Կատարվեց իշխանության երազանքը՝ ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան

108

Ազգային ժողովում մի տեղ կա՝ ԱԺ դահլիճից միջանցք բերող աստիճանների վրա, որտեղ մեր ընդդիմությունը կանգնում է, իրեն շրջապատում լրատվամիջոցների ներկայացուցիչներով (մեծ մասամբ սեփական լրատվամիջոցների) եւ դեմքի խորիմաստ արտահայտությամբ նախշում իշխանությանը։ Բողոքում է, որ զրկված է լայն քարոզչության հնարավորություններից (երեւի Հ1-ի Պետրոսից զրկված լինելը նկատի ունեն, քանի որ մյուս լրատվամիջոցները լուսաբանում են ընդդիմությանը) եւ գնում տուն։ Սովորաբար լրատվամիջոցներն իրար հերթ չտալով բղավում են քիմքահաճո հարցեր, մեկ-երկու ըստ էության հարցը՝ ոչ պատկան լրագրողներից, «արժանի» հակավարված է ստանում դեմքի նույնքան խորիմաստ արտահայտությամբ եւ իրենց մինչեւ վերջ լսելու ՝ լրագրողին ուղղված հրավերով։

Ընդդիմությունը, այդպիսով, վերադարձել է խորհրդարան, ինչպիսի՜ մեծահոգություն, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ դահլիճից ընդդիմադիր սենյակներ տանող աստիճանների վրա, քանի որ Արցախի հարցի եւ խաղաղության այսպես կոչված շրջանակային պայմանագրի մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին իր նախորդ ասածներին հակառակ բացահայտում արած վարչապետ Փաշինյանին ոչ ոք դիմակա հարց չտվեց ու ներկա չէր, ու օրուգիշեր աշխատող ընդդիմության աշխատանքի հանրագումարը հենց այդ աստիճաններից էլ ակնկալեք։ Փողոցում ձախողվելուց հետո ի՞նչ կա դեռ անելու, եւ պատերազմում պարտված իշխանության հրաժարական պահանջելը ձախողած ընդդիմության հրաժարականը բա ո՞վ պիտի պահանջի, քանի որ տրամաբանական է այս բոլորից հետո նույն տիպի հրաժարական պահանջելն ընդդիմությունից, որքան էլ ընդդիմության մոտ ակտուալ է իրեն քննադատողներին իշխանության ջրաղացին ջուր լցնողի պիտակներ կպցնելը։ Խոսքն, իհարկե, մի քանի՝ իրոք աշխատող պատգամավորի մասին չէ, ընդդիմության մեջ եղած ընկերներս, հուսով եմ, դա հասկանում են։

Տեսնես մեր ընդդիմությունը, կամ գոնե նրա ներկայացուցիչներն առանձին-առանձին, իրենք իրենց մեկուսի եղած ժամանակ տալի՞ս են հետեւյալ հարցերը.

Արդյոք ընդդիմությունն ինքն իրեն մեղավոր համարո՞ւմ է, որ տեւական ժամանակ անպտուղ ծածկեց դաշտը՝ այդպիսով թույլ չտալով պետության անվտանգության տեսակետից անհրաժեշտ իրոք ընդդիմության ձեւավորումը. այժմ քաղաքական դաշտի ավերակ դարձած այս հատվածն այսպես էլ բաց կմնա՝ արդեն մեկ-երկու ամսից մեր պետության շուրջը հնարավոր ծավալվելիք գլխապտույտ իրադարձություններից առաջ, Փաշինյանի ասած շրջանակային պայմանագրի ստորագրմանն ընդառաջ։ Ի՞նչ է անելու այդպիսի պայմանագրի ստորագրման եւ խորհրդարանում վավերացման դեպքում՝ հատուկ կարծի՞ք է հայտնելու, 20 րոպե ընդմիջում է վերցնելո՞ւ, եւ ի՞նչ։

Արդյոք ընդդիմությունը հետեւություններ արե՞լ է, թե ինչո՞ւ շատ մարդիկ չգնացին իր հետեւից, եւ հանրությանը պիտակավորելով, հիմար եւ անխելք, ժեխ ու զոմբի անվանելով, ի՞նչ կարգի անվերադարձ արժեզրկեց իրեն, ի՞նչ կարգի շատերին ստիպեց՝ երես թեքել իրենից եւ բոլոր հնարավոր ընդդիմություններից։

Արդյոք ընդդիմության լիդերներից ոմանք հասկացան կամ գոնե հիմա՞ են հետեւություն արել, որ իրենց հրապարակային ներկայությունը ընդդիմության արժեզրկման առաջնային գործոններից էր, քանի որ իրենց մեջ ուժ չգտան ապակենտրոն, նոր մարդկանցով, իրենց տարատեսակ շահերով չկաշկանդված ընդդիմություն ստեղծելու, իրենցից ազատելու հանրության տեսադաշտը։ Թե՞ հենց այդպիսին էր տարածաշրջանով զբաղվողների պատվերը՝ այնպես արժեզրկել ընդդիմությանը, որ երկար ժամանակ իշխանությունն այլընտրանք չունենա, որն էլ գերազանց իրագործվեց նախ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, իսկ հետո ընդդիմադիր զանգվածների ներուժը իրենց ոչ համարժեք հանրահավաքներով մաշեցնելով։

Այդքան խորքերից ամեն ինչ «հասկացող» ընդդիմադիրների մեջ մի՞թե չգտնվեցին այն մարդիկ, որոնք խորհուրդ կտային հատկապես օլիգարխի ու թալանողի՝ ժողովրդի պատկերացրած կերպարին համապատասխանողներին՝ հեռու մնալ ընդդիմությունից եւ տասնյակ տարիներով բոլորից հիասթափված հանրությանը զզվանքի գերդոզայի չհասցնել՝ այդպիսով ձախողելով Հայաստանի, Արցախի անվտանգության խնդիրները բարձրացնող ազդեցիկ ընդդիմության առկայությունը, բոլորին եւ երկիրը մերկ թողնելով նաեւ ապագա մարտահրավերների դիմաց։

Շարունակեք նույն ոգով։ Ոչինչ չփոխեք։ Նույն դեմքով խորիմաստություններ արտաբերեք՝ մտածելով միայն սեփական միավորների ջրի երեսին մնալու մասին, շարունակեք պիտակավորել հանրությանը, հինգ զրոյանոց գներով մեքենաներով հանրային վայրերում երեւալ, շարունակեք խանգարել երկրով իրոք մտահոգ ու հարցերը ջրի երես հանող լրագրողներին՝ միակողմանի աղմուկով փակելով դաշտը։ Բոլորով միասին գնում ենք դեպի մեծ ջրապտույտ, որտեղ ոչ ձեր հինգ զրոներով փոխադրականները կփրկեն, ոչ լրատվադաշտը գեներացնող միլիոնները՝ բոլորի՛ս է տանելու ջրապտույտը։

Պայմանագրային ծառայության գրավչությո՞ւն, թե…

Չնայած բազմաթիվ հրատապ հարցերի՝ այս մեկի լուսաբանումը կարեւոր համարեցինք, քանի որ հանրության լայն շրջանակների է այն վերաբերում։

Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններով, որն առաջին ընթերցում անցավ Ազգային ժողովում, առաջարկվում է անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկողության գործառույթներ ունեցող պայմանագրային զինծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար։ Հավելավճարով ծառայության անցումն ատեստավորմամբ է, որին զինծառայողները կամավոր են մասնակցելու։

Այս բոլորը կատարվում է բանակում բարեփոխումներ անելու եւ պրոֆեսիոնալ բանակի անցման համատեքստում, ծառայությունը գրավիչ դարձնելու համար։ Նախատեսվում է, որ ժամկետային զինծառայողներն ու սպաները, 6 ամիս ժամկետային զինծառայությունից հետո կկարողանան 5 տարվա պայմանագրային զինծառայության անցնել։ Չնայած՝ զինծառայողը պայմանագրային ծառայության վերաբերյալ որոշում կարող է ընդունել նաեւ ժամկետային ծառայության ուզած փուլում, բայց ոչ սկզբի 6 ամիսը։ Պայամանգրային ծառայությունն ավարտելիս զինվորականը 5 միլիոն դրամ պատվովճար կարող է ստանալ, միաժամանակ կարող է որոշել շարունակել զինծառայությունը։ Պատվովճար կտրվի նաեւ զինծառայությունը առողջական պատճառով ընդհատելիս։ Մարտական հերթապահությամբ պայմանագրային վճարը կարող է հասնել 380 հազար դրամի, իսկ նոր ատեստավորումներ անցնելուց հետո այդ գումարը կավելանա։ Փաստորեն չհաջողված «Ես եմ» ծրագիրն, այսպիսով, դադարեցվում , իսկ այս նախաձեռնությունը նրա շարունակությունն է։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխող մեծամասնության պատգամավոր Արմեն Խաչատրյանը սա պրոֆեսիոնալ բանակի անցնելու քայլ անվանեց՝ մեր հարցին պատասխանելով, որ ծրագրի իրականացումը թույլ կտա զինվորական ծառայությունը, հայրենիքի պաշտպանությունը ապահովված զբաղմունք դարձնել, պայմանագրային զինծառայողների եւ առհասարակ բանակի թվակազմի ընդլայնում կանխատեսելով, քանի որ ծրագրում կամավորների համար էլ բացվածք կա։

Խորհրդարան վերադարձած ընդդիմությունը ձեռնպահ մնաց այս նախագիծը քվեարկելուց, բացատրությունը հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ ճեպազրույցներին։ Նախ՝ առկա չէ բանակում բարեփոխումների ռազմավարություն, որն իշխանությունը խոստացել էր ավելի վաղ, ռազմավարության բացակայությամբ հատվածական որոշումները լուրջ արդյունքի չեն կարող բերել։

Մենք հակված ենք կարծելու, որ զինծառայությունը եկամտաբեր դարձնելը կարող է բանակում ծառայությունն ավելի գերադասելի դարձնել այն բոլոր ջանքերից, որոնք գործադրում են երիտասարդները, միայն թե ազատվեն ծառայությունից։

Սակայն դրանից առաջ բանակն իրոք պետք է համալրված լինի ամեն ինչով՝ սկսած սննդից մինչեւ կեցության պայմաններ ու հագուստ, որը, անզեն աչքով էլ տեսանելի է, չի իրագործված կամ միայն կոսմետիկ փոփոխությունների ծիրում է։ Սակայն որպես առաջին քայլ, որպես բանակի ներքին հարաբերություններում առկա կոռուպցիոն երեւույթները հաղթահարելու գործիք՝ դրական համատեքստ կարող է ունենալ այս ծրագիրը, եթե սկսվի իրագործվել։ Կապրենք-կտեսնենք։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ