ԵՐԵՎԱՆ-ՌԻԳԱ – Լատվիացի նկարչուհի եւ պարուհի Կարինե Պարոնյանցին անցած սեպտեմբերին մեր տուն բերեց իմ լատվիագետ բարեկամուհի Նաիրա Խաչատրյանը: Անունն ինձ ծանոթ էր, նրա մասին գրել էի իմ «Հայերը համաշխարհային պարարվեստում» գրքում: Ամբողջությամբ արվեստով եւ հայաշխարհը լավագույնս ճանաչելու ծարավով համակված գեղեցկուհի Կարինեի հետ անմիջապես սկիզբ առան ջերմ շփումներ…
Ռիգայում ծնված Կարինե Պարոնյանցը մագիստրոսի կոչում է ստացել Լատվիայի արվեստների ակադեմիայի մոնումենտալ նկարչության բաժնում: 2007-ից որմնանկարների եւ գծանկարների տեխնիկա է սովորել Ֆլորենցիայի արվեստի ինստիտուտում: Ավելի քան քսան անհատական ցուցահանդես է ունեցել Ռիգայում, Յուրմալայում, Վալմիերայում եւ Լատվիայի այլ քաղաքներում: Կարինեն պարբերաբար մասնակցում է Լատվիայում խմբակային ցուցահանդեսների, ինչպես նաեւ միջազգային արվեստի նախագծերի: 2007-ից Լատվիայի նկարիչների միության անդամ է:
Որպես նկարիչ նա դիտողի հետ զրուցում է փոխհարաբերությունների, առասպելների, խորհրդանիշների լեզվով՝ շոշափելով գենետիկ հիշողության խորը շերտերը եւ հավաքական անգիտակցականը: Նրա համար վերջնական արդյունքի հետ մեկտեղ կարեւոր է բուն արարման գործընթացը՝ ըմբռնումը, աբստրակցիաների տեղափոխումը շոշափելի ձեւի տարածքում, տեսողական պատկերների միջոցով նուրբ ինտոնացիաներն ու մոտիվները փոխանցելու փորձը: Այդ իսկ պատճառով Կարինեն հաճախ է աշխատում պատմական անցյալ ունեցող վայրերում, որոնք կարծես գտնվում են տարբեր դարաշրջանների ու տարրերի հանգույցում: Նրա համար նշանակալից վայրեր են դարձել լքված օդակայանը, ավերված ջերմոցը, ռադիոկայանի տանիքը: Նրա ներկայիս արվեստանոցը գտնվում է Ռիգայի բուսաբանական այգու պատմական շենքերից մեկում, որի հարեւանությամբ կան տարաշխարհիկ բույսերով տաղավարներ, գիտական աշխատանոցներ, հին շենքեր եւ Լատվիայի համալսարանի դասախոսությունների դահլիճը: Նկարչուհին ոգեշնչված է կենդանի բնության ինքնաբուխ պլաստիկության եւ քաղաքակրթության մտքի գծային փոխազդեցության ուսումնասիրությամբ…
–Սիրելի՛ Կարինե, շատ հաճելի էր քեզ հանդիպել Երեւանում՝ հայ ժողովրդի համար անցած ողբերգական սեպտեմբերին: Այդուհանդերձ, մենք աշխատում էինք չընկճվել, որպեսզի է՛լ ավելի չվատթարացնեինք մեր վիճակը: Ինչպես ասել է լեհ երգիծաբան Ստանիսլավ Եժի Լեկը. «Մի՛ ընկիր հուսալքության մեջ, կվնասվես»: Ի՞նչ զգացողություններ ունեիր Երեւանում:
-Հարգելի՛ Արծվի ջան, Լատվիայի հայ համայնքը խիստ անհանգստացած է Հայաստանի իրադարձություններով: Լինելով հանրային անձնավորություն՝ ես շատ ակտիվորեն բազմիցս արծարծել եմ արցախյան շրջափակման եւ պատերազմի թեման լրատվական տարածքում: Իհարկե, ես Հայաստան եկա ծանր սրտով: Ի սկզբանե ճամփորդությունը նախատեսված էր որպես ուխտագնացություն եւ այցելություն Էջմիածնի մյուռոնօրհնության տոնին: Սակայն միջոցառումը չեղարկվեց, եւ լատվիահայերը նույնպես չեկան: Բայց ես ամեն դեպքում որոշեցի գալ, թեեւ շատերն էին փորձում ինձ տարհամոզել. մամուլում եւ ժողովրդի մեջ խոսակցություններ կային անկարգությունների, հնարավոր հեղաշրջման մասին: Շատերն էլ պարզապես վախենում էին Հայաստան մեկնել, թվում էր, թե թշնամին հարձակվելու է: Ես չզղջացի որոշմանս համար, ուրախացա՝ տեսնելով, որ քաղաքն ապրում է՝ ի հեճուկս ամեն ինչի, եռում է կյանքը, ներառյալ մշակութայինը, շատ զբոսաշրջիկներ կան: Կեցցե՛ն հայերը, որոնք, չնայած երկրում տիրող ծանր տնտեսական վիճակին, կարողացան ընդունել ավելի քան 100 հազար արցախցի փախստականների: Քաղաքի փողոցներում եւ սոցիալական ցանցերում ակտիվիստները եղել եւ շարունակում են լինել ակտիվ:
Ես միշտ ասում եմ, որ երբ գալիս եմ Երեւան, ապա լսում եմ Բաբելոնի ձայները: Հայերը հնագույն մշակույթի կրողներ են, եւ դա զգացվում է ամեն բանի մեջ, նույնիսկ առօրյա կյանքում: Այստեղ անցյալի այնքա՛ն շատ շերտեր կան, սա մի այնպիսի տոնական «տորթ» է հնության սիրահարի համար՝ լեգենդներ, առասպելներ, պատմություն, Արեւելք եւ Արեւմուտք, Մետաքսի ճանապարհ եւ Բյուզանդիա, մշակույթների, բարբառների խառնուրդ: Ժողովրդի գենետիկ հիշողությունը պահպանում է Մեծ Հայքի ոգին. Սասունցի Դավթի գենը՝ հաղթողի գենը, շատ ուժեղ է այս բազմաչարչար երկրի բնակիչների մեջ: Մենք սիրում ենք տոները, գիտենք հյուրեր ընդունել, գիտենք եւ շարունակում ենք առատաձեռն ու հյուրընկալ լինել նույնիսկ հիմա, երբ իրենց հեգեմոն պատկերացնող գործարարներն անխնա վերագծում են Աշխարհի քարտեզը եւ Հայաստանի պետականությունն էլ դրված է հարցականի տակ… Մեր մշակույթում շատ պաթոս եւ ուժ կա: Իհարկե, ինչպես բոլոր հարավցիները, մենք եւս շատ ենք սիրում տոնել կյանքը եւ, ինչպես հին ժողովուրդների բոլոր ներկայացուցիչները, չափազանց շատ ենք ապավինում անցած տարիների ձեռքբերումներին ու հաղթանակներին…
Մանուկ հասակում ծնողներիս հետ հաճախ էի գալիս Երեւան: Եվ ամեն անգամ դա նման էր արեւելյան հեքիաթի: Հավանաբար այստեղից է գալիս գեղանկարչության մեջ իմ սերը սեղանի թեմայի հանդեպ: Իմ հասուն կյանքում ամեն մի ճանապարհորդություն դեպի Հայաստան բացարձակապես խորհրդանշական ուղեւորություն է դեպի իմ իսկական եսը, հանդիպումն իմ արմատների հետ: Եվ յուրաքանչյուր հանդիպում բնօրրանի հետ անփոփոխ կերպով հանգեցնում է պատկերային նոր շրջանի: Այս անգամ էլ այդպես եղավ. Սա շրջադարձային էր Սերգեյ Փարաջանովի սցենարների գրքի տարբերակի պատրաստման համատեքստում՝ մեծ ռեժիսորի տարեդարձին ընդառաջ: Մի խումբ համախոհների եւ հայ նշանավոր դիվանագետ պարոն Տիգրան Մկրտչյանի եւ նրա կնոջ՝ հայտնի թարգմանչուհի Իլզա Պաեգլե-Մկրտչյանի աջակցությամբ հույս ունենք առաջին անգամ Փարաջանովից գիրք հրատարակել լատվիերեն:
–Ես քո մասին գիտեի որպես արեւելյան պարեր կատարողի: Իսկ ի սկզբանե պա՞րն էր, թե նկարչությունը: Զարմանալի չէր լինի, եթե դրանք լինեին միաժամանակ: Ինձ ծանոթ նկարիչներից մեկը նկարչի աշխատանքը համեմատում է պարային շարժումների հետ եւ հակառակը…
-Իհարկե, սկզբում նկարչությունն է եղել. նկարել եմ վաղ մանկուց, միշտ գիտեի, որ նկարիչ եմ լինելու: Ակադեմիայից բացի, ուսանել եմ Ռոզենտալ քոլեջում, մասնակցել մասնավոր սեմինարների եւ երեկոյան դասընթացների:
Ես բացարձակ տեսողական մարդ եմ: Նույնիսկ երաժշտությունը սկզբում տեսնում եմ, հետո միայն լսում: Իմ բոլոր պարային կատարումները նախ «նկարել» եմ գլխիս մեջ. ինձ համար, որպես նկարչի, պարի ձեւավորումը, հորինվածքը, վառ տեսողական հատուկ էֆեկտները միշտ կարեւոր են եղել: Այո՛, նկարչություն եւ պար, նկարչություն եւ երաժշտություն. այստեղ շատ ընդհանրություններ կան: Չէ՞ որ գեղանկարչության մեջ էլ ամեն ինչ որոշվում է ռիթմով ու հորինվածքով: Բայց իմ հիմնական արտահայտչամիջոցը միշտ եղել է գույնը, այդ թվում՝ բեմում:
–Իսկ որքանո՞վ է հետաքրքրական արեւելյան պարը լատվիական հասարակությանը:
-Օ՜, դա հիանալի հոբբի էր իմ ուսանողական տարիներին: Մեր ստուդիան առաջիններից էր, որ Լատվիայում ներկայացրեց տարաշխարհիկ եւ արեւելյան նորաձեւությունը: Բայց նույնիսկ այս ոլորտում ես շարունակեցի ավելի շատ նկարիչ լինել, քան պարող: Եվ վերջում այս ամենը վերածվեց Լատվիայի առաջին տարաշխարհիկ պարի թատրոնի: Հնդկական, իսպանական, արաբական եւ կովկասյան պարերի թեմաներով մեր վառ զգեստների շոուները չափազանց տարածված էին: Մենք նույնիսկ մեր երկացանկում ունեինք ճապոնական, չինական եւ թայական թեմաների միախառնումներ: Ես շուտ հասկացա, որ այդ պարերը կարելի է վաճառքի հանել. ես հայ եմ, առեւտուր անելը մեր արյան մեջ է: Արդյունքում ունեցանք ֆինանսապես հաջողված նախագիծ, նույնիսկ հյուրախաղերի մեկնեցինք Գերմանիա, Շվեդիա, Ֆինլանդիա:
Երիտասարդների, ուսանողների համար (այդ ժամանակ ես նույնպես շատ երիտասարդ էի՝ առաջին կուրսի ուսանող) սա հիանալի միջոց էր՝ համատեղելու արկածների հանդեպ սերը եւ ճանապարհորդությունը լավ եկամուտին: Կարծում եմ, որ կարողացա ժամանակին ավարտին հասցնել այս իսկապես հիանալի հոբբին, սահմանեցի առաջնահերթություններ եւ ամբողջությամբ նվիրվեցի նկարչությանը: Չէ՞ որ այդ դյութիչ պարի փառատոնի հետեւում կային նաեւ հսկայական վարչական աշխատանք, անկանոն ժամանակացույց եւ սարսափելի ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածություն: Բայց այն, ինչ մնաց, իմ երիտասարդության անհավատալի հիշողություններն են եւ բեմական ֆոտոսեսիաների ֆանտաստիկ հավաքածուն: Ես գիտեմ՝ ինչպես զարմացնել իմ դստրիկներին:
–Իսկ հայկական պարերով զբաղվե՞լ ես:
-Մենք ունեինք մի շատ գեղեցիկ պարսկական եւ ոչ պակաս դիտարժան հայկական պար: Բայց նորից ասեմ, որ սա խառնուրդ էր, վառ շոու, ոչ թե ավանդական կովկասյան պար:
Արդյոք նոստալգիա ունե՞մ այդ կյանքի նկատմամբ: Ո՛չ: Ես նույնիսկ ցանկություն չունեմ ընկերական հավաքը «փչացնելու» իմ պարային շարժումներով: Չնայած մարմինս դեռ հիշում է, եւ դա հիանալի է: Թեեւ, ազնիվ լինեմ, եւ ասեմ, որ իմ պարի թատրոնով ես վաստակում էի շատ ավելի, քան հիմա իմ բարձր ինտելեկտուալ աշխատանքով՝ իրականացնելով գեղարվեստական նախագծեր եւ ցուցահանդեսներ: Բայց ես սրան մոտենում եմ փիլիսոփայորեն ու հումորով: Ահա ինչպես է գործում մեր ժամանակակից աշխարհը: Միշտ գիտեմ, որ լավագույն նկարներս կյանքի կկոչվեն, եւ վաղ թե ուշ ցուցասրահները կգնեն, ու ես նորից կկարողանամ ստեղծագործել հանուն արվեստի: Այսպիսին է կյանքը: Չնայած կյանքը վերջերս սկսել է ինձ մի փոքր շփացնել, բայց ես ունեմ մշտական հաճախորդներ, որոնք ինձ ստեղծագործելու հնարավորություն են տալիս:
–Մինչ այժմ լատվիացի քննադատներն ու արվեստի պատմաբանները քո ստեղծագործության մեջ որեւիցե հայկական բան տեսե՞լ են:
-Լատվիայի համար ես բացարձակ հայ նկարիչ եմ, այսպիսի մի թունդ կովկասյան կին: Դա միեւնույն ժամանակ թե՛ հետաքրքրական է, թե՛ դժվար, երբ ոչ մի տեղ մինչեւ վերջ յուրային չես: Հայերի համար ես գրեթե գոթական լատվիացի եմ, իսկապես, իմ մեջ լատվիական շատ բան կա: Ինչպես միշտ կատակում եմ, ես բալթյան «շշալցմամբ» հայուհի եմ: Բայց լատվիացիների համար ես բացարձակ տարաշխարհիկություն եմ, մի վառ, ոչ միշտ հասկանալի կետ նուրբ մոխրագույն բնապատկերի խորքին: Կարծում եմ՝ այս բազմամշակութայնությունը, այս հետաքրքրական գենետիկ կոկտեյլն իմ հիմնական ուժեղ կողմն է: Ի վերջո, մարդ չի կարող երես առ երես իրեն տեսնել, բայց ես հնարավորություն ունեմ լինելու խաչմերուկում, տեսնել եւ փոխանցել իմ հայկական մշակույթը կարծես դրսից, կողքից:
Արյան գենետիկ հիշողությունը պահպանում է հայկական մանրանկարչության դարավոր պատմության պատկերները՝ թռչնագրերով, անսովոր զարդանախշերով եւ արեւելյան մոտիվներով: Այս պատկերները, բազմապատկված ռիգացի դեռահասի մանկական հմայվածությամբ՝ վերածվում են արեւելյան հեքիաթների՝ լատվիական առոգանությամբ:
–Ձմերուկներ պատկերելու քո կիրքը նո՞ւյնպես կապված է հայկական ժառանգության հետ:
-Անշո՛ւշտ: Երբեմն, երբ ինձ հարցնում են, թե ինչով եմ զբաղվում, կատակում եմ, թե ձմերուկ եմ վաճառում: «Ձմերուկներ» շարքն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ ստեղծագործական կենսագրության մեջ. Ձմերուկ-լոտոսը դարձել է ոչ միայն իմ ապրանքանիշը, այլեւ իմ ստեղծագործության ամենաճանաչելի կերպարը: Մեկ այլ նկարաշար էլ ունեի, որ կոչվում էր «Սեր եւ խորոված», որտեղ ձմերուկներից մնացել են միայն գրաֆիկական, սեւ սերմեր՝ անփութորեն ցրված նրբագեղ ափսեների սպիտակ սկավառակների վրա, որոնք հիշեցնում էին հավաքույթի անկիրթ, դուրս շտապող մասնակիցներին: Խնջույքն ավարտվել է…
–Ռիգայում 2012 թվականին տեղի է ունեցել Լատվիայի, Լիտվայի եւ Հայաստանից նկարիչների «Հայկական գունապնակ» միջազգային ցուցահանդեսը, որի համակազմակերպիչն էիր եւ մասնակիցը:
-Այո՛, ունեմ նման թուլություն՝ ստանձնել լոկոմոտիվի, կազմակերպչի, նախաձեռնողի դերը: Կոնկրետ այդ ցուցահանդեսի դեպքում նախաձեռնությունը սկզբում Լիտվայից էր, եւ ես միայն էստաֆետը վերցրի Լիտվայի հայ համայնքից եւ օգնեցի կազմակերպել այդ միջոցառումը Լատվիայում:
–Պարոնյանը 19-րդ դարի հայ մեծ երգիծաբանի ազգանունն է: Որտեղի՞ց են քո արմատները:
-Այո՛, հենց այդ երգիծաբանի անունը կրող փողոցի հարեւանությամբ է գտնվում Սերգեյ Փարաջանովի՝ իմ սիրելի տուն-թանգարանը: Հիշում եմ՝ մի անգամ տաքսու վարորդն իմ հարցին, թե ինչպես հասնել Փարաջանովի թանգարան, ինձ բացատրեց՝ ուղիղ գնացեք Պարոնյանով ու կհասնեք Փարաջանովին: Փոխաբերությունն իմ ճաշակով էր (ես դեռ ծիծաղում եմ դրա վրա):
Իմ արմատները հին Հայաստանից են, նախնիներս 1915 թվականի ցեղասպանությունից փախել են հին Հայաստանի մայրաքաղաք Անիից եւ հայտնվել Հյուսիսային Կովկասում: Իսկ ավելի ուշ պապս, լինելով յուրատեսակ հայ «պճնամոլ», եվրոպական գեղեցիկ կյանք փնտրելու նպատակով հայտնվեց Լատվիայում: Տեղափոխվել Մերձբալթիկա (ինչպես այն ժամանակ անվանում էին բալթյան երկրները), շատ համարձակ եւ ազատասիրական որոշում էր: Լատվիայի հայերի հին սերունդը լավ ճանաչում ու հիշում է իմ պապ Սերգեյ Հայկի Պարոնյանցին: Նա շատ խարիզմատիկ մարդ էր՝ լայն հոգով, շատերին է օգնել ու շատ բան է արել հայերի համար: Քեֆ էր անում, իհարկե, նույնպես հայավարի: Հնաբնակ հայերը հումորով նրան անվանում են Լատվիայում հայության լիազոր ներկայացուցիչը:
Ահա այսպիսի պատմության խաղ. մեզ ուզում էին ազգովին ջնջել երկրի երեսից, բայց ի վերջո մենք ցրվեցինք աշխարհով մեկ ու այսօր ունենք շատ ուժեղ Սփյուռք:
Տատիկիս եղբայրը՝ Երվանդ Խորենի Մելիքովը (նրա ընտանիքը նույնպես հրաշքով փրկվել է այդ սարսափելի ժամանակներում) Մոսկվայում դարձել է հայտնի պրոֆեսոր, ղեկավարել թեթեւ արդյունաբերության ամբիոնը, նրա գրած գրքերն ու դասագրքերը դեռ լայնորեն օգտագործվում են: Ես շատ բարեկամներ ունեմ Ամերիկայում. մենք ոչ միայն գոյատեւել ենք, այլեւ կարողացել ենք լավ կրթություն ստանալ եւ կարիերա անել:
Մորս կողմում կան սիբիրցի լատվիացիներ եւ ռուս հնադավան Ֆիլիպովները՝ գունագեղ Դաուգապիլսից (ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի ծննդավայրը): Նրանք երկուսն էլ մեծապես տուժել են ստալինյան բռնաճնշումներից, քանի որ, ինչպես գիտեք, ռեժիմը միշտ հնձում է լավագույններին:
–Ռիգայի հայ համայնքը փոքր է, բայց հարուստ է հետաքրքրական մարդկանցով: Ինչպե՞ս ես գնահատում նրա ստեղծագործական ներուժը:
-Հայերի մեջ ընդհանրապես շատ են հետաքրքրական մարդիկ: Բայց ես հավատում եմ, որ մեր ուժը միասնության մեջ է, ինչը մեզ հաճախ է պակասում: Յուրաքանչյուր հայ իրեն իշխան է պատկերացնում (դրա համար հիմնավոր պատճառաբանություն ունի՝ մենք Մեծ Հայքի հետնորդներն ենք), բայց երբեմն պետք է կարողանալ հրաժարվել անձնական նկրտումներից՝ հանուն ընդհանուր բարօրության:
–Իսկ երեխաներին հայկական ավանդույթները փոխանցու՞մ ես:
-Այո՛, իհարկե: Արյունը ջուր չէ: Արմատները չափազանց կարեւոր են: Այն հիմքն է, այն կապն է ընտանիքի հետ: Նրա մեջ մեծ ուժ կա: Ես ու երեխաներս հաճախում ենք հայկական կիրակնօրյա դպրոց: Ինձ համար պատկանելության այս զգացումը չափազանց կարեւոր է: Ընտանիքս ինձ ուժ է տալիս:
–Համոզված եմ, որ Հայաստանի հետ կապված ստեղծագործական ծրագրեր ունես…
-Հայաստանում ցուցահանդեսը սրտի գործ է, ո՛չ աշխատանք է, եւ, իհարկե, ո՛չ բիզնես: Արվեստը եւ ընդհանրապես բիզնեսը հաճախ միմյանց բացառող հասկացություններ են: Չնայած ժամանակակից արվեստի համադրողները (ես նրանց ավելի շուտ շուկայագետ կկոչեի) փորձում են մեզ հակառակը համոզել: Բայց սա բոլորովին այլ «հաջողության պատմություն» է:
Կան մտադրություններ, ծրագրեր եւ հիշարժան ծանոթություններ անչափ բովանդակալից մարդկանց հետ, որոնց հետ շփումն ինձ համար մեծ պատիվ եւ հոգեւոր արժեք է: Երեւանում հսկայական թվով անհավանական հանդիպումներ եմ ունեցել: Շատ բան նաեւ՝ ձեր շնորհիվ, հարգելի՛ Արծվի: Նման մարդկանց հետ շփումը հարստացնում է:
Հուսով եմ, որ առաջիկայում կուրախացնեմ ձեզ Երեւանում իմ անհատական ցուցահանդեսի մասին տեղեկությամբ: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ