Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարմելլա Ցեպկոլենկո․ Հայաստանյան կապեր՝ ստեղծագործական եւ ընտանեկան

Արծվի Բախչինյան
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
38
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ–ՕԴԵՍԱ – Կարմելլա Ցեպկոլենկոն (ծնվ. 1955 թ., Օդեսա) ուկրաինացի անվանի կոմպոզիտոր է, Ուկրաինայի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (2024), մանկավարժ, պրոֆեսոր (2009-ից), մանկավարժական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի կոմպոզիտորների ազգային միության վարչության քարտուղար, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ։ 1962–1973 թթ. սովորել է Օդեսայի մասնագիտացված երաժշտական դպրոցում, 1973–1979 թթ. շարունակել է ուսումը Օդեսայի կոնսերվատորիայում (կոմպոզիցիա եւ դաշնամուր)։ 1986-1989 թթ. ուսանել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Մասնակցել է նաեւ Գերմանիայում կազմակերպված կոմպոզիտորական վարպետաց դասերի։ 1980-ից կոմպոզիցիա է դասավանդում Օդեսայի Նեժդանովայի անվան պետական երաժշտական ակադեմիայում։ Դասավանդման ընթացքում կիրառում է իր հեղինակային մեթոդը՝ «Երաժշտական նյութի սցենարային մշակում»։ Վարպետաց դասեր է վարել Գերմանիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ–ի մի շարք երաժշտական հաստատություններում։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների եւ ֆորումների, միջազգային կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր է։ 1995-ին հիմնել է Օդեսայի ժամանակակից երաժշտության ամենամյա միջազգային փառատոնը՝ «Նոր երաժշտության երկու օր եւ երկու գիշեր», որի գեղարվեստական տնօրենն է։ Փառատոնը ներկայացնում է ուկրաինացի եւ արտասահմանյան կոմպոզիտորների ժամանակակից, հիմնականում փորձարարական երաժշտությունը։ Նաեւ հիմնադրել է եւ ղեկավարում է միջազգային հասարակական «Նոր Երաժշտություն ընկերակցությունը»՝ Ժամանակակից Երաժշտության Միջազգային Ընկերակցության ուկրաինական մասնաճյուղը։ Հիմնել է ժամանակակից կոմպոզիցիայի դպրոց Ուկրաինայի հարավում եւ պատրաստել բազմաթիվ աշակերտներ, որոնք դարձել են ազգային եւ միջազգային մրցանակների դափնեկիրներ։

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Կարմելլա Ցեպկոլենկոն ստեղծել է իր հեղինակային ռազմավարության կարգախոսը՝ «Ուկրաինացի կին կոմպոզիտորներն՝ իրենց զենքով» եւ սկիզբ դրել մի նախագծի, որտեղ ներկայացվում են պատերազմի տարիներին կոմպոզիտորների եւ բանաստեղծների գրած գործեր։

–Սիրելի՛ Կարմելլա, 2022 թվականից ի վեր, երբ շփվում եմ ուկրաինացիների հետ, խոսակցությունը սկսում եմ խաղաղություն մաղթելով Ուկրաինային եւ ողջ աշխարհին։ Օդեսան, որտեղ դուք ապրում եք, վերջերս կրկին ենթարկվեց պուտինյան բանակի ռմբակոծությանը։ Սակայն դուք շարունակում եք կազմակերպել «Նոր երաժշտության երկու օր եւ երկու գիշեր» փառատոնը…

–Սիրելի՛ Արծվի, հենց այսօր (2025-ի հունիսի 16-ին), այս սարսափելի պատերազմի անհամար օրերից մեկի ընթացքում, Օդեսան եւ Կիեւը ենթարկվեցին ամենակործանարար հարվածներից մեկին։ Քաղաքների կենտրոնում ամբողջ թաղամասեր ավերվել կամ վնասվել են։ Ռուսները լիակատար ցինիզմով եւ դաժանությամբ են կիրառում «այրված հողերի» մարտավարությունը։ Մինչ արեւմտյան եւ ամերիկյան քաղաքական գործիչները ջանում են արդար եւ կայուն խաղաղություն հաստատել Ուկրաինայում, ագրեսորը շարունակում է մահ եւ ավերում սփռել։ Ռուսական բանակն օգտագործում է չափազանց հզոր անօդաչու սարքեր, որոնք ունեն 150–200 կգ պայթուցիկներ եւ արձակվում են խմբերով։ Մենք չունենք բավարար տեխնիկական հնարավորություններ դրանց բոլորին դիմակայելու։ Այդ պատճառով կան հսկայական ավերածություններ եւ բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։

Կարմելլա Ցեպկոլենկոն «QuarterTone» կազմակերպության անդամների հետ

Ինչ վերաբերում է մեր ամենամյա միջազգային փառատոնին, ապա այն արդեն տասնամյակներ շարունակ Օդեսայում ներկայացնում է ժամանակակից ուկրաինական արվեստը համաշխարհային լավագույն չափանիշներին համարժեք մակարդակով։ Իսկ պատերազմի տարիներին փառատոնը դարձավ հզոր գեղարվեստական զենք՝ ռուսական զավթիչների դեմ պայքարում։ Նրա ծրագրերը միավորում են պատերազմի տարիներին գրված ուկրաինացի եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք ուղղակիորեն կամ փոխաբերաբար արտացոլում են ուկրաինացի ժողովրդի եւ նրա զինված ուժերի հերոսությունը, ինչպես նաեւ Արեւմուտքի աննախադեպ աջակցությունն Ուկրաինային։

Փառատոնն ստեղծվել է Ուկրաինայի անկախության առաջին տարիներին եւ երիտասարդ ուկրաինական պետության գրեթե հասակակիցն է։ Բոլոր այս տարիների ընթացքում փառատոնը նպատակաուղղված է եղել ժամանակակից ակադեմիական երաժշտության զարգացմանը, իրականացվել է ավելի քան 2700 կատարում՝ շուրջ 2500 տարբեր ստեղծագործություններից, որոնց հեղինակները 1264 ուկրաինացի եւ արտասահմանցի կոմպոզիտորներ են։ Տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են հազարավոր ուկրաինացի եւ արտասահմանցի կոմպոզիտորներ ու կատարողներ։ Փառատոնի պատմության ընթացքում միայն 2022 թ.՝ լայնամասշտաբ պատերազմի սկսվելու պատճառով, հնարավոր չեղավ իրագործել 28-րդ փառատոնը։ Այն տեղի ունեցավ 2023 թ․։ Չնայած շարունակվող պատերազմին՝ 29-րդ փառատոնը հաջողությամբ կայացավ 2024-ին, իսկ 30-րդ փառատոնը նախատեսվում է 2025 թ․ օգոստոսին՝ որպես մեծ մշակութային ակցիա, որի նպատակն է ցույց տալ աշխարհին, որ ուկրաինական մշակույթն իր ժողովրդի նման անկոտրում է, գոյություն ունի եւ զարգանում է անգամ պատերազմի ծայրահեղ պայմաններում։

–Անցած մայիսին Երեւանում կայացած ժամանակակից երաժշտության «Խաչմերուկներ–2025» փառատոնի ընթացքում մենք ունկնդրեցինք ձեր ստեղծագործությունները։ Դրանցից մեկում, թվում էր, հնչում էին պատերազմի ահազանգի նոտաներ։ Ճի՞շտ եմ զգացել։

–Այո՛։ Իմ «Որտեղի՞ց ես գալիս, սեւաթույր երամ» կանտատում, գրված սոպրանոյի, մեցցո-սոպրանոյի, տենորի եւ բարիտոնի համար՝ ըստ Սերգեյ Ժադանի բանաստեղծությունների, իսկապես հնչում են ռմբակոծությունների պայթյունների, օդային տագնապի ազդանշանների եւ գնդացրի կրակահերթերի նմանակումներ։ Կանտատը գրվել է 2022-ի մայիսին, Օդեսայում՝ ավստրիական հայտնի «Ռայհե Ցիկան+» համույթի պատվերով։ Ստեղծագործության դրամատիկ զարգացման ընթացքում կիրառել եմ խաղային կոմպոզիցիոն տեխնիկա՝ դրամատիզմն ուժեղացնելով տարբեր ձայնախմբերի միջեւ մրցակցության զգացման ներառմամբ։ Կուլմինացիոն պահերին հյուսվածքը դառնում է խիտ՝ բազմագիծ, բազմաշերտ, իմաստաստեղծ կառուցվածքներով։ Պատկերների երկխոսությունը, հակադրությունն ու ձուլումը, ներքին եւ արտաքին հակամարտությունները ձեւավորում են հաջորդական դրամատիկ գործողություն, որն ամբողջությամբ հանգուցալուծվում է զգացմունքային պոռթկումով։ Հատուկ ուշադրություն է դարձվել ժամանակի երեւույթին, իրադարձությունների խտության ավելացման, վիրտուալ շրջադարձերի եւ ժամանակի երկկողմանի հոսքի մեթոդների կիրառման միջոցով ես փորձել եմ ստեղծել սեղմված սուբյեկտիվ ժամանակի զգացողություն։

–Դա ձեր չորրորդ այցն էր Հայաստան։ Պատմե՛ք, խնդրեմ, ձեր նախորդ այցելությունների եւ հայ երաժիշտների հետ կապերի մասին։

–Իմ առաջին ուղեւորությունը Հայաստան եղել է 1978-ին՝ մասնակցելու ԽՍՀՄ ստեղծագործական բուհերի համամիութենական փառատոնին։ Դա, անշուշտ, անմոռանալի էր։ Մեկուկես շաբաթ Երեւանում, բազմաթիվ հետաքրքիր համերգներ, հանդիպումներ, այցելություններ Գառնի, Գեղարդ, Սեւան, Զվարթնոց։ Առաջին դիպլոմս՝ դաշնամուրի համար գրված վարիացիաների համար, հենց այնտեղ ստացա։ Անմոռանալի էին շփումներս հայ երաժշտության հսկաների՝ Էդվարդ Միրզոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի հետ։

Երկրորդ այցս եղել է 1982-ին, երբ Օդեսայի կոմպոզիտորների միության ներկայացուցիչների խումբն այցելեց Հայաստան՝ հանրապետական կազմակերպությունների փոխանակման ծրագրով։ Նույնպես անմոռանալի էր։ Համերգներ Դիլիջանում, Երեւանում եւ Սարդարապատում։ Այցելեցինք նաեւ Էջմիածին, որտեղ մեզ թույլ տվեցին իջնել նկուղ եւ տեսնել հեթանոսական կրակարանը, որի վրա կառուցվել է Մայր Տաճարը։

Երրորդ այցելությունս եղել է 2019-ին՝ Վանաձորի «Երաժշտական Օլիմպոս» երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթի շրջանակներում, որտեղ ես ժյուրիի անդամ էի։ Երեւանը հիացրեց իր մասշտաբով. իմ նախորդ այցելությունից անցել էր քառասուն տարի։ Ստորագրվեց համագործակցության պայմանագիր Կիեւի եւ Օդեսայի ակադեմիաների եւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի միջեւ, սակայն պատերազմների պատճառով այն, ցավոք, չիրականացավ։

Եվ չորրորդ այցելությունս՝ 2025-ին, մասնակցություն «Խաչմերուկներ–2025» միջազգային փառատոնին՝ «QuarterTone» կազմակերպության հրավերով։ Կազմակերպվեց նաեւ սեմինար՝ նվիրված իմ ստեղծագործությանը, վարպետաց դասեր ունեցա Կոնսերվատորիայի ուսանողների հետ, տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում հնչեց երկու ստեղծագործություն, որոնցից «Բախումները»՝ ֆլեյտայի, կլառնետի, դաշնամուրի, ջութակի, ալտի եւ թավջութակի համար, գրված էր հատուկ այս փառատոնի պատվերով եւ ներշնչված էր պատերազմից։ Ես փորձել էի արտացոլել խաղաղ կյանքի եւ պատերազմի միջեւ բախումը՝ արժեքների, մտածողության ձեւերի, կյանքի ռիթմերի, վարքագծերի, նույնիսկ ժամանակի եւ տարածության ընկալման հակասականությունների բախման ձեւով։ Այն կատարեց «Ասոնանս» համույթը, որի անդամներին խորապես շնորհակալ եմ գաղափարական բարդ մտահղացմանը բարձրակարգ եւ ներշնչված կերպով պատասխանելու համար։ Երկրորդ ստեղծագործությունը («Երազներում… եւ այստեղ՝ Երկրի վրա»)՝ ֆլեյտայի, թավջութակի եւ դաշնամուրի համար, նույնպես վարպետորեն հնչեց «Ասոնանսի» կատարմամբ։ Այն կազմված է երկու մասից, որոնք իրար հակադրվում են՝ առաջինը՝ մելանխոլիկ, մոնոտոն ու ամպերի պես թեթեւ, իսկ երկրորդը՝ ակտիվ, անհանգիստ՝ կատարելության հասնելու ձգտումներով։

Ամեն այցս Հայաստան թողնում է անջնջելի տպավորություն։ Ամեն անգամ նոր ապրումներ է բերում՝ ինչ-որ անբացատրելի բան, որն առաջանում է հոգու խորքերում… Ինչ-որ բան, որ միացնում է քեզ նախորդ սերունդների հետ։

Բազմաթիվ հայ արվեստագետներ մեր փառատոնին մասնակցել են Բաց հասարակության ինստիտուտի հովանավորությամբ՝ կոմպոզիտորներ, կատարողներ, պարողներ եւ թատերական գործիչներ՝ Էդուարդ Հայրապետյան, Վաչե Շարաֆյան, Ռոբերտ Ամիրխանյան, Սուրեն եւ Գայանե Հախնազարյաններ, Ծովինար Մովսիսյան, Գեւորգ Դաբաղյան, Միքայել Կոկժաեւ, «Շելլ» տրիո եւ այլք։

–Ձեր կապերը Հայաստանի հետ ոչ միայն ստեղծագործական են, այլեւ ընտանեկան։ 1998-ին ես հանդիպել եմ ձեր ամուսնուն՝ երաժշտագետ Ալեքսանդր Պերեպելիցային. նա ասաց, որ դուք մոր կողմից հայ եք…

–Մորական պապս՝ Գեւորգ Գասպարի Դեմուրճյանը, ծնվել է 1881-ին, Արեւմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի ինքնավար Խոտորջուր համայնքում։ Խոտորջուրը, կազմված լինելով երկու գյուղախմբերից, հիմնականում բնակեցված էր կաթոլիկ հայերով, ինչի համար էլ այն երբեմն կոչվել է «Փոքրիկ Հռոմ»։ 1900-ականներին Գեւորգը՝ հարուստ վաճառականի որդի, մեկնել է Ռուսաստան՝ Կիեւի առեւտրի դպրոցում սովորելու։ Ավարտելով՝ վերադարձել է հայրենիք, ամուսնացել Էլպիս Աբոզյանի (հոգեւորականի ընտանիքից) հետ եւ 1912-ին կնոջ եւ դստեր հետ կրկին տեղափոխվել է Ռուսաստան՝ բիզնես հիմնելու նպատակով։ Այս անգամ նա բնակություն է հաստատել Նիկոլաեւում, որտեղ գնել է ալրաղաց, մի քանի հացի փուռ ու հրուշակարան։ Նիկոլաեւում 1914 թվականին ծնվել է մայրս՝ Մարիամ Դեմուրճյանը, դրանից մի քանի ամիս անց Խոտորջրում սկսվել է այն, ինչ ամբողջ աշխարհին հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։

Պապս լավ ֆլեյտա եւ մանդոլին է նվագել։ Տանը հաճախ կազմակերպել են ընտանեկան համերգներ․ ավագ դուստրը՝ Սիրանուշ-Լյուբան, նվագել է դաշնամուր, որդին՝ Գասպարը՝ ջութակ, իսկ մայրս՝ Մարիամը, պարել է։ Մանկուց մայրս դաստիարակչուհիների հետ սովորել է գերմաներեն, ֆրանսերեն, դաշնամուր, նկարչություն, նաեւ դասական բալետի հմտություններն է յուրացրել։ Երբ 1928-ին Մոսկվայի Մեծ թատրոնը ժամանել է Նիկոլաեւ՝ բեմադրելու Ռեյնհոլդ Գլիերի «Կարմիր կակաչ» բալետը, մորս ընտրել են՝ մարմնավորելու չինացի աղջիկներից մեկին։ Բալետմայստեր Ալեքսանդր Շիրյաեւը հրավիրել է մորս սովորելու Մոսկվայում՝ Մեծ թատրոնի բալետի դպրոցում։ Սակայն այդ պահին ճակատագրի անիվը շուռ է եկել՝ ընտանիքում ողբերգություն է պատահել։ Տատիկս մահացել է ծննդաբերության ժամանակ։ Չորս երեխաները՝ Սիրանուշը, Մարիամը, Օղիդա-Օլգան եւ Գասպարը մնացել են առանց ծնողների, քանի որ պապիս էլ ձերբակալել են որպես «ժողովրդի թշնամի»։ Սկսվել է գոյության դժվարագույն պայքար, բառացիորեն՝ գոյատեւում՝ առանց միջոցների եւ ծնողների։ Երեխաները տեղափոխվել են Կիեւ՝ իրենց ազգական Վարդան Խոջիկյանի մոտ, որը քաղաքում բարձր պաշտոն ուներ (հետագայում նրան եւս աքսորեցին՝ դաշնակցականներին աջակցելու մեղադրանքով)։

Մայրս, որ շատ լավ նկարում էր, որպես գծագրող սկսել է աշխատել նախագծման բյուրոյում։ Պատերազմի տարիներին ծառայել է որպես թարգմանիչ՝ զորամասում, քանի որ կատարելապես տիրապետել է գերմաներենին, հասել է մինչեւ Բեռլին։ Օղիդա-Օլգան, բժշկական ինստիտուտն ավարտել է բռնազավթման ժամանակ, իսկ Կիեւի ազատագրումից հետո միացել է ճակատին եւ ծառայել է որպես բժիշկ՝ նույնպես հասնելով Բեռլին։ Քեռի Գասպարը նույնպես մասնակցել է պատերազմին, վերադարձել է կապիտանի կոչումով, հետագայում աշխատել է «Կիեւէներգո»-ում՝ որպես ինժեներ, եւ ստեղծել սիրողական նվագախումբ, որի դիրիժորն է եղել։

Պատերազմից հետո մայրս, Օլգան եւ պապս տեղափոխվել են Օդեսա։ Այստեղ էլ մայրս ամուսնացել է Սեմյոն Դմիտրիեւիչ Ցեպկոլենկոյի՝ իմ հոր հետ։

–Ձեր ընտանիքում պահպանվե՞լ են հայկական ավանդույթներ՝ երաժշտական, խոհանոցային կամ այլ բնույթի։

–Քանի որ պապս եւ մեր ազգական Վարդանն ապրում էին մեզ հետ, մորս հետ խոսում էին հայերեն։ Ցավոք սրտի, ես այդ լեզուն չսովորեցի, հավանաբար այն պատճառով, որ այդ տարիներին բոլոր ոլորտներում ռուսերենն էր գերիշխում։ Հիմա շատ եմ ցավում, որ ժամանակին չմտածեցի լեզվի խորացված ուսումնասիրության մասին։ Պապս հրաշալի էր պատրաստում, հատկապես հին բաղադրատոմսերով Զատկի չորեքներ (դա, ի դեպ, փրկել է նրան բռնաճնշումների տարիներին․ ճամբարներում նա հացթուխ է աշխատել)։ Հայկական խոհանոցից մայրս պատրաստում էր տոլմա, թանապուր, ղավուրմա, գաթա, շաքար-լոխում…

–Դուք ավելի քան 100 երաժշտական ստեղծագործությունների հեղինակ եք՝ սիմֆոնիկ նվագախմբի, կամերային անսամբլների, դաշնամուրի, երգեհոնի համար, ունեք նաեւ վոկալ գործեր, երեք օպերա, եւ այլն։ Կա՞ն դրանց մեջ Հայաստանին առնչվող գործեր։

–Այո, «Հոգեհանգստի սիմֆոնիան» (1988 թ․), որը ողբերգական եւ հերոսական պատմական իրադարձությունների գեղարվեստական անդրադարձ է։ Այն ներշնչված է հայերի պատմական հիշողության երկու առանցքային հանգրվաններով՝ Ցեղասպանությամբ եւ Սարդարապատի ճակատամարտով։ Ինչպես արդեն նշեցի, 1982-ին այցելել եմ Սարդարապատ, որը խորապես ազդեց ինձ վրա։ Սարդարապատը դարձավ հաղթանակի խորհրդանիշ, որը հետագայում դարձավ իմ ստեղծագործական ներշնչման աղբյուրը։ Այդ այցից վեց տարի անց ես սկսեցի աշխատել սիմֆոնիայի վրա։ Սարդարապատի ճակատամարտի հիշողությունն աստիճանաբար բյուրեղացավ երաժշտական սցենարի մեջ։ Երաժշտությունը կարծես ինքնաբերաբար էր ձեւավորվում՝ արտահայտելով իմ ներքին ապրումների աշխարհը։

Հայոց ցեղասպանության թեման ինձ համար պարզապես պատմական փաստ չէր․ ես այն զգում էի որպես անձնական ողբերգություն։ Մայրական կողմիս ծննդավայր Խոտորջուրը եղել է ինչպես կոտորածների, այնպես էլ դիմադրության կենտրոն։ Ես ունեմ մի գիրք, որտեղ զետեղված է պապիս լուսանկարը՝ զինվորական համազգեստով՝ որպես ինքնապաշտպանության մարտիկ։ Պապիկիս շատ հարազատներ չեն կարողացել ժամանակին փախչել Խոտորջրից եւ զոհվել են կոտորածների ժամանակ։ Ի դեպ, Խոտորջուրի մոտ 35,000 բնակիչներից միայն 50-ն են ողջ մնացել։ Մեզ մոտ ազգակցական կապերով կապվող այդ փրկվածներից մեկն էլ հայ բանաստեղծ Ֆրանսուա Բորչալյանն էր, որը կյանքի վերջին վերադարձել է Ֆրանսիայից Հայաստան եւ դարձել վանական՝ Էջմիածնում։

«Հոգեհանգստի սիմֆոնիայով» ես փորձել եմ արտահայտել միաժամանակ թե՛ մեծ վիշտ՝ բնաջնջվածների համար, թե՛ հերոսական ոգի՝ պայքարի համար, որն էլ փրկեց հայ ժողովրդին լիակատար ոչնչացումից։ Սիմֆոնիան դարձավ յուրօրինակ երաժշտական հուշարձան, որի մեջ սիմֆոնիկ լեզվով արտացոլված են այդ առանցքային պատմական պահերի ողբերգությունն ու հերոսությունը։

–Շնորհակալ եմ անկեղծ եւ բովանդակալից պատասխանների համար, սիրելի՛ Կարմելլա։ Հուսով եմ՝ դուք կրկին կայցելեք Ձեր մոր հայրենիքը՝ այս անգամ նոր ստեղծագործություններով։ Եվ թող հնարավորինս շուտ վերականգնվի խաղաղությունն Ուկրաինայում եւ ամբողջ աշխարհում…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրու «Վարդուհի» դպրոցի արվեստի լույսը

Հաջորդ գրառումը

Մարի Սարգսյան-Չինկեզյան. «Հայրենիքն ինձ համար կյանքի եւ արվեստի սոլի բանալին է»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Մարի Սարգսյան-Չինկեզյան. «Հայրենիքն ինձ համար կյանքի եւ արվեստի սոլի բանալին է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական