Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը՝
Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով եւ կից՝ անգլերեն թարգմանությամբ
Խոսքի մեծ վարպետ, սիրո, քնարական, խոհական, պանդխտության, հայրենիքի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 147-ամյակի առթիվ միջոցառումներն այս տարի պսակվեցին նրա «Աբու-Լալա Մահարի» պոեմի նոր հրատարակությամբ: Դեռ երեք տարի կա հայոց պոետի հոբելյանական տարվա կազմակերպական աշխատանքների համար, բայց արդեն Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակազմը ձեռնարկում է առաջին քայլերը՝ մշակութային այդ իրադարձությունն ըստ հարկի նշելու համար: Եվ առաջինը պետք էր նոր գիրք հրատարակվեր՝ բանաստեղծի խոհա-փիլիսոփայական պոեզիայի գլուխգործոցը՝ «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Թանգարանի օտարազգի այցելուները, ծանոթանալով Վարպետի կյանքի եւ ստեղծագործական ուղու պատմությանը, հաճախ են ուզում հատկապես ձեռք բերել պոեմի թարգմանությունը, եւ ոչ միայն անգլերեն լեզվով՝ պատմում է թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:
Եվ ահա արվել է առաջին քայլը. պոեմը թարգմանել է Զաբել Բոյաջյանը, նախաբանը գրել է բանաստեղծի թոռը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը: Հրատարակությունն առավել թանկ եւ գնահատելի են դարձնում պոեմի՝ ժամանակին Մարտիրոս Սարյանի արած ձեւավորումներն ու այդ գրական ստեղծագործության թեմային համահունչ այլ նկարներ, որ նորատիպ գրքում գունավոր մի տասնյակ էջեր են կազմում, ինչպես նաեւ բանաստեղծի երկու դիմանկարները: Գիրքը երկկողմանի է՝ երկուական շապիկ եւ դարձերես ունի, զուգադիր՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով տեքստերի եւ երկլեզու նախաբանների համար, երկու երես՝ ասես՝ երկու առանձին «մուտք»: Ձեւավորողի մտահղացո՞ւմն է դա, թե՞ ստեղծագործություններն ընթերցողին մատուցելու նման այլ օրինակներ էլ կան՝ ինձ համար անհայտ է: Տուն-թանգարանի տնօրենությունը հույս ունի, որ բանաստեղծի հոբելյանական տարում կունենանք «Աբու-Լալա Մահարու»՝ աշխարհի բազում լեզուներով թարգմանությունները եւ դրանց հրատարակությունները, որն արդեն պետք է արվի համապատասխան նախարարության եւ ինստիտուտների աջակցությամբ եւ գործուն մասնակցությամբ: Թե որքա՛ն արժեքավոր է այս պոեմը, եւ ինչքա՛ն կարեւոր է այն թարգմանաբար ներկայացնելով՝ հայ հանճար զորությանը եւ գրական մտքի խորությանն ու գեղագիտությանն աշխարհին ծանոթացնելը, վկայում է ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի գնահատականը. «Իսահակյանը հասնում է կատարյալ խորհրդանշանային ընդհանրացումների եւ արդյունքում կերտում լավագույն պոեմներից մեկը բոլոր ժամանակների համար»:
«Երբ գրվեց «Աբու-Լալա Մահարի» պոեմը, մեր առջեւ երեւաց մեկ այլ Ավետիք Իսահակյան: «Երգեր ու վերքեր»-ի, «Հայդուկի երգեր»-ի, «Ալագյազի մանիներ»-ի հեղինակի կողքին վեր հառնեց համաշխարհային վշտի ու թախծի, մեծ ընդվզման փիլիսոփա-բանաստեղծը,- գրքի նախաբան – գրախոսականում գրում է Ավիկ Իսահակյանը:- Եվ օրինաչափ էր, որ համապարփակ ժխտման այս պոեմը գրել է հենց հայ բանաստեղծը, որովհետեւ պատմական ժամանակահատվածում, երբ գրվեց «Աբու-Լալա Մահարի»-ն, հայ ժողովուրդն առավել՝ քան աշխարհի մեկ այլ ժողովուրդ (խոսքը քաղաքակիրթ եւ լուսավորության բովով անցած ժողովուրդների մասին է) իրավունք ուներ ատելու ու ընդվզելու, ժխտելու ու ձաղկելու, խարազանելու ու դատափետելու, եւ իրեն հատուկ հավատով ու հույսով ձգտելու փոխել այս հին աշխարհը, հազար ու մի մեղք գործած ու մեղք գործող այս աշխարհը»:
Պոեմի գաղափարաբանության մասին էին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի մեծ սրահում անցկացված շնորհանդեսին գրականագետ Արմեն Ավանեսյանի եւ Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի ելույթները: «Վստահ եմ, որ «Աբու-Լալա Մահարի»-ն այսօր էլ արդիական է,- ասաց Ա. Ավանեսյանը:- Պատահական չէ, որ հեղինակը, նույնանալով Աբու-Լալայի հետ, կարծես թե մեկուսանում է, փակվում իր մեջ, գնում անապատ՝ մերժելով ամեն ինչ: Այն արհավիրքները, որ տեսավ Իսահակյանը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկբին, բնականաբար, նման տրամադրությունների տեղիք պետք է տային: Հենց ինքն էր, որ ասել է՝ «Կգա ոգու սով»՝ տեսնելով, թե ինչպիսի անտեսված վիճակում է մշակույթը, կրթությունը, եւ պարզ է, որ արդյունքը հարյուր տարի հետո մենք տեսնում ենք՝ ոգու սովը ո՛նց է եկել, չոքել մեր դռանը»: Սարյանական նկարազարումները նկատի ուներ բանախոսը, երբ ասաց. «Երկու մեծերն են այս գրքում հանդիպել իրար՝ Իսահակյանի բանաստեղծության «գույները» եւ Մարտիրոս Սարյանի գեղանկարչական «խոսքարվեստը»: Սարյանի կտավներում կա խոսքը, եւ քանի որ պատկերավոր, վառ խոսք ուներ Իսահակյանը, կարող ենք տեսնել՝ ինչպե՛ս է ինքը գունավորում ու երանգավորում իր ստեղծագործությունները, հատկապես՝ «Աբու-Լալա Մահարի» պոեմը»:
«Մի ամիս առաջ էր, որ Իսահակյանի արձակը պարսկերենով հրատարակվել էր Թեհրանում, եւ այդ իրադարձությունը եւս նշեցինք Իսահակյանի տուն-թանգարանում,- ասաց Էդ. Միլիտոնյանը:- Իսահակյանը այն հայ մեծերից է, որ գնալով աշխարհում ավելի ընդարձակ տեղ է գրավելու ընթերցողների սրտերում: Նա հսկայածավալ եւ՛ բանաստեղծական, եւ՛ իմացական խորքեր ունի, եւ այդ ամենով գրավելու է աշխարհի շատ ժողովուրդների ընթերցող սրտեր: Նա ոչ թե ատում է մարդուն, այլ ասում է՝ ատելի մի՛ եղիր: Պետություններին, հասարակարգերին է ուղղում իր խոսքը: Այս ամենը մի աստվածաբանական էություն ունի, որ բացասականը նշելով՝ դեպի դրականն է մղում»: Էդ. Միլիտոնյանը հատուկ կանգ առավ Իսահակյան քնարերգուի լեզվի հարստության, գեղեցկության վրա:
Գրքի շնորհանդեսի գեղարվեստական մասում կենդանի ընթերցումների հետ տեսանյութերով հնչեց նաեւ Վարպետի ձայնը, որն ընդմիջվեց Իսահակյանի խոսքերով գրված երգերով: Իսահակյանի քնարերգությունն առատ նյութ է եղել բազում կոմպոզիտորների համար. այդ հարստությունից կատարվեցին Արմեն Տիգրանյանի եղանակավորած «Ա՜խ, իմ ճամփեն», «Սեւ աչեր», Նիկոլ Գալանտերյանի երաժշտությամբ «Շուշան աղջիկ», Հարո Ստեփանյանի՝ «Է՜յ, դու ջահել, հպարտ հասակ» եւ Դանիել Ղազարյանի՝ «Քույր իմ նազենի» երգերը: Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ հանդես եկան Անդրանիկ Մալխասյանը, Աննա Պողոսյանը, Դիանա Հարությունյանը եւ Արսեն Գրիգորյանը: Կայացավ նաեւ Իսահակյանի խոսքերով նոր երգի պրեմիերա: Մարգարիտ Սարգսյանն «Անի» վերնագրով երգը ստեղծել է բանաստեղծի երկու գործերի հիման վրա, երկուսն էլ՝ նվիրված Անիին: Հայրենիքի սիրով տոգորուն այդ բանաստեղծություններից առաջինն Իսահակյանը գրել է 1926 թվականին, իսկ երկրորդը՝ 1955-ին: Երգի համար այդ երկու քերթվածքների տեքստերը միավորվել են՝ իբրեւ կրկներգ՝ գործածելով 1955-ին գրված տողերը.«Քո հին թշնամին, Անի՛, չե՞ս տեսնում,
Խուժել է նորից քո դաշտերի մեջ,
Բայց վառվում է դեռ մեր ակութներում
Հինավուրց ուխտի կրակը անշեջ:
Դո՛ւ, հին դրոշակ, դո՛ւ, բագին փառքի,
Հենվել եմ նորից քո անմահ սյունին.
Եվ սպասում եմ, եւ դարեր ոտքի
Քո իրավաբեր շեփորիդ ձայնին…»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ