Կարդյունավորվե՞ն արդյոք Իրանի Չաբահար նավահանգստի շուրջ քննարկումները

24

Միջպետական տնտեսական հարաբերությունները բոլոր ժամանակներում էլ ունեցել են իրենց վճռորոշ նշանակությունը քաղաքական հարաբերությունների վրա: Առավել եւս մեր օրերում, երբ միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները ուշադրությամբ հետեւում են իրենց շահերին, որն ըստ էության դիտարկվում է նաեւ որպես իրենց սեփական իրավունքը:

Սակայն միշտ չէ, որ տնտեսական կապերի ցուցիչը համապատասխանում է քաղաքական հարաբերությունների ցուցիչին: Այդպիսին են հենց հայ-իրանական հարաբերությունները, որտեղ ըստ էության չկան որեւէ քաղաքական խնդիրներ, սակայն փոխարենը խիստ համեստ են տնտեսական կապերը, թեեւ ժամանակ առ ժամանակ երկու կողմն էլ հիշում է այդ մասին, ավելին՝ բազմաթիվ պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվում է տնտեսական կապերը առավել խորացնելու տարբերակները, անգամ երկու կողմից էլ հայտարարվում առեւտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի սահմանը հատելու մասին եւ այլն: Ինչ խոսք, ցավոք, ցանկությունը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: 

Եվ ահա այդ պայմաններում, երբ խնդիր է դրված այլեւս երկու պետությունների համար մասնակցել միջազգային առեւտրին, առավել հրամայական են դառնում տարածաշրջանային նախագծերին մասնակցելը, իսկ հնարավորության դեպքում դրանց հեղինակ դառնալը, որն էլ նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Թերեւս հայկական կողմից օրերս տարածաշրջանային այդպիսի նախագծի մասին առաջարկ է հնչել, երբ Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել իրանական Չաբահար նավահանգստում տարանցիկ փոխադրումների եւ լոգիստիկ ծառայությունների ոլորտում: Դեսպանի խոսքով՝ Չաբահար նավահանգստի հնարավորություններից օգտվելը կարեւոր է, եւ ցանկանում են, որ Հայաստանի ապրանքները Հնդկաստանից հասնեն Չաբահար, իսկ Չաբահարից՝ Հայաստան:

Դեսպանը Չաբահար նավահանգիստ կատարած այցի եւ տեղի տնտեսական հարցերով ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ այդ նավահանգիստը կարող է զարգացնել կապը երեք երկրների միջեւ: Փաստորեն, հայկական կողմը նախաձեռնում է Հայաստանի, Իրանի եւ Հնդկաստանի համագործակցության խորացման նոր եռակողմ նախագիծ, որի իրականացման գործում զգալի տեղ է հատկացվում իրանական լոգիստիկ հնարավորություններին: Միաժամանակ Երեւանի համար Իրանի միջոցով հուսալի կապ է ստեղծվում Հնդկաստանի հետ հաղորդակցվելու իմաստով: Ակնհայտ է, որ հայկական կողմի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ նախագիծն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական հեռանկարային նշանակություն, իսկ առեւտրական կապերը կարող են առավել ամրապնդել այդ: 

Ուշագրավ է, որ իրանական կողմից եւս պատասխանը չի ուշացել: Իրանի Սիստան եւ Բելուչիսթան նահանգի նավահանգիստների եւ ծովային գործերի գլխավոր վարչության ղեկավար Նասեր Ռավանբախշի խոսքով՝ «Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, սակայն Իրանի հետ ունի ընդհանուր ցամաքային սահման, Իրանի նավահանգիստները, հատկապես, Չաբահար նավահանգիստը, լավ հնարավորություն են այլ երկրների հետ Երեւանի առեւտրի համար»:

Փաստորեն, իրանական կողմը պատրաստ է այդ հարցում համագործակցել Երեւանի հետ՝ տրամադրելով իր նավահանգիստները: Նշենք, որ դեռեւս Արցախյան առաջին պատերազմի տարիներին հայկական կողմը իրանական նավահանգիստներից օգտվելու փորձ է ձեռք բերել:

Հարկ է նշել, որ տնտեսական վերոնշյալ ծրագրի շրջանակներում անդրադառնալով Հնդկական օվկիանոսը Սեւ ծովին միացնելու նախագծին՝ իրանցի պաշտոնյան կարեւորել է Հայաստանի դիրքը Իրանի եւ Վրաստանի միջեւ տարանցիկ երթուղում Սեւ ծովի արեւելքում գտնվող վրացական Փոթի նավահանգստին կապվելու տեսանկյունից: Ընդ որում, Սուեզի ջրանցքի համեմատ Չաբահար նավահանգիստը կարող է նպաստել տարանցիկ բեռների ավելի արագ եւ էժան տեղափոխմանը: 

Այսպիսով,  ռուս-ուկրաինական հակամարտության, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցության փոփոխական լարվածության պայմաններում, Սիրիայում ռուս-թուրքական հերթափոխ դարձած ռազմական գործողությունների համատեքստում հայկական կողմից հայտ ներկայացված վերոնշյալ նախագիծը կարող է դառնալ այլընտրանքային կարեւոր ուղի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Իրանի, ե՛ւ Հնդկաստանի համար, եթե երեք կողմից էլ նկատվի շահագրգռություն: Իր հերթին տարածաշրջանում նոր կշիռ ձեռք կբերի իրանական Չաբահար նավահանգիստը: Սակայն այս հարցում անհրաժեշտ է հետեւողականորեն ներգրավվել նաեւ հնդկական կողմին:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ