Խռովարար Էրդողանը

30

Թուրքիայի բռնակալ նախագահը, որ չափազանց վճռական դիրքորոշում ունի ներքին եւ տարածաշրջանային քաղաքականության հարցերում, որոշել է նույն մարտավարությունը կիրառել նաեւ իր արեւմտյան դաշնակիցների շրջանակներում։

Թուրքիան բազմաթիվ դժգոհություններ է կուտակել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների գործունեությունների դեմ, եւ այժմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի այդ կառույցին միանալու առիթը օգտագործելով փորձում է պատանդ դարձնել իր դաշնակիցներին։ Ավելին, անցյալ շաբաթ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշեց, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Մրցոտակիսը իր համար մեռած անձնավորություն է, քանի որ վերջինս Մ. Նահանգներին հորդորել էր F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմը վախեցրել է վերջինիս սկանդինավյան հարեւաներին, որոնք այժմ ապաստան եւ ավտանգություն են հայցում ՆԱՏՕ-ից, հնարավորություն տալով Էրդողանին այդ երկու երկրներից եւ Մ. Նահանգներից առավելագույն զիջումներ կորզել նախքան իր համաձայնությունը տալը, որ այդ երկրները միանան դաշնությանը։

ՆԱՏՕ-ն որեւէ մեխանիզմ չունի արտաքսելու իր անդամ երկրներից որեւէ մեկին։ (Ամերիկացի որոշ օրենսդիրները կուզենային, որ կառույցը ունենար նման մեխանիզմ, որպեսզի օգտագործեին Թուրքիայի դեմ)։ Բայց փոխարենն ունի անդամության թեկնածու երկրների մուտքը արգելելու մեխանիզմ։ ՆԱՏՕ-ի կանոնադրության համաձայն, բոլոր երկրները պետք է հավանություն տան, որ մի նոր երկիր անդամակցի այդ կառույցին։

Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարություններից առաջին պատվիրակությունն անցյալ շաբաթ Անկարա մեկնեց հանդիպելու նախագահական խոսնակ Իբրահիմ Քալընին։ Հինգ ժամ տեւած հանդիպումը ոչ մի արդյյունք չտվեց։ Քալընի հեղինակությունը, ի դեպ, վերջերս շատ է բարձրացել երկրի արտաքին քաղաքականության ձեւավորման մեջ, ստվերելով Մեվլութ Չավուշօղլուին։

Նախքան այդ երկու երկրների եւ Թուրքիայի միջեւ ծագած անհամաձայնությունների մանրամասնությունների մեջ խորամուխ լինելը, անհրաժեշտ է մի պահ կանգ առնել եւ հասկանալ, թե ինչու են նրանք ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին։

Ֆինլանդիան մոտ 800 մղոնի հասնող սահման ունի Ռուսաստանի հետ։ Սառը պատերազմի ամբողջ ժամանակահատվածում եւ նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ երկու երկրների չեզոքությունը վտանգված չէր։ Բայց այժմ իրենց անդամության ձգտումով կարծես արթնացրել են սատանային։ Չնայած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անտարբեր էր թվում նրանց նախաձեռնությանը, բայց նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Ռուսաստանը համապատասխան միջոցներ կձեռնարկի, հավանաբար հասկացնել տալով, որ կհրամայի Ռուսաստանի միջուկային զինանոցին տեղաշարժվել սահմանին ավելի մոտիկ տարածքներ։

Հունիսի վերջերին ՆԱՏՕ-ն նախատեսում է Մադրիդում խորհրդակցություն ստուգել, անցկացնել, եւ գլխավոր քարտուղար Ջենս Ստոլբերգն ակնկալում է տեսնել այդ երկու երկրների ընդգրկումը կառույցին, անշուշտ Էրդողանի թույլտվությունն ստանալուց հետո։

Չնայած Էրդողանի առարկությունը արտաքնապես միայն մի կետի (անդամակցության) շուրջ է պտտվում, իրականում այն ավելի խորը արմատներ ունի։ Էրդողանը մեղադրում է Ֆինլանդիային եւ Շվեդիային արտաքսված թուրք հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի եւ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) համակիրներին ապաստան տալու մեջ եւ 35 կասկածյալների անուններն է ներկայացրել իշխանություններին` պահանջելով նրանց արտահանձնումը Թուրքիային, որպեսզի այնտեղ դատվեն։ Նման պահանջ ներկայացնելը միջոց է, որ Թուրքիան իր բռնատիրական իշխանությունը տարածի նաեւ Եվրոպայում։ Հարցը ներկայացված պահանջ-ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում, եւ երկու երկրները պարտավոր են գտնել միջոցներ ընդառաջելու Թուրքիայի պահանջներին` առանց մեղանչելու իրենց ժողովրդավարական արժեքների դեմ։

Բայց Էրդողանը նաեւ այլ ակնկալիքներ ունի։ Նա ցանկանում է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան վերացնեն Թուրքիային զենք վաճառելու արգելքը, որ նրանք սահմանել էին, երբ վերջինս ներխուժեց Սիրիա 2019-ին, սպանելով տեղացի քուրդերին, որոնք համախոհ էին Մ. Նահանգների հետ։ Էրդողանը այս հնարավորությունը օգտագործում է այլ դաշնակիցներից էլ զիջումներ կորզելու համար։ Նա հավատացած է, որ Մ. Նահանգները կվերանայի F-35 կործանիչ-ինքնաթիռների վաճառքի ծրագրում ընդգրկելու նաեւ Թուրքիային։ Ցուցակում հաջորդ հարցը Անկարայի ծրագրած ներխուժումն է Սիրիա, մի անգամ եւս կոտորելու համար սիրիացի քուրդերին։

Մինչ ռազմազարկերը ավելի բարձր էին հնչում Սիրիայի սահմաններում, Մ. Նահանգների պետքարտուղարությունը իրադրությունը շրջեց` զգուշացնելով Թուրքիային։ Նոր հարձակում ձեռնարկելու Էրդողանի հայտարարությունից մեկ օր անց արտաքին գերատեսչության խոսնակ Նեդ Պրայսը նշեց. «Ակնկալում ենք, որ Թուրքիան հարգի 2019-ի հոկտեմբերին կնքված համատեղ հայտարարության դրույթները, ներառյալ այն, որ պահանջում է դադարեցնել հարձակողական գործողությունները հյուսիսարեւելյան Սիրիայում։ Մենք հասկանում ենք Թուրքիայի Հարավային սահմանի վերաբերյալ անվտանգության օրինական մտահոգությունները, սակայն ընդգծում ենք, որ որեւէ նոր հարձակում է՛լ ավելի է խախտելու տարածաշրջանի կայունությունը եւ վտանգի ենթարկելու ԻՊ-ի (ISIS) դեմ կոալիցիոն ուժերի կազմում պայքարող ամերիկացի զինվորների կյանքը։

Եթե Անկարան անտեսի Վաշինգտոնի զգուշացումը, ոչ մի այլ պետություն չի կարող բռնել Էրդողանի ձեռքը եւ զսպել նրա կրքերը, քանի որ Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմի մեջ։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի շարքերում որեւէ անկարգություն կամ տարաձայնություն անուղղակիորեն նպաստավոր է լինելու Մոսկվայի համար։

Չնայած հայ-թուրքական բռնակցությունների մասին որեւէ ակնարկություն չկա, բայց դրանք էլ կարող են տուժել, որովհետեւ նախաձեռնողը եղել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Երբ տեսնենք, թե ինչքան է Թուրքիան կարծրանում իր դիրքորոշման մեջ, կհասկանանք, թե որտեղից է այդ վճռականությունը սնվում։

Երբ մայիսի 18-ին հարց տվեցին, թե ինչպես է համոզելու նախագահ Էրդողանին հրաժարվելու ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը դեմ լինելուց, նախագահ Բայդենը պատասխանեց. «Ես Թուրքիա չեմ մեկնելու, բայց կարծես ամեն ինչ իր հունով ընթանալու է»։

Ինչպես երեւում է, ամեն ինչ չէ, որ իր հունով է ընթանալու, որովհետեւ այլ բաների կողքին Էրդողանը սիրում է վայելել հանրության ուշադրությունը եւ ցանկանում է, որ բոլոր ամերիկացի պաշտոնատար անձնավորությունները իրեն վերաբերվեն ինչպես վերաբերվում էին Թրամփի ժամանակ։ Նա նույնիսկ լրագրողներին բողոքել է, որ նախագահ Բայդենի հետ չունի այն սերտ հարաբերությունները, որ ուներ նախագահներ Թրամփի եւ Օբամայի հետ։ «Իհարկե, ժամանակ առ ժամանակ մենք հանդիպում ենք, բայց այդ հանդիպումները պետք է որ ավելի մեծ առաջընթաց արձանագրեին», ասել է նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցներին, Էրդողանը ցանկանում է ջրից չոր դուրս գալ, ինչպես ասում են։ Թուրքիայի գործարար համայնքն այժմ մեծ ջանքեր է գործադրում բանակցելու Ռուսաստանի իրենց առեւտրական գործընկերների հետ, որպեսզի վերջիններս թուրքականով փոխարինեն արեւմտյան այն ընկերություններին, որոնք խզել են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Արեւմուտքի հանդեպ որդեգրած Էրդողանի հանդուգն դիրքորոշումը վստահաբար գերագույն դիվիդենտներ է բերելու երկրի ներքին շուկային։ Նա կարիք ունի նման հակամարտության, որպեսզի կարողանա բարձրացնել իր նվազող հեղինակությունը երկրի ներսում 2023-ի ընտրություններին ընդառաջ, որտեղ հաղթանակելու հեռանկարները, թղթադրամի արագընթաց արժեզրկման հետեւանքում, օրեցօր նոսրանում են։

Էրդողանը չի տեսնում խռովարարի այն բացասական դիմագիծը, որով նա, իր վարքագծով, ներկայանում է Արեւմուտքին։ Եվ եթե նույնիսկ տեսնում է այդ ավելի քան շնորհազուրկ դիմագիծը, ապա կարծես թե այնքան էլ չի մտահոգվում դրանով։

Կոնեկտիկուտից նախկին սենատոր Ջոզեֆ Լիբերմանի կարծիքով, Էրդողանի Թուրքիան կարող է խախտել նոր անդամակցող երկրների հանդեպ դաշնության (ՆԱՏՕ-ի) որդեգրած ժողովրդավարական կառավարում հետապնդող սկզբունքը։ «Ուոլ Սթրիթ Ջոռնըլում» (Wall Street Journal) հրատարակված իր հոդվածում նա զգուշացնում է, որ Անկարայի քաղաքականությունը, ներառյալ Պուտինի հետ մտերմությունը, թերագնահատում է ՆԱՏՕ-ի շահերը, եւ այդ կառույցը պետք է ուղիներ որոնի Թուրքիային հեռացնելու համար։

 Իր հերթին Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսը, սենատի արտաքին հարաբերությունների խորհրդի գլխավոր դեմոկրատ ներկայացուցիչը դեռ 2019-ին Թուրքիայի Սիրիա ներխուժումից հետո ասել էր. «Էրդողանի իշխանության ներքո Թուրքիան չպետք է համարվի եւ դիտարկվի որպես դաշնակից երկիր»։

Հակառակ այս բնութագրումներին, Անկարան հաջողությամբ կարողանում է մոլորեցնել եվրոպացիներին եւ իր ճնշամիջոցներով իշխել հին մայրցամաքին, Էրդողանի իշանության ժամանակահատվածում Թուրքիան քաղաքական գործունեություններ է ծավալել Գերմանիայում եւ Նիդերլանդներում` փորձելով աշխուժացնել եւ զորակոչի ենթարկել այդ երկրներում ապրող թուրք փոքրամասնություններին, արհամարհելով այդ երկրների կառավարությունների առարկությունները։ Նրան հաջողվել էր խորքային պետության եւ MIT-ի` սարսափազդու այդ գաղտնի ծառայությունների արյունոտ ձեռքերով Փարիզում 2013-ին իրականացնել քուրդ կին բարձրաստիճան առաջնորդների սպանությունները։ Հակառակ այս ոճրագործական վարքագծին Եվրոպայում, Էրդողանը անամոթաբար հետեւյալ նախազգուշացումն է հրապարակել. «Թույլ տվեք մի անգամ եւս ընդգծել. նրանք, ովքեր աջակցում եւ ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում Թուրքիային սպառնացող ահաբեկչական կազմակերպություններին, պարտավոր են առաջին հերթին հրաժարվել մեր նկատմամբ ունեցած իրենց անօրինական, անլուրջ եւ ամբարտավան կեցվածքից։ Թող ոչ ոք չկասկածի, որ մենք որպես պետություն համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու հենց որ նկատենք նման քայլերի կոնկրետ դեպքեր»։

Թուրքիան ինքն է ահաբեկչական մի պետություն եւ քաղաքական նպատակահարմարության պատճառով կարողացել է համոզել Եվրոմիության երկրներին, որ PKK-ն տեղադրեն իրենց ահաբեկչական ցուցակում։ Թուրքիայի բնակչութան 25 տոկոսը քրդեր են, որոնք զրկված են մարդկային տարրական իրավունքներից եւ համակարգված ձեւով ենթարկված են բնաջնջման իրարահաջորդ թուրք վարչակազմերի կողմից։ 1920 թվի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի հաշտության պայմանագրի 64-րդ հոդվածը անկախ պետականություն էր խոստանում քրդերին` Թուրքիայի ներկա տարածքում։ Այդ խոստումը դեռեւս իրականություն չի դարձել։ Քրդերը ենթարկվել են զանգվածային սպանությունների Աթաթուրքի ժամանակներից սկսած մինչեւ Էրդողանի վարչակազմը։ Ամենադաժան ջարդերը տեղի են ունեցել Դերսիմում 1930-ական թվերին։

Էրդողանն ինքը մոլորեցրեց քուրդ փոքրամասնությանը` ձեւացնելով, թե բանակցությունների միջոցով պաշտպանելու է նրանց տարրական իրավունքները, բայց նրանց քվեների օգնությամբ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո կասեցրեց բանակցությունները եւ դիմեց դարձյալ հետապնդումների։ Նա նույնիսկ Սելահետտին Դեմիրթաշի եւ Ֆիգեն Յուկսեկդաշի նման խորհրդարանի պատգամավորներից խլեց անձեռնմխելիության իրավունքը եւ բանտարկել տվեց նրանց։ Իսկ այսօր պնդերեսաբար նա եվրոպացիներին է մեղադրում քուրդ ահաբեկիչներին ապաստան տալու համար։

Իր անկարեկից մարտավարությամբ Էրդողանը թշնամացրել է Եվրոպայի եւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարներին եւ կարողացել առաջ տանել իր ծավալապաշտական քաղաքականությունը։

Մինչ նա կոշտ ու անողոք ձեւով է վարվում գերտերությունների հետ, հույս փայփայենք, որ չի կենտրոնանա Հայաստանի վրա, որը վերջիններիս կարգավիճակը չունի։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)