լ ավելի սրելով հարաբերությունները Ռիադի հետ։ Վաշինգտոնի միջնորդությամբ ճգնաժամը հաղթահարվեց, եւ այժմ Էրդողանը հաճոյանում է թագաժառանգին, որպեսզի վերջինս ներդրումներ կատարի Թուրքիայում եւ կործանումից փրկի երկրի տնտեսությունը։

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի հետ հարաբերությունները սերտացնելուն զուգընթաց Հայաստանը ավիացիոն բնագավառում համաձայնություն կնքեց ստեղծելու համատեղ ձեռնարկություն Շարժայում գործող Air Arabia ավիաընկերության հետ։

Արաբական աշխարհը բազմաթիվ հնարավորություններ է բացում, բայց նաեւ լուրջ ռիսկեր է առաջադրում։ Հայաստանի կառավարությունը պարտավոր է ծայրաստիճան զգուշավորություն դրսեւորել եւ շրջանցել այդ ռիսկերը առանց կորուստներ կրելու։ Ռիսկերից մեկն այն էր, թե ինչպես հավասարակշռել հարաբերությունները արաբական երկրների եւ Իսրայելի հետ։ Այդ ռիսկն արդեն հաղթահարված է, որովհետեւ Վաշինգտոնը կարողացել է արաբական կողմին ստիպել ստորագրել տալ «Աբրահամ համաձայնագիրը» (Abraham accord) Իսրայելի եւ Ծոցի երկրների միջեւ։ Հենց վերջերս Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը պաշտոնական այց կատարեց Ծոցի երկրների տարածաշրջանը։ Չնայած Իսրայելն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն երկու երկրները անպաշտոն ձեւով համագործակցում են միմյանց հետ։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սկզբնավորումից ի վեր արաբական երկրները Պաղեստինի իրենց եղբայրներին էին պաշտպանում նյութապես, բարոյապես եւ զինամթերք մատակարարելով։ Բայց քանի որ այդ միապետերն իրենց գոյությամբ պարտական են Վաշինգտոնին, նրանք ստիպված եղան հրաժարվել պաղեստինցիների դատը պաշտպանելուց, որպեսզի կարողանան պահպանել իրենց իշխանությունը։

Բավական երկար ժամանակ Հայաստանը տատանվում էր դիվանագիտական պաշտոնական հարաբերություններ հաստատել Իսայելի հետ, որպեսզի չօտարացնի արաբական երկրներին, որոնք հյուրընկալել էին սփյուռքահայ բազմաթիվ համայնքների։ Քանի որ Իսրայելի եւ Ծոցի երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվել են, կարելի է ասել, որ գլխավոր ռիսկերից գոնե մեկը վերացել է։ Հիշեցնելու կարգով նշենք, որ Հայաստանն իր դեսպանին Իսրայել ուղարկելուց անմիջապես հետո 44-օրյա պատերազմն սկսվեց, եւ Երեւանը ստիպված եղավ ետ կանչել իր դեսպանին, քանի որ Իսրայելը ԱԹՍ-եր էր վաճառում Ադրբեջանին։ Այժմ այդ հարցն էլ է կարգավորված, ոչ թե որովհետեւ Իսրայելն է ափսոսանք հայտնել իր քաղաքականության մեջ, այլ որովհետեւ որեւէ թշնամանք կամ անհարգալից վերաբերմունք Իսրայելի նկատմամբ` նշանակում է ճնշումներ Վաշինգտոնի կողմից։

Հայաստանն արաբական աշխարհի երկրներին ավելի շատ կարիքն ունի, քան վերջիններս` Հայաստանին։ Հայաստանը մասնավորապես կարիքն ունի այդ երկրների ներդրումներին։ Նավթով հարուստ արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների բարելավումով եւ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության կտրուկ թուլացումով կարելի է ասել, որ ժամանակը եկել է, որ Հայաստանը հաստատուն քայլեր ձեռնարկի բարեկամներ ձեռք բերելու եւ իր տնտեսությանը նոր շունչ հաղորդելու համար։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)