«Դպրոցում հավաքիր կրեդիտներ ու ընդունվիր համալսարան առանց քննության»,- այս նախադասությունը նմանվում է Երևանյան սուպերմարկետների աննախադեպ զեղչերի գովազդի մեկնարկին:
Ըստ նոր օրինագծի՝ ավագ դպրոցում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից աստիճանաբար կներդրվի կրեդիտային համակարգ: Բավարար կրեդտիներ ունենալու դեպքում 10-12-րդ դասարանի աշակերտը հնարավորություն կունենա առանց քննության բուհ ընդունվել:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փորձարկման առաջին փուլում ծրագիրը գործելու է բուհերի ենթակայությամբ գործող դպրոցների եւ Տավուշի մարզի ավագ դպրոցներում:
«Սովորողները կկարողանան կրեդիտները օգտագործել հորիզոնական եւ ուղղահայաց հարթություններում: Հորիզոնականում, օրինակ, հնարավոր կլինի կրեդիտները հանրակրթական դպրոց բերել: Ուղղահայաց հարթությունում էլ նախատեսվում է, որ դպրոցի կրեդիտները կարող են հաշվառվել քոլեջում կամ բուհում՝ ընդունելության ժամանակ կամ արդեն ուսումնառության ընթացքում»,- ասում է փոխնախարարը:
Այսպիսով, երբ աշակերտը դպրոցում սովորում է գրաբար, ապա ընդունվում է բանասսիրության ֆակուլտետ, կարողանում է նաեւ այդ կրեդիտը բերել համալսարան եւ բուհում ուսումնառության շրջանում ազատվել տվյալ դասընթացից:
«Օրինագծում կան մի շարք անհամապատասխանություններ: Օրինակ՝ եթե դիմորդը իր հետ կրեդիտ է բերում համալսարան, այս դեպքում նա համալսարանում ազատվում է տվյալ առարկայի դասընթացից, ապա ինչով է լրացվելու այդ բաց մնացած 80 րոպեն, կամ արդյոք հանրակրթական դպրոցը կարո՞ղ է աշակերտին տրամադրել այն գիտելիքը, որը համապատասխանում է համալսարանական չափորոշիչներին »,- մեզ հետ զրույցում ասում է 28-ամյա Աննան:
Ըստ e-draft.am կայքում տեղադրված տեղեկության, նախագծի հիմնական նպատակն է սովորողների շարժունությունը եւ անցումը հանրակրթությունից նախնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է, ինչպես նաեւ զարգացնել կրթական միասնական միջավայրի համագործակցությունը հանրակրթական ուսումնական եւ արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների միջեւ:
«Նախագիծը ենթադրում է, որ դպրոցը պետք է կազմի կրթական ծրագիր, որի բովանդակությունը կհամապատասխանի բուհի տվյալ առարկայի կրթական ծրագրին ու բովանդակությանը: Արդյո՞ք կկարողանան մշակել, օրինակ, փիլիսոփայության մի մոդուլ, որին բուհը կասի՝ շատ լավ է»,- ասում է Մանկավարժական համալսարանի դասախոս Արթուր Բաղդասարյանը, ապա ավելացնում. «Իմ կարծիքով` դժվար թե բերի հավասարության, որովհետեւ հայտնի դպրոցները նորից կմշակեն իրենց մոդուլները, դրանք կճանաչվեն, իսկ սովորական դպրոցները կկարողանա՞ն մշակել այնպիսի մոդուլներ, որոնք բուհերի համար ընդունելի լինեն»:
Այս հարցին այլ տեսանկյունից մոտենալիս կարելի է նաեւ հաշվի առնել կոռուպցիոն ռիսկերի բարձրացումը, սակայն առավելապես պետք է կարեւորել, թե ինչքանով այն կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը:
Բոլոնյան համակարգ, մեկ բուհ, մեկ մասնագիտություն, QR ատեստատ, կրեդիտային համակարգ հանրակրթական դպրոցում. նոր սերունդ coming soon:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ